Լյուդմիլա Մայակովսկայա
Լյուդմիլա Մայակովսկայա | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 12 (24), 1884[1] |
Ծննդավայր | Ֆիոլետովո, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 12, 1972 (88 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ռուսական հանրապետություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Ս. Ստրոգանովի անվան արվեստի և արդյունաբերության ակադեմիա |
Մասնագիտություն | textile designer և նկարչուհի |
Աշխատավայր | Մոսկվայի պետական տեքստիլ համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Lyudmila Mayakovskaya Վիքիպահեստում |
Լյուդմիլա Վլադիմիրովնա Մայակովսկայա (ռուս.՝ Людмила Владимировна Маяковская, օգոստոսի 12 (24), 1884[1], Ֆիոլետովո, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 12, 1972, Մոսկվա, ԽՍՀՄ[2]), գործվածքի նկարիչ, մանկավարժ, գյուտարար, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ (1961), ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1964), Վլադիմիր Մայակովսկու ավագ քույրը։ Նա միակ էնտուզիաստ մասնագետն էր, որը 1920-ական թվականներին Ռուսաստանում արդյունաբերական լայն մասշտաբներով կիրառել է աերոգրաֆիայի մեթոդը[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լյուդմիլա Մայակովսկայան ծնվել է 1884 թվականի օգոստոսի 24-ին Հայաստանի Նիկիտինո գյուղում[4]։ 1910 թվականին ավարտել է Ստրոգանովի ուսումնարանը, որպես գործվածքների նկարիչ-դիզայներ աշխատել է Մոսկվայի «Եռալեռ մանուֆակտուրա» (այնտեղ վարել է աերոտպագրության արհեստանոցը[5]) և «Կարմիր վարդ» կոմբինատներում։ Մայակովսկայան գործարանում առաջին կինն էր, որը Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխությունից առաջ վարչական և տեխնիկական պաշտոն էր զբաղեցնում[3]։
Վլադիմիր Մայակովսկուն օգնել է պատրաստելու «Окна РОСТА» պաստառները. տրաֆարետների պաստառների տիրաժավորման եղանակը նման էր դաջովի գործվածքի պատրաստման մեթոդին, և Լյուդմիլան նույնիսկ գործարանից գործիքներ է տարել աշխատանքի համար, ինչը հնարավորություն է տվել մեկ ձևանմուշից պատրաստել մինչև 150 պաստառ[5]։
1925 թվականին մասնակցել է Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին[6][7]։ Նույն թվականին Ռուսաստանում հորինել և արտոնագրել է նկարների ստացման նոր եղանակ (գյուտի հայտագրման վկայական № 5047, 1925 թվականի նոյեմբերի 25)[3].
1929-1949 թվականներին դասավանդել է Մոսկվայի տեքստիլ ինստիտուտի գործվածքների ձևավորման ֆակուլտետում, եղել է հատուկ կոմպոզիցիաների ամբիոնի դոցենտ։ Գործվածքի նկարիչներ է պատրաստել Վխուտեմասում։ Նրա աշակերտների թվում են եղել այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են Տատյանա Կլյուկասը, Նատալյա Գանինա-Կրավցովան. Նատալյա Կիսելևան և ուրիշները[8][9][10]։
Վլադիմիր Մայակովսկու մահվանից հետո եղել է նրա աշխատանքների լիակատար ժողովածուի հրապարակման պետական հանձնաժողովի անդամ և նրա խմբագիրներից մեկը (միևնույն ժամանակ, նա կտրականապես դեմ է արտահայտվել եղբոր և Լ. Յու. Բրիկի մտերիմ նամակագրության հրապարակմանը[5]), երկար տարիներ ձգտել է Վ. Վ. Մայակովսկու հուշ-թանգարանը բացել Լուբյանկայի նրա բնակարանում, ավելի քան 15 հազար հիշատակի իրեր է նվիրել այդ թանգարանին։ Եղել է «Մայակովսկին սկսվեց այսպես» (ռուս.՝ «Маяковский начинался так», Грузфильм, 1956) ստեղծման խորհրդատու։
1925-1972 թվականներին մի շարք մասնագիտական և կենսագրական հոդվածներ է տպագրել այնպիսի թերթերում ու ամսագրերում, ինչպիսիք են՝ «Աշխատանք», «Ալթայի երիտասարդություն», «Հոկտեմբեր», «Կալինինյան ճշմարտություն», «Լենինի կայծեր», «Հերթափոխ», «Երիտասարդ գվարդիա», «Զարյա Վոստոկա», «Աշտարակ», «Մանկական գրականություն», «Մոսկվայի կոմերիտական», «Կոմսոմոլսկայա պրավդա», «Կուբանի նորություններ», «Գրականություն և կյանք», «Կոմսոմոլսկոյե զնամյա», «Լիտերատուրնայա գազետա», «Կուլտուրա» և այլն[3]։
Լյուդմիլա Մայակովսկայան մահացել է 1972 թվականի սեպտեմբերի 12-ին, թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը՝ եղբոր, մոր և քրոջ կողքին։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայրը՝ Վլադիմիր Կոնստանտինովիչ Մայակովսկի (1857-1906), անտառապետ[3]
- Մայրը՝ Ալեքսանդրա Ալեքսեևնա Մայակովսկայա (1867-1954), գրող[11]
- Եղբայրը՝ Ալեքսանդր Վլադիմիրովիչ Մայակովսկի (1886-1890)
- Եղբայրը՝ Կոնստանտին Վլադիմիրովիչ Մայակովսկի (1888-1891)
- Եղբայրը՝ Վլադիմիր Մայակովսկի (1893-1930), բանաստեղծ
- Քույրը՝ Օլգա Վլադիմիրովնա Մայակովսկայա (1890-1949), քարտուղար[3]
- Զարմիկը՝ Նիկիտա Անտոնովիչ Լավինսկի (1921-1986), քանդակագործ
- Զարմուհին՝ Պատրիսա Թոմփսոն (Ելենա Վլադիմիրովնա Մայակովսկայա) (1926-2016), գրող
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիրառական արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լյուդմիլա Մայակովսկայային անվանում են տեքստիլ դիզայնի նշանավոր վարպետ։ Նկարչի գործերը պայմանականորեն կարելի է բաժանել նախահեղափոխական և խորհրդային դարաշրջանների, ընդ որում՝ երկու դարաշրջաններին էլ բնորոշվում են կիրառական արվեստի միտումներով։ Նրա աշխատանքները հիմք են հանդիսացել կիրառական ռուսական ավանգարդի և Ռուսաստանում ֆեմինիստական արվեստի համար։ Նա իր ուսանողներին սովորեցրել է ներկերը փոշիացնելու միջոցով գործվածքներ նկարելու հեղափոխական մեթոդներ, զարգացրել է աերոգրաֆիայի տեխնիկան, օդն օգտագործել տպելու և նկարելու համար։ Մայակովսկայան եղել է աերոգրաֆիայով աշխատելու նոր մեթոդների ակտիվ նախաձեռնող։ Այսպես, օրինակ, գործարանում վարելով աերոտպագրության արտադրամասը՝ նա առաջարկել է օգտագործել «կրապպ ցրցողելու» մեթոդը, որը ենթադրում է ներկերի ցրցողում փոշիացման փոխարեն, ինչը հնարավորություն տալիս ստեղծել անհավատալի, բառացիորեն «տիեզերական» նախշեր։ Նա հնարել է նաև հանգույցների, պարաններով ցանցերի, գործվածքների սեղմումների ու թափանց կարելու միջոցով արվող նկարները։ Լյուդմիլա Մայակովսկայայի աշխատանքները բազմիցս ցուցադրվել են միջազգային, խորհրդային ու ռուսական ցուցահանդեսներում և արժանացել մրցանակների։ Լյուդմիլա Մայակովսկայայի անունը ներառված է «Ռուսական ավանգարդի կանայք» կատալոգում, որը լույս է տեսնում ԱՄՆ-ում։ Ամերիկյան կատալոգի համար Մայակովսկայայի աշխատանքներն անձամբ ընտրել է Ջորջիո Արմանին՝ 1987 թվականին Իտալիայի ցուցահանդեսում դրանք բոլորից առանձնացելով[3][4][9][12]։
Գեղանկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լյուդմիլա Մայակովսկայայի գեղանկարչական ժառանգությունը կազմում են մատիտով նկարների երկու ալբոմը (1899), «Տավիղ նվագող ծերունին» բացիկը (1905), որն ստեղծվել է նկարչի ձեռքով, «Путя на диване» ջրաներկով արված նկարը(1936), որը Լյուդմիլա Մայակովսկայան նկարել է Մոսկվայում[3]։
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մոսկվայի Ա. Կոսիգինի անվան տեքստիլ պետական համալսարան դոցենտ (1920)
- «Խորհրդային կենցաղային տեքստիլ» գեղարվեստական 1-ին ցուցահանդեսի դիպլոմ և 2-րդ մրցանակ (1929)
- Մեդալ «Ի հիշատակ Մոսկվայի 800-ամյակի» (1948)
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամ (1961)
- ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1964)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1964)
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայակովսկու թանգարանում բացվել է Լյուդմիլա Մայակովսկայային նվիրված ցուցադրություն։
Լյուդմիլա Մայակովսկայայի աշխատանքները ցուցադրվել են Իտալիայում և Մեծ Բրիտանիայում 1987 թվականին, ինչպես նաև ներկայացվել են Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսի «Աշխատավորը և կոլտնտեսուհին» թանգարանային-ցուցահանդեսային սրահում 2013 թվականի գարնանը տեղի ունեցած «Կանանց միջազգային օր։ Ֆեմինիզմ. ավանգարդից մինչև մեր օրեր» ցուցահանդեսի ժամանակ և 2014 թվականի նոյեմբերից մինչև 2015 թվականի մարտը Մոսկվայի Ռուսական ռեալիստական արվեստի ինստիտուտում անցկացված «Նկարչության դասեր» հետադարձ ցուցահանդեսում, որը նվիրված էր Ստրոգանովի անվան գեղարվեստա-արդյունաբերական ակադեմիայի 190-ամյակին[4][6][7][12]։
2019 թվականի հունվարի 3-ին Վ․ Մայակովսկու պետական թանգարանում բացվել է «Լյուդմիլա Մայակովսկայա։ Հարյուր տղամարդ ու մեկ կին» (ռուս.՝ «Людмила Маяковская. Сто мужчин и одна женщина») վիրտուալ ցուցադրությունը՝ նվիրված Լյուդմիլա Մայակովսկայային[13]։
Լյուդմիլա Մայակովսկայայի դիմանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոյություն ունեն Լյուդմիլա Մայակովսկայայի կենդանության օրոք ստեղծված չորս դիմանկարներ[3].
- Վլադիմիր Մայակովսկի – ֆոտոպատճեն «Քույր Լյուդմիլայի դիմանկարը» նկարից, ջրաներկ 1911 (բնօրինակը չի պահպանվել)
- Եվգենի Լանգ – «Լ․ Մայակովսկայայի դիմանկարը», յուղաներկ, 1963
- Վերա Վարտ-Պատրիկովա – «Լ․ Մայակովսկայայի դիմանկարը», մատիտ
- Անհայտ նկարիչ – «Լ․ Մայակովսկայայի դիմանկարը», ածուխ
Կինոմարմնավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1958 – «Մայակովսկին սկսվել է այսպես․․․» (ռուս.՝ «Маяковский начинался так...»), ԽՍՀՄ (Լյուդմիլա Մայակովսկայայի դերում՝ Անտոնինա Մաքսիմովա)
- 2011-2013 – «Մայակովսկի։ Երկու օր» (ռուս.՝ «Маяковский. Два дня»), Ռուսաստան (Լյուդմիլա Մայակովսկայայի դերում՝ Սվետլանա Ստրոգովա)
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կատալոգներ
Հուշեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Л. Маяковская. «Пережитое. Из воспоминаний о Владимире Маяковском». — Тбилиси: Заря Востока, 1957
- Л. Маяковская. «О Владимире Маяковском: из воспоминаний сестры». — Москва: Детская литература, 1965
Հարցազրույցներ տպագիր մամուլում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Маяковская Л. «Я — дочь лесничего!» (интервью Ю. Голубеву). — Лесная промышленность, 1970
- Маяковская Л. «Маяковские» (интервью Н. Толченовой). — журнал «Огонёк», 1970
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://rusavangard.ru/online/biographies/mayakovskaya-lyudmila-vladimirovna/
- ↑ Коркин В.Д. В.В. Маяковский. В семье поэта
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Людмила Маяковская. Альбом-каталог. // Департамент культуры г. Москвы; сост. А. П. Аксенкин. — Москва: ГУК Гос. музей В. В. Маяковского, 2010. — 240 с. ISBN 978-5-94577-052-2
- ↑ 4,0 4,1 4,2 rusavangard.ru
- ↑ 5,0 5,1 5,2 Андрей Мирошкин — Иллюстраторы текстиля Արխիվացված 2017-04-14 Wayback Machine // «Читаем Вместе». Февраль 2016
- ↑ 6,0 6,1 Уроки рисования Արխիվացված 2017-04-14 Wayback Machine, Vogue, 16 ноября 2014
- ↑ 7,0 7,1 bulengrin.com Արխիվացված 2018-11-19 Wayback Machine // Женщины еще не все сказали...
- ↑ «ИРРИ. Арт-ланч «Дизайн тканей»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
- ↑ 9,0 9,1 10 главных экспонатов выставки «Постконструктивизм, или рождение советского ар-деко»
- ↑ artchive.ru // Татьяна Георгиевна Клюкас
- ↑ Маяковская Александра Алексеевна (1867–1954)
- ↑ 12,0 12,1 «art1.ru // «Международный женский день»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Государственный музей В. В. Маяковского. Людмила Маяковская. Сто мужчин и одна женщина
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Наталья Дардыкина — Людмила — сестра поэта, МК, 18 апреля 2011
- Коркин В. Д. — Маяковский на Красной Пресне — Москва: Московский рабочий, 1989 — с.111
- Людмила Маяковская. Ткани
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդմիլա Մայակովսկայա» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 24 ծնունդներ
- 1884 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Սեպտեմբերի 12 մահեր
- 1972 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային նկարչուհիներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- Ֆեմինիստ արվեստագետներ
- Ռուսական կայսրության նկարչուհիներ
- Խորհրդային մանկավարժներ