Իվան Գորբաչևսկի
Իվան Գորբաչևսկի | |
![]() | |
Կրթություն՝ | Վիեննայի համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | քիմիկոս, բժիշկ, մանկավարժ, կենսաքիմիկոս, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մայիսի 15, 1854[1][2][3][…] |
Ծննդավայր | Զարուբինցի, Զբարաժի շրջան, Տերնոպոլի մարզ, ԽՍՀՄ |
Վախճանի օր | մայիսի 24, 1942[1][3][4] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Նոր ավան, Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[4] |
Թաղված | Շարկա գերեզմանատուն[5] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կայք՝ | ebk.net.ua/Book/synopsis/ukrainska_elita/part2/008.htm |
Իվան (Յան) Յակովլևիչ Գորբաչևսկի (ուկրաիներեն՝ Іван Якович Горбачевський, մայիսի 15, 1854[1][2][3][…], Զարուբինցի, Զբարաժի շրջան, Տերնոպոլի մարզ, ԽՍՀՄ - մայիսի 24, 1942[1][3][4], Նոր ավան, Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ[4]), ուկրաինացի քիմիկոս, կենսաքիմիկոս, հիգիենիստ և համաճարակաբան, հասարակական և քաղաքական գործիչ։ Գիտությունների համաուկրաինական ակադեմիայի ակադեմիկոս։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իվան Գորբաչևսկին ծնվել է 1854 թվականի մայիսի 5-ին, Զարուբինցի գյուղում (այժմ՝ Տերնոպոլի մարզի Զբարաժի շրջան) Կորչակի զինանշանի հույն կաթոլիկ քահանա Յակով Գորբաչևսկու ընտանիքում[7]։ 1872 թվականին Տերնոպոլի գիմնազիան ավարտելուց հետո բժշկական քիմիա է սովորել Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ 1875 թվականին աշխատել է որպես լաբորանտ, իսկ ավելի ուշ՝ որպես ասիստենտ Վիեննայի համալսարանի պրոֆեսոր Լյուդվիգի ինստիտուտի բժշկական քիմիայի ամբիոնում։
1877 թվականին Գորբաչևսկին գերազանցությամբ ավարտել է համալսարանը և սկսել զբաղվել գիտական հետազոտություններով Քիմիական ինստիտուտում, իսկ ավելի ուշ՝ Վիեննայի ֆիզիկական ինստիտուտում։ Գիտափորձերը նրան համաեվրոպական ճանաչում են բերել։ 1883-1917 թվականներին ռեկտորի հրավերով Իվան Յակովլևիչը եղել է Պրահայի Կարլովի համալսարանի դեղագիտության ամբիոնի պրոֆեսոր, որտեղ շարունակել է Վիեննայում սկսված փորձերը՝ դառնալով համալսարանի բժշկական քիմիայի և կենսաբանության ինստիտուտի հիմնադիրն ու առաջին տնօրենը։ Գորբաչևսկին չորս անգամ վերընտրվել է բժշկական ֆակուլտետի դեկանի պաշտոնում, իսկ 1902-1903 թվականներին եղել է Կարլովի համալսարանի ռեկտոր։
1906-1917 թվականներին Գորբաչևսկին եղել է Չեխական թագավորության բարձրագույն պետական սանիտարական խորհրդի անդամ, 1908 թվականից՝ Ավստրո-Հունգարիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ։ 1917-1918 թվականներին եղել է Ավստրո-Հունգարիայի առողջապահության առաջին նախարարը (աշխարհի առաջին առողջապահության նախարարը)[8]։ Եղել է կայսերական արքունիքի խորհրդական և Չեխիայի թագավորական գիտական ընկերության (հետագայում՝ Չեխիայի գիտությունների ակադեմիա) անդամ։
Գորբաչևսկին 1919 թվականին դարձել է ուկրաինական համալսարանական դասընթացների կազմակերպիչներից մեկը, որը հետագայում վերակազմավորվել է Ուկրաինական ազատ համալսարանի (ՈւԱՀ)։ Նրա պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1921 թվականի հունվարի 17-ին Վիեննայում, իսկ հոկտեմբերին համալսարանը տեղափոխվել է Պրահա։ 1924 թվականին Գորբաչևսկին ընտրվել է Ուկրաինայի ազատ համալսարանի ռեկտոր, նա հինգ անգամ վերընտրվել է այդ պաշտոնում։ Իվան Գորբաչևսկին ընտրվել է նաև իրավագիտության պատվավոր դոկտոր և պատվավոր պրոֆեսոր։ Ղեկավարել է ԱՄՆ համալսարանի և Ուկրաինայի Դրագոմանովի անվան բարձրագույն մանկավարժական ինստիտուտի քիմիայի ամբիոնները, եղել է նաև Ուկրաինայի տեխնիկա-տնտեսական ինստիտուտի, Պոդեբրադիի Ուկրաինայի տնտեսագիտական ակադեմիայի պրոֆեսոր, այդ ակադեմիայի նոմենկլատուրային քիմիական հանձնաժողովի նախագահ։
1924 թվականին, որպես Ուկրաինայի ազատ համալսարանի ռեկտոր, պրոֆեսորների մասնակցությամբ Գորբաչևսկին Պրահայում կազմակերպել է Ուկրաինայի ազատագրական պայքարի թանգարան։ 1939 թվականին Իվան Գորբաչևսկին ընտրվել է Կարպատյան Ուկրաինայի պաշտպանության կոմիտեի պատվավոր ղեկավար։
Իվան Յակովլևիչը մահացել է 1942 թվականի մայիսի 24-ին, Պրահայում։ Թաղված է Պրահայի մոտ գտնվող Շարցի Սուրբ Մաթևոսի փոքր գերեզմանատանը։
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իվան Գորբաչևսկու գիտական գործունեությունը եղել է չափազանց բազմազան։ Աշխատել է որպես կենսաքիմիկոս-հիգիենիստ, համաճարակաբան, իր ներդրումն է ունեցել դատական բժշկության և թունաբանության բնագավառներում։ Ավելի քան 60 գիտական աշխատությունների հեղինակ է, հիմնականում կենսաքիմիական փորձարարական, իսկ սանիտարական ոլորտում 100-ից ավելի գիտական մշակումների, որոնք բնութագրվում են տարբեր բժշկական խնդիրների լուծման նոր մեթոդներով։ Նրա «Lekářská chemie» (1904-1908) քառահատոր դասագիրքը մինչ այժմ օգտագործվում է չեխ ուսանող բժիշկների կողմից։ Իր առաջին գիտական աշխատությունը՝ «Վեստիբուլյար նյարդերի մասին», հրատարակել է 1874 թվականին, դեռ ուսանողական տարիներին։


1882 թվականին Իվան Յակովլևիչը գիտական մեծ հայտնագործություն է կատարել՝ աշխարհում առաջին անգամ նա սինթեզել է միզաթթու գլիցինից։ Հետագա ուսումնասիրություններում նա սահմանել է դրա առաջացման աղբյուրն ու ուղիները մարդու և կենդանիների օրգանիզմներում։ 1885 թվականին նրան հաջողվել է մեթիլհիդանտոինից և միզանյութից ստանալ մեթիլուրաթթու[9][10]։ 1886 թվականին նա առաջարկել է կրեատինի սինթեզի նոր մեթոդ, իսկ 1889-1891 թվականներին հայտնաբերել է քսանտին օքսիդազ ֆերմենտը։ Իվան Գորբաչևսկին առաջիններից մեկն է, ով նշել է, որ ամինաթթուները սպիտակուցների բաղադրիչներն են։ Նրա արժանիքներից է նաև այն, որ առաջարկել է մեզի և այլ նյութերում ազոտի պարունակությունը որոշելու նոր մեթոդ։
1898 թվականին նրա գիտական աշխատանքն արժանացել է Ավստրո-Հունգարիայի բարձրագույն պարգևին՝ Երկաթե թագի շքանշանին։
1899 թվականից Գորբաչևսկին եղել է Լվովի Տարաս Շևչենկոյի գիտական ընկերության (ՏՇԳԸ) իսկական անդամ, հետագայում՝ մաթեմատիկական-բնանկարչության և դեղագործության բաժնի պատվավոր անդամ, իսկ 1911-1918 թվականներին՝ նրա ղեկավար։ Ներգրավված է եղել ՏՇԳԸ-ի դեղաբանական հանձնաժողովի կազմակերպման աշխատանքներում։ 1910 թվականին ընտրվել է Ուկրաինայի դեղագործական ընկերության պատվավոր նախագահ։ 1900 թվականին գլխավորել է Փարիզի համաշխարհային բժշկական կոնգրեսի պատվիրակությունը, որտեղ ընտրվել է քիմիական բաժնի փոխնախագահ և նախագահ։
1923 թվականին գիտնականը ուկրաինական քիմիական տերմինաբանության հարցի վերաբերյալ աշխատություն է հրապարակել Ուկրաինայի բժշկական տեղեկագրում։ Նաև ուկրաիներեն պատրաստել է օրգանական և անօրգանական քիմիայի դասագրքի երկու հատոր, որոնցից առաջին հատորը՝ «Օրգանական քիմիա» հրատարակվել է Պրահայում 1924 թվականին, իսկ երկրորդը մնացել է ձեռագիր։ 1925 թվականին գիտական նշանակալի արժանիքների համար գիտնականն ընտրվել է Կիևի Համաուկրաինական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս և հրավիրվել քիմիա դասավանդելու Խարկովի համալսարանում (Ուկրաինական ԽՍՀ), սակայն մեծ տարիքի պատճառով գիտնականը հրաժարվել է։ Գորբաչևսկին Պրահայում առաջին (1926) և երկրորդ (1932) ուկրաինական գիտական կոնգրեսների կազմակերպիչն է եղել։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երկաթե թագի շքանշան (1898)
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տերնոպոլի պետական բժշկական համալսարանը և նրա հայրենի գյուղի դպրոցը կրում են Իվան Յակովլևիչ Գորբաչևսկու անունը։
- Գիտնականի անունով Լվովում անվանակոչվել է փողոց, որտեղ տեղադրվել է հուշատախտակ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Энциклопедия украиноведения (в 10 томах) / Главный редактор Владимир Кубийович. — Париж, Нью-Йорк: «Молоде Життя», 1954—1989. (укр.)
- Выдающиеся химики мира: Биогр.справочник / В. Волков, Е. Вонский, Г. Кузнецова. — М., 1991.
- Иван Дмитриевич Головацький Іван Горбачевський 1854—1942 : життєписно-бібліографічний нарис / відп. ред. О. Романів ; Наукове товариство ім. Шевченка у Львові. — Львів : [б.в.], 1995. — 127 с. — (Визначні діячі НТШ ; 1).
- Наукові праці, документи і матеріали професора Івана Горбачевського : до 150-річчя від його народження / упоряд. і авт. передм. І. Головацький ; Наукове товариство ім. Шевченка. Біохемічна комісія. — Львів : [б.в.], 2005. — 290 с.
- Biographie in http://portal.unesco.org/
- Віталій Абліцов Галактика «Україна». Українська діаспора: видатні постаті. — К.: КИТ, 2007. — 436 с.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Czech National Authority Database
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Wien Geschichte Wiki (գերմ.) — Wien: 2014.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archiv hl. m. Prahy, Matrika zemřelých u sv. Matěje v Dejvicích, sign. DEJ Z12, s. 168 — Vol. DEJ Z12. — P. 168.
- ↑ http://abicko.avcr.cz/archiv/2004/3/obsah/jan-ivan-horbaczewski-150.-vyroci-narozeni.html
- ↑ https://www.parlament.gv.at/WWER/PARL/J1848/Horbaczewski.shtml
- ↑ «ІВАН ГОРБАЧЕВСЬКИЙ У СПОГАДАХ І ЛИСТУВАННЯХ (нарис) — ЯРОСЛАВ ГОНСЬКИЙ — Тернопіль «Укрмедкнига», 2004. —с.138.»։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-07-ին։ Վերցված է 2015-03-08
- ↑ Salfellner Harald (2018)։ The Spanish Flu. A Story of the 1918 Pandemic։ Praha: Vitalis։ էջ 75։ ISBN 978-3-89919-511-8
- ↑ Hitchings, G. H. (1978), Kelley, William N.; Weiner, Irwin M., eds։, «Uric Acid: Chemistry and Synthesis», Uric Acid, Handbook of Experimental Pharmacology (Springer Berlin Heidelberg) 51: pp. 1-20, doi: , ISBN 978-3-642-66869-2
- ↑ Horbaczewski Johann (July 1882)։ «Synthese der Harnsäure»։ Berichte der Deutschen Chemischen Gesellschaft (գերմաներեն) 15 (2): 2678։ doi:10.1002/cber.188201502236
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Биография(ուկր.) (Ստուգված է 10 Մայիսի 2009)
- Іван Горбачевський на сайте Украинского издательского портала Who-is-who.ua(ուկր.) (Ստուգված է 10 Մայիսի 2009)
|
- Վիեննայի համալսարանի շրջանավարտներ
- Մայիսի 15 ծնունդներ
- 1854 ծնունդներ
- Մայիսի 24 մահեր
- 1942 մահեր
- Պրահա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ավստրիացի քիմիկոսներ
- Չեխ քիմիկոսներ
- Ուկրաինացի քիմիկոսներ
- Ավստրիայի քաղաքական գործիչներ
- Ավստրիայի նախարարներ
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ
- Ավստրիացի բժիշկներ
- Ուկրաինացի մանկավարժներ
- Ուկրաինացի հասարակական գործիչներ