Թուրք-իրանական պատերազմներ (XVI-XVIII դարեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թուրք–իրանական պատերազմներ XVI–XVIII դդ, Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Իրանի միջև։ Երկու կողմերն էլ ձգտում էին տիրել Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Միջագետքը, ինչպես նաև տարանցիկ առևտրական ճանապարհները։ Կողմերը իրենց նպատակները թաքցնում էին կրոնական քողի տակ [թուրքերը հերձված հայտարարեցին շիիզմը (տես Շիաներ), պարսիկները՝ սուննիզմը (տես Սուննիներ)]։

1514–55-ի պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կզըլբաշ ցեղերի առաջնորդ շահ Իսմայիլ I (1502-24) 1507–08-ին գրավեց Ակ-Կոյունլուների տիրապետության տակ գտնվող Հայաստանի զգալի մասը, Քրդստանը, Իրաքը։ Սուլթան Սելիմ I (1512– 1520) 1514-ի օգոստ. 23-ին Չսղդրանի մոտ ջախջախեց շահի զորքերը և գրավեց Թավրիզը, Հայաստանի արմ. մասը, Քրդստանը, Իրաքի հս. մասը, Բադդադը (1530-ին այն ետ գրավեց շահ Թահմազ I, 1524–76): 1533–35-ին թուրքերը գրավեցին Դերջանը, Էրզրումը և Կարսը, մտան Հյուսիսային Իրան, գրավեցին Թավրիզը, 1534-ին՝ Բադդադը, 1536-ին՝ Վրաստանի հվ–արմ. շրջանները, 1538-ին՝ Վանը։ Կըզըլբաշները գրավեցին Շիրվանը։ 1548-ին թուրքական զորքերը արշավեցին Հյուսիսային Իրան, նվաճեցին Թավրիզը, հասան մինչև Քաշան և Ղում, գրավեցին Սպահանը, մտան Արևելյան Հայաստան, 1549-ին՝ Հարավային Վրաստան։ Շահի զորքերը, հակահարձակման անցնելով, 1549–52-ին ավերեցին Բասենի, Բարձր Հայքի, Վասպուրականի և Տուրուբերանի շրջանները։ Փոփոխակի հաջողություններից հետո, 1555-ի մայիսի 29-ին, Ամասիայում կնքվեց հաշտության պայմանագիր։ Թուրքիան ստացավ Վասպուրականն ու Ալաշկերտի հովիտը, Արևմտյան Վրաստանը, արաբական Իրաքը՝ Բաղդադով, Իրանը՝ Արևելյան Հայաստանը, Արևելյան Վրաստանը, Ադրբեջանը։ Կարսի շրջանը հայտարարվեց չեզոք, իսկ բերդը ավերվեց։

1578–90-ի պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

1578-ին թուրքերը զավթեցին Սամցխե–Սաաթաբագոյի արլ. մասը, օգոստ. 10-ին Չլդըրի մոտ հաղթեցին շահի զորքերին, մտան Արևելյան Հայաստան, Վրաստան, շարժվեցին Շիրվան, սակայն ետ շպրտվեցին։ 1579–89-ին թուրքական և Ղրիմի խանի զորքերը ասպատակեցին Շիրվանն ու Արևելյան Հայաստանը։ Հայ և օտար աղբյուրները նշում են Երևանից, Նախիջևանից, Շիրվանից տարված տասնյակ հազարավոր գերիների մասին։ 1590-ի մարտի 21-ի Ստամբուլի հաշտությամբ Արևելյան Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Քրդստանի և Լորստանի զգալի մասն անցան Թուրքիային։

1602–12-ի պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահ Աբբաս I (1587–1629), ստեղծելով կանոնավոր բանակ, 1603–04-ին վերագրավեց Թավրիզը, Նախիջևանը, Ջուղան, Երևանը, սակայն թուրքերի առաջխաղացման հետևանքով նահանջեց Թավրիզ՝ կողոպտելով Հայաստանի գյուղերն ու քաղաքները, իսկ բնակչությանը քշեց Իրան։ Նրա նպատակն էր ամայացնել Իրանի ու Թուրքիայի միջև ընկած մարզերը և Իրանի որոշ շրջաններ բնակեցնել աշխատասեր, առևտրի ու արհեստների մեջ հմուտ հայ բնակչությամբ։ Հայաստանի տարբեր մասերից հավաքված շուրջ 300 հզ. հայ քշվեց Իրանի կենտրոնական շրջանները։ 1603–07-ին Աբբաս I գրավեց Արևելյան Հայաստանը, Արևելյան Վրաստանը, Քրդստանի հվ. մասը և Լորստանը։ 1612-ի նոյեմբ. 20-ի Ստամբուլի հաշտությունը հաստատեց Իրանի նվաճումները։

1616–18-ի պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

1616-ի սեպտեմբեր–նոյեմբերին թուրքական զորքերը պաշարեցին Երևանն ու Նախիջևանը։ 1617-ին Ղրիմի թաթարները ասպատակեցին Գանձակն ու Ջուղան և թուրքական զորքերի հետ արշավեցին Թավրիզ։ 1618-ի սեպտ. 10-ին Աբբասը պարտության մատնեց նրանց։ 1619-ի սեպտ. 29-ի պայմանագիրը հաստատեց 1612-ի սահմանները։

1623–39-ի պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

1623– 1624-ին շահ Աբբաս I գրավեց արաբական Իրաքը, Բաղդադ, Նաջաֆ, Քարբալա քաղաքները, իսկ Անդրկովկասում՝ Ախալցխան։ 1635-ին թուրքերը զավթեցին Ախալցխան և Ախալքալաքը, ետ վերցրին Հյուսիսային Միջագետքը՝ Մոսուլի հետ, 1638-ին նվաճեցին Բաղդադը։ 1639-ի մայիսի 17-ի Կասր–ե–Շիրինի հաշտությամբ հիմնականում պահպանվեցին 1612-ի սահմանները։ Հայաստանը երկրորդ անգամ բաժանվեց Իրանի ու Թուրքիայի միջև (առաջին անգամ՝ 1555-ին, տես Թուրք–իրանական պայմանագիր 1639)։

1723–27-ի պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուլթան Ահմեդ III-ի (1703–30) զորքերը, օգտվելով Սեֆյանների թուլացումից, 1723-ին մտան Արևելյան Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։ 1724–25-ին գրավեցին Մարաղան, Խոյը (Հեր), Նախիջևանը, Օրդուբադը, Թավրիզը և այլ քաղաքներ։ Այս նվաճումները լրջորեն վտանգում էին Ռուսաստանի շահերը, որը 1722–23-ին գրավել էր կասպիականի արմ. ծովափը՝ Դերբենդից մինչև Էնգելի։ Ռուս–թուրքական պատերազմի վտանգը կանխվեց 1724-ի հունիսի 23-ի պայմանագրով։ Թուրքերը շարժվեցին Արլ. Իրան, սակայն 1726-ի հոկտեմբերին նրանց առաջխաղացումը կասեցրեց Իրանի աֆղան կառավարիչ Աշրաֆը։ 1727-ի հոկտ. 4-ի Համադանի հաշտությամբ Աշրաֆը ճանաչեց Թուրքիայի իրավունքները նվաճված հողերի վրա, իսկ սուլթանը Աշրաֆին՝ իրանի տիրակալ։ 1723–27-ի պատերազմը ծանր հարված հասցրեց Ղարաբաղում և Սյունիքում ապստամբած հայերին։

1730–36-ի պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

1730-ին Իրանի փաստական կառավարիչ Նադիրը (1736–47-ին՝ Իրանի շահ) թուրքական զորքերին վտարեց Համադանից, Քրմանշահից և Հյուսիսային Իրանից։ Շահ Թահմազ II (1722-32) ինքնուրույն ռազմական գործողություններ ծավալեց, սակայն 1731-ին պարտվեց Համադանի մոտ։ 1732-ին հաշտություն կնքվեց, որով Թուրքիան պահպանում էր Արաքսից հս. Անդրկովկասյան հողերը։ 1734–35-ին Նադիրի զորքերը ներխուժեցին Արևելյան Հայաստան, Վրաստան, Ադրբեջան։ 1735-ի հունիսի 14-ին Եղվարդի մոտ վճռական ճակատամարտում Նադիրի զորքերը ջախջախեցին թուրքերին։ Կարևոր դեր խաղաց հայ գյուղացիների աշխարհազորը, որը փակեց թուրքերի նահանջի ճանապարհը։ 1736-ի հոկտ. 17-ի Ստամբուլի հաշտությամբ նախատեսվում էր Իրանին վերադարձնել 1723-ից Թուրքիայի գրաված հողերը։ Սակայն պայմանագիրը ուժի մեջ չմտավ։

1743–46-ի պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

1743-ի աշնանը Նադիր շահի զորքերը պաշարեցին Մոսուլը, 1744-ի հալիս–հոկտեմբերին՝ Կարսը։ 1745-ի օգոստ. 23-ին, Երևանից արևմուտք, Նադիր շահը հաղթեց թուրքերին, սակայն չզարգացրեց հաշողությունը։ 1746-ի սեպտ. 4-ի հաշտությամբ հաստատվեցին 1639-ի պայմանները։ XIX դ. 20–40-ական թթ. թուրք–իրանական ընդհարումները չազդեցին սահմանների փոփոխման վրա։ Թուրք-պարսկական պատերազմները թուլացրին Թուրքիային և Իրանին, որից օգտվեցին եվրոպական երկրները՝ Մերձավոր Արևելքում հաստատվելու համար։ Այդ պատերազմները կործանարար հետևանք ունեցան Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Բնակչության կոտորածը և գերեվարումը, քաղաքների ու գյուղերի ավերումը, ավարառությունը ծանր հարված հասցրին Հայաստանի հասարակական–տնտեսական կյանքին։ Հայաստանը բաժանվեց երկու մասի. արմ. մասն անցավ Թուրքիայի, արլ–ը՝ Իրանի տիրապետության տակ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աբրահամ Կրետացի, Պատմագրութիւն անցիցն Իւրոյ և Նատիր–Շահին Պարսից, Վաղ–պատ, 1870
  • Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, Վաղ–պատ, 1896
  • Աբրահամ Երևանցի, Պատմութիւն պատերազմացն 1721–1736 թթ., Ե., 1938: Հայ ժողովրդի պատմություն, հ. 4, Ե., 1972
  • Apyновa M. Р., Ашрафян K. 3., Государство Надир-шаха, M., 1958
  • Tep-Mкртичян Л., Apмения под властью Надир-шаха, M., 1963
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 262