Թուրք-պարսկական պատերազմ (1743-1746)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուրք-պարսկական պատերազմ
1743-1746
Թուրք-պարսկական պատերազմներ

Կարսի բերդ
Թվական 1743-1746
Վայր Հայկական լեռնաշխարհ, Միջագետք, Հարավային Կովկաս
Պատճառ Հաղթանակ նախորդ պատերազմում
Արդյունք ստատուս-քվո
Գերդանի հաշտություն[1]
Տարածքային
փոփոխություններ
նախապատերազմական սահմանների ճանաչում
Հակառակորդներ
ԻրանՇահական Իրան Օսմանյան կայսրությունՕսմանյան կայսրություն
Հրամանատարներ
ԻրանՆադիր շահ
Նասրոլլահ Միրզա
Թեյմուրազ II
Հերակլ II
Օսմանյան կայսրությունՄահմուդ I
Մեհմեդ Եգան փաշա †
Աբդուլլահ փաշա Ջեբհեչի

Թուրք-պարսկական պատերազմ, 1743-1746 թվականներին տեղի ունեցած ռազմական գործողություն Հայկական լեռնաշխարհի, Միջագետքի և Հարավային Կովկասի տարածքում՝ սուլթանական Թուրքիայի և շահական Իրանի միջև[2]։

Պատերազմի պատճառը թուրք-պարսկական դարավոր հակամարտությունն էր։ Սեֆյան Իրանի անկումից հետո՝ սկսած 18-րդ դարի վերջից, Պարսկաստանը ենթարկվել է հարձակումների։ Ի սկզբանե կործանման հիմնաքարը դրվեց 1722 թվականին, երբ աֆղանների զորահրամանատար Միր Մահմուդը գրավեց Սպահանը։ Իրադրությունից օգտվեց նաև Ռուսական կայսրությունը. Շվեդիայի դեմ մղված Հյուսիսային պատերազմի (1700-1721) ավարտից անմիջապես հետո Պետրոս Մեծը ձեռնարկել է Կասպիական արշավանքը։ Դրա արդյունքում Կասպից ծովի արևմտյան ափերը անցել են իր տնօրինության տակ։ Մյուս կողմից, Իրանի դեմ երկարամյա խաղաղությունից հետո, խախտելով 1639 թվականին կնքված Ղասրե Շիրինի պայմանագրի սահմանները, նվաճել է ամբողջ Հայկական լեռնաշխարհը, Կովկասն ու Ատրպատականը։ Սեֆյան շահի զորահրամանատար Նադիր խան Աֆշարին 1730-1736 թվականների պատերազմի արդյունքում հետ է նվաճում Իրանի կորցրած տարածքները և դառնում նոր շահ՝ հիմնադրելով Աֆշարիների դինաստիան։ Այդուհանդերձ, նրա կայսերապաշտական ծրագրերն այդքանով չսահմանափակվեցին. մանավանդ որ Կոստանդնուպոլսում շարունակում էր գահին նստել սուլթան Մահմուդ I -ը (1730-1754)[3]։

Պատերազմի առիթը եղել է Նադիր շահի հաղթանակը Մեծ Մողոլների կայսրության դեմ։ 1738 թվականին իրանական բանակը մտավ Աֆղանստանի Քանդահար քաղաքը, ապա անցավ Հինդուկուշի լեռները և մտավ հյուսիսային Հնդկաստան. այդ տարածքները գտնվում էին Մողոլների տիրապետության տակ[4]։ Մեկ տարվա ընթացքում գրավելով Ղազնի, Քաբուլ, Փեշավար և Լահոր քաղաքները՝ Նադիր շահը 1739 թվականին մոտեցավ Դելիին[5]։ Շահական Իրանի տիրապետության տակ անցան ժամանակակից Պակիստանն ու Աֆղանստանը։ Ոգևորված պատերազմի հաղթական ավարտով՝ Նադիր շահը հայացքն ուղղեց արևմուտք՝ Օսմանյան կայսրություն, որն արդեն պարտվել էր Ռուսաստանին 1735-1739 թվականների պատերազմում և կորցրել էր հարավային Ուկրաինան և Ազովի ծովը[6]։

Պատերազմն ավարտվել է 1746 թվականին։ Իրանի Ղազվին քաղաքի մոտ՝ Գերդանում կնքված պայմանագրով ճանաչվեցին հետպատերազմական սահմանները[7]։

Նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադիր շահը փորձել է վավերացնել Կոստանդնուպոլսի պայմանագիրը (1736), պահանջելով, որ ջաֆարիականությունը, որը հայտնի է նաև որպես «իմամաթ», պետք է ընդունվի որպես իսլամի հինգերորդ օրինական ճյուղ[8][Ն 1]:

1743 թվականին Նադեր Շահը պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը՝ պահանջելով Իրանին հանձնել Միջագետքը՝ Բաղդադ կենտրոնով։ Թուրք-պարսկական պատերազմների ժամանակ Միջագետքն ու Հայկական լեռնաշխարհը պարբերաբար գրավվել են օսմանցիների կողմից, և վերջնական հաղթանակներն ամրագրվել են տասնվեցամյա (1623-1639) պատերազմի ժամանակ. 1623 թվականին նրանք մտան Բաղդադ, 1624 թվականին՝ Մոսուլ։ 1625 թվականին թուրքերը վերադարձրին Մոսուլը, բայց 1638 թվականին վերանվաճեցին Բաղդադը։ 1639 թվականին Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի միջև կնքվեց Ղասրե Շիրինի պայմանագիրը, որով Միջագետքն անցավ թուրքերին։ Սեֆյանների անկումից հետո տեղի ունեցավ քաղաքական խառնաշփոթ, որից Իրանը դուրս բերեց Նադիր շահը։ 1736 թվականին նա վերականգնեց հարյուր տարի առաջ կնքված պայմանագրով սահմանները։ Որոշ ժամանակ անց նա նոր պատերազմ սկսեց Օսմանյան կայսրության դեմ. իրանցի պատմաբանները Նադիր շահի զորքը հասցնում են մինչև 375000[9]։

Ռազմական գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսուլի համայնապատկեր. 17-րդ դարի վերջ

Նադիր շահը երազում էր մի կայսրության մասին, որը կձգվեր Հնդկաստանից մինչև Բոսֆորի նեղուց։ Միջին Ասիայի թյուրքալեզու տարբեր ցեղերից ու ժողովուրդներից նա կազմեց 200 հազարանոց բանակ և ուղղվեց Կոստանդնուպոլսի ուղղությամբ։ 1743 թվականի սեպտեմբերի 14-ին նա գրավել է Քիրքուքը, Էրբիլը և պաշարեց Մոսուլը։ Պաշարումը տևեց 40 օր։ Մոսուլի փաշան, Հաջի Հոսեյն ալ-Ջալիլին, հաջողությամբ պաշտպանում էր քաղաքը. Նադիր շահը ստիպված էր նահանջել։ Զինվորական գործողություններում ներգրավվեցին նաև վրացիները, որոնք ցանկանում էին միավորել Օսմանյան կայսրությունում մնացած Գուրիան, Իմերեթն ու Մեգրելիան՝ շրջակա գավառներով։ Վրացական զորքերը ղեկավարում էր Քարթլիի արքա Թեյմուրազ II-ը, որին 1744 թվականին փոխարինեց Հերակլ II[10]։

1744 թվականի սկզբին Նադիր շահը շրջապատեց Կարսի բերդը, սակայն կարճ ժամանակ անց ուղղվեց Դաղստան` ապստամբությունը ճնշելու համար։ 1745 թվականի օգոստոսին ութսուն հազարանոց բանակով նա վերադարձավ Կարս, որտեղ բանակել էր 140 հազարանոց օսմանյան զորքը։ Թուրքերը տալով մեծ կորուստներ՝ նահանջեցին[11]։ Պարսիկները հաղթանակ տարան նաև Մոսուլի ճակատամարտում[12]։ 1746 թվականին կնքվում է հաշտության պայմանագիր, որով ճանաչվեցին նախապատերազմական սահմանները։ Մի քանի ամիս անց, Նադիր շահի սպանությունից հետո, Իրանում սկսվեց նոր խառնաշփոթ. օսմանցիների օժանդակությամբ Հյուսիսային Իրանում ստեղծվեցին մոտ երկու տասնյակ նոր խանություններ, որոնք ղեկավարվում էին թյուրքալեզու առաջնորդների կողմից։ Միաժամանակ անկախացան Աֆղանստանն ու Պակիստանը՝ որպես Դուրանի կայսրություն[13]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Շիա իսլամը ձևավորվել է իսլամի արշակույսին՝ 7-րդ դարում։ Բառացի նշանակել է «կուսակիցներ»։ Նրանք սատարում էին Մուհամմադ մարգարեի հորեղբորորդի Ալիի իշխանությունը՝ ժառանգականության սկզբունքով, քանի որ նա կրում էր աստվածային առաքելությունը՝ ժառանգված մարգարեից։ Դրան հակառակ՝ սուննիները գտնում էին, որ մարդիկ բոլորը հավասար են, և Մուհամմադի մահից հետո այլևս աստվածային առաքելությամբ օժտվածներ չկան։ Շիաները, մշտապես լինելով փոքրաքանակ, պարբերաբար ճյուղավորվել են. Ալիին և նրա հաջորդներին ընդունելով որպես իմամ՝ նրանք կանգ են առել հինգերորդ (զեյդականներ՝ խիստ սակավաթիվ), յոթերորդ (իսմայիլականներ), տասներկուերորդ (տասներկուականներ) իմամի վրա։ Սուննի մուսուլմաններն այժմ մեծաքանակ են՝ ընդհանուր առմամբ իսլամադավանների 80 տոկոսից ավելին, և ներկայացված են չորս կրոնական դպրոցներով՝ հանաֆիական, մալիքիական, շաֆիական և հանբալյան։ Շիա իսլամը՝ որպես ուսմունք, մշակել է վեցերորդ իմամ, աստվածաբան և իրավագետ Ջաֆար ալ-Սադիկը (702-765)։ Նրա ուսմունքն ընդունվում է թե՛ յոթականների, թե՛ տասներկուականների կողմից, ուստիև առաջ էր քաշված լինելու իսլամի հինգերորդ կրոնաիրավական դպրոցը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Selcuk Aksin Somel (2010), The A to Z of the Ottoman Empire, quote: This indecisive military conflict resulted in the preservation of the existing borders., The Scarecrow Press Inc., p. 170
  2. Mikaberidze, Alexander (2011). Conflict and Conquest in the Islamic World: A Historical Encyclopedia, Volume 1. ABC-CLIO. p. 169. ISBN 978-1598843361. The Iranian victory [at Baghavard], which cost Nadir up to 8,000 men, compelled the sultan to accept the peace treaty that was signed in September 1746 in Kordan, northwest of Tehran.
  3. Ghafouri, Ali(2008). History of Iran's wars: from the Medes to now,p. 402-403. Etela'at Publishing
  4. David Marshall Lang. Russia and the Armenians of Transcaucasia, 1797—1889: a documentary record Columbia University Press, 1957 (digitalised March 2009, originally from the University of Michigan) p 142
  5. Edward G. Browne. AN OUTLINE OF THE HISTORY OF PERSIA DURING THE LAST TWO CENTURIES (A.D. 1722–1922). London: Packard Humanities Institute. Дата обращения 24 сентября 2010.
  6. Alexander Mikaberidze, Conflict and Conquest in the Islamic World: A Historical Encyclopedia, ed. Alexander Mikaberidze, (ABC-CLIO, 2011), 647.
  7. Fisher; et al. (1991). The Cambridge History of Iran: From Nadir Shah to the Islamic Republic. 7. Cambridge: Cambridge University Press. p. 309. ISBN 978-0521200950. Both sides now saw that neither could win a decisive victory, and that continuation of the war would only drain their strength. Nadir Shah hoped to use his victory at Baghavard to secure a favourable settlement, finally abandoning his claims on behalf of the Ja'fari sect, and instead concentrating on the demand that all of Iraq, including Baghdad, Basra and the Shi'i holy places of Najaf and Karbala, be turned over to him along with the Kurdish area of Van. A series of letters and exchanges of ambassadors followed, and eventually an agreement was hammered out on 4 September 1746, by which the Qasr-i-Shirin treaty boundaries were restored without change, with provisions made for the exchange of prisoners, as well as the exchange of ambassadors once every three years. Nadir Shah thereby abandoned all his former demands and the Ottomans accepted peace in accordance with the earlier agreements.
  8. Nicolae Jorga: Geschichte des Osmannischen Reiches, vol IV, (trans: Nilüfer Epçeli) Yeditepe Yayınları, 2009, ISBN 978-975-6480-19-9, p. 371
  9. Moghtader, Gholam-Hussein(2008). The Great Batlles of Nader Shah. Donyaye Ketab
  10. Allen, William Edward David (1932), A History of the Georgian People: From the Beginning Down to the Russian Conquest in the Nineteenth Century, p. 193. Taylor & Francis, ISBN 0-7100-6959-6
  11. Axworthy, Michael (2009). The Sword of Persia: Nader Shah, from tribal warrior to conquering tyrant,p. 339. I. B. Tauris
  12. Mohammad Kazem Marvi Yazdi, Alam Ara-ye Naderi (Rare views of the world), 3 vols., Ed. Amin Riyahi, Tehran, Third Edition, 1374/1995
  13. Louis Dupree, Nancy Hatch Dupree and others. "Last Afghan empire". Encyclopædia Britannica. 2010. Retrieved 2010-08-25.