Թուրք-իրանական պայմանագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Թուրք-Իրանական պայմանագիր, 1639, կնքվել է Կասր–ե–Շիրինում, մայիսի 17-ին, 1623–39-ի թուրք–իրանական պատերազմից հետո (տես Թուրք–իրանական պատերազմներ XVI–XVIII դդ): Թուրք-Իրանական պայմանագրով մասնակի փոփոխություններով վերահաստատվեցին դեռևս 1555-ին Ամասիայում կնքված պայմանագրով նշված սահմանները: Իրանը հրաժարվում էր Բաղդադի նկատմամբ հավակնությունից, պարտավորվում ավերել Հայաստանում գտնվող սահմանամերձ Կոթուրի, Մակուի և Մաղասաբերդի բերդերը: Կողմերը պարտավորվում էին կանխել սահմանային փոխադարձ ասպատակությունները, պայմաններ ստեղծել առևտրական կանոնավոր ու ապահով երթևեկության համար: Հայաստանը երկրորդ անգամ բաժանվեց Իրանի և Օսմանյան կայսրության միջև: Հայաստանում երկու երկրների սահմանը սկիզբ էր առնում Ջավախքի լեռներից, իջնում մինչև Ախուրյանի և Արաքսի միացման վայրը, թեքվում արևմուտք, ապա Հայկական պարի ջրբաժան գծով՝ Մասիսների գագաթներով ձգվում մինչև Վասպուրականի լեռները, Զագրոսի լեռնաշղթայի վրայով անցնում թուրք–իրանական ներկա սահմանագծով: Այս սահմանը անփոփոխ մնաց (բացառությամբ 1724–36-ի, երբ թուրքական զորքերը զավթել էին Անդրկովկասն ու Ատրպատականը) մինչև 1828-ը, երբ Թուրքմենչայի պայմանագրով Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսաստանին: Թուրք-Իրանական պայմանագրին հաջորդեց 80-ամյա խաղաղության մի շրջան, որը նշանավորվեց (մասնավորապես Արևելյան Հայաստանում) տնտեսական և մշակութային կյանքի որոշակի վերելքով:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, Վաղ–պատ, 1896:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 262 CC-BY-SA-icon-80x15.png