Մաղասաբերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մաղասաբերդ, ամրոց Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառում, Ախուրյան գետի արևմտյան ափին, ձորեզրին բարձրացող քարաժայռի վրա, Անի քաղաքից 4 կմ հարավ։ Հիմնվել է հնագույն ժամանակներում։ Ըստ Շապուհ Բագրատունու, VI դ. վերջին այն վերակառուցել է Բյուզանդիայի Մորիկ կայսեր հայ կուսակալ Մաղաս իշխանը և կոչել իր անունով։ Մաղասաբերդը հաջորդաբար եղել է Կամսարականների, Բագրատունիների, Զաքարյանների ռազմական, կարևոր հենակետերից մեկը և այլ ամրոցների հետ (Տիգնիս, Աղջկա բերդ և այլն) ռազմագիտական տեսակետից Անին պաշտպանելու նպատակով կազմակերպված «միակենտրոն համակարգի» մասը կազմել։ XYII դ. Մաղասաբերդը տակավին կանգուն էր։ Զաքարիա Սարկավագն այն հիշատակում է որպես պարսկական զորակայան։ Մաղասաբերդը երեք կողմից շրջափակված է Ախուրյանի ջրերով ու հզոր պարիսպներով, իսկ մի կողմից պաշտպանված խոր անդունդով։ Հյուսիս-արևմտյան՝ ցամաքային կողմից կրկնապարիսպ էր, մուտքով։ Ներքին և ավելի բարձր պարիսպները ամրացված էին կիսաբոլոր աշտարակներով։ Ներքին պարսպի դարպասի մոտից ստորգետնյա գաղտնուղին քարաշեն սանդուղքով կապված էր Ախուրյանին։ Բերդի ներսում պահպանվել են քարաշեն տների, մատուռների, պալատի, բաղնիքի, քառակուսի հատակագծով մեծ ջրամբարի և այլ շինությունների ավերակներ։ Պարիսպները այժմ մեծ մասամբ կանգուն են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 189 CC-BY-SA-icon-80x15.png