Թուրքերենի այբուբեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուրքերենի այբուբեն
Տեսակլատինատառ այբուբեն
Կազմված էA, B, C, Ç, D, E, F, G, Ğ, H, I առանց կետի, İ կետով, J, K, L, M, N, O, Ö, P, R, S, Ş, T, U, Ü, V, Y և Z
ՆախորդՕսմաներենի այբուբեն

Թուրքերենի այբուբեն (թուրքերեն՝ Türk alfabesi), լատինատառ այբուբեն, որն օգտագործվում է թուրքերենով գրելու համար։ Այն բաղկացած է 29 տառերից, որոնցից 7-ը (Ç, Ğ, I, İ, Ö, Ş և Ü) ձևափոխվել են լատինական բնօրինակից՝ լեզվի հնչյունաբանական պահանջները բավարարելու նպատակով։ 1928 թվականին Մուսթաֆա Քեմալի ելույթով[1] որոշում է կայացվել անցում կատարել լատինագիր այբուբենի՝ վերջ դնելով տարբեր ժամանակաշրջաններում օգտագործված տարատեսակ այբուբեններին։

Թուրքերենի այբուբենը մի շարք թյուրքական լեզուների այբուբենների ռոմանիզացիայի հիմք է հանդիսացել. այդպիսի լեզուներից են նախկինում արաբատառ կամ կյուրեղագիր ադրբեջաներենը (1991)[2], թուրքմեներենը (1993)[3] և ղազախերենը (2021)[4]։

Տառեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված աղյուսակը ցույց է տալիս թուրքերենի տառերը և Միջազգային հնչյունական այբուբենում դրանց համարժեքները։

Մեծատառ Փոքրատառ Անվանում Մեսրոպատառ Անվանում(ՄՀԱ)
A a a ա /aː/
B b be բ /beː/
C c ce ջ /d͡ʒeː/
Ç ç çe չ /t͡ʃeː/
D d de դ /deː/
E e e է /eː/
F f fe ֆ /feː/
G g ge գ /ɟeː/
Ğ ğ yumuşak ge ղ /jumuˈʃak ɟeː/
H h he, ha, haş[Ն 1] հ /heː/, /haː/
I ı ı ը /ɯː/
İ i i ի /iː/
J j je ժ /ʒeː/
K k ke, ka[Ն 1] կ, ք /ceː/, /kaː/
L l le լ /leː/
M m me մ /meː/
N n ne ն /neː/
O o o օ /oː/
Ö ö ö /œː/
P p pe փ, պ /peː/
R r re ռ /ɾeː/
S s se ս /seː/
Ş ş şe շ /ʃeː/
T t te թ, տ /teː/
U u u ու /uː/
Ü ü ü /yː/
V v ve վ /veː/
Y y ye յ /jeː/
Z z ze զ /zeː/
Q[Ն 2] q kû, kü[Ն 2] /cjuː/, /cyː/
W[Ն 2] w çift ve[Ն 2] /t͡ʃift veː/
X[Ն 2] x iks[Ն 2] /ics/

Թուրքերենի այբուբենի 29 տառերից 8-ը ձայնավորներ են (A, E, I, İ, O, Ö, U, Ü), իսկ 21-ը՝ բաղաձայններ։

Կետով և առանց կետի I տառը իրարից տարբեր տառեր են թուրքերենում․ ⟨i⟩ տառի մեծատառը ⟨İ⟩ է, իսկ ⟨I⟩ փոքրատառը առանց կետի ⟨ı⟩ է։

Թուրքերենում նաև հատուկ նշան է ավելացվում հետնալեզվյան ձայնավորներ ⟨â⟩-ի և ⟨û⟩-ի գլխին, եթե դրանց նախորդում են ⟨k⟩, ⟨g⟩ կամ ⟨l⟩ բաղաձայնները, և այդ բաղաձայններն ավելի փափուկ են արտասանվում, քմայնացվում են։

  • â՝ /aː/ և/կամ ցույց է տալիս, որ â-ից առաջ եղած բաղաձայնը քմայնացվում է, օրինակ՝ kâr /քյար/ նշանակում է շահույթ, սակայն kar /քար/՝ ձյուն։
  • î՝ /iː/ քմայնացում տեղի չի ունենում, սակայն ձայնավորը երկար է արտասանվում։
  • û՝ /uː/ և/կամ ցույց է տալիս քմայնացում։

Այս տառերը հիմնականում օգտագործվում են օսմանյան ժամանակաշրջանի արաբական և պարսկական փոխառություններում, որոնց մեծ մասը այժմ դուրս են մղվել։ Բնիկ թուրքական բառերը ձայնավորների երկար արտասանության տարբերակներ չունեն, և գլխին դրվող հատուկ նշանն օգտագործվում է միայն քմայնացումը ցույց տալու համար։

Թուրքերենի ուղղագրությունը խիստ կանոնավոր է, և բառի արտասանությունը սովորաբար նույնացվում է նրա ուղղագրության հետ։

Ծրագրային ապահովման տեղայնացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագրային ապահովման մշակման ընթացքում թուրքերենի այբուբենը պահանջում է հատուկ տրամաբանություն, մասնավորապես i տառի փոքրատառ և մեծատառ տարբեր ձևերի պատճառով[6]։ Կետով և առանց կետի I տառերը տարբեր են, յուրաքանչյուրն ունի իր մեծատառ և փոքրատառ ձևը։ I փոքրատառ տարբերակը ı է, իսկ İ փոքրատառը՝ i (այբուբենի ստեղծման վերաբերյալ սկզբնական օրենքում կետով İ տառը եղել է առանց կետի I տառից առաջ, սակայն այժմ հակառակն է)[7]։ Սա հայտնի է որպես թուրքերեն-I-ի խնդիր[8]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարեփոխման առաջարկներ և այլընտրանքային տառատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճառ (Nutuk)՝ Քեմալի ելույթը թուրքերենով, որը գրված է արաբատառ:

Ամենավաղ թյուրքական այբուբենը եղել է օրխոնյան գրերը, որոնք հայտնի են որպես հին թյուրքական այբուբեն, որոնցից պահպանված առաջին վկայությունը թվագրվում է 7-րդ դարով։ Ընդհանուր առմամբ թյուրքական լեզուները գրվել են տարբեր այբուբեններով, այդ թվում ույղուրական այբուբենով, կյուրեղագիր, արաբատառ, հունատառ, լատինատառ և ասիական այլ գրային համակարգերով։

Օսմաներենը ավելի քան 1000 տարի գրվել է արաբական այբուբենով։ Այն հարմար չէր այնպիսի ստեղծագործություններ գրելու համար, որոնք ներառում են արաբերեն և պարսկերեն մեծ քանակությամբ բառապաշար, քանի որ դրանց ուղղագրությունները մեծապես ոչ հնչյունական էին և ուստի պետք է անգիր արվեին։ Սա գրանցման համար լուրջ խոչընդոտ էր առաջացնում, քանի որ միայն թուրքերենի վերամբարձ և խիստ պաշտոնական տարբերակներն էին, որ ներառում էին արաբական և պարսկական հարուստ բառապաշար։ Ոչ միայն ուսանողները դժվարանալու էին որոշ արաբական և պարսկական բառերի ուղղագրությունը գուշակել, այլև այդ բառերից շատերն այնքան հազվադեպ էին օգտագործվում ընդհանուր խոսքում, որ դրանց ուղղագրությունները չէին կարող գրանցվել ուսանողների հավաքական գիտակցության մեջ։ Սակայն այն առավել հարմար էր բառապաշարի թուրքական հատվածի համար։ Չնայած օսմաներենը երբեք օրենքով պաշտոնապես չի ստանդարտացվել, թյուրքական ծագման բառերը հիմնականում ունեին դե ֆակտո համակարգված ուղղագրական կանոններ, որոնք հեշտացնում էին կարդալն ու գրելը[9]։ Հազվագյուտ դեպքերում թյուրքական բառն ուներ անկանոն ուղղագրություն, որը պետք էր անգիր անել. դա հաճախ ուներ բարբառային կամ պատմական հնչյունական հիմնավորում, որը կարող է հաստատվել արևելյան բարբառների, ադրբեջաներեն և թուրքմեներենը խոսքը ուսումնասիրելու միջոցով։ Արաբերենը հարուստ է բաղաձայններով և աղքատ ձայնավորներով, իսկ թուրքերենը հակառակն է։ Արդյունքում գիրը դժվարացնում էր թուրքական որոշ ձայնավորների տարբերակման գործը, և որոշ բառեր տարբերակելու համար ընթերցողը ստիպված էր լինում հիմնվել համատեքստի վրա։ 19-րդ դարում հեռագրի ստեղծմամբ ավելի շատ են բացահայտվել արաբական գրի թերությունները[10]։

Աթաթյուրքի բարեփոխումներից առաջ որոշ թուրք բարեփոխիչներ առաջ են քաշել լատինատառ գրի ընդունումը։ 1862 թվականին՝ թանզիմաթի ժամանակաշրջանում, պետական գործիչ Մյունիֆ փաշան պաշտպանել է այբուբենի բարեփոխումը։ 20-րդ դարի սկզբին նմանատիպ առաջարկություններ են արվել երիտթուրքական շարժման հետ առնչվող գրողների կողմից, այդ թվում՝ Հուսեյն Ջահիդ, Աբդուլլահ Ջևդեթ և Ջելալ Նուրի[10]։ Այս հարցը կրկին բարձրացվել է 1923 թվականին՝ նորաստեղծ Թուրքիայի Հանրապետության առաջին Տնտեսական կոնգրեսի ժամանակ՝ առաջացնելով հանրային բանավեճ, որը շարունակվել է մի քանի տարի։

Արաբական գրից հրաժարումը հանդիպել է հատկապես պահպանողական և կրոնական հատվածի դիմադրությանը։ Նրանք պնդում էին, որ գրի ռոմանիզացիան Թուրքիային հեռացնելու է ավելի լայն իսլամական աշխարհից՝ ավանդական սուրբ համայնքը փոխարինելով ազգային ինքնության «օտար» (այսինքն՝ եվրոպական) հայեցակարգով։ Մյուսները ընդդիմանում էին ռոմանիզացիային՝ ելնելով ավելի գործնական պատճառներից․ այդ ժամանակ չկար լատինական գրի համապատասխան հարմարեցում, որը կարող էր օգտագործվել թուրքական հնչյունների համար։ Որոշները որպես այլընտրանք առաջարկել են արաբական գրում ավելացնել հավելյալ նշաններ, որոնք ավելի լավ կներկայացնեն թուրքերենի ձայնավորները[11]։ 1926 թվականին Խորհրդային Միության թյուրքալեզու հանրապետություններն ընդունել են լատինական գիրը՝ այսպիսով նպաստելով գրի բարեփոխմանը Թուրքիայում[10]։

Թուրքերեն խոսող հայերն օգտագործել են մեսրոպյան գիրը Աստվածաշունչը և այլ գրքերը թուրքերենով գրելու համար[12]։ Կարամանյան թուրքերենը ևս նմանապես գրվել է հունական այբուբենով։

Աթաթյուրքը ևս այն համոզման է եղել, որ թուրքական այբուբենը պետք է լատինականացվի։ Նա ասել է Ռուշեն Էշրեֆին, որ այս գաղափարն իր մոտ առաջացել է Սիրիայում եղած ժամանակ (1905-1907)։ Նա հետագայում իր անձնական նամակագրության մեջ օգտագործել է թուրքերենի ֆրանսիական ազդեցությամբ լատինականացված մի տարբերակ, ինչպես նաև 1922 թվականին Հալիդե Էդիբին է ներկայացրել նոր այբուբենի իր տեսլականը։ Թուրքերենի նախնական լատինականացում կատարել է Գյուլա Նեմեթը 1917 թվականին հրատարակված իր Türkische Grammatik-ում, որը զգալիորեն տարբերվել է ժամանակակից գրից, օրինակ այժմ օգտագործվող ğ-ի փոխարեն օգտագործվել է հունական գամման։ Հակոբ Մարթայանը (ավելի ուշ՝ Դիլաչար) գրքի հրատարակումից հետո սա ներկայացրել է Մուսթաֆա Քեմալի ուշադրությանը, սակայն Քեմալը չի հավանել այս տառադարձությունը[13]։ Մարթայանի հետ հանդիպումը և Նեմեթի տառադարձության հետ ծանոթացումն առաջին դեպքն է եղել, երբ Քեմալը տեսնել է թուրքերենի համակարգված լատինականացված տարբերակը[14]։

Ժամանակակից թուրքերենի այբուբենի ներկայացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմաներենի այբուբեն և 1930-ական թվականների թուրքերենի այբուբենի ուղեցույց, Հանրապետության թանգարան, Անկարա

Չնայած նախկին փորձերին՝ թուրքերենի ժամանակակից այբուբենի ստեղծումը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալի նախաձեռնությունն է եղել։ Այն Աթաթյուրքի բարեփոխումների մշակութային մասի կարևոր բաղադրիչն է եղել[7], որը ներկայացվել է իշխանության կոնսոլիդացիայից հետո։ Ստեղծելով միակուսակցական պետություն, որը ղեկավարվում էր իր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից, Աթաթյուրքը կարողացել է դուրս մղել նախկին ընդդիմությանը՝ այբուբենի արմատական բարեփոխումներ իրականացնելու համար։ Այս մասին նա հայտարարել է 1928 թվականի հուլիսին[15] և ստեղծել Լեզվի կոմիտեն (Dil Encümeni) հետևյալ անդամներով[16]՝

  • Ռագըփ Հուլուսի Օզդեն
  • Իբրահիմ Գրանթայ
  • Ահմեդ Ջևաթ Էմրե
  • Մեհմեդ Էմին Էրիշիրգիլ
  • Իհսան Սունգու
  • Ավնի Բաշման
  • Ֆալիհ Ռըֆքը Աթայ
  • Ռուշեն Էշրեֆ Ունայդըն
  • Յակուբ Քադրի Քարաօսմանօղլու

Կոմիտեի պարտականությունն էր հարմարեցնել լատինական գիրը թուրքերենի հնչյունաբանական պահանջներին։ Ստեղծված լատինական այբուբենը այնպես էր մշակվել, որ արտահայտեր խոսակցական թուրքերենի իրական հնչյունները, քան պարզապես հին օսմանյան գիրը նոր ձևով տառադարձեր[17]։ Աթաթյուրքն անձամբ ներգրավված է եղել կոմիտեի աշխատանքներում և հայտարարել է «այբուբենի մոբիլիզացիա»՝ կատարվող փոփոխությունները հանրայնացնելու նպատակով։ Նա շրջել է երկրում՝ բացատրելով գրերի նոր համակարգը և խրախուսելով նոր այբուբենի արագ ընդունումը[17]։ Լեզվի կոմիտեն առաջարկել է հնգամյա անցումային շրջան, սակայն Աթաթյուրքը սա համարել է շատ երկար և նվազեցրել է մինչև երեք ամսվա[18]։ Փոփոխությունը պաշտոնականացվել է Թուրքիայի Հանրապետության թիվ 1353 օրենքով՝ Թուրքերենի այբուբենի ընդունման և իրականացման մասին օրենքով, որն ընդունվել է 1928 թվականի նոյեմբերի 1-ին[19][20]։ 1928 թվականի դեկտեմբերի 1-ից սկսած՝ թերթերը, ամսագրերը, ֆիլմերի ենթագրերը, գովազդները և նշանները պետք է գրված լինեին նոր այբուբենի տառերով։ 1929 թվականի հունվարի 1-ից նոր այբուբենի կիրառումը պարտադիր է եղել հանրային հաղորդակցության, ինչպես նաև բանկերի, քաղաքական կամ սոցիալական կազմակերպությունների ներքին հաղորդակցության մեջ։ 1929 թվականի հունվարի 1-ից նաև բոլոր գրքերը պետք է հրատարակվեին նոր այբուբենով։ Քաղաքացիական բնակչության թույլատրվել է օգտագործել հին այբուբենը տարբեր ինստիտուտների հետ իրենց գործարքների մեջ մինչև 1929 թվականի հունիսի 1[21]։

Աթաթյուրքը ներկայացնում է թուրքական նոր այբուբենը Կեսարիայի ժողովրդին, 1928 թվականի սեպտեմբերի 20

Ալեքսանդրեթի սանջակի (ներկայիս Հաթայի մարզը), որն այդ ժամանակ գտնվել է ֆրանսիական վերահսկողության տակ, իսկ ավելի ուշ միացվել է Թուրքիային, տեղական թուրքալեզու թերթերը անցում են կատարել լատինական այբուբենին միայն 1934 թվականին[22]։

Բարեփոխումները հաստատվել են նաև 1934 թվականին ընդունված Հեղինակային իրավունքի մասին օրենքով՝ խրախուսելով և ամրապնդելով մասնավոր հրատարակչական ոլորտը[23]։ 1939 թվականին Անկարայում ստեղծվել է Թուրքական հրատարակությունների առաջին համագումարը, որպեսզի քննարկի այնպիսի հարցեր, ինչպիսիք են հեղինակային իրավունքը, հրատարակությունը, գրագիտության մակարդակի բարձրացման առաջընթացը և գիտական հրատարակությունները, որին մասնակցել են 186 պատգամավորներ։

Քաղաքական և մշակութային ասպեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես նշել են բարեփոխիչները, հին արաբական գիրը սովորելը շատ ավելի դժվար էր, քան նոր լատինական այբուբենը[24]։ Գրագիտության մակարդակը այբուբենի բարեփոխումից հետո հիրավի մեծապես աճել է՝ 10%-ից հասնելով 90%-ի, սակայն շատ այլ գործոններ ևս նպաստել են աճին, օրինակ՝ 1932 թվականին Թուրքական լեզվաբանական ընկերության ստեղծումը, Կրթության նախարարության կողմից արշավները, երկրի տարածքում Հանրային կրթության կենտրոններ բացելը և անձամբ Աթաթյուրքի մասնակցությունը արշավներին[25]։

Աթաթյուրքը մի առիթով նաև նշել է, որ այս բարեփոխման նշանակությունն այն է, որ թուրքական ազգը «իր գրով և մտայնությամբ ցույց է տալիս, որ ինքը համաշխարհային քաղաքակրթության կողմում է»[26]։ Թուրքիայի Հանրապետության երկրորդ նախագահ Իսմեթ Ինյոնյուն մանրամասնել է, թե որն է լատինական այբուբենի ընդունման պատճառը․

Այբուբենի բարեփոխումը չպետք է վերագրվի գրելու և կարդալու հեշտությանը։ Դա Էնվեր փաշայի շարժառիթն էր։ Մեզ համար այբուբենի բարեփոխման ամենամեծ ազդեցությունը և ձեռքբերումը այն էր, որ այն հեշտացրեց մշակութային բարեփոխումը։ Մենք անխուսափելիորեն կորցրինք կապը արաբական մշակույթի հետ[27]։

Թուրք քաղաքագետ Շերիֆ Մարդինը նշել է․

Աթաթյուրքը պարտադրել է լատինական այբուբենը, որպեսզի բարձրացնի թուրքերի ազգային գիտակցություն ավելի լայն մուսուլմանական ինքնության փոխարեն։ Հարկավոր է նաև ավելացնել, որ նա հույս ուներ թուրքական ազգայնականությունը կապել Արևմտյան Եվրոպայի ժամանակակից քաղաքակրթության հետ, որն ընդունում էր լատինական այբուբենը[28]։

Այբուբենի բարեփոխման բացահայտ ազգայնական և գաղափարական բնույթը դրսևորվում էր կառավարության կողմից հրատարակված գրքույկներում՝ բնակչությանը սովորեցնելու նոր գիրը։ Դրանք ներառում էին արտահայտություններ, որոնք ուղղված էին օսմանյան կառավարության վարկաբեկմանը և թուրքական նորացված արժեքները սերմանելուն, օրինակ՝ «Աթաթյուրքը միացավ ազգի հետ և վտարեց սուլթաններին հայրենիքից», «Հարկերը ծախսվում են ազգի ընդհանուր սեփականության համար։ Հարկը պարտք է, որը մենք պետք է վճարենք», «Յուրաքանչյուր թուրքի պարտականությունն է պաշտպանել հայրենիքը թշնամիներից»։ Այբուբենի բարեփոխումը առաջ էր տարվում որպես թուրք ժողովրդի փրկություն օսմանյան կառավարիչների արհամարհանքից․ «Սուլթանները չէին մտածում հանրության մասին․ ղազի հրամանատարը [Աթաթյուրքը] փրկեց ազգին թշնամիներից և ստրկությունից։ Եվ այժմ նա հայտարարել է արշավ անիրազեկության [անգրագիտության] դեմ։ Նա զինեց ժողովրդին թուրքական նոր այբուբենով»[29]։

Պատմաբան Բեռնարդ Լյուիսը նոր այբուբենի ներկայացումը նկարագրել է հետևյալ կերպ․ «ոչ այնքան գործնական, որքան մանկավարժական, որքան սոցիալական և մշակութային, և Մուստաֆա Քեմալը, ստիպելով իր ժողովրդին ընդունել դա, դուռը շրխկացնում էր անցյալի վրա, ինչպես նաև դուռ էր բացում դեպի ապագա»։ Այն ուղեկցվում էր թուրքերենը արաբական և պարսկական փոխառություններից մաքրելու համակարգված ջանքերով՝ հաճախ դրանք փոխարինելով վաղ թյուրքական բառերով։ Սակայն այս նույն բարեփոխումը լեզուն մաքրել է նաև արևմտյան փոխառյալ բառերից, հատկապես ֆրանսիական, հօգուտ թուրքական բառերի, սակայն առավել քիչ չափով։ Աթաթյուրքն իր ընկեր Ֆալիհ Ռըֆքը Աթային, ով կառավարության Լեզվի կոմիտեի մեջ է եղել, ասել է, որ բարեփոխումն իրականացնելով՝ «մենք մաքրում ենք թուրքական միտքը արաբական արմատներից»[30]։

1960-ական թվականներին Առաջատար լրագրող Յաշար Նաբին պնդել է, որ այբուբենի բարեփոխումը առանցքային է եղել Թուրքիայի համար արևմտյան ուղղվածություն ունեցող նոր ինքնություն ստեղծելու գործում։ Նա նշել է, որ երիտասարդ սերունդը, որը սովորել է լատինական գիրը, ավելի հեշտությամբ է ըմբռնում արևմտյան մշակույթը և ավելի դժվարությամբ՝ մերձավորարևելյանը[31]։ Նոր գիրը արագորեն ընդունվել է և շուտով լայն տարածում է գտել։ Այնուամենայնիվ մինչև 1960-ական թվականները մեծահասակները շարունակել են օգտագործել արաբական գիրը անձնական հաղորդակցության, նշումների և օրագրերի մեջ[17]։

Ստեղնաշարի դասավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական համակարգիչների վրա թուրքական ստեղնաշարի ստանդարտ դասավորությունները ներկայացված են ստորև։ Առաջինը հայտնի է որպես թուրքերեն-Q, իսկ երկրորդը՝ թուրքերեն-F։

Turkish Q keyboard layout
Turkish F keyboard layout

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 H և k տառերը երբեմն կոչվում են նաև ha և ka, հատկապես հապավումների մեջ, օրինակ՝ CHP, KKTC և TSK։ Այնուամենայնիվ, Թուրքական լեզվաբանական ընկերությունը խորհուրդ է տալիս հրաժարվել այս ձևերի օգտագործումից[5]։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 I, Q, W և X տառերը չկան թուրքերենի այբուբենում (սրանց փոխարինողներն են՝ İ, K, V and KS). Այնուամենայնիվ այս տառերն այսօր առավել հաճած են գործածվում մասնավորապես փոխառված բառերում, օրինակ՝ tweetlemek կամ Washington։ I տառը համարվում է İ տառի այլագիր ձև, որն օգտագործվում միայն փոխառյալ բառերում։ Թուրքերենում W տառը կոչում են իր անգլերեն անունով՝ double u կամ ֆրանսիական ձևով՝ double vé, հազվադեպ նաև թուրքերենով՝ çift ve (զույգ վ), որն իհարկե խրախուսվում է Թուրքական լեզվական ընկերության կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թուրքիայի Հանրապետության պատմություն. Երևան: ԵՊՀ հրատարակչություն. 2014. էջ 58. ISBN ISBN 978-5-8084-1891-2. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  2. Dooley, Ian (2017 թ․ հոկտեմբերի 6). «New Nation, New Alphabet: Azerbaijani Children's Books in the 1990s». Cotsen Children's Library (անգլերեն and ադրբեջաներեն). Princeton University WordPress Service. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  3. Soyegov, M. New Turkmen Alphabet: several questions on its development and adoption Արխիվացված 2015-04-02 Wayback Machine
  4. Шаяхметова, Жанна (2021 թ․ փետրվարի 1). «Kazakhstan Presents New Latin Alphabet, Plans Gradual Transition Through 2031». The Astana Times (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 2-ին.
  5. «Türkçede "ka" sesi yoktur» (թուրքերեն). Turkish Language Association on Twitter. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
  6. «Turkish Java Needs Special Brewing | Java IoT». 2017 թ․ հուլիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  7. 7,0 7,1 Yazım Kılavuzu, Dil Derneği, 2002 (թուրքերենի գրության ուղեցույց)
  8. «Sorting and String Comparison» (անգլերեն). Microsoft. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  9. Joomy Korkut. «Morphology and lexicon-based machine translation of Ottoman Turkish to Modern Turkish» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 19-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  10. 10,0 10,1 10,2 Zürcher, Erik Jan. Turkey: a modern history, p. 188. I.B.Tauris, 2004. 978-1-85043-399-6
  11. Gürçağlar, Şehnaz Tahir. The politics and poetics of translation in Turkey, 1923–1960, pp. 53–54. Rodopi, 2008. 978-90-420-2329-1
  12. İrfan Özfatura: "Dilimizi dilim dilim... Agop Dilâçar" Արխիվացված 2011-09-17 Wayback Machine (Turkish), Türkiye Gazetesi, April 3, 2011. Retrieved February 15, 2012
  13. Lewis, Geoffrey (1999). The Turkish Language Reform: A Catastrophic Success. Oxford University Press. էջեր 30–31. ISBN 0-19-823856-8.
  14. Öztürk, Yaşar (2002 թ․ ապրիլ). «Mustafa Kemal'in keşfettiği bilim adamımız: Agop Dilâçar» (PDF). Bütün Dünya: 19–20.
  15. Nationalist Notes, TIME Magazine, July Արխիվացված 2003-10-09 Wayback Machine 23, 1928
  16. «Harf Devrimi». dildernegi.org.tr. Dil Derneği. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  17. 17,0 17,1 17,2 Zürcher, p. 189
  18. Gürçağlar, p. 55
  19. Aytürk, İlker (2008). «The First Episode of Language Reform in Republican Turkey: The Language Council from 1926 to 1931». Journal of the Royal Asiatic Society. 18 (3): 281. doi:10.1017/S1356186308008511. hdl:11693/49487. ISSN 1356-1863. JSTOR 27755954. S2CID 162474551. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 20-ին.
  20. «Tūrk Harflerinin Kabul ve Tatbiki Hakkında Kanun» (PDF) (թուրքերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  21. Yilmaz (2013). Becoming Turkish (1st ed.). Syracuse, New York. էջեր 145. ISBN 9780815633174.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  22. Michel Gilquin (2000). D'Antioche au Hatay (ֆրանսերեն). L'Harmattan. էջ 70. ISBN 2-7384-9266-5.
  23. Press and Publications in Turkey(չաշխատող հղում), article on Newspot, June 2006, published by the Office of the Prime Minister, Directorate General of Press and Information.
  24. Toprak, Binnaz. Islam and political development in Turkey, p. 41. BRILL, 1981. 978-90-04-06471-3
  25. Harf İnkılâbı Արխիվացված 2006-06-21 Wayback Machine Text of the speech by Prof. Dr. Zeynep Korkmaz on the website of Turkish Language Association, for the 70th anniversary of the Alphabet Reform, delivered at the Dolmabahçe Palace, on September 26, 1998
  26. Karpat, Kemal H. "A Language in Search of a Nation: Turkish in the Nation-State", in Studies on Turkish politics and society: selected articles and essays, p. 457. BRILL, 2004. 978-90-04-13322-8
  27. İsmet İnönü (2006 թ․ օգոստոս). «2». Hatıralar (թուրքերեն). Bilgi Yayinevi. էջ 223. ISBN 975-22-0177-6.
  28. Cited by Güven, İsmail in "Education and Islam in Turkey". Education in Turkey, p. 177. Eds. Nohl, Arnd-Michael; Akkoyunlu-Wigley, Arzu; Wigley, Simon. Waxmann Verlag, 2008. 978-3-8309-2069-4
  29. Güven, pp. 180–81
  30. Toprak, p. 145, fn. 20
  31. Toprak, p. 145, fn. 21

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]