Թոռնիկյանների տոհմածառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թոռնիկյանների հայկական իշխանական հարստությունը իշխել է Սասունում և Տարոնում՝ 1054-1207 թվականներին, սերվել են Մամիկոնյանների իշխանական տոհմից։ Հարստության հիմնադիրն է Մուշեղ Մամիկոնյանի որդի Թոռնիկ Մամիկոնյանը։

Թոռնիկյանների իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոռնիկյանների իշխանությունը հիմնվել է 1054 թվականին Սասունում ու Տարոնում, գոյատևելով մինչև՝ 1207 թվականը։ Բագրատունյաց թագավորության անկումից և Անիի գրավումից հետո Արևելքում ուժեղանում և դեպի Արևմուտք են արշավում սելջուկները, իսկ Արևմուտքում իր մայրամուտն է ապրում Բյուզանդական կայսրությունը։ Քաղաքական այս իրադրության պայմաններում Արևմտյան Հայաստանի երկու լեռնային շրջաններում՝ Տավրոսի և Անտիտավրոսի՝ Ամանոսի բարձունքներում, Սասունում և Մարաշում հայ ֆեոդալական իշխանություններ են ստեղծվում, որոնք պահպանում են իրենց անկախությունը և պայքարում սելջուկյան արշավանքների դեմ։ Իշխանությունը հիմնադրում է Մուշեղ Մամիկոնյանի որդի Թոռնիկ Մամիկոնյանը։

Սասունի Թոռնիկյան իշխանության մասին Մատթեոս Ուռհայեցին իր «Պատմություն հայոց» գրքում ասում է, որ այդ իշխանության ռազմական ուժը հասնում էր 56․000 հետևակի և 6․000 հեծյալի[1]։

  • Մուշեղ Մամիկոնյան
  • Թոռնիկ Մամիկոնյան (?-1073), ըստ Թոռնիկ Մամիկոնյանի որդու՝ Չորտուանելի հիշատակարանի, Թոռնիկ Մամիկոնյանը Տարոնի Բերդակ գյուղից էր, Մամիկոնյան նախարարական տոհմից։ Առաքելոց վանքի վանահայր Պողոս Տարոնացու թղթերից պարզ է դառնում, որ Թոռնիկը կրթություն էր ստացել Բերդակի մոտ գնտվող Առաքելոց վանքում։ Հետագայում նա Բերդակը նվիրում է վանքին, երբ որպես Թոռնիկյան իշխանության հիմնադիր, փոխադրվում է Աշմուշատ (Բալու), որը և դարձնում է իշխանության մայրաքաղաք։

1056 թվականին Թոռնիկ Մամիկոնյանին ժամանակակից արաբ պատմիչ Իբն-էլ-Աթիրը գրում է․

«Այստեղ (Խլաթում) հայ ռայաները (հպատակներ) ասոնց (սելջուկների) ճամբան կտրեցին և իրենց օգնական գտան Սանասանյայքն որ նմանապես հայոցմե են։ Այս Սանասանյայք նույն ժամանակ Խլաթի մոտերն իրենց անառիկ ու ամուր բերդերուն տերն էին ․․․ իրենց ամուրներն ու անկապխությունն ալ պահած էին ․․․ Սասունցվոց բերդերուն ամրությունն ու թիվը, այն լեռնագավառին մեջ հաղթող հանդիսանալու դժվարությունը, և Հոռոմող մօտ ըլլալն, որ անտարակույս անոնց օգնության պիտի փութային[2]։»

Թոռնիկ Մամիկոնյանի և Ամանոսի հայկական իշխանության հիմնադիր Փիլարտոս Վարաժնունու միջև կատաղի մարտեր են մղվում։ Փիլարտոսը ցանկանում էր Սասունը ու Տարոնը միացնել և մի հզոր իշխանություն ստեղծել Ամանոսի լեռնային շրջանում։ Թոռնիկը դիմադրում է նրան և թուլացնում, իսկ ինքը 1073 թվականին Մուֆարկինի Ամրքափր ամիրայի և Փիլարտոսի միացյալ դավադրությամբ ընկնում է ողբերգական մահով[1]։

Թոռնիկը ուներ երկու որդի՝ Չորտուանել և Վասակ։

  • Չորտուանել-Գևորգ Մամիկոնյան (?-1127), Թոռնիկի ավագ որդին, Սասունի իշխան (1073-1127), պատանի հասակում հաջորդում է դավաճանորեն սպանված հորը։ Գեորգի Չորտուանելը բարեկամական հարաբերություններ է մշակում Վրաստանի հետ, որը անրադարձել է «Սասունցի Դավիթ» էպոսում՝ Խանդութ Խաթունի քավոր Գեորգը հիշեցնում է Չորտուանելին։

Հոռոմ Թեոփիստեսին գրած թղթի մեջ, որ կոչվում է «Թուղթ երանելւոյն Պողոսի Տարոնացւոյ Յաղթող ախոյան Վարդապետի, ընդդէմ Թեոփիստե հոռոմ փիլիսոփային»՝ Պողոս Տարոնացին գրում է․

«Ով պատուական անուն Թեոփիստե ․․․ զթուղթն զոր գրեցաք, ընկալելա ընթերցայ և հասու եղէ ամենայն դրելոցս, որ է ի նամակի աստ, զոր առաքեցի, յառաճնմէ և բերաւ առ իշխանն հայոց Սասանու առ Նուլերսիմուս (nouvelisimus) Չորտուանելս, որւոյ Թոռնկայ (որ յաթոռն կա)․ և ի նոյնաժամայն առ մեզ հասուցին զգիրս քո յամսյանն օգոստոսի է․ եւ ի թուականութեանս հայոց ՇԾ (1101). եւ բերաւ ի վանքս Ղազարու[3]։»

Պողոս Տարոնացու ձեռագիրը գրվել է Սասունի իշխան Չորտուանելի ժամանակ, որը ցույց է տալիս որ Չորտուանելը, ինչպես ընդհանրապես Սասունի մյուս իշխանները, տիտղոսներ ստանում էին Բյուզանդիայից։ Չորտուանելի Նուվելիսիմուս տիտղոսը բյուզանդական էր[4]։

Պողոս Տարոնացու գրածներից երևում է, որ Չորտուանելի ժամանակ Թոռնիկյան իշխանությունը տարածվել է Բալուից, Ծոփքից մինչև Միջագետքի հյուսիսային սահմանը՝ մինչև Մծբին (այժմ՝ Նիսիբին) քաղաքը, ընդգրկելով նաև ամբողջ Տարոն-Տուրուբերանը, մինչև Ազնվաց Ձոր (Սալնո Ձոր) Բաղեշի մոտ, մայրաքաղաք ունենալով Աշմուշատը։

Չորտուանելը Սասունի իշխանությունը կառավարում է 1073 թվականից մինչև 1127 թվականը՝ 54 տարի և մահանում է 1127 թվականին, հաջորդ թողնելով իր որդի Վիգենին։

  • Վասակ Մամիկոնյան, Թոռնիկի կրտսեր որդին։
  • Վիգեն Մամիկոնյան (?-1176), Սասունի իշխան (1127-1176), Չորտուանելի որդին։ Վիգենի գահակալության սկիզբը 1127 թվականն է։ Այդ մասին Ակնի Սուրբ Գևորգ եկեղեցում գտնվող «Սասունցի» կոչված ավետարանում գրված է․

«Ի հայրապետութեան տեառն Ներսեսի հայոց կաթողիկոսի և ի տէրութեան Սասնոյ Վիգենւոյ մեծի պատուէլէսիմոսի որդւոյ Չորտուանելի, թոռն Թոռնկայ մեծի հզօրի և քաջի, բնիկ յԱստուծոյ հաստատուն հիմնակառուցեալ ունի զաթոռ հայրենի տերութեան իւրոյ եւ ի թուականութեանս հայոց ի ՌԺԸ (1169) հրամանաւ երանելի և քրիստոսասէր թագուհւոյ Մելեքսթոյ, ամուսնոյ Վիգենայ որ է յազգի Արծրունի և ի շառաւիղն սրբոյն Վարդանայ դստեր մեծ իշխանին Մոկաց Հմայակի[5]։»

Վիգենի կին Մելեքսթին Արծրունյաց շառավիղ Մոկաց մեծ իշխան Հմայակի աղջիկն էր։ Ղևոնդ Ալիշանը նրանց մասին գրում է․

«Դատ առնելով զրկելոց, օգնական լինելով նեղելոց և ապավեն ամենայն փոխուցելոց, շինելով զեկեղեցիս ․․․ և յամենայնի առաջին սուրբ նահապետացն և թագաւորացն նմանեալ ․․․[4]։»

Վիգենը իշխում և գործում էր Խլաթի թագավոր Իբրահիմ Շահի (1112-1127) որդի Միհրան շահի (1128-1185) ժամանակ։

Վիգենը, ըստ հայ պատմիչների, Մուֆարկինի՝ Օրդուկյանների ճնշմանը չդիմանալով նախընտրում է Խլաթի Միհրան շահի գերիշխանությունն իր երկրի վրա, քան թե Օրդուկյաններինը, և այդպես էլ անում է։

Վիգենը և Մելեքսթին ունեցել են երեք տղա և մի աղջիկ, վերջինիս՝ Կատարինեի հիշատակը հավերժացնելու համար ծնողները գրել են տալիս «Սասունցի» ավետարանը և նրանում եղած հիշատակարանը, որը նաև պարունակում է հետաքրքիր փաստեր։

1131 թվականին պարսիկ զորավար Ելտկուզը հարձակվում է Շահի-Արմեն Միհրանի վրա, որին օգնության է շտապում Վիգենը, նրան դուրս շպրտում երկրից և ստիպում հաշտություն կնքել։

Վիգենի կառավարման ժամանակ Մուֆարկինի իշխան Սուքման Բ․ Նասր-էդ-դին Մուհամեդը հարձակումներ է գործում Սասունի վրա։ Վիգենին ժամանակակից Միքայել Ասորին գրում է․

«Հայերը տիրապետում էին ամրություններ Սասունի լեռներում բազմաթիվ սերունդներե ի վեր։ Այդ տարի թուրքերը մի մասը տիրապետեցին։ Մուֆարզինի էմիրն արդարև նրանց դեմ պատերազմեց, նա նրանց նեղեց և ծայր աստիճան սովի միջոցով ընկճեց, նրանք կամովին իրենց ամրությունները տրամադրում էին Խլաթի իշխան Շահի-Արմենին[6]։»

Վիգենը իր հաղթական պատերազմներով արտաքին զավթիչ թշնամիներին երկրից դուրս է վանել և մինչև խոր ծերություն՝ մոտ 60 տարի, կառավարել է Սասունի իշխանությունը և մահացել 1176 թվականին, ինչպես վկայում է Ստեփանոս Օրբելյանն իր «Ժամանակագրության» մեջ[7]։ Շահի Արմենն էլ ըստ Ստեփաննոս Օրբելյանի մահացել է 1181 թվականին։

Վիգենի երեք որդիներից մեկը՝ Գրիգորիոսը փոքր հասակում մահանում է։ Մյուս որդին «Չորտուանել լայնաթիկունք և հաստաբազուկը կհաջորդե իր հոր Վիգենին»[8][9]։

  • Չորտուանել Բ Մամիկոնյան (?-1185), Սասունի իշխան (1176-1185), հաջորդել է հորը՝ Վիգենին։

Չորտուանել Բ-ի ժամանակաշրջանում Սասունի իշխանության մասին պատմիչները քիչ տեղեկություններ են հաղորդում և ակնառու դեպքեր չեն նկարագրում։

Չորտուանելը մահացել է 1185 թվականին, վաղ հասակում։

Չորտուանել Բ-ին հաջորդում է իր երեք որդիներից Շահնշահը (1185-1207)։

Հայնիի կաթողիկոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սասունի իշխանությունը ունեցել է կաթողիկոսություն Հանիում։ Սամվել Անեցին գրում է․

«Ի ՇԼԱ (1082) թվականին Լիպարիտն տաճիկ եղև և Կիւրիկե Շաքոյ թագաւորն ի Սուլտանն չոգաւ և դարձաւ անդրէն դրուատով։ Ի սոյն ժամանակս ի դ․ բաժանեցաւ հայոց կաթողիկոսութիւն տէր Վահրամ, տէր Գրիգորիս յԵգիպտոս, տէր Բարսեղ յ Անի, Տէր Պողոս հայրն Վարագայ ի Մարաշ, տէր Թորոս ի Հայնի[10]։»

Կաթողիկոսանիստ Հայնիի նշանավոր վանքերից էր Առաքելոց կամ Ղազարա վանքը, որն իր գոյությունը պահպանել էր մինչև 1915 թվականը և ուներ իր դպրոցն ու կալվածքները Սասունի Խուլբի շրջանում։ Այդ ժամանակաշրջանում Տարոնի Առաքելոց վանքը դառնում է մշակութային և գիտական օջախ, որի վանահայրն էր Պողոս Տարոնացին (11-րդ դար)։

«Սասունիցի» ավետարան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սասունցի» ավետարանը գտել է Հ․ Ճանիկյանը Ակն քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցում և նկարագրել իր «Հնութիւնք Ակնա» գրքում հետևյալ տողերով․

«Ավետարան Սասունցի անվամբ, երկաթագիր մագաղաթյա մեծագիր, իբր 10 օխա կամ 13 կիլոգրամ, կողքերն արծաթապատ, սկիզբն պատկերովք և ծանոթոթյամբ, որ հին նոտր գրով գրված է, 12 թերթ հետո, մեկ երեսին վրա չորս պատկեր կա տղայոց, որոնց առաջնույն վրա․ «Վասասկ որդի Վիգենայ» գրված է, դիմացինին վրա « Վասիլ որդի Չորտուանելին թոռն Վիգենայ», վարը 3-րդ պատկերին վրա՝ «Շահնշահ» և դիմացինին վրա՝ «և Թոռնիկ եղբարք Վասիլին որդիք Չորտուանելի» գրված է։ Դիմացի երեսն ամբողջ մի պատկեր կա մորուսավոր մարդու, որո «Քրիստոս Աստուած աւագնեա Վեգենայ ծառայի քո» գրված է/ պատկերաց վրայի հիշեալ գրվածք վեջեքն և համբակ գրչե ելած կը կարծվի։ Ի վերջ չորից ավետարանչաց յիշատակարանը միջակ գրոջ «փառք և այլն ․․․ կատարեցի զսուրբ աւետարանս ի հայրապետութեան տեառն Ներսեսի Հայոց Կաթողիկոսի և ի տերութեանս Սասնոյ Վեգենայ մեծի պոտաւն ուլիսիմոսի որդւոյ Չորտուանելի թոռն Թոռնկայ մեծի հզաւրի և քաջի որ յԱստուծոյ հաստատուն հիմնակառուցեալ ունի զաթոռ հայրենի տերութեան իւրոյ և ի թուականութեանս հայոց ի ՈԺԸ (1169) հրամանաւ երանելի և Քրիստոսասեր թագուհոյ մլէք սթոյ ամուսնոյ Վեգենայ, որ՝ յազգէ Արծրունի և ի շառաւիղէ սրբոյն Վարդանա դուստր մեծի իշխանին Մոկաց Հմայեկի»։ Հետո կը շարունակի Վեգենա և զավակացն պատմությունը, և դստերն Կատայի մահը և ս․ Փրկիչ անուն վանքի մը մեջ թաղվիլն և այլն, և այլն։ Եվս երկտողի մը մեջ, «զԲազմամեղ գրիչս» և զեղբայրն իմ վախճանեալ» և այլն գրուած է։ Սոյն ավետարանին համար կըսեն թէ գետն ի վար (Եփրատեն) եկած է, բռնած են[11]։»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Պատմություն հայոց», Մատթեոս Ուռհայեցի, էջ 247-258․
  2. «Սասուն և Սիգրիսի աղբերաց սահմանները», Վ․ Տոմաշեկ, Վիեննա, 1896, էջ 38․
  3. «Թուղթ Երանելւոյն Պողոսի Տարոնացւոյ Յաղթող Ախոյան Վարդապետի, ընդդէմ Թեոփիստե հոռոմ փիլիսոփային», Պողոս Տարոնացի, Կոստանդնուպոլիս, 1752, թիվ 840 ձեռագիր․
  4. 4,0 4,1 «Հայապատում», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1901, հատոր 6, էջ 393․
  5. «Թորոս Աղբար», Գարեգին Սրվանձտյան, Կոստանդնուպոլիս, 1884, հատոր Բ, էջ 308-309․
  6. «Ժամանակագրությիւն», Միքայել Ասորի, Երուսաղեմ, 1871, էջ 361․
  7. «Ժամանակագրութիւն Ստեփանոսի Օրբելեանի», Երևան, 1942, էջ 19․
  8. «Հայոց Պատմություն», Միքայել Չամչյան, Հատոր Գ, էջ 48․
  9. Վարդան պատմիչ, էջ 124․
  10. «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց», Սամվել Անեցի, Վաղարշապատ, 1893, էջ 118․
  11. «Հնութիւնք Ակնայ», Հ․ Ճանիկյան․ Թիֆլիս, 1895, էջ 76-77․

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատմություն հայոց», Մատթեոս Ուռհայեցի, էջ 247-258․
  • «Սասուն և Սիգրիսի աղբերաց սահմանները», Վ․ Տոմաշեկ, Վիեննա, 1896, էջ 38․
  • «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց», Սամվել Անեցի, Վաղարշապատ, 1893, էջ 118․
  • «Թուղթ Երանելւոյն Պողոսի Տարոնացւոյ Յաղթող Ախոյան Վարդապետի, ընդդէմ Թեոփիստե հոռոմ փիլիսոփային», Պողոս Տարոնացի, Կոստանդնուպոլիս, 1752, թիվ 840 ձեռագիր․
  • «Հայապատում», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1901, հատոր 6, էջ 393․
  • «Թորոս Աղբար», Գարեգին Սրվանձտյան, Կոստանդնուպոլիս, 1884, հատոր Բ, էջ 308-309․
  • «Հնութիւնք Ակնայ», Հ․ Ճանիկյան․ Թիֆլիս, 1895, էջ 76-77․
  • «Ժամանակագրությիւն», Միքայել Ասորի, Երուսաղեմ, 1871, էջ 361․
  • «Ժամանակագրութիւն Ստեփանոսի Օրբելեանի», Երևան, 1942, էջ 19․
  • «Հայոց Պատմություն», Միքայել Չամչյան, Հատոր Գ, էջ 48․
  • Վարդան պատմիչ, էջ 124․