Թեհրանի երեխաները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանում Ատլիտ, 1943 թվականի փետրվարի 18

Թեհրանի երեխաները, ավելի քան 1200 հրեա փախստականների, այդ թվում 850-ից ավելի լեհ երեխաների խումբ, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո՝ 1939 թվականի սեպտեմբերին, Լեհաստանը Գերմանիայի ու ԽՍՀՄ-ի միջև բաժանվելու արդյունքում հայտնվել են խորհրդային տարածքում, և 1943 թվականին կարողացել հասնել Պաղեստին։

Խումբն իր անվանումն ստացել է այն պատճառով, որ Պաղեստին էր ժամանել Թեհրանով[1]։

Արտագաղթի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փախստականները ԽՍՀՄ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականի սեպտեմբերին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց և Լեհաստանի տարածքը ԽՍՀՄ-ի ու նացիստական Գերմանիայի միջև բաժանվելուց հետո, հարյուրհազարավոր հրեա փախստականներ հայտնվել էին Խորհրդային Միության տարածքում։ Նրանց առաջարկվել էր ընդունել խորհրդային քաղաքացիություն, բայց նրանցից շատերը հրաժարվել էին։ Փախստականների մեծ մասը հատուկ գաղթականի կարգավիճակով արտաքսվել էր երկրի ներքին շրջաններ[2]։ Նրանց մի մասն էլ ձերբակալվել ու ուղարկվել էր ճամբար՝ տաժանակիր աշխատանքի[3]։ Փախստական բազմաթիվ երեխաներ այդ ժամանակ որբացել էին կամ էլ բաժանվել իրենց ծնողներից[1]։

ԽՍՀՄ-ի վրա Գերմանիայի հարձակումից հետո հրեա փախստականներին համաներում է շնորհվել[4]։ Սակայն նրանց կյանքի պայմանները մնացել են ծայրահեղ ծանր։ Ականատեսներից մեկը պնդում էր, որ երեխաներն ամեն օր մահանում էին սովից ու հիվանդություններից[5]։

1942 թվականին Լեհաստանի վտարանդի կառավարությունն ու ԽՍՀՄ ղեկավարությունը համաձայնության են եկել հրեա փախստականներին Անդերսի բանակի հետ ԽՍՀՄ տարածքից դաշնակիցների կողմից գրաված Իրան արտաքսելու շուրջ։ Վտարանդիների մեջ կային մոտ 1000 հրեա երեխա, հիմնականում որբ, և 800 մեծահասակ հրեա[1][6]։

Բնակություն Իրանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականի ապրիլից մինչև օգոստոս հրեա երեխաների ու նրանց ուղեկցող մեծահասակների խումբը Սամարղանդից հասել է Կրասնովոդսկ, այնուհետև Կասպից ծովով Թեհրան։ Նրանց մի մասը Թեհրան է հասել Բուխարայով և Աշխաբադով[1]։

Առաջին վայրը, որտեղ փախստականները տեղավորվել են, Փեհլևի նավահանգիստն էր։ Այնտեղ կազմակերպվել է ժամանակավոր ճամբար, որտեղ բոլոր փախստականները՝ և՛ հրեա, և՛ լեհ, միասին էին։ Առաջացել են կոնֆլիկտներ։ Առաջին ամսում Իրանի այդ ճամբարում մահացել է հրեա 18 երեխա, տասնյակ երեխաներ էլ տառապում էին ծանր հիվանդություններով, որոնցով հիվանդացել էին ԽՍՀՄ-ում թափառելու ժամանակ[7]։

Ամռանը Թեհրանում լեհական ներկայացուցչությունը որոշում է ընդունել հրեա երեխաների համար բացել որբանոց[8]։ Դրա ստեղծմանը մասնակցել են հրեական տեղական համայնքի անդամներն ու Հրեական գործակալության ներկայացուցիչները։ Երեխաներից շատերը հոգեբանական ծանր վիճակում էին, խիստ վախեցած[6]։ Փեհլևիի ճամբարից Թեհրանի մանկատուն շատ երեխաների վերցնելը չափազանց դժվարությամբ է կատարվել։ Շատերը հրաժարվում էին ընդունել, որ նրանք հրեա են։ Երեխաների հեռանալուն խոչընդոտում էին նաև լեհ քահանաները, որոնք մտադիր էին նրանց մկրտել[9]։

1942 թվականի օգոստոսի վերջին[10] 730 հրեա երեխաներ տեղափոխվել են վրանային ճամբար, որը գտնվում էր Դաստան Տարեխի տարածքներում՝ Իրանի զինված ուժերի նախկին զորանոցներում։ Մանկատանն օգնում էին նաև Ամերիկյան հրեական կազմակերպությունները, ներառյալ Ջոյնթը[1]։

Ճանապարհորդություն դեպի Պաղեստին[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականի հունվարին Հրեական գործակալությունը բրիտանական իշխանություններից երեխաներին Պաղեստին ուղարկելու թույլտվություն է ստացել։ Հատուկ վարձված նավով երեխաներին Բանդարե Շապուհ (այժմ՝ Բանդարե Իմամ Խոմեյնի) նավահանգստից տեղափոխել են հնդկական Կարաչի քաղաք, այնտեղից՝ Սուեզ, այնուհետև գնացքով՝ Էլ Արիշ։ Մոտ 4 տարվա թափառումներից հետո նրանք ժամանել են Հայֆային մոտ գտնվող Ատլիտ քաղաքում։ Ծովով ճանապարհորդելու ժամանակ երեխաները հիվանդացել էին վարակիչ և ծովային հիվանդություններով։ Թեհրանից Ատլիտ ուղևորության ժամանակ մահացել է 7 երեխա[6]։

1943 թվականի փետրվարի 18-ին 369 մեծահասակներ ու 861 երեխաներ, որոնցից 719-ը որբ էր, իսկ 142-ը մեկ կամ 2 ծնողների հետ ընդունվել են հրեական իշուվ։ Եվս մեկ խումբ, որը կազմված էր մոտ 110 երեխայից, Իրաքի տարածքով Պաղեստին է հասել 1943 թվականի օգոստոսի 28-ին[1][6]։

Պաղեստինում և Իսրայելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեհրանի երեխաները «Կվուցատ Յավնե» ճամբարում, 1943 թվական

Պաղեստին ժամանելուց հետո երեխաներն իրենց ուժերն ու առողջությունը վերականգնել են տարանցիկ 11 ճամբարներում, որտեղ նրանց սովորեցրել են եբրայերեն[6]։ Նրանցից շատերը ծայրահեղ ծանր վիճակում էին, որոշ երեխաներ էլ մահացել են Պաղեստին ժամանելուց հետո[11]։

Երեխաների հետագա ճակատագրով զբաղվել են Հրեական գործակալության ներկայացուցիչները՝ Հենրիետա Սոլդի ղեկավարությամբ։ Իշուվում լայն քննարկում է ծավալվել որբերին տեղաբաշխելու հարցի շուրջ։ Հաշվի են առնվել ընտանեկան կապերն ու երեխաների անձնական ցանկությունները։ Արդյունքում 1943 թվականի հունիսի 10-ին որբերին տեղաբաշխել են հետևյալ կերպ[6].

  • 288 – «Միզրախի» բնակավայրերում և հաստատություններում։
  • 38 – «Ագուդատ Իսրայել» հաստատությունում։
  • 27 – հարազատների մոտ։
  • 36 – կրոնական այնպիսի հաստատություններում, ինչպիսիք են՝ «Ահավա», «Բեյթ Յեոշուա»[12]։
  • 15 – մանկատներում։
  • 17 – դեռևս չէին տեղավորվել, քանի որ գտնվում էին հիվանդանոցներում և բուժական այլ հաստատություններում։
  • 298 – աշխարհիկ հաստատություններում։

«Թեհրանի երեխաներից» 35 հոգի զոհվել է 1947-1949 թվականների Իսրայելի անկախության պատերազմի ընթացքում[1]։ Նրանցից մեկը՝ Էմմանուել Լանդաուն, հետմահու արժանացել է Իսրայելի ռազմական ամենաբարձր պարգևի[13]։

Հետագայում «Թեհրանի երեխաների» մասին Իսրայելում, ԱՄՆ-ում և Լեհաստանում հրատարակվել են մի շարք գրքեր և նկարահանվել հեռուստատեսային ֆիլմեր։ Նրանցից ոմանք հրատարակել են իրենց հուշերը։ Հիմնվել է «Թեհրանի երեխաներն ու նրանց դաստիարակաները» կազմակերպությունը, որը գլխավորում էր Թեհրանի մանկատան տնօրեն Դավիդ Լաորը (Լաումբերգ)[14]։

Պայքար կարգավիճակի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականից Իսրայելում Հոլոքոստը վերապրած մարդիկ սկսել են պետությունից ստանալ հատուկ կենսաթոշակային վճարներ, որ ֆինանսավորվում էր Գերմանիայի ռեպարացիոն վճարների հաշվին։ Սակայն մինչև 1997 թվականը «Թեհրանի երեխաները» Հոլոքոստից տուժածներ չեն համարվել[5]։

2002 թվականին «Թեհրանի երեխաները» հայց են ներկայացրել ընդդեմ Իսրայելի կառավարության՝ նացիստական հետապնդման հետ կապված հատուկ փոխհատուցում ստանալու համար։ Հայցը ներկայացվել է 273 հոգու անունից[15]։ Միայն 2012 թվականին դատարանը որոշել է խմբի 217 անդամներին վճարել 17 միլիոն շեկել[16][17], բայց վեճը շարունակվել է մինչև 2014 թվականի մայիսը, երբ որոշում է կայացվել յուրաքանչյուրին վճարել 25 հազար շեկել «հանուն արդարության և նրա համար, որ «Թեհրանի երեխաները» խտրականություն չզգան»[18]։

Հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեն Ցիոն Թոմեր – գրող
  • Մորդեխայ Պելցուր – Լեհաստանում Իսրայելի առաջին դեսպան[13]
  • Ավիգդոր Բեն-Գալ – զինվորական
  • Ալեքս Գիլադի – Keshet Media Group նախագահը, որը Ռեշետ ընկերության հետ միասին իրականցնում է իսրայելական հեռուստատեսության Երկրորդ ալիքի հեռարձակումը[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Tehran Children». Holocaust Encyclopedia (անգլերեն). United States Holocaust Memorial Museum. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  2. Костырченко Г. В. Тайная политика Сталина: власть и антисемитизм. — 2. — М.: Международные отношения, 2003. — С. 190. — 784 с. — ISBN 9785713310714
  3. Омер, 1996, էջ 64-68
  4. Омер, 1996, էջ 84, 108
  5. 5,0 5,1 Даниэль Фрик. (12.11.2012). «Ошибки и притеснения «детей Тегерана»». israelreport.ru. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 18-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Чёрная И. (18 сентября 2008). ««Тегеранские дети» - неизвестная история спасения еврейских детей». Сохнут. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին.
  7. Омер, 1996, էջ 125-126
  8. Омер, 1996, էջ 127
  9. Омер, 1996, էջ 127-128
  10. Омер, 1996, էջ 128-129
  11. Омер, 1996, էջ 198-204
  12. Կրոնական դրանք կոչել է Հենրիետա Սոլդը, սակայն դրանք չեն ճանաչվել կրոնական որոշ շրջանակներում
  13. 13,0 13,1 Омер, 1996, էջ 204
  14. «Лаумберг (Лаор) Давид (р.1915)». Воспоминания о ГУЛАГе. Сахаровский центр. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 18-ին.
  15. Вейлер-План Д. (19.06.2009). «Жертвы Холокоста, бежавшие через Иран, требуют в израильских судах компенсации». Гаарец. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին., оригинал публикации
  16. Joanna Paraszczuk. (2012 թ․ օգոստոսի 15). «'Tehran Children' survivors win suit against state» (անգլերեն). The Jerusalem Post. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  17. Гутина Н. (20.08.2012). «Детей Тегерана признали жертвами Холокоста». Jewish.ru. ФЕОР. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 18-ին.
  18. «Справедливость спустя 60 лет». Новости недели. 2014. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.
  19. נירית אנדרמן (Նիրիտ Անդերման). «אלכס, אנחנו אחים (Ալեքս, մենք եղբայրներ ենք)» (եբրայերեն). Հաարեց. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Омер Д. Операция Тегеран / пер. с иврита Г. Глускиной. — Иерусалим: Apropo, 1996. — 208 с.
  • Henryk Grynberg. Children of Zion. — Northwestern University Press, 1997. — 178 p. — (Jewish lives). — ISBN 9780810113541
  • Gerald Ziedenberg. Tehran Children // Blockade: The Story of Jewish Immigration to Palestine. — Author House, 2011. — P. 70-82. — 204 p. — ISBN 9781467044950
  • Бен-Цион Томер. Красное и белое с запахом апельсинов, или «Дети Тегерана». — Иерусалим: Сохнут, 1972. (եբրայերեն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]