Փոխհատուցում Հոլոքոստի զոհերին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փոխհատուցում Հոլոքոստի զոհերին, դրամական տարբեր վճարումներ Հոլոքոստի ժամանակ տուժածներին։ Վճարումները կատարվում են Փոխհատուցման մասին օրենքի իրականացման, ինչպես նաև սոցիալական ծրագրերի ու հիմնադրամների շրջանակներում։ Դրանից բացի 1952 թվականին ստորագրվել է Պատերազմական տուգանքների մասին համաձայնությունն Իսրայելի և Գերմանիայի միջև։

1945 թվականի սեպտեմբերի 20-ին Հրեական գործակալության նախագահ Հաիմ Վեյցմանը դիմել է չորս պետությունների ղեկավարներին՝ խնդրելով հրեաներին վերադարձնել նացիստների կողմից բռնագրավված սեփականությունը, իսկ եթե սեփականատերերն այլևս կենդանի չեն, ապա ունեցվածքը փոխանցել հրեական կազմակերպության իրավասության տակ, որն այդ միջոցները կօգտագործի Հոլոքոստից տուժածների առողջության վերականգնման նպատակով։

Դաշնային օրենք փոխհատուցման մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականի սեպտեմբերի 18-ին Գերմանիայի կողմից ընդունվել է Դաշնային օրենք փոխհատուցման մասին, որ ուժի մեջ է մտել հոկտեմբերի 1-ին։ Օրենքը նախատեսել է դրամական վճարումներ հետևյալ կատեգորիաների մարդկանց․

  • անձինք, որոնք եղել են ԳԴՀ կամ Արևմտյան Բեռլինի քաղաքացի 1952 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ,
  • անձինք, որ արտագաղթել են Երրորդ Ռայխի տարածքից 1952 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ,
  • տեղափոխված անձինք, որ մինչև 1947 թվականի հունվարի 1-ը գտնվել են ԳԴՀ և Արևմտյան Բեռլինի տարածքներում տեղակայված ճամբարներում։

Հետագայում ստացողների շրջանակն ընդյալնվել է, և օրենքը սահմանափակ ծավալով վերաբերել է նաև հետևյալ կատոգորիաներին․

  • իրավաբանական անձինք, որոնք հետապնդումների պատճառով տեղափոխվել են Երրորդ Ռայխի տարածքից այլ երկիր 1937 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ,
  • նացիստների բժշկական փորձարկումների զոհեր,
  • այն տարածքների բնակիչները, որտեղից հետպատերազմյան տարիներին արտաքսվել են գերմանացիները (գլխավորապես Չեխոսլովակիան և Արևմտյան Լեհաստանը),
  • անձինք, որ կորցրել են քաղաքացիություն (բացի ավստրիականից) և ապրել Իսրայելում ու այլ պետություններում 1953 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ,
  • անձինք, որ չեն բնակվել կոմունիստական երկրներում և չունեն այդ երկրների քաղաքացիություն 1965 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ (եթե նրանք դեռ չեն ստացել փոխհատուցում ԳԴՀ-ից)։

Օրենքը նախատեսել է միանվագ և ամենամսյա վճարումներ։ Վճարման չափանիշ են ծառայել մասնավորապես հարազատների ու ազգականների կորուստը, ֆիզիկական վիճակին ու առողջությանը հասցված վնասը, ազատազրկումը, ունեցվածքի ու կապիտալի կորուստը, խտրականական հարկերի վճարման հետևանքով կրած վնասները, մասնագիտական կարիերայի հարկադիր դադարեցումը, չստացած ապահովագրական վճարումները։

Այդպիսով՝ օրենքը չէր վերաբերում Հոլոքոստից տուժածների մեծ մասին, որոնք ունեին կումունիստական երկրների քաղաքացիություն, եթե նրանք չէին գաղթել Արևմուտք նախքան 1965 թվականը։ ԳԴՀ քաղաքացիները կարող էին ստանալ 480 մարկ ամեն ամիս, սակայն միայն տղամարդկանց 60 և կանանց 55 տարին լրանալուց հետո։

Ըստ այդ օրենքի թոշակ են ստացել ավելի քան 270 հազար հրեաներ։ 1999 թվականի դրությամբ՝ վճարումների ստացողների թիվը կազմել է շուրջ 120 հազար մարդ[1]։

Համաձայնություն ԳԴՀ և Իսրայելի միջև[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականի սեպտեմբերի 10-ին ԳԴՀ կառավարության, Իսրայելի կառավարության ու «Գերմանիայի նկատմամբ հրեաների նյութական պահանջների կոնֆերանսի» միջև կնքվել է համաձայնություն, որի համաձայն Գերմանիան պետք է վճարի 3 մլրդ մարկ Իսրայելին և 500 մլն մարկ «Գերմանիայի նկատմամբ հրեաների նյութական պահանջների կոնֆերանսին»։

Ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին «Գերմանիայի նկատմամբ հրեաների նյութական պահանջների կոնֆերանսը» և Գերմանիայի կառավարությունը կնքել են պայմանագիր Claimes Conference Hardship Fund ծրագրի ստեղծման վերաբերյալ։ Ծրագիրը նախատեսում էր 5 հազար մարկի միանվագ վճարում այն մարդկանց, որոնք նախկինում հնարավորություն չեն ունեցել դիմել օգնության համար (մեծ մասամբ Արևելյան Եվրոպայից արտագաղթածները)։ 1998 թվականի դրությամբ՝ այդ գումարն ստացել է ավելի քան 180 հազար մարդ։

1990 թվականին Գերմանիայի վերամիավորումից հետո անցկացվել են բանակցություններ Կոնֆերենցիայի ու գերմանական կառավարության միջև հրեաների սեփականության ռեստիտուցիայի վերաբերյալ։ Վաճառքի արդյունքում ստացվել է 250 մլն դոլար, և 1993 թվականին ստեղծվել է Claimes Conference Article 2 Fund ծրագիրը, որը նախատեսում էր ամենամսյա վճարումներ։ 1998 թվականի վերջի տվյալներով՝ այդ վճարումներն ստացել է ավելի քան 41 հազար մարդ։ Այդ երկու ծրագրերով վճարվել է ընդհանուր առմամբ 1,5 մլրդ մարկ՝ 1998 թվականի դրությամբ։

1998 թվականին Կոնֆերանսը բանակցություններ է վարել Գերմանիայի կառավարության հետ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքացիներին տրվելիք փոխհատուցման վերաբերյալ։ Ծրագիրն սկսել է գործել 1999 թվականի հունվարի 1-ին․ դրա իրականացման համար Գերմանիան հատկացրել է 200 մլն մարկ։

2008 թվականի հուլիսին Լենինգրադի շրջափակումը վերապրած հրեաները հավասարեցվել են Հոլոքոստից տուժածներին։ Բոլոր նրանք, ովքեր կկարողանան ներկայացնել փաստաթղթեր այն մասին, որ գտնվել են Լենինգրադում 1941 թվականի սեպտեմբերից մինչև 1944 թվականի հունվար կամ այդ ժամանակ տարհանվել են քաղաքից, կստանան միանվագ վճարում 2556 եվրոյի չափով[2]։

Փոխհատուցում ձեռնարկությունների կողմից[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականի վերջին համակենտրոնացման ճամբարների նախկին կալանավորները, որոնք աշխատել էին գերմանական ձեռնարկություններում, ստեղծել են «Հրեա նախկին հարկադիր աշխատավորների կոմիտեն»։ Բանակցություններից հետո I.G. Farbenindustrie, Krupp, AEG, Siemens, Rheinmetall ընկերութունները «Գերմանիայի նկատմամբ հրեաների նյութական պահանջների կոնֆերանսի» հաշիվներին են փոխանցել շուրջ 52,5 մլն մարկ։

Փոխհատուցում և ռեստիտուցիաներ այլ երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նացիստների ու նրանց դաշնակիցների կողմից նախկինում օկուպացված եվրոպական մի շարք երկրների կառավարություններ պատերազմից մի քանի տասնամյակ անց նույնպես պատրաստակամություն են հայտնել ռեստիտուցիայի ենթարկել հրեաների ունեցվածքը, որ բռնագրավվել է նրանցից 1939-1945 թվականներին։

Հունգարիայում «Փոխհատուցման մասին օրենքն» ընդունվել է 1991 թվականի հունիսին։ Հետագայում այդ օրենքը լրացվել է այլ նորմատիվ ակտերով։ Փոխհատուցման ընդհանուր գումարը կազմել է շուրջ 100 մլրդ ֆորինտ[3]։

1997 թվականի փետրվարի 20-ին Լեհաստանում ընդունվել է օրենք «Լեհական հանրապետությունում Հրեական համայնքի նկատմամբ պետության վերաբերմունքի մասին», ըստ որի լեհական համայնքին փոխհատուցվել է միայն պաշտամունքային ունեցվածքը[3]

Նորվեգիայում 1998 թվականին ընդունվել է որոշում վճարել 450 մլն նորվեգական կրոն՝ այն գումարը, որ առգրավվել է նորվեգական գանձատան կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այդ գումարը բաժանվել է չորս մասի՝ անհատական վճարումներ բոլոր կենդանի մնացածներին ու նրանց ժառանգներին, կոլեկտիվ վճարումներ Նորվեգիայի հրեական համայնքներին ու նրանց հիմնարկություններին, վճարում հօգուտ հրեական միջազգային կազմակերպության և նախնական գումար Նորվեգիայում Հոլոքոստի ուսումնասիրման ու ընդհանրապես փոքրամասնությունների հարցերի կենտրոնի ստեղծման համար[4]։

2008 թվականի մարտի 11-ին Բելգիայի կառավարությունը, բանկերն ու ապահովագրական ընկերությունները համաձայնության են եկել երկրի հրեական համայնքի հետ Հոլոքոստի ժամանակ տուժած հրեա ընտանիքներին փոխհատուցում վճարելու վերաբերյալ։ Վճարումների ընդհանուր արժեքը 110 մլն եվրո է[5]։

2009 թվականի հունիսի 25-ին Լիտվայի կառավարությունը սեյմին է ներկայացրել հրեական համայնքին 113 մլն լիտ (32,7 մլն եվրո) փոխհատուցում վճարելու վերաբերյալ օրենքի նախագիծը։ Հուլիսի 13-ին կառավարությունը որոշել է գումարը մեծացնել մինչև 130 մլն լիտ (37 մլն եվրո) Վիլնյուսում երկու շենքերի արժեքի ավելացման հետ կապված։ Վճարումներն սկսվել են 2012 թվականին և կշարունակվեն տասը տարի[6]։

Շվեյցարական բանկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլոքոստից տուժածներից շատերը, ինչպես նաև նրանց ունեցվածքը յուրացրած անձինք հաշիվներ են ունեցել շվեյցարական բանկերում։ Հաշվի առնելով բանկային հաշվի տիրոջ մասին տեղեկության գաղտնիությունը, շատ ավանդներ ու հաշիվներ ցպահանջ մնացել են անձեռնմխելի, քանի որ նրանց սեփականատերերը կամ մեռել էին, կամ էլ կորցրել այն օգտագործելու հնարավորությունը, իսկ նրանց ժառանգները տեղեկություն չունեին այդ հաշիվների մասին։ Բանկերը գիտակցաբար թաքցրել են տեղեկությունը հնարավոր ժառանգներից[7]։

1996 թվականի վերջին ԱՄՆ-ում Հոլոքոստից տուժածների կողմից ներկայացվել է մի քանի հայց ընդդեմ շվեյցարական բանկերի։ Հայցորդները բանկերին մեղադրել են նրա համար, որ նրանք գիտակցաբար պահել ու թաքցրել են Հոլոքոստի զոհերի ակտիվները և օրինականացրել նացիստների՝ անօրինական ճանապարհով ստացած գումարները։1998 թվականի օգոստոսին կողմերի միջև կնքվել է համաձայնություն 1,25 մլրդ դոլար փոխհատուցում տալու վերաբերյալ․ համաձայնությունը կնքվել է այն պայմանով, որ հայցորդներն ընդմիշտ կհրաժարվեն հետագայում բանկերին ու Շվեյցարիայի կառավարությանը պահանջներ ներկայացնելուց Հոլոքոստի հետ կապված հարցերով։

2001 թվականի փետրվարին Շվեյցարական բանկային ասոցիացիան հրապարակել է ենթադրյալ տուժածների ցուցակը, որպեսզի նրանք կամ նրանց ժառանգները կարողանան պահանջներ ներկայացնել։ Ցուցակում եղել է 21 հազար անուն։ Ըստ այդ ցանկի հայց ներկայացնելու համար սահմանվել է կես տարի[8][9]։ 2005 թվականին հրապարակվել է նոր ցուցակ, որ ներառում է 3000 անուն[10]։

Հատուկ արտոնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նացիստական հետապնդումներից փրկվածներն Իսրայելում ունեն մի շարք հատուկ արտոնություններ։ Առաջին հերթին դա վերաբերում է գետտոների ու համակենտրոնացման ճամբարների նախկին կալանավորներին։ Մարդկանց այդ արտոնությունների մասին ավելի արդյունավետ տեղեկացնելու համար 2011 թվականին ստեղծվել է «Աղետը վերապրած անձանց իրավունքների մասին տեղեկատվության կենտրոն»[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. American Jewish Desk Reference, (The Philip Leff Group, Inc., 1999), p. 30.
  2. Евреев, переживших блокаду Ленинграда, приравняли к жертвам Холокоста
  3. 3,0 3,1 Реституции в Восточной Европе
  4. «Новый взгляд на историю. Процесс реституции в Норвегии. Введение». Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2001 թ․ փետրվարի 22-ին.
  5. «Компенсации жертвам Холокоста». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  6. Евреи «Северного Иерусалима» получат компенсацию в размере 37 млн евро
  7. Последний золотой эшелон
  8. Холокост: срок исков истекает
  9. Счета в швейцарских банках
  10. О регистрация претензий по счетам жертв «Эры Холокоста» в швейцарском банке. «ВЫПЛАТЫ & КОМПЕНСАЦИИ». Бюллетень для переживших Катастрофу. № 9’2005
  11. Права лиц, переживших Холокост, проживающих в Израиле(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]