Էքստրասիստոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էքստրասիստոլա
Տեսակհիվանդություն
Բժշկական մասնագիտությունսրտաբանություն
ՀՄԴ-9427.69
ՀՄԴ-10I49.3

Էքստրասիստոլան սրտի արտահերթ վաղաժամ կծկումն է, սրտի կամ նրա առանձին բաժինների ապաբևեռացում (հանգստի պոտնեցիալի փոփոխություն) և կծկում, առիթմիաների ամենահաճախ գրանցվող տեսակը։ Էքստրասիստոլները կարող են հայտնաբերվել մարդկանց 60-70%-ի մոտ։ Հիմնականում դրանք ունեն ֆունկցիոնալ (նեյրոգեն) բնույթ, որոնց առաջացումը հրահրում են սթրեսը, ծխելը, ալկոհոլը, խիտ թեյը և հատկապես սուրճը։ Այնուամենայնիվ, նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ կոֆեինը շատ դեպքերում կապված չէ ռիթմի խանգարումների առաջացման հետ, իսկ որոշ դեպքերում նույնիսկ պաշտպանում է դրանց առաջացումից[1][2]։ Օրգանական ծագման էքստրասիստոլներ առաջանում են սրտամկանի վնասման ժամանակ (սրտի իշեմիկ հիվանդություն, կարդիոսկլերոզ, դիստրոֆիկ փոփոխություններ, բորբոքում)։ Արտասովոր իմպուլսները կարող են առաջանալ նախասրտերից, նախասիրտ-փորոքային հանգույցից և անմիջապես փորոքներից։ Էքստրասիստոլների առաջացումը բացատրվում է տրիգերային ակտիվությամպ էկտոպիկ օջախի առաջացմամբ, ինչպես նաև reentry մեխանիզմի առկայությամբ։ Արտահերթ և նորմալ կոմպլեքսների միջև ժամանակային հարաբերությունները բնութագրվում են միացման միջակայքով։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մոնոտոպ մոնոմորֆ էքստրասիստոլներ, առաջացման մեկ աղբյուր, միացման մշտական միջակայքը միևնույն արտածումներում, ունեն նույն ԷՍԳ ձևը (նույնիսկ QRS համալիրի տարբեր տևողությամբ)։
  2. Մոնոտոպ պոլիմորֆ էքստրասիստոլներ, առաջացման մեկ աղբյուր, միացման մշտական միջակայքը միևնույն արտածումներում, ունեն այլ ձև։
  3. Պոլիտոպ էքստրասիստոլներ, առաջացումը մի քանի էկտոպիկ օջախներից, տարբեր միացման միջակայքեր միևնույն ԷՍԳ արտածումներում (տարբերությունները ավելի քան 0,02-0,04 վրկ), տարբեր էքստրասիստոլիկ համալիրներ, որոնք տարբերվում են միմյանցից ձևով։
  4. Անկայուն պարոքսիզմալ տախիկարդիա, երեք կամ ավելի անընդմեջ էքստրասիստոլաներ (նախկինում կոչվում էին խմբային էքստրասիստոլաներ)։ Ինչպես պոլիտոպ էքստրասիստոլները, սրանք ևս ցույց են տալիս սրտամկանի ընդգծված էլեկտրական անկայունությունը։

Կոմպենսատոր դադար - էքստրասիստոլայից հետո էլեկտրական դիաստոլայի ժամանակահատվածի տևողությունը։ Լինում են լրիվ և ոչ լրիվ.

  • Լրիվ, կրճատված դիաստոլիկ դադարի ընդհանուր տևողությունը մինչև էքստրասիստոլան և երկարացված դիաստոլիկ դադարը էքստրասիստոլայից հետո հավասար է երկու նորմալ սրտի ցիկլերի տևողությանը։ Այն առաջանում է, երբ իմպուլսը չի տարածվում ռետրոգրադ ուղղությամբ դեպի սինուս-նախասրտային հանգույց (դրա լիցքաթափումը տեղի չի ունենում)։
  • Ոչ լրիվ, կրճատված դիաստոլիկ դադարի ընդհանուր տևողությունը մինչև էքստրասիստոլան և երկարացված դիաստոլիկ դադարը էքստրասիստոլայից հետո ավելի կարճ է, քան երկու նորմալ սրտի ցիկլերի տևողությունը։ Որպես կանոն, թերի կոմպենսատոր դադարը հավասար է նորմալ սրտի ցիկլի տևողությանը։ Առաջանում է սինուս-նախասրտային հանգույցի լիցքաթափման պատճառով։ Հետէկտոպիկ միջակայքի երկարացում տեղի չի ունենում ինտերպոլացված (ներդիր) էքստրասիստոլաների, ինչպես նաև ուշ փոխարինող էքստրասիստոլաների դեպքում։

Ալորիթմիաներ - հիմնական ռիթմի փոփոխություն և էքստրասիստոլիա որոշակի հաջորդականությամբ

  1. Բիգեմինիա - յուրաքանչյուր նորմալ կծկումին հաջորդում է էքստրասիստոլա։
  2. Տրիգեմինիա - երեք հիմնական կոմպլեքսներին հաջորդում է մեկ էքստրասիստոլա, կամ մեկ կանոնավոր կոմպլեքսին հաջորդում է երեք էքստրասիստոլա։
  3. Կվադրիգեմինիա- էքստրասիստոլան հաջորդում է յուրաքանչյուր չորս նորմալ կծկմանը։

Փորոքային էքստրասիստոլների դասակարգումը ըստ Լոուն-Վոլֆ-Ռայանի[3][խմբագրել | խմբագրել կոդը]

  • I - մինչև 30 էքստրասիստոլա մշտադիտարկման ցանկացած ժամում
  • II - ավելի քան 30 էքստրասիստոլա մշտադիտարկման ցանկացած ժամում
  • III - պոլիմորֆ էքստրասիստոլաներ
  • IVa - զուգակցված մոնոմորֆ էքստրասիստոլաներ
  • IVb - զուգակցված պոլիմորֆ էքստրասիստոլաներ
  • V - փորոքային տախիկարդիա (3 կամ ավելի անընդմեջ)։

Հաճախականությունը (էքստրասիստոլների ընդհանուր թիվը վերցված է 100%). սինուսային էքստրասիստոլաներ՝ 0,2%; նախասրտային էքստրասիստոլաներ՝ 25%; էքստրասիստոլաներ նախասիրտ-փորոքային հանգույցից՝ 2%; փորոքային էքստրասիստոլաներ՝ 62,6%; էքստրասիստոլաների տարբեր համակցություններ՝ 10,2%:

Էթիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆունկցիոնալ բնույթ, տարբեր վեգետատիվ ռեակցիաներ, հուզական սթրես, ծխել, խիտ թեյի, սուրճի, ալկոհոլի չարաշահում։

Օրգանական բնույթ, սա վկայում է սրտի բավականին խորը փոփոխությունների մասին՝ իշեմիայի, դիստրոֆիայի, նեկրոզի կամ կարդիոսկլերոզի օջախների տեսքով՝ նպաստելով սրտամկանի էլեկտրական անհամասեռության ձևավորմանը։ Առավել հաճախ էքստրասիստոլա նկատվում է սրտամկանի սուր ինֆարկտի, սրտի իշեմիկ հիվանդության, զարկերակային հիպերտենզիայի, սրտի ռևմատիկ հիվանդության, միոկարդիտի և սրտային քրոնիկ անբավարարության ժամանակ։ Սրտային գլիկոզիդների գերդոզավորմանը բնորոշ են համառ փորոքային ալոռիթմիայի տարբեր տարբերակներ՝ բիգեմինիա, տրիգեմինիա։

Կլինիկական պատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրսևորումները սովորաբար բացակայում են, հատկապես, երբ էքստրասիստոլաները օրգանական ծագում ունեն։ Պացիենտները գանագատվում են սրտի ուժեղ բաբախյունների և հրոցների զգացողությունից, որոնք առաջանում են ուժեղ փորոքային սիստոլայի փոխհատուցող դադարից հետո, կրծքավանդակում սառչելու և սրտի կանգի զգացումից։ Նևրոզի և վեգետատիվ նյարդային համակարգի դիսֆունկցիայի ախտանիշները ներառում են (ավելի բնորոշ ֆունկցիոնալ ծագման էքստրասիստոլաներին)՝ անհանգստություն, գունատություն, քրտնարտադրություն, վախ, օդի պակասի զգացում։ Հաճախակի (հատկապես վաղ և խմբային) էքստրասիստոլաները հանգեցնում են սրտի արտամաղման նվազմանը, ուղեղային, պսակային և երիկամային արյան հոսքի նվազմանը 8-25%-ով։ Ուղեղի և պսակային անոթների ստենոտիկ աթերոսկլերոզի դեպքում կարող են առաջանալ ուղեղային արյան շրջանառության անցողիկ խանգարումներ (պարեզ, աֆազիա, ուշագնացություն) և ստենոկարդիայի նոպաներ։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սադրող գործոնների վերացում, հիմնական հիվանդության բուժում։ Առանց կլինիկական դրսևորումների առանձին էքստրասիստոլաները բուժման կարիք չունեն։ Նեյրոգեն էքստրասիստոլաների դեպքում առաջարկվում է աշխատանքային և հանգստի ռեժիմի պահպանում, սննդային վարքագծի փոփոխություններ, կանոնավոր վարժություններ, հոգեթերապիա, տրանկվիլիզատորներ կամ հանգստացնող միջոցներ (օրինակ՝ դիազեպամ, կատվախոտի ոգեթուրմ)։

Փորոքային էքստրասիստոլան սովորաբար չի պահանջում բուժում հակաառիթմիկ դեղամիջոցներով։ Հիմնական (պատճառական) հիվանդության բուժումը կարող է օգնել նվազեցնել էքստրասիստոլաները կամ նվազեցնել դրանց դրսևորումները։

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդության կանխատեսումը զգալիորեն տարբերվում է՝ կախված հիվանդության ծանրությունից և հասանելի բուժումից։ Ընդհանուր առմամբ, ժամանակին, համարժեք բուժման դեպքում կանխատեսումը համեմատաբար բարենպաստ է։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. {{{վերնագիր}}}. — ISSN 2405-5018. — doi:10.1016/j.jacep.2018.01.012
  2. {{{վերնագիր}}}. — ISSN 1873-2615. — doi:10.1016/j.tcm.2018.09.019
  3. {{{վերնագիր}}}. — ISSN 1524-4539 0009-7322, 1524-4539. — doi:10.1161/01.cir.44.1.130

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Экстрасистолия / Богословский В. А. // Большая медицинская энциклопедия : в 30 т. / гл. ред. Б. В. Петровский. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1986. — Т. 28 : Экономо — Ящур. — 544 с. : ил.