Էլիզաբեթ Հոփկինս Պո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլիզաբեթ Հոփկինս Պո
անգլ.՝ Elizabeth Arnold Poe
Դիմանկար
Ծնվել է1787[1]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 8, 1811(1811-12-08)[2][3]
Մահվան վայրՌիչմոնդ, ԱՄՆ
ԳերեզմանՎիրջինիա
ՔաղաքացիությունFlag of the United States (1795-1818).svg ԱՄՆ և Flag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունդերասանուհի և թատրոնի դերասանուհի
ԱմուսինDavid Poe, Jr.?
ԵրեխաներԷդգար Ալլան Պո, William Henry Leonard Poe? և Rosalie Poe?
Eliza Poe Վիքիպահեստում

Էլիզաբեթ Առնոլդ Հոփկինս Պո (անգլ.՝ Elizabeth Arnold Poe, 1787 թվական - դեկտեմբեր 8 1811 թվական), ամերիկացի դերասանուհի, Էդգար Ալլան Պոյի մայրը։

Ծնողները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հենրի և Էլիզաբեթ Առնոլդների ընտանիքում 1787 թվականին Լոնդոնում[4]։ Մայրը դերասանուհի էր և լոնդոնյան բեմերում հանդես էր գալիս 1791 թվականից մինչև 1795 թվականը։ Հայրը պատշար էր։ Նա մահացել է 1789 թվականին, իսկ 1795 թվականի նոյեմբերին Էլիզաբեթը դստեր հետ տեղափոխվել է ԱՄՆ, 1796 թվականին՝ Բոստոն[4]։

Առաջին ելույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ տեղափոխվելուց երեք ամիս անց իննամյա Էլիզան առաջին անգամ բեմ է բարձրանում։ Նա դեր է ստանում Դեյվիդ Գարրիկի պիեսներից մեկում[5]։ Թերթերը սկսում են գրել այն մասին, որ չնայած աղջիկը ինը տարեկան է, սակայն նա ցանկացած տարիքի դերակատարում կարող է իր վրա վերցնել։

Թատերախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նույն տարում Էլիզայի մայրը ամուսնանում է երաժիշտ Չարլզ Թաբսի հետ, ով Առնոլդների հետ եկել էր Անգլիայից։ Այդ ժամանակ Էդգարը ընտանիքի հետ հիմնել էր «Չարլստոնյան կոմեդիանտներ» թատերախումբը։ Էլիզայի մայրը մահանում է Հյուսիսային Կարոլինայում[6] հյուրախաղերի ժամանակ։ Նրա մահվան մասին քիչ բան է հայտնի։ Անունը 1798 թվականին անհետացել է ազդագրերից[5]։ Մոր մահից հետո Էլիզան շարունակել է ելույթ ունենալ։ Սովորաբար թատերախումբը ներկայացումներ էր տալիս մի քանի ամսվա ընթացքում, իսկ հետո տեղափոխվում նոր վայր։ Առավել հայտնի վայրերի շարքում, որտեղ հանդես է եկել Էլիզան, Ֆիլադելֆիան է՝ երկու հազար հանդիսատես տեղավորող։ Էլիզան խաղացել է մոտ երեք հարյուր դեր՝ ներառյալ Ջուլիետայի և Օֆելիայի դերերը։ 1802 թվականի ամռանը տասնհինգամյա Էլիզան ամուսնանում է Չարլզ Հոփկինսի հետ։ Վերջինս մահանում է ամուսնական համատեղ կյանքի երրորդ տարում դեղին տենդից[7]։

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորֆոլքում հյուրախաղերի ժամանակ Էլիզան հանդիպում է ծագումով Բալթիմորից Դեյվիդ Պոյին[8], ով որոշել էր թողնել իրավագիտությունը և միանալ թատերախմբի։ Հոփկիսնի մահից վեց ամիս անց Դեյվիդն ու Էլիզան ամուսնանում են։ Ամուսինները շրջագայում են հյուսիս-արևելյան նահանգներում՝ ներկայացումներ տալով բազմաթիվ քաղաքներում՝ Ռիչմոնդ, Ֆիլադելֆիա, Նյու Յորք։ Ի վերջո, զույգը բնակություն է հաստատել Բոստոնում, որտեղ երեք մրցաշրջանների ընթացքում (իննսուն շաբաթ) ելույթ է ունեցել խոշոր թատրոնում՝ հազարվոր հանդիսկանների առջև։ Այդ շրջանի թատերական մամուլը հաճախ էր անդրադառնում Էլիզայի «հետաքրքիր կերպար»-ին և «մեղեդային հաճելի ձայն»-ին[8]։

Ընտանեկան կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզան և Դեյվիդը ունենում են երկու որդի՝ Վիլյամ Հենրի Լեոնարդ և Էդգար։ Ենթադրվում է, որ փոքր որդուն անվանել են Էդգար՝ ի պատիվ թատերախմբի գլխավոր ղեկավարի։ Ընտանիքը ֆինանսապես ապահովված չէր։ 1809 թվականին ընտանիքը տեղափոխվում է Նյու Յորք։ Էլիզայի դերասանական վարպետությունը մշտապես գրավում էր մամուլի ուշադրությունը, բայց միևնույն ժամանակ քննադատվում էր Դեյվիդի թատերական կերպարը[7]։ Այդ ամենից Դեյվիդը սկսում է անհավասարակշիռ պահվածք դրսևորել և հակում՝ ալկոհոլի հանդեպ։ Նա Նյու Յորք տեղափոխվելուց կես տարի անց լքում է բեմը և ընտանիքին։ Նրա հետագա ճակատագիրը հայտնի չէ։ Կան վկայություններ, որ նա մահացել է 1811 թվականի դեկտեմբերի 11-ին Նորֆոլկում[9]։ 1810 թվականի դեկտեմբերին, արդեն Դեյվիդի հեռանալուց հետո, Էլիզան ծնեց երրորդ երեխային՝ Ռոզալի անունով մի աղջկա, որը, ըստ շրջապատի արձագանքների, մտավոր հետամնաց էր։ Աղջկա ծնվելուց հետո Էլիզան շարունակել է ելույթ ունենալ բեմերում։

Էլիզա Հոպկինսի տապանաքարը, Ռիչմոնդ (Վիրջինիա)

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

1811 թվականին Ռիչմոնդում հյուրախաղերի ժամանակ Էլիզայի մոտ սկսել է արյունոտ հազի նոպա[10]։ Նրա ելույթները գնալով քչանում են, իսկ նույն տարվա հոկտեմբերին նա վերջնականապես թողնում է բեմը[11]։ Վերջին անգամ նա ելույթ է ունենում 1811 թվականի հոկտեմբերի 11-ին «Անծանոթը» պիեսում[12]։ Էլիզայի ընկերներն ու գործընկերները, Աշեր ամուսինները հոգ էին տանում երեխաներին նրա հիվանդության ժամանակ[13]։ Բազմաթիվ մարդիկ ցավել են դերասանուհու ճակատագրով, իսկ Ռիչմոնդի թատրոնը ներկայացումներ է տվել նրա պատվին։ Էլիզան Մահանում է 1811 թվականի դեկտեմբերի 8-ին 24 տարեկանում։ Ենթադրվում է, որ նրա մահվան պատճառը տուբերկուլոզն[4][14] էր։ Նրան հուղարկավորել են եպիսկոպոսական սուրբ Եկեղեցու գերեզմանատանը։ Մոր մահից հետո երեխաների ճակատագրերը բաժանվում են իրարից։ Վիլյամը շարունակում է ապրել հոր ծնողների մոտ, Էդգարին որդեգրում են Ալանների ընտանիքը, իսկ Ռոզալիին որդեգրում է Ռիչարդ Մաքքենզիի զույգը։

Ազդեցությունը Էդգար Ալլան Պոյի ստեղծագործության վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած գրողը որբացել է վաղ մանկությունից, բայց մոր կերպարը լուրջ ազդեցություն է ունեցել նրա կյանքի և ստեղծագործությունների վրա։ Իր առաջին ստեղծագործություններից մեկում նա նկարագրում է հրդեհ և այրվող ազնվական կալվածք։ Հնարավոր է, որ այս սյուժեն իրական իրադարձություն է, որը տեղի է ունեցել Ռիչմոնդի թատրոնում, որը բռնկվեց Էլիզայի մահից երեք շաբաթ անց։ Մոր, ինչպես նաև իր սիրելի Վիջինիայի մահը կերպավորվում են Ագռավը բանաստեղծության մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. SNAC — 2010.
  3. Find A Grave — 1995.
  4. 4,0 4,1 4,2 Sova, 192.
  5. 5,0 5,1 Meyers, 2
  6. Silverman, 2.
  7. 7,0 7,1 Silverman, 3.
  8. 8,0 8,1 Stashower, 3.
  9. Meyers, 6.
  10. Hoffman, Daniel. Poe Poe Poe Poe Poe Poe Poe. — Baton Rouge: Louisiana State University Press, 1972. — P. 25. — ISBN 0807123218
  11. Silverman, 8.
  12. Thomas, Dwight and David K. Jackson. The Poe Log: A Documentary Life of Edgar Allan Poe 1809—1849. — New York: G. K. Hall & Co., 1987. — P. 12. — ISBN 0783814011
  13. Allen, Hervey. Israfel: The Life and Times of Edgar Allan Poe. New York: Farrar & Rinehart, Inc., 1934. — P. 683.
  14. Stashower, 7.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Meyers, Jeffrey. Edgar Allan Poe: His Life and Legacy. — New York City: Cooper Square Press, 1992. — ISBN 0-8154-1038-7 (անգլ.)
  • Silverman, Kenneth. Edgar A. Poe: Mournful and Never-ending Remembrance. — New York City: Harper Perennial, 1991. — ISBN 0-06-092331-8 (անգլ.)
  • Smith, Geddeth. The Brief Career of Eliza Poe. — Fairleigh Dickinson University Press: April 1988. (անգլ.)
  • Sova, Dawn B. Edgar Allan Poe: A to Z. — New York: Checkmark Books, 2001. — ISBN 0-8160-4161-X (անգլ.)
  • Stashower, Daniel. The Beautiful Cigar Girl: Mary Rogers, Edgar Allan Poe, and the Invention of Murder. — New York: Dutton, 2006. — ISBN 0-525-94981-X (անգլ.)