Jump to content

Էլայհու Եյլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլայհու Եյլ
անգլ.՝ Elihu Yale
Դիմանկար
Ծնվել էապրիլի 5, 1649(1649-04-05)[1][2]
ԾննդավայրԲոստոն, Մասաչուսեթսյան ծոցի գաղութ, Տասներեք գաղութներ
Մահացել էհուլիսի 8, 1721(1721-07-08)[1][2] (72 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[3]
ԳերեզմանTomb Of Elihu Yale, West Of Church Of St. Giles, Church Street (s Side)
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԿրթությունԵյլի համալսարան
Մասնագիտությունվաճառական, արվեստի կոլեկցիոներ և ստրկավաճառ
ԱմուսինՀայրոնիմա դե Պայվա[4] և Քեթրին Էլֆորդ[4]
Ծնողներհայր՝ Դեյվիդ Եյլ[1][4], մայր՝ Ուրսուլա Նայթ[1][4]
Զբաղեցրած պաշտոններՄադրասի նահանգապետ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն
ԵրեխաներԱննա Եյլ[1][4], Կատերինա Եյլ[1][4], Չարլզ Եյլ[4], Դեյվիդ Եյլ[4] և Ուրսուլա Եյլ[4]
 Elihu Yale Վիքիպահեստում

Էլայհու Եյլ կամ Էլի Յեյլ (անգլ.՝ Elihu Yale,ապրիլի 5, 1649(1649-04-05)[1][2], Բոստոն, Մասաչուսեթսյան ծոցի գաղութ, Տասներեք գաղութներ - հուլիսի 8, 1721(1721-07-08)[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[3]), վաճառական Բրիտանական Ամերիկայից[5], Բրիտանական արևելահնդկական ընկերության նախագահ, Կոնեկտիկուտ նահանգի Հանրագիտարանային դպրոցի հովանավոր։ 1718 թվականին ի պատիվ Եյլի, դպրոցն անվանվել է Եյլի քոլեջ[6]։

Էլայհու Եյլը 20 տարի մասնակցել է Բրիտանական արևելահնդկական ընկերության գործունեությանը՝ 1687 թվականին դառնալով Մադրասի նահանգապետ։ Կարևոր դերակատարում է ունեցել Հնդկաստանում կառուցված առաջին անգլիական Սենտ Ջորջ բերդամրոցում գտնվող Մադրասի Պետական հիվանդանոցի զարգացման գործում։ Եյլին հաջողվել է մեծ հարստություն կուտակել հիմնականում Մադրասի առևտրականների հետ գաղտնի պայմանագրերի հաշվին՝ ընդդեմ Արևելահնդկական ընկերության դիրեկտիվի։

1692 թվականին Եյլին ուղղված կոռուպցիայի մեղադրանքները, նրա ապօրինի շահարկումների վերաբերյալ աճող վրդովմունքը հանգեցրել են նահանգապետի պաշտոնից նրան ազատելուն։

Էլայհու Եյլի պապը՝ Թոմաս Եյլը (1590-1619), ծնունդով Լլանդեգլա բնակավայրից (Դենբիշիր, Ուելս) է եղել, ամուսնացել է Էնն Լլոյդի հետ (1591-1659), որը Չեստերի եպիսկոպոս (Չեշիր կոմսություն, Անգլիա) Ջորջ Լլոյդի դուստրն էր։ Նրանք ունեցել են երեք երեխա՝ Աննան, Դեյվիդը և Թոմասը։ 1619 թվականին Թոմաս Եյլը մահացել է Չեստերում։ Ամուսնու մահից հետո, Էնն Եյլը երկրորդ անգամ ամուսնացել է 1625 թվականին, ամուրի Թեոֆիլ Իտոնի հետ (1590-1658), որն առաջին ամուսնությունից ուներ դուստր՝ Մերին և որդի՝ Սամուելը։ Թեոֆիլի և Էննի ամուսնությունից ծնվել են ևս երեք երեխա՝ Թեոֆիլը, Հաննան և Ելիզավետան։

Թեոֆիլ Իտոնը եղել է ֆերմեր և առևտրական, հայտնի մաքրակրոններից մեկը։ Մի քանի տարի նա եղել է Կարլ I թագավորի գործակալը դատարանում, առևտուր է արել Լոնդոնում։ Իտոնը հետաքրքրված էր պուրիտանական գաղութի զարգացմամբ և Մասաչուսեթս Բայ (Massachusetts Bay) ընկերության առաջին արտոնագրատերերից մեկն էր ու նախագահը։

Իտոնը իր բազմանդամ ընտանիքով պուրիտանական խմբի հետ «Հեկտոր» նավով արտագաղթել է Նոր Անգլիա Ամերիկա։ 1637 թվականի հունիսի 26-ին նրանք ժամանել են Բոստոն։ Այս խմբի հոգևոր առաջնորդը Ջոն Դավենպորտն էր։ Ցանկանալով սեփական բնակավայր հիմնել՝ հաջորդ տարվա գարնանը Բոստոնից տեղափոխվել են հարավ։

1638 թվականի ապրիլի 14-ին նրանք նոր բնակավայր են հիմնել Լոնգ Այլենդ նեղուցի ափին և այն անվանել են Նյու Հեյվեն։

1639 թվականի հունիսի 4-ին Թեոֆիլ Իտոնը ընտրվել է Նյու Հեյվեն գաղութի առաջին նահանգապետ և ամեն տարի վերընտրվել է մինչև իր մահը՝ 1658 թվականի հունվարի 7-ը։ Նահանգապետի պաշտոնում նրա գլխավոր ձեռքբերումներից մեկը եղել է 1655 թվականին գաղութի համար գրավոր իրավական կանոնների ստեղծումը։ Դրանք ավելի ուշ հայտնի են դարձել որպես «Կոնեկտիկուտ նահանգի երկնագույն օրենքներ»։

Տատ ու պապի ժառանգներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնության տարեթիվ Ամուսնական զույգ
1647 թվականին Բոստոնում Մարիան՝ Վալենտին Հիլի հետ
1654 թվականին Սամուելը՝ Մեյբլ Հայնեսի հետ, որոնք 1655 թվականին մահացել են ծաղիկ հիվանդության համաճարակից
1631 թվականին Աննան՝ Էդվարդ Հապկինս կրտսերի հետ, հետագայում Կոնեկտիկուտ նահանգի նահանգապետ
1641 թվականին Դեյվիդը՝ Ուրսուլե Հայթիի հետ
1659 թվականին Հաննան՝ լեյտենանտ Ուլյամ Ջոնսի հետ (1624-1706)

Էլայհու Եյլի հարազատ հորեղբայրը (տատի առաջին ամուսնությունից ծնված)՝ Թոմասը, բնակություն է հաստատել Նյու Հեյվեն գաղութում։ Հորեղբայր Թեոֆիլ կրտսերը (տատի երկրորդ ամուսնությունից ծնված) բնակություն է հաստատել Դուբլինում (Իռլանդիա) և ամուսնացել Աննա Քինգի հետ։ Իսկ էլայհուի հորաքույրը (տատի երկրորդ ամուսնությունից ծնված)՝ Էլիզաբեթը, մահացել է 1637 թվականի մարտին՝ գաղութում վերաբնակվելուց առաջ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլայհու Եյլը ծնվել է 1649 թվականի ապրիլի 5-ին Բոստոնում (Մասաչուսեթս), Դեյվիդ Եյլի (1613-1690) և Ուրսուլե Նայթի (1624-1698) ընտանիքում[7]։ 1652 թվականին, երբ Էլայհուն երեք տարեկան էր, ընտանիքը վերադարձել է պատմական հայրենիք՝ Անգլիա։

Մադրասի նահանգապետ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլայհու Եյլը (կենտրոնում), Դևոնշիրի երկրորդ դուքսը և լորդ Ջեյմս Կավենդիշը
սպասարկում է շղթայակապ ստրուկ երեխան
անհայտ նկարիչ

1687 թվականի հունիսի 26-ին, երբ Էլի Եյլն ընդունել է Սենտ Ջորջ ֆորտի կառավարումը, հրապարակել է 1685 թվականի հունվարի 14-ի հրամանը, ըստ որի քաղաքում կատարվող բոլոր գնումների համար արտոնագիր էր պահանջվում։ Այդ նպատակով 1687 թվականի օգոստոսի 4-ին տեղի նահանգապետի մոտ բանակցությունների է ուղարկվել Չինա Վենկատադրին։ Առաքելությունը հաջող է ընթացել, և Վենկատադրին երեք տարի ժամկետով ինքնիշխանություն է ունեցել Սանկտ Թոմեում։ Չնայած պորտուգալացի բնակիչների մոլեգին բողոքներին՝ բրիտանացիներն ստացել են բացարձակ վերահսկողություն մինչև Սանկտ Թոմաս ձգվող բոլոր հողերի վրա՝ երեք տարի ժամկետով։

1688 թվականի սեպտեմբերին Մեծ մողոլների կայսրություն ղեկավար Աուրանգզեբը երկարատև պայքարից հետո վերցրել է Գոլկոնդա ֆորտը, որի սուլթանը գերեվարվել է, իսկ նրա պետությունը բռնակցվել է Մողոլների կայսրությանը։ Պրովինցիայի նորանշանակ սուբեդարն (զինվ․ կոչում Բրիտանական Հնդկաստանի բանակում) անմիջապես նամակով դիմել է բրիտանական իշխանություններին՝ պահանջելով ճանաչել Մեծ Մողոլների կայսրության գերագույն իշխանությունը։ Բրիտանացիները հոժարակամ համաձայնել են դրան։

Աուրանգզեբը երաշխավորել է Մադրասի անկախությունը, սակայն փոխարենը պահանջել է, որ բրիտանական զորքերը մարատհաների դեմ պատերազմի դեպքում ապահովեն իրեն զորքերով։ Մոտավորապես նույն ժամանակում մահացել և Մադրասի գերեզմանատանը թաղվել է Եյլի երեքամյա որդին՝ Դեվիդ Եյլը։

Այդ ժամանակ Մադրասում մոլեգնում էր ստրկավաճառությունը։ Երբ պահանջարկն սկսել է արագ տեմպերով աճել, բրիտանացիներն սկսել են առևանգել փոքր տարիքի երեխաներ և վաճառել[8]։ Սենտ Ջորջ ֆորտի վարչակազմը, ի վերջո, միջամտել է և օրենքներ ընդունել այդ սպառնալիքի դեմ պայքարելու համար[9]։

1688 թվականի փետրվարի 2-ին Եյլը որոշել է, որ այսուհետև ստրուկները տեղափոխվելուց առաջ պետք է քննվեն Քարավան-սարայի դատավորների կողմից։ Փոքր տարիքի երեխաների փոխադրումը արգելվել է[8]։

Եյլի նահանգապետության ժամանակ Յոսիա Չայլդը՝ Արևելահնդկական ընկերության տնօրենների խորհրդի նախագահը, կազմել է Մադրասում կորպորացիայի ստեղծման ծրագիր, որը շարադրել է 1687 թվականի սեպտեմբերի 28-ին գրած նամակում։ Երեք ամիս անց Յոսիա Չայլդը և նրա տեղակալն ընդունելության են եղել Յակոբ II-ի մոտ։ Այդ հանդիպման արդյունքում 1687 թվականի դեկտեմբերի 30–ին թագավորը հրամանագիր է ստորագրել Մադրասի կորպորացիայի ստեղծման մասին։ Հրամանագիրն ուժի մեջ է մտել 1688 թվականի սեպտեմբերի 29-ին։ Կորպորացիան կազմում էին քաղաքապետը, 12 ավագանիներ և շուրջ հարյուր քաղաքացիներ։ Նաթանիել Հիգինսոնը, որն այդ ժամանակ Սենտ Ջորջ ֆորտի խորհրդի երկրորդ անդամն էր, ստանձնել էր Մադրասի քաղաքապետի պաշտոնը։

1688 թվականի հունիսի 22-ին հայկական պատվիրականությունը Լոնդոնում հանդիպել է բրիտանական Արևելահնդկական ընկերության տնօրենների հետ և թույլտվություն է պահանջել հայ առևտրականներին Մադրասում հաստատվելու համար։ Շուտով Մադրաս են ժամանել մեծ քանակությամբ հայեր, որը նախապայման է հանդիսացել, որ այդտեղ ձևավորվի մեծ և հզոր հայկական համայնք։ Դա նշանակալի դերակատարում է ունեցել XVIII դարում Մադրասի քաղաքականության մեջ։

1689 թվականի օգոստոսին ֆրանսիական նավատորմը հայտնվել է Ցեյլոնի ափերի մոտ՝ ստիպելով, որ Պուլիկատ քաղաքի նահանգապետ Լոուրենս Փիթը պաշտպանություն գտնի Սենտ Ջորջ ֆորտի մատույցներում։

1690 թվականի ընթացքում Պոնդիչերի նահանգից եկած ֆրանսիական ռազմանավերն ավերածությունների են ենթարկել առափնյա տարածքները՝ Արևելյան Հնդկականից Բրիտանիային և Հոլանդիային դուրս մղելու նպատակով, բայց ապարդյուն։ Ի վերջո նրանք, մեծ կորուստներ կրելով, հրաժարվել են իրենց ձեռնարկումից։ Բացի այդ, նույն այդ ժամանակ բրիտանացիները մարատհներից ձեռք են բերել Տևնապատամ քաղաքը։

Կոռուպցիայի մեղադրանքներ և հրաժարական

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պլաս Գրոնո․ Եյլի առանձնատունը Հարավային Ուելսում

Որպես ֆորտի նահանգապետ՝ Եյլը Արևելահնդկական ընկերության միջոցների հաշվին ձեռք է բերել տարածքներ անձնական նպատակների համար, այդ թվում նաև Թևնապատամի ֆորտը (այժմ Կուդալոր)։ Եյլը բարձր հարկեր է սահմանել գաղութային կայազորի և քաղաքի պահպանման համար, որի հետևանքով աճել են դժգոհությունները և տեղի են ունեցել հնդիկների մի քանի ապստամբություններ։ Դրանք դաժանորեն ճնշվել են բանակի կողմից։ Եյլը ձերբակալել և կտտանքների է ենթարկել հնդիկներին, հայտնի է նաև ձի գողացած տղայի կախաղան հանելու փաստը։

Եյլին կոռուպցիայի մեղադրանքներ են ներկայացվել կառավարման վերջին տարիներին։ Հետագայում, 1692 թվականին հեռացվել է և փոխարինվել Նաթանիել Հիգինսոնի՝ Մադրասի քաղաքապետով։

1699 թվականին Եյլը վերադարձել է Լոնդոն և բնակվել Պլաս Գրոնոյում՝ Ռեքսհեմում՝ գնելով իր հոր առանձնատունը։ Ունենալով զգալի հարստություն՝ Եյլն ազատորեն այն ծախսել է Անգլիայում։

Եյլի համալսարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1718 թվականին Քոտոն Մեզերը օգնության խնդրանքով դիմել է Եյլին․ նա ներկայացրել է ոչ մեծ ուսումնական հաստատություն, որը հիմնադրվել էր 1701 թվականին՝ որպես Կոնեկտիկուտ նահանգի Հանրագիտարանային դպրոց։ Փողն անհրաժեշտ էր Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հեյվեն քաղաքում նոր շենք կառուցելու համար։ Եյլը Մեզերին ապրանքներ է ուղարկել, որի վաճառքից դպրոցը 800 ֆունտ ստեռլինգ է ստացել․ դա զգալի գումար էր XVIII դարի սկզբին։ Որպես շնորհակալություն ինստիտուտը անվանվել է Եյլի քոլեջ[7]։ Եյլի համալսարանի Սեյբրուկ քոլեջի Ռեքսհեմ աշտարակը կառուցվել է Ռեքսհեմի սուրբ Ջայլսի եկեղեցու նմանությամբ։

1999 թվականի ապրիլի 5–ին Եյլի համալսարանը նշել է Էլայհու Եյլի ծննդյան 350–ամյակը։

Էլայհու Եյլի գերեզմանը սբ․ Ջայլսի եկեղեցում, Ռեքսհեմ (Ուելս)

Էլայհու Եյլը մահացել է 1721 թվականի հուլիսի 8–ին Լոնդոնում, բայց թաղվել է Ռեքսհեմի (Ուելս) ծխական եկեղեցու գերեզմանատանը։

Նրա գերեզմանին գրված են հետևյալ տողերը․

Ծնվել է Ամերիկայում, մեծացել՝ Եվրոպայում
Աֆրիկայում ճանապարհորդել է, Ասիայում՝ ամուսնացել
Եվ երկար ապրել ու բարգավաճել։ Լոնդոնում մահացել
Արել է շատ լավ բաներ,ինչ–որ վատ բաներ, այնպես որ հույս ունենք, որ ամեն ինչ հավասարակշռվել է
Եվ որ ողորմության շնորհիվ նրա հոգին գնացել է երկինք
Դուք, ովքեր կենդանի են և կարդում են այս պատմությունը, հոգ տարեք
Պատրաստվեք ձեր անխուսափելի հեռացումին
Այնտեղ, որտեղ օրհնված հանգիստ է, արդար գործեր
Ծաղկում և բարգավաճում են լուռ փոշու մեջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #105261681X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 Kindred Britain
  5. «Elihu Yale was a Slave Trader». web.archive.org. 2019 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին. {{cite web}}: Text "Digital Histories @ Yale" ignored (օգնություն)
  6. «Elihu Yale». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին. {{cite web}}: Text "English merchant and philanthropist" ignored (օգնություն)
  7. 7,0 7,1 «Person Page». www.thepeerage.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
  8. 8,0 8,1 Furber, Holden (1940 թ․ հոկտեմբերի 1). «Elihu Yale: The American Nabob of Queen Square. By Hiram Bingham, Former United States Senator from Connecticut. (New York: Dodd, Mead and Company. 1939. Pp. xiii, 362. $3.50.)» (անգլերեն). էջեր 157–158. doi:10.1086/ahr/46.1.157. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  9. «Elihu Yale was a Slave Trader». web.archive.org. 2014 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին. {{cite web}}: Text "Digital Histories at Yale" ignored (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլայհու Եյլ» հոդվածին։