Զամզամա
Զամզամա (ուրդու՝ زمزمہ, թարգմանաբար նշանակում է «որոտ», հաճախ գրվում է՝ «Զամ-Զամահ», հայտնի է նաև «Կիմի թնդանոթ» անվանումով), խոշոր տրամաչափի թնդանոթ, որը պատրաստվել է մոտավորապես 1757 թվականին[1]` Դուրանի կայսրության ժամանակներում, ներկայիս Պակիստանի Լահոր քաղաքում, հայազգի զինագործ Շահնազար Խանի կողմից։ Թնդանոթը ներկայումս գտնվում է Լահորի թանգարանի դիմաց։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թնդանոթն ունի 4,382 մ երկարություն, նրա փողի տրամաչափը 24 սմ է։ Այն Հնդկական ենթացամաքում երբևէ պատրաստված ամենամեծ թնդանոթն է։ Պատրաստվել է Լահորում, Դուրանի կայսրության ժամանակաշրջանում, Շահ Վալի Խանի ցուցումով, ով Աֆղանստանի հիմնադիր Ահմադ-Շահ Դուրանիի իշխանությունում փոխարքա էր[2]։ Զինագործը հայազգի Շահնազար Խանն էր, ով Մեծ Մողոլների նախկին փոխարքա Մուին-ուլ-Մուլքի դարբինն էր։ Բացի «Զամզամահ» թնդանոթից, նա պատրաստել էր ևս երկու հսկա թնդանոթ, որոնք չեն պահպանվել։
Թնդանոթի փողի վրա առկա են պարսկերեն լեզվով գրություններ, որտեղ նշված են արքայի ու զինագործի անունները, իսկ թնդանոթը նկարագրվում է որպես «սարսափելի, ինչպես վիշապ և հսկա` ինչպես սար, երկնային ամրություններ փլուզող»։ Ամբողջ փողի երկայնքով արված ծաղկանախշերի հետ միասին փորագրված են նաև պարսկերեն լեզվով բանաստեղծություններ։ Տողերից մեկը վերջանում է. «Այս թնդանոթը հզոր հրե վիշապ է» արտահայտությամբ[3]։
Գործածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ թնդանոթը կռվում կիրառվել է 1761 թվականին՝ Պանիպատի ճակատամարտում։ Այդ ճակատամարտը 18-րդ դարի ամենաարյունալի ճակատամարտերից մեկն էր։ Ահմադ-Շահը կռվից հետո Քաբուլ վերադառնալիս թնդանոթը թողել է Լահորում։ Այնուհետև թնդանոթը ձեռքից ձեռք է անցել, օգտագործվել տարբեր մարտերում։ Թնդանոթին տիրելու համար բազմաթիվ եղբայրասպան մարտեր են տեղի ունեցել։ 1802 թվականին թնդանոթին տիրել է Սիկհերի պետության հիմնադիր, Փենջաբի առաջին սիկհ մահառաջա Ռանջիտ Սինգհը և այն գործածել բազմաթիվ մարտերում։ Ի վերջո, արդեն 19-րդ դարի 20-ական թվականներին (Մուլտանի պաշարման ժամանակ), թնդանոթը խիստ վնասվել է ու դարձել ոչ պիտանի[4]։
Հետագան
[խմբագրել | խմբագրել կոդը]1870 թվականին Էդինբուրգի հերցոգի Լահոր կատարած այցելության պատրվակով, թնդանոթը տարվել է Լահորի թանգարանի մուտքի մոտ։ Այն վերանորոգվել է 1977 թվականին։ Պատրաստվել է նաև թնդանոթի կրկնօրինակը, որը գտնվում է Հնդկաստանի Ամրիթսար քաղաքի Գոբինդգարհ ամրոցում։
Իր «Կիմ» վեպում (1901 թ.), թնդանոթի մասին այսպես է արտահայտվել Ռեդյարդ Կիպլինգը. «Ով կտիրի Զամզամահին` այդ հրաշունչ վիշապին, նա կտիրի Փենջաբին, քանզի կանաչած բրոնզե այս հսկա զենքը մշտապես ծառայում է որպես նվաճողների առաջին ավար»։
Հայազգի զինագործը՝ Շահնազար Խանը հետագայում մեկնել է Ագրա, որտեղ մահացել ու թաղվել է Ագրայի քրիստոնեական գերեզմանոցում։ Նրա շիրմաքարի արձանագրությունը մոտավորապես այսպես է վկայում նրա մասին. «Սա ուստադ (վարպետ) Շահ Նազար Խանի գերեզմանն է, ով որդին էր Ալլավերդիի` Ղայղուլիից (այժմ Շիրակի մարզի Ղազանչի գյուղն է)։ Նա մասնագետ էր թնդանոթներ ձուլելու արվեստում...»։
Շահնազար Խանը մահացել է 1784 թվականի ապրիլի 25-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Peter Hopkirk, Quest for Kim (Kindle Locations 577-579). Hachette Littlehampton. Kindle Edition.
- ↑ New Frontiers of Metallurgy in Archaeology of Punjab Pakistan By Dr Parvaiz Habibullah Educational Press. Pakistan Chowk, Karachi Արխիվացված 27 Սեպտեմբեր 2007 Wayback Machine
- ↑ «Lahore's fire-breathing dragon». 2014 թ․ հունվարի 30.
- ↑ The legendary Zamzama By Subhash Parihar