Սիկհեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիկհեր
Ընդհանուր քանակ

20 միլիոնից ավելի

Բնակեցում
Հնդկաստան Հնդկաստան 19,215,730[1]
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա 389,000[2]
Ֆիջի Ֆիջի 4,674[3]
Լեզու(ներ)
Փունջաբի
Հավատք(ներ)
Սիկհիզմ


Սիկհեր (եզակի՝ սիկհ, սան.՝ शिष्य - աշակերտ), Հնդկաստանում ապրող ժողովուրդ, սիկհիզմի հետևորդները։ Փունջաբցիներից հետո թվաքանակով երկրորդն են։ Սիկհեր նաև ապրում են հարավարևելյան Ասիայում, Աֆրիկայում, Ֆիջի կղզում, Մեծ Բրիտանիայում: Խոսում են Հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող Փունջաբի լեզվով։ Սիկհերի կրոնը սիկհիզմն է, որը ծագել է հինդուիզմի և իսլամի միջավայրում։

17-18-րդ դարերում սիկհերը երկարատև պայքար են մղել Մեծ Մողոլների դինաստիայի դեմ և Փունջաբում կարողացել են ստեղծել իրենց պետությունը (1765-1849 թվականներ)։ Հենց այնտեղ էլ առաջացել է սիկհիզմը՝ որպես բողոք հինդուիզմի կաստայական համակարգի և Մեծ Մողոլների մուսուլմանական դինաստիայի քաղաքական գերիշխանության դեմ։ Սիկհիզմի հիմնադիրը համարվում է Գուրու Նանակը։ Սիկհիզմի ուսմունքը փոխանցվել է 10 գուրուներից (հոգևոր ուսուցիչներ)։ Գուրուն սիկհիզմի կրոնական համայնքի հոգևոր առաջնորդի տիտղոսն է։ Սիկհերի սրբազան քաղաքը Ամրիթսարն է, որը վերածվել է նրանց հոգևոր կենտրոնի։

1849 թվականին անգլիացիների դեմ կռվում, սիկհերը պարտվեցին, որից հետո Փունջաբը միացվեց Բրիտանական Հնդկաստանին[4]: 1947 թվականին Բրիտանական Հնդկաստանը բաժանվեց Պակիստանի և Հնդկաստանի միջև։ Մուսուլմանների և սիկհերի միջև առաջացած արյունահեղ կոնֆլիկտների պատճառով բոլոր սիկհերը բնակություն հաստատեցին Հնդկաստանում։ 1966 թվականին Փունջաբ նահանգի տարածքը կրճատվեց ի հաշիվ նորաստեղծ Հարյանա նահանգի։ 1970-ական թվականներին սիկհերի և հինդուսների միջև առաջացան հակասություններ։ Սիկհերը ցանկանում էին ստեղծել Խալիստան պետությունը։ 1980-ական թվականներին Ամրիթսարում գտնվող Ոսկե տաճարը սիկհերի կողմից վերածվեց ամրոցի: 1984 թվականի հունիսին հնդկական բանակը գրոհով վերցրեց տաճարը, որի արդյունքում զոհվեցին հարյուրավոր սիկհեր։ Նույն թվականի հոկտեմբերին, սիկհերից կազմված իր թիկնապահների կողմից սպանվեց Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդին: Դրա հետևանքը եղավ սիկհերի կոտորածը, որը խլեց հազարավոր մարդկանց կյանք։

Սիկհերի մեծամասնությունը մտնում են ջաթերի կաստայի մեջ, որը Փունջաբի խոշորագույն գյուղական կաստան է։ Շատ սիկհեր զբաղվում են գյուղատնտեսությամբ և բավականին հաջողակ ֆերմերներ են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Census of India
  2. UK Labour force survey replies by religion July to September 2008
  3. UN figures for Fiji 1986
  4. Котовский Г. Индия // Энциклопедия для детей. Т. 13. Страны. Народы. Цивиллизации / Глав. ред. М. Д. Аксёнова. — М.: Аванта+, 2001. — С. 369—371։ Котовский Г. Индия // Энциклопедия для детей. Т. 13. Страны. Народы. Цивиллизации / Глав. ред. М. Д. Аксёнова. — М.: Аванта+, 2001. — С. 369—371