Jump to content

Երիտասարդների հզորացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալալա Յուսուֆզայ, կանանց կրթության ջատագով և Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը:

Երիտասարդների հզորացում, գործընթաց, որի ընթացքում երեխաներին և երիտասարդներին խրախուսում են պատասխանատվություն ստանձնել

իրենց կյանքի համար։ Նրանք նախ գիտակցում են իրենց առջև ծառացած խնդիրները, այնուհետև քայլեր են ձեռնարկում բարելավելու իրենց կարողությունները։ Բացի այդ, նրանք աշխատում են փոխել իրենց մտածելակերպը և գիտակցությունը՝ վերափոխելով իրենց համոզմունքները, արժեքները և վերաբերմունքը[1]։ Այս գործընթացը օգնում է նրանց ավելի լավ վերահսկել իրենց կյանքը և կատարել դրական փոփոխություններ։ Երիտասարդների հզորացումն ուղղված է բարելավելու կյանքի որակը։ Երիտասարդների հզորացումն իրականացվում է երիտասարդական ծրագրերին մասնակցության միջոցով։ Սակայն, գիտնականները կարծում են, որ երեխաներին պարզապես իրենց իրավունքների և դրանց հետ կապված ընթացակարգերի մասին սովորեցնելը բավարար չէ[2]։ Նրանք պնդում են, որ երեխաների համար կարևոր է իրականում զգալ այդ իրավունքնեն իրենց առօրյա կյանքում։ Կան բազմաթիվ մոդելներ, որոնք օգտագործվում են երիտասարդների հզորացման ծրագրերի կողմից՝ նպաստելու երիտասարդների հզորացմանը։ Երիտասարդների հզորացման տարբեր նախաձեռնություններ են իրականացվում ամբողջ աշխարհում։ Այս ծրագրերը կարող են իրականացվել հասարակական կազմակերպությունների, պետական հաստատությունների, դպրոցների կամ մասնավոր կազմակերպությունների միջոցով։

Երիտասարդների հզորացումը տարբերվում է երիտասարդության զարգացումից. մինչդեռ զարգացումը կենտրոնանում է անհատների հզորացման վրա, հզորացումը նպատակ ունի խթանել համայնքային փոփոխությունները, որոնք կախված են անհատական ​​կարողությունների հզորացումից[3]։

Հզորացման շարժումները, այդ թվում՝ երիտասարդների հզորացումը, սկիզբ են առնում, թափ են հավաքում, դառնում են իրագործելի և  ինտեգրվում հասարակության կայացած ինստիտուտներին[1]։ Երիտասարդների հզորացումը հաճախ դիտարկվում է որպես միջսերնդային հավասարության, քաղաքացիական ներգրավվածության և ժողովրդավարության կառուցման ուղի։ Հզորացմանն ուղղված գործողությունները կարող են կենտրոնանալ երիտասարդների վրա հիմնված լրատվամիջոցների, երիտասարդների շահերի պաշտպանության, երիտասարդական խորհուրդների, երիտասարդական ակտիվիզմի, համայնքային որոշումների կայացման մեջ երիտասարդների ներգրավվածության և այլ մեթոդների վրա[4]։

Հզորացման տարրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հզորացման տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հզորացման տեսությունը շեշտը դնում է այն գործընթացների վրա, որոնք ապահովում են մասնակցությունը, համատեղ որոշումների կայացման միջոցով ուժեղացնում վերահսկողությունը, ստեղծում են սովորելու, իրենց կարողությունները կիրառելու և կատարելագործելու  հնարավորություններ[5][6]։ Հզորացման տեսությունը ենթադրում է, որ երիտասարդների ներգրավումը հասարակության համար շահավետ, իմաստալից գործունեության մեջ, որը վերահսկվում է հենց երիտասարդների կողմից, զգալիորեն նպաստում է նրանց զարգացմանը։ Նման միջոցառումներին մասնակցելով՝ երիտասարդները ձեռք են բերում էական հմտություններ, հասկանում են իրենց դերերի և պարտականությունների կարևորությունը ու վստահություն են ձևավորում իրենց կարողությունների նկատմամբ։ Այս հատկությունները հիմնարար նշանակություն ունեն արդյունավետ և առողջ չափահաս դառնալու համար[7]։

Հզորացման տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդների հզորացումն ուսումնասիրում է վեց փոխկապակցված հարթություններ՝ հոգեբանական, համայնքային, կազմակերպչական, տնտեսական, սոցիալական և մշակութային[1][8]։ Հոգեբանական հզորացումն ուժեղացնում է անհատի գիտակցությունը, վստահությունն իր կարողությունների նկատմամբ, իր կյանքի որակի վրա ազդող մարտահրավերներին դիմակայելու կարողությունը, ինչպես նաև օգնում է  ավելի իրազեկ դառնալ իր կյանքում հանդիպող խնդիրների մասին և գիտելիքներ ձեռք բերել այդ խնդիրների արդյունավետ լուծման ուղիների մասին[1]։ Այս հարթությունը ձգտում է խթանել ինքնավստահությունը և երիտասարդներին զինել գիտելիքներ ձեռք բերելու կարողություններով[8]։ Համայնքային հզորացումը կենտրոնանում է համայնքի հզորացման վրա՝ առաջնորդության զարգացման, հաղորդակցության բարելավման, և միմյանց աջակցելու միջոցով՝ խնդիրների լուծման համար մոբիլիզացնելով համայնքը[1]։ Կազմակերպչական հզորացումը նպատակ ունի համայնքի համար ստեղծել ռեսուրսների բազա, որտեղ ներառված են կամավոր կազմակերպությունները, միությունները և ասոցիացիաները, որոնք նպատակ ունեն հովանավորել, օժանդակել և պաշտպանել անզորներին[1]։ Տնտեսական հզորացումը սովորեցնում է ձեռնարկատիրական հմտություններ, ինչպես արդյունավետ կառավարել և օգտագործել իրենց ակտիվներն ու ինչպես ապահովել կայուն եկամուտ[8]։ Սոցիալական հզորացումը երիտասարդներին սովորեցնում է սոցիալական ներգրավման և գրագիտության մասին, ինչպես նաև օգնում է նրանց գտնել անհրաժեշտ ռեսուրսներ՝ իրենց համայնքներում ակտիվ դերեր ստանձնելու համար[8]։ Մշակութային հզորացումը նպատակ ունի վերակենդանացնել մշակութային սովորությունները և վերասահմանել երիտասարդների համար մշակութային կանոններն ու նորմերը[8]։ Հզորացման այս հարթությունների շնորհիվ ծրագրերը կարող են օգնել երիտասարդներին հզորանալ իրենց կյանքի տարբեր ոլորտներում։

Հզորացման նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդների հզորացման ծրագրերը նպատակ ունեն բարելավել անապահով կամ ռիսկային խմբի երիտասարդների առողջությունն ու կյանքի որակը[1]։ Առողջ երիտասարդի հինգ հիմնական հատկանիշներն են՝ (1) դրական ինքնագնահատական, (2) ինքնատիրապետում, (3) որոշումներ կայացնելու հմտություններ, (4) բարոյական համոզմունքների համակարգ և (5) առողջ հարաբերություններ սոցիումի հետ։ Երիտասարդների աճն ու զարգացումը խթանող ծրագրերը պետք է հիմնված լինեն այս կարևոր իրավասությունների վրա, քանի որ դրանք ապահովում են երիտասարդների ընդհանուր բարեկեցությունն ու հաջողությունը[1]։

Չափելի հզորացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին երկու տասնամյակների ընթացքում կյանքի որակը (QOL) դարձել է հզորացման ծրագրերի հաջողության գնահատման համար կարևոր չափման միավոր[1]։ Այն օգտագործվում է որպես ծրագրերի նպատակ, ինչպես նաև՝ արդյունավետության ցուցիչ։ Այնուամենայնիվ, կյանքի որակի համար մեկ միասնական սահմանում չկա։ Մարդու կյանքի որակը կախված է տվյալ անհատի կյանքի առանձին ասպեկտների սուբյեկտիվ գնահատումից[1]։

Դրական զարգացման պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդների հզորացման ծրագրերը լավ են գործում այն ​​միջավայրերում, որոնք նպաստում են դրական աճին և զարգացմանը։

Դրական զարգացմանը նպաստող միջավայրերը կարևոր դեր են խաղում երիտասարդների կյանքի տարբեր ասպեկտների բարելավման գործում, օրինակ՝ խրախուսում են  սովորել և զարգացնել հմտությունները կյանքի տարբեր ոլորտներում, խթանում են ինքնավստահությունը և օգնում են ստեղծել բովանդակալից կապեր սոցիումի անդամների հետ[9]։ Երիտասարդների դրական զարգացմանը նպաստող երկու կարևոր ասպեկտներն են՝ աջակցող հարաբերությունները և հնարավորությունների ու ռեսուրսների տրամադրումը, որոնք օգնում են երիտասարդներին զգալ արդյունավետ, ընդունակ և գնահատված իրենց միջավայրում։ Աջակցող հարաբերությունները երիտասարդների ու ընտանիքի անդամ չհանդիսացող մեծահասակների շփումն է, որը հիմնված է վստահության և հարգանքի վրա։ Որպեսզի երիտասարդներն իրենց միջավայրում իրենց արդյունավետ, ընդունակ և գնահատված զգան, պետք է ակտիվ դերակատարում ունենան իրենց համայնքներում դրական փոփոխություններ կատարելու գործում, պետք է ներգրավվեն քննարկումների և որոշումների մեջ, որոնք ազդում են իրենց և իրենց համայնքների վրա, ինչպես նաև համայնքի մեծահասակները պետք է ընդունեն ու գնահատեն երիտասարդների տեսակետներն ու կարծիքները, լրջորեն և հարգանքով վերաբերվեն նրանց գաղափարներին[9]։

Երիտասարդների հզորացման ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհում կան տարբեր տեսակի բազմաթիվ հզորացման ծրագրեր, որոնք երիտասարդներին հզորացնելու համար օգտագործում են տարբեր մարտավարություններ և մոտեցումներ։ Ծրագրերը կարող են իրականացվել տարբեր միջավայրերում։ Ծրագրերի մեծ մասն իրականացվում է մի քանի համատեքստերում, ինչը կարող է զգալիորեն նպաստել դրանց արդյունավետությանը[10]։ Երիտասարդների հզորացման ծրագրերը դրական ազդեցություն են ունենում մասնակիցների վրա։ Մասնավորապես՝ երիտասարդները զարգացնում են արդյունավետ հաղորդակցվելու ավելի լավ կարողություններ, դրական փոփոխություններ են գրանցվում նրանց վարքագծում, բարելավվում է նրանց ակադեմիական կատարողականը, բարձրանում ինքնագնահատականը և հավատն իրենց ուժերի նկատմամբ[11]։

Անկախ նրանից, թե հզորացման ջանքերն ունեն կոնկրետ նպատակներ, թե հետևում են որոշակի մեթոդների՝ դրանց արդյունքներից են կանանց բարեկեցության, վստահության և հաջողության հասնելու կարողության խթանումը, ինչպես նաև սոցիալական կարգավիճակի բարձրացումը՝ տեխնիկական և կազմակերպչական հմտությունների ուսուցման միջոցով[8]։

Երիտասարդների հզորացման մի խումբ այլ ծրագրեր կենտրոնացած են աղքատության հաղթահարման ուղղությամբ։ Աղքատության մեջ ապրողների կենսամակարդակը նվազում է՝ հանգեցնելով սննդի, ռեսուրսների և կրթության հետ կապված զրկանքների[12]։ Այն ծրագրերը, որոնք նպատակ ունեն հզորացնել տնտեսապես անապահով երիտասարդներին, կենտրոնանում են կա՛մ նրանց ներկայիս կենսամիջոցները պաշտպանելու, կա՛մ դրանք բարելավելու վրա[12]։

Բացի այդ, կան հզորացման շարժումներ, որոնք կիրառում են սոցիալական գործողությունների մոդելը՝ նպատակ ունենալով հզորացնել, կազմակերպել և կրթել անապահով անհատներին, որպեսզի նրանք կարողանան փոփոխություններ կատարել իրենց համայնքներում[1]։ Այս ծրագրերը խրախուսում են դրական և լուծումներին միտված քննարկումները, որոնք ուղղված են անապահով մարդկանց սոցիալական ազդեցության մեծացմանը։ Մեկ այլ մոտեցում 5 C-երի մոդելն է, որն ընդգծում է կոմպետենտության, վստահության, կապերի, բնավորության և հոգատարության կարևորությունը (անգլերեն՝ competence, confidence, connection, character, caring)[13]: Հետագայում ավելացվեց վեցերորդ C-ն, որը հասարակության կյանքում ներդրում ունենալն է (անգլերեն՝ contribution to society)[13]: Այս մոդելը շեշտում է ներգրավվածությունը՝ որպես երիտասարդության դրական զարգացման կարևոր ցուցիչ՝ ընդգծելով նրանց նախաձեռնությունները խրախուսելու կարևորությունը։ Երիտասարդների և մեծահասակների համագործակցությունը հզորացման մեկ այլ մեթոդ է, որն օգտագործվում է ամբողջ աշխարհում։ Այս մեթոդը սահմանվել է որպես զարգացման գործընթաց և համայնքային գործունեություն։ Գործընկերությունը ենթադրում է տարբեր տարիքի անհատներ, որոնք երկար ժամանակ միասին աշխատում են համայնքային խնդիրների շուրջ[9]։ Մոտեցումը կարևորում է մեծահասակների և երիտասարդների միջև փոխադարձ հարգանքն ու համագործակցությունը՝ շեշտը դնելով  համատեղ որոշումների կայացման և փոխադարձ ուսուցման վրա։ Երիտասարդներին հզորացնելու համար հիմնարար է որոշումների կայացման գործընթացում նրանց ներգրավվումը։ Դա նրանց քաջություն է տալիս լավ գործեր անել։

Երիտասարդների հզորացումը կարող է օգնել նաև կանխել նրանց շրջանում բռնության դեպքերը, ինչպես նաև նվազեցնել դրանց թիվը[7][14]։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ երիտասարդների հզորացման այս ծրագրերը կարող են բարելավել հակամարտություններից խուսափելու և դրանք կարգավորելու հմտությունները, խթանել խմբերում առաջնորդելու կարողությունները և հավատը՝ քաղաքացիական ու քաղաքական գործունեությանն արդյունավետ մասնակցելու իրենց կարողության նկատմամբ[14], ինչպես նաև կարող են օգնել ավելի շատ կապված զգալ իրենց մշակութային կամ էթնիկ ծագմանը և նվազեցնել ռասայական հիմքով ընդհարումները[15]։

Երիտասարդների հզորացման ծրագրերի օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ աշխարհում գոյություն ունեն հզորացման տարբեր ծրագրեր, որոնք կենտրոնացած են տարբեր խնդիրների վրա, և ստորև ներկայացվողը համապարփակ ցուցակ չէ։ Երիտասարդների հզորացման անհաջող ծրագրերը մանրակրկիտ չեն փաստաթղթավորվել կամ չեն հրապարակվել[1]։

Հնդկաստանում Երիտասարդների հզորացման հիմնադրամը, որը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, կենտրոնացած է անապահով երիտասարդներին աջակցելու վրա՝ նրանց կարիերայի համար ամուր հիմքեր ստեղծելու, ինչպես նաև անհատական հմտությունները զարգացնելու համար տրամադրելով բազային կրթություն ՝ գիտակցելով, որ երիտասարդությունը երկրի ապագան է։

Նամիբիայում հայտնի ծրագրերից մեկը «Հույսի կաթսաներ» հզորացման ծրագիրն է։ Ծրագրի հիմնական նպատակն է նվազեցնել ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի նկատմամբ երիտասարդության խոցելիությունը՝ կրթության, տեղեկատվության, իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև կայուն եկամուտների ապահովմանն ուղղված նախագծերի միջոցով[16]։ «Հույսի կաթսաներ» ծրագիրն աշխատում է՝ կրթելով և խորհրդատվություն տրամադրելով նրանց, ովքեր ապրում են գյուղական համայնքներում և հասանելիություն չունեն նման ռեսուրսներին[16]։ Այս ծրագիրը կենտրոնացած է համայնքի ներսում կազմակերպչական կարողությունների հզորացման վրա։

Միացյալ Նահանգներում կան երիտասարդների հզորացման բազմաթիվ  ծրագրեր։ «Urban 4-H»-ը ծավալում է համայնքային գործունեություն, որն

Երիտասարդները մասնակցում են «4-H»-ի ծրագրերին. երիտասարդների հզորացման կազմակերպություն, որը հիմնականում գործում է Միացյալ Նահանգներում:

ուղղված է մշակութային տարբեր ծագում ունեցող համայնքի անդամների կարիքները բավարարելուն։ Ծրագիրը երիտասարդության հզորացման գործում ներգրավում է ընտանիքներին, երիտասարդներին և համայնքին[17]։ «Urban 4-H»-ը ուշադրություն է դարձնում հզորացման և՛ տնտեսական, և՛ սոցիալական ասպեկտներին։ Ծրագիրն օգնում է երիտասարդներին հմտություններ ձեռք բերել՝ տնտեսական և սոցիալական մարտահրավերները հաղթահարելու համար՝ ընդգծելով ինքնուրույն ուսուցման նշանակությունը նրանց աճի համար։ «Urban 4-H»-ը նպատակ ունի հզորացնել երիտասարդներին՝ ուսուցանելով նրանց քննադատական ​​մտածողության հմտություններ, խթանելով միջմշակութային հաղորդակցությունը և զարգացնելով նրանց առաջնորդական կարողությունները[17]։

Հնդկաստանում երիտասարդները ղեկավարում են երիտասարդների հզորացմանն ուղղված այլ կազմակերպություններ ևս։ «Երիտասարդ Հնդկաստան» հիմնադրամը Հնդկաստանում երիտասարդների հզորացման առաջամարտիկն է եղել, որը երիտասարդներին ուղղակիորեն ներգրավում է ընտրությունների հետ կապված գործընթացների մեջ[18]։

Միավորված ազգերի կազմակերպությունն ունի զարգացման բազմաթիվ ծրագրեր, որոնցից մեկը երիտասարդների հզորացման ծրագրերն են։ Միավորված ազգերի կազմակերպությունն աջակցում է հինգ տարածաշրջաններում հզորացման ազգային քաղաքականության մշակմանը[19]։ Կազմակերպությունը նպաստում է երիտասարդների հզորացմանը՝ առաջարկելով հետազոտությունների և ապացույցների վրա հիմնված խորհրդատվություն և օգնություն։ Բացի այդ, նրանք խրախուսում և խթանում են երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը հասարակության տարբեր ասպեկտներում։ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) ակտիվորեն պաշտպանում է երիտասարդների ներառական ներգրավվածությունը կառավարման տարբեր ասպեկտներում՝ նպատակ ունենալով ապահովել նրանց բովանդակալից մասնակցությունը ժողովրդավարական գործընթացներին։ Բացի այդ, այն աջակցում է երիտասարդության տնտեսապես հզորացմանն ուղղված նախաձեռնություններին, փորձում է բարձրացնել նրանց դերը համայնքի կողմից մարտահրավերներին և ճգնաժամերին դիմակայելու ջանքերում ու ակտիվորեն ներառում է նրանց հետագա զարգացման օրակարգերի վերաբերյալ քննարկումներում և խորհրդակցություններում[19]։ Միավորված ազգերի կազմակերպության երիտասարդության հզորացման ծրագրերը ձգտում են բարելավել երիտասարդության հզորացման չորս չափորոշիչներից յուրաքանչյուրը։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ՄԶԳ) երիտասարդության հզորացման ծրագրեր է նախաձեռնել ամբողջ աշխարհում, որոնք ուղղված են քաղաքացիական ներգրավմանը և երիտասարդներին տրամադրում են միջոցներ՝ իրենց անհրաժեշտ ռեսուրսները ձեռք բերելու և օգտվելու կրթության և աշխատանքի հնարավորություններից՝ դրանով իսկ աջակցելով նրանց ընդհանուր զարգացմանն ու բարեկեցությանը[20]։

Կառավարության ներգրավվածությունը հզորացման գործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդների հզորացումը հաճախ դիտարկվում է որպես միջսերնդային հավասարության, քաղաքացիական ներգրավվածության և ժողովրդավարության խթանման ուղի։ Տեղական, նահանգային, մարզային, տարածաշրջանային, ազգային և միջազգային կառավարական հաստատությունները, և ոչ առևտրային համայնքային կազմակերպությունները նախաձեռնում են ծրագրեր, որոնք կենտրոնացած են երիտասարդության հզորացման վրա[21]։ Այդ ծրագրերից են երիտասարդների կողմից ղեկավարվող լրատվամիջոցները, երիտասարդների իրավունքների պաշտպանությունը, երիտասարդական խորհուրդների ստեղծումը, երիտասարդների ներգրավվածությունն ակտիվիստական գործողություններին, համայնքային որոշումների կայացման գործընթացներին մասնակցությունը և այլն[4]։

Միացյալ Նահանգների բոլոր խոշոր կուսակցությունները՝ ներառյալ Հանրապետական, Դեմոկրատական և Կանաչների կուսակցությունները, ինչպես նաև եվրոպական, աֆրիկյան, հարավամերիկյան (Պերու) և ավստրալական մի քանի խոշոր կուսակցությունները հանդես են եկել երիտասարդության հզորացմանն աջակցելու հայտարարություններով։ Երիտասարդների հզորացումը նաև ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոնվենցիայի կենտրոնական դրույթն է, որը ստորագրել են աշխարհի բոլոր երկրները (բացառությամբ ԱՄՆ-ի և Հարավային Սուդանի

Եվրամիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Եվրոպական միության ինստիտուտների՝ 15-ից 29 տարեկան անձինք պատկանում են «երիտասարդություն» կատեգորիային[22]։

Անցած հարյուրամյակի ընթացքում ԵՄ-ում մշակութային բազմաթիվ շարժումներ են ի հայտ եկել, որոնք ուղղված են երիտասարդության հզորացմանը[23]։ Վերջին շրջանի ուշագրավ շարժումներից են «Ուրբաթները հանուն ապագայի», «Ապստամբություն բնաջնջման դեմ» և 2009 թվականի ուսանողական բողոքի ցույցերն Ավստրիայում։ Երիտասարդներին հզորացնելու այլ եղանակների հետ մեկտեղ գոյություն ունի պատմական կապ Եվրամիության և մշակութային շարժումների միջև, ինչպիսին է փանք ենթամշակույթը։

ԵՄ-ում երիտասարդության հզորացման հիմքը դրվել է Եվրոպական միության գործունեության մասին պայմանագրի (TFEU) 165-րդ և 166-րդ հոդվածներում[24]։ Պայմանագրում ամրագրված երիտասարդների հզորացման նպատակներն ուղղված են երիտասարդների և սոցիալ-կրթական մենթորների (երիտասարդական աշխատողների) միջև փոխանակումների խրախուսմանը, ինչպես նաև Եվրոպայի ժողովրդավարական կյանքում երիտասարդների մասնակցության ակտիվացմանը։

Երիտասարդներին ներգրավելու և հզորացնելու առաջնային պատասխանատվությունը դրված է Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդարանի վրա։ Այս հաստատությունները տարբեր նախաձեռնություններ և նախագծեր են մշակում այդ նպատակներին հասնելու համար, որոնց թվում են՝ Էրազմուս ծրագիրը, «Youth Guarantee»-ն, Եվրոպական համերաշխության կորպուսը, Եվրոպական երիտասարդության շաբաթը, Եվրոպական երիտասարդական միջոցառումը, Երիտասարդական համաժողովը և Կառուցվածքային երկխոսությունը։

Եվրոպայի խորհուրդը ևս ունի երիտասարդների հզորացման մեխանիզմներ, ինչպիսիք են Երիտասարդության հարցերով խորհրդատվական խորհուրդը և Եվրոպայի երիտասարդական կենտրոնների ցանցը։

ԵՄ կառույցներն իրականացնում են երիտասարդների հզորացման ծրագրեր՝ սերտ համագործակցելով միջազգային ՀԿ-ների հետ, ինչպիսիք են Եվրոպական երիտասարդական ֆորումը և Ազգային երիտասարդական խորհուրդները։

Միացյալ Նահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդների հզորացումը տեղի է ունենում տարբեր միջավայրերում, այդ թվում՝ տներում, դպրոցներում, երիտասարդական կազմակերպություններում, կառավարության կողմից քաղաքականությունների մշակման և համայնքներում կոնկրետ խնդիրների շուրջ մարդկանց մոբիլիզացնելու շրջանակներում։ Երիտասարդների հզորացումը տարածվում է համայնքի որոշումների կայացման, կազմակերպչական պլանավորման և հասարակության ներսում կրթական բարեփոխումների վրա։ Այն կարևորում է երիտասարդների ներգրավվածությունը տեղական կառավարման, կազմակերպչական ռազմավարությունների և կրթական բարելավման գործում՝ ընդգծելով նրանց ակտիվ մասնակցության կարևորությունը հասարակական տարբեր ոլորտներում որոշումների կայացման գործընթացներին։

Երիտասարդների հզորացմանն ուղղված կրթական նախաձեռնությունները ներառում են ուսանողակենտրոն ուսուցումը, հանրակրթությունը և համայնքին ծառայելու ուսուցումը։ Անվճար դպրոցներն ու երիտասարդների կողմից ղեկավարվող մեդիա կազմակերպությունները հաճախ հայտարարում են երիտասարդներին հզորացնելու իրենց հանձնառության մասին՝ աջակցելով այնպիսի նախաձեռնություններին, ինչպիսիք են երիտասարդության ձայնը լսելի դարձնելը, համայնքի երիտասարդների զարգացմանը նպաստելը և երիտասարդների շրջանում առաջնորդության կարողություններ ձևավորելուն միտված ծրագրերը խթանելը։ Երիտասարդների հզորացումն ուսումնասիրվում է մի շարք գիտնականների կողմից, ինչպիսիք են՝ Շոն Ջինրայթը, Հենրի Ժիրուն, Բարրի Չեքոուեյը և Մայք Մեյլսը։ Նրանց հետազոտությունները ուշադրության են արժանանում և աջակցություն ստանում հայտնի ակտիվիստների կողմից, այդ թվում՝ Ուիլյամ Ափսքի Ուիմսաթի, Ալեքս Քորոքնի-Պալիչի, Սալոմե Չասնոֆի և Ադամ Ֆլեթչերի։ Միացյալ Նահանգներում նշանակալի նախաձեռնություն է «Youth Empowerment Initiative»-ը, որին աջակցում է Օբամա հիմնադրամի երիտասարդական խումբը։

Իռլանդիայի Հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Իռլանդիայի Հանրապետության տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններում, որպես Երեխաների ազգային ռազմավարության բաղադրիչ, ստեղծվեցին Երիտասարդական խորհուրդներ (իռլանդերեն՝ Comhairle na nÓg): Այս խորհուրդներին կոչ է արվում իրենց ծրագրերում ներգրավել սոցիալ-տնտեսական տարբեր կարգավիճակ, մշակութային ծագում, աշխարհագրական դիրք, կրթական մակարդակ և կյանքի փորձ ունեցող երիտասարդների և կենտրոնանալ տեղական խնդիրները լուծելու վրա, որոնք անմիջականորեն ազդում են երիտասարդության վրա։ Երիտասարդական խորհուրդները կառավարվում են Երեխաների և երիտասարդության հարցերով նախարարության շրջանային կամ քաղաքային խորհուրդների կողմից։ Դրանք Իռլանդիայի կառավարության կողմից ճանաչված քաղաքական կազմակերպություններ են։ Երիտասարդական խորհուրդների ղեկավար մարմինը Երիտասարդական խորհուրդների ազգային գործադիր կոմիտեն է (Comhairle na nÓg National Executive): Ազգային գործադիր կոմիտեն ներառում է մեկական անդամ  յուրաքանչյուր Երիտասարդական խորհրդից և անդրադառնում է երիտասարդների համար կարևոր հարցերի։ Այս հարցերն առաջադրվում են հենց երիտասարդների կողմից երկու տարին մեկ կայացող ամենամյա համընդհանուր ժողովում։ Ազգային գործադիր կոմիտեն կարող է իր տեսակետը հայտնել տարբեր մեթոդներով, այդ թվում՝ ուսումնասիրությունների հիման վրա կազմված զեկույցների տեսքով,  գովազդային արշավների, կոնֆերանսների, սեմինարների միջոցով կամ էլ այդ տեսակետներն ուղիղ ներկայացնելով քաղաքականություն մշակողներին։

Ազգերի համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգերի համագործակցության անդամ բոլոր 53 երկրներն էլ ստորագրել են Համագործակցության՝ Երիտասարդների հզորացման գործողությունների ծրագիրը ։ Գործողությունների ծրագիրն ընկած է Համագործակցության երիտասարդական ծրագրի գործունեության հիմքում։ Ըստ Համագործակցության սահմանման՝ «երիտասարդները հզորանում են, երբ գիտակցում են, որ ունեն կյանքում ընտրություն, հասկանում են այդ ընտրության պոտենցիալ ազդեցությունը, ազատորեն կայացնում են իրազեկ որոշումներ, գործում այդ որոշումների հիման վրա և պատասխանատվություն են կրում այդ որոշումների հետևանքների համար։ Երիտասարդների հզորացումը ներառում է այնպիսի պայմանների ստեղծում և խրախուսում, որոնք նրանց հնարավորություն կտան ինքնուրույն և իրենց նախասիրություններին համապատասխան քայլեր ձեռնարկել, այլ ոչ թե ուղղորդվել ուրիշների կողմից։

Երիտասարդների հզորացման գործողությունների ծրագիրը մշակվել է Համագործակցության քարտուղարության կողմից՝ սերտորեն աշխատելով երիտասարդության նախարարների և հենց երիտասարդների հետ։ Այն երաշխավորում է, որ երիտասարդության հետ կապված խնդիրները մնան կառավարությունների ուշադրության կենտրոնում և նախանշում տասներեք քայլեր, որոնք կառավարությունները պետք է իրականացնեն երիտասարդության հզորացմանն ու զարգացմանն աջակցելու համար։ Դրանցից առաջինն է. «մշակել և իրականացնել երիտասարդների տնտեսական հզորացմանը նպաստող միջոցառումներ»։ Սա ներառում է մի շարք ռազմավարություններ, ինչպիսիք են միկրովարկերի տրամադրումը, ձեռնարկատիրական կրթությունը և մակրոտնտեսական պլանավորման ու առևտրային քաղաքականության վերանայումը երիտասարդների վրա դրանց ազդեցությունը գնահատելու համար։ Մյուս քայլերը վերաբերում են գենդերային հավասարությանը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին, կրթությանը, շրջակա միջավայրին, որոշումների կայացմանը երիտասարդների մասնակցությանը, ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին։

Հզորացման առավելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդները տարբեր առավելություններ են ստանում՝ մասնակցելով հզորացման ծրագրերին։ Երբ կազմակերպությունները և համայնքները հետևողականորեն ներգրավում և հզորացնում են երիտասարդներին, այդ պրակտիկան դառնում է այդ կազմակերպությունների և համայնքների մշակույթի ու արժեքների բնականոն և անբաժանելի մասը[3]։ Մեծահասակները և կազմակերպությունները նույնպես օգտվում են հզորացման ծրագրերից։ Նրանք դառնում են ավելի հաղորդակցվող, ճկուն և գործուն՝ երիտասարդների կարիքները բավարարելու հարցում, ինչը ոչ միայն բարձրացնում է ծրագրերի որակը, այլև խթանում է երիտասարդների մասնակցությունը[3]։

Երիտասարդների հզորացման քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդների հզորացմանն ուղղված էական քննադատություններից մեկն այն է, որ ծրագրերի մեծամասնությունն ընդունում է ռիսկայնության վրա հիմնված մոտեցում[13]։ Զգալի ուշադրություն է դարձվում երիտասարդների առջև ծառացած մարտահրավերներն ընդգծելուն, այլ ոչ թե նրանց հաջողությունները կարևորելուն։ Չափազանց շատ կենտրոնանալով երիտասարդների կյանքի բացասական կողմերի վրա, թվում է, թե երիտասարդներն իրենք են այն խնդիրը, որը պետք է լուծվի։ Սա կարող է երիտասարդներին հետ պահել երիտասարդության զարգացման ծրագրերին միանալուց։ Ռիսկի վրա հիմնված մոդելը կարող է ստվերել այն փաստը, որ պատանեկությունը մի ժամանակաշրջան է, երբ երիտասարդները նոր են կատարելագործում իրենց հմտություններն ու գաղափարները[13]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Kar, Snehendu B; Pascual, Catherine A; Chickering, Kirstin L (1999 թ․ դեկտեմբերի 1). «Empowerment of women for health promotion: a meta-analysis». Social Science & Medicine. 49 (11): 1431–1460. doi:10.1016/S0277-9536(99)00200-2. PMID 10515628.
  2. Golay, Dominique; Malatesta, Dominique (2014). Children's councils implementation : a path toward recognition ? In D. Stoecklin & J.-M. Bonvin (Eds.), Children's Rights and the Capability Approach. Challenges and Prospects. Dordrecht: Springer. էջեր 109–130.
  3. 3,0 3,1 3,2 Ledford, Meredith King; Lucas, Bronwyn (2013). «Youth Empowerment: The theory and its implementation» (PDF). Youth Empowerment Solutions. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  4. 4,0 4,1 Sazama, J. & Young, K. (2006) 15 Points to Successfully Involving Youth in Decision-Making, Boston: Youth jHGbagY On Board.
  5. Zimmerman, Marc A. (2000 թ․ հունվարի 1). «Empowerment Theory». In Rappaport, Julian; Seidman, Edward (eds.). Handbook of Community Psychology (անգլերեն). Springer US. էջեր 43–63. doi:10.1007/978-1-4615-4193-6_2. ISBN 9781461368816.
  6. Zimmerman, Marc A. (1995 թ․ հոկտեմբերի 1). «Psychological empowerment: Issues and illustrations» (PDF). American Journal of Community Psychology (անգլերեն). 23 (5): 581–599. doi:10.1007/BF02506983. hdl:2027.42/117117. ISSN 1573-2770. PMID 8851341.
  7. 7,0 7,1 Reischl, Thomas M.; Zimmerman, Marc A.; Morrel-Samuels, Susan; Franzen, Susan P.; Faulk, Monique; Eisman, Andria B.; Roberts, Everett (2011 թ․ դեկտեմբերի 1). «Youth empowerment solutions for violence prevention». Adolescent Medicine: State of the Art Reviews. 22 (3): 581–600, xiii. ISSN 1934-4287. PMID 22423465.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Reischl, Thomas M.; Zimmerman, Marc A.; Morrel-Samuels, Susan; Franzen, Susan P.; Faulk, Monique; Eisman, Andria B.; Roberts, Everett (2011 թ․ դեկտեմբերի 1). «Youth empowerment solutions for violence prevention». Adolescent Medicine: State of the Art Reviews. 22 (3): 581–600, xiii. ISSN 1934-4287. PMID 22423465.
  9. 9,0 9,1 9,2 Krauss, Steven Eric; Collura, Jessica; Zeldin, Shepherd; Ortega, Adriana; Abdullah, Haslinda; Sulaiman, Abdul Hadi (2013 թ․ հոկտեմբերի 12). «Youth–Adult Partnership: Exploring Contributions to Empowerment, Agency and Community Connections in Malaysian Youth Programs» (PDF). Journal of Youth and Adolescence. 43 (9): 1550–1562. doi:10.1007/s10964-013-0027-1. ISSN 0047-2891. PMID 24122395.
  10. Catalano, Richard F.; Berglund, M. Lisa; Ryan, Jean A. M.; Lonczak, Heather S.; Hawkins, J. David (2004 թ․ հունվարի 1). «Positive Youth Development in the United States: Research Findings on Evaluations of Positive Youth Development Programs». The Annals of the American Academy of Political and Social Science. 591 (1): 98–124. doi:10.1177/0002716203260102. ISSN 0002-7162.
  11. «Youth empowerment programs». County Health Rankings & Roadmaps. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
  12. 12,0 12,1 Matin, I., & Hulme, D. (2003). Programs for the poorest: Learning from the IGVGD program in Bangladesh. World Development, 31(3), 647-665.
  13. 13,0 13,1 13,2 13,3 Guerra, Nancy G.; Bradshaw, Catherine P. (2008 թ․ դեկտեմբերի 1). «Linking the prevention of problem behaviors and positive youth development: Core competencies for positive youth development and risk prevention». New Directions for Child and Adolescent Development. 2008 (122): 1–17. doi:10.1002/cd.225. ISSN 1534-8687. PMID 19021244.
  14. 14,0 14,1 Franzen, Susan; Morrel-Samuels, Susan; Reischl, Thomas M.; Zimmerman, Marc A. (2009 թ․ հոկտեմբերի 16). «Using Process Evaluation to Strengthen Intergenerational Partnerships in the Youth Empowerment Solutions Program». Journal of Prevention & Intervention in the Community. 37 (4): 289–301. doi:10.1080/10852350903196290. ISSN 1085-2352. PMID 19830624.
  15. Fuentes, Vanessa E.; Goncy, Elizabeth A.; Sutherland, Kevin S. (2016 թ․ մայիսի 17). «Cross-Cultural Perspectives After Participation in the YES Program: A Pilot Study». Journal of Youth Development (անգլերեն). 10 (3): 64–73. doi:10.5195/JYD.2015.8. ISSN 2325-4017.
  16. 16,0 16,1 Mutumbulwa, Fransina. "Empowering youth and women through Pots of Hope." Sister Namibia 20.3 (2008): 16+. Global Issues In Context. Web. 9 Oct. 2015.
  17. 17,0 17,1 Landrieu, Josey; Pierson Russo, Jessica. "The What, How, and Why of 21st Century Urban Youth Development". Reclaiming Children & Youth. Vol. 23 (Issue 3): p48–52. ISSN 1089-5701. Retrieved October 9, 2015.
  18. «Young India Foundation – Empowering young people from the Panchayat to the Parliament».
  19. 19,0 19,1 «Youth empowerment». UNDP. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
  20. «Global Highlights: USAID Youth Programs». www.usaid.gov. 2012 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
  21. (1998) "Examining empowerment: A 'how-to' guide for youth development professionals" Journal of Extension, December 1998
  22. Youth - Overview Eurostat, accessed September 2020
  23. Van der Steen, Bart (2016). A European Youth Revolt. UK: Pelgrave UK. ISBN 978-1-137-56570-9.
  24. Fact Sheet on the European Union- Youth Fact Sheet, January 2020

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]