Եվրոպական խորհրդի բանաձև (հայկական հարց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եվրոպական խորհրդի բանաձևը «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» (հունիսի 18, 1987

Եվրոպական խորհրդարանը Եվրոպական տնտեսական համագործակցության (ԵՏՀ) ղեկավար մարմիններից է, ստեղծվել է 1957 թվականի Հռոմի պայմանագրով և օժտված է խորհրդատվական իրավունքով։ Օրենսդրական նախաձեռնության իրավունք չունի, բայց կարող է հանձնարարականներ մշակել ընդհանուր քաղաքական հարցերի վերաբերյալ։ Ունի 434 պատգամավոր, որոնք ընտրվում են 5 տարին մեկ՝ ընդհանուր ուղղակի ընտրությունների միջոցով։ Խորհրդարանում ֆրակցիաները կազմված են կուսակցականության սկզբունքով։ Միջխորհրդարանային կապեր է պահպանում տարբեր ազգությունների (այդ թվում և նախկին ԽՍՀՄ-ի) հետ։ Նստաշրջանները տեղի են ունենում Ստրասբուրգում (Ֆրանսիա), Լյուքսեմբուրգում, Բրյուսելում (Բելգիա

Հայերի ցեղասպանության հարցը Եվրոպական խորհրդարանում սկսել է քննարկվել 1983 թվականի սեպտեմբերի 19-ից, երբ սոցիալիստական ֆրակցիայի ներկայացուցիչներ Պաուլա Դյուպորը (Ֆրանսիա) և Էռնեստ Գլինը (Բելգիա) քննարկման ներկայացրին հայկական հարցի քաղաքական լուծման վերաբերյալ օրինագիծ։ 1984 թվականի հունվարի 22-ին այն քննարկվեց Եվրոպական խորհրդարանի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում։ Օրինագծում մատնանշվում էր, որ Եվրոպական խորհրդարանը «ԵՏՀ-ի նախարարների խորհրդից պահանջում է`

  • ա. հայտարարել ցեղասպանությունը ճանաչելու մասին
  • բ. հասնել այն բանին, որպեսզի թուրքական կառավարությունը ընդունի 1915 թվականի ցեղասպանության պատմական փաստը
  • գ. համոզել Թուրքիայի կառավարությանը, որ թուրք-հայկական խնդրի արդարացի ու հիմնավոր լուծումը հնարավոր է միայն քաղաքական երկխոսության միջոցով
  • դ. հասնել նրան, որ ՄԱԿ-ը նույնպես ընդունի նույնանման հայտարարություն»

Քննարկման ժամանակ Հանձնաժողովի որոշ անդամներ առաջարկեցին տվյալ հարցը ընդգրկել Թուրքիայի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանին ներկայացվելիք ընդհանուր զեկուցագրի մեջ։ Սակայն Թուրքիայի կողմից ԳՖՀ կառավարության վրա գործադրված դիվանագիտական ճնշման հետևանքով ԳՖՀ-ից ընտրված պատգամավորներն առաջարկեցին և հասան այն բանին, որ Հանձնաժողովը հետաձգի տվյալ օրինագծի քննարկումը մինչև 1984 թվականի հունիսը՝ խորհրդարանական ընտրությունների ավարտը։ 1984 թվականի հոկտեմբերի 16-ին սոցիալիստական ֆրակցիայի նախագահ Անրի Սաբին (Ֆրանսիա), քաղաքական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ժիզել Շարզատը, Էռնեստ Գլինը և ուրիշներ կրկին Եվրոպական խորհրդարանի քննարկմանը ներկայացրին հայկական հարցի մասին օրինագիծը։ 1984 թվականի դեկտեմբերին Հանձնաժողովը հանձնարարեց էթնիկական խնդիրների հայտնի մասնագետ Ժակ Վանդեմյոլբրուքին (Բելգիա) համակողմանիորեն դիտարկել հարցը և նախապատրաստել համապատասխան զեկուցագիր։ Աշխատանքի ընթացքում նա ենթարկվեց թուրքական պաշտոնատար անձանց ու լրագրողների ուժեղ ճնշմանը։ Թուրքիայի պրեմիեր մինիստր Թ. 0զալը հանդես եկավ հայտարարությամբ, որում նա սպառնում էր վերանայել Թուրքիայի տնտեսական քաղաքականությունն այն երկրների հետ, որոնց ներկայացուցիչները դեմ կլինեն Թուրքիայի՝ Եվրոպական խորհրդարան մտնելուն։ 1985 թվականի դեկտեմբերին Ժ. Վանդեմյոլբրուքը զեկուցագիրը ներկայացրեց Հանձնաժողովի քննարկմանը։ Միաժամանակ գիտության ու մշակույթի մի շարք ականավոր գործիչներ դիմեցին Ֆրանսիայի պրեզիդենտ Ֆրանսուա Միտերանին՝ խնդրելով հայերի ցեղասպանությունը դատապարտող օրինագիծ ներկայացնել եվրոպական խորհրդի հերթական նիստին (Լյուքսեմբուրգում)։ Դիմումը ստորագրել էին Ալբերտո Մորավիան (Իտալիա), խաղաղության նոբելյան և լենինյան մրցանակների դափնեկիր Շոն Մաք Բրայդը (Իռլանդիա), Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Ադոլֆո Պերես Էսքիվելը (Արգենտինա), Ջորջ Ուայլդը (ԱՄՆ) և ուրիշներ։ 1986 թվականի փետրվարին հարցի քննարկումը կրկին հետաձգվեց Հանձնաժողովի անդամների կողմից տեքստում բազմաթիվ ուղղումներ մտցնելու պատրվակով, ընդսմին 32 ուղղումներից 21-ը ներկայացրել էին ԳՖՀ-ի և Դանիայի պատգամավորները։ Վերջապես, 1987 թվականի փետրվարի 25-ին Հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ (25 կողմ, 23 դեմ) հավանություն տվեց ներկայացված օրինագծին։

Հունիսի 19-ին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին դիմեց «Ֆրանսահայկական համերաշխություն» հասարակական կազմակերպությունը, որի կոչի տակ իրենց ստորագրություններն էին դրել գրողներ Ֆրանսուազ Սագանը, Էժեն Իոնեսկոն և Անրի Թրուայան, երգիչ Շառլ Ազնավուրը, պատմաբան Իվ Տերնոնը, նոբելյան մրցանակի դափնեկիրներ Անդրեյ Լվոֆն ու Լուի Նոելը և ուրիշներ։ Նրանք խորհրդարանին կոչ էին անում «որպես ցեղասպանություն որակել բնաջնջման այն ծրագիրը, որն իրականացվել էր հայերի նկատմամբ, և այդպիսով տեղ հատկացրել մարդկության ու Եվրոպայի հիշողության մեջ նրանց, ովքեր դեռևս գերեզման չունեն այս աշխարհում»։ Օրինագիծը մտցվեց Եվրոպական խորհրդարանի նստաշրջանի օրակարգի մեջ, որը տեղի ունեցավ 1987 թվականի հունիսի 15-ին, Ստրասբուրգում։ Հարցի առթիվ նախաձեռնությամբ համատեղ հանդես եկան կոմունիստական ու սոցիալիստական ֆրակցիաները, հունիսի 18-ին Եվրոպական խորհրդարանը 68 կողմով և 60 դեմով հավանություն տվեց «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձևին։

Փաստաթղթի ներածականում նշվում էր, «որ թուրքական կառավարությունը մինչև օրս հրաժարվելով ընդունել 1915 թվականի ցեղասպանությունը, դրանով շարունակում է հայ ժողովրդին զրկել սեփական պատմություն ունենալու իրավունքից. .., որ հայերի պատմականորեն ապացուցված ցեղասպանությունը մինչև օրս չի ստացել ոչ քաղաքական դատապարտում, ոչ համապատասխան հատուցում, ... որ Թուրքիայի կողմից ցեղասպանության ընդունումը հետայսու կդիտվի որպես հայերի նկատմամբ բարոյական ռեաբիլիտացիայի խորապես մարդկային քայլ, որը միայն պատիվ կբերի թուրքական կառավարությանը...»։ Բանաձևի առավել կարևոր դրույթներից է հետևյալ կետը. «... Օսմանյան կայսրության մեջ հայ բնակչության հանդեպ 1915-1917 թթ. գործադրված ողբերգական իրադարձությունները համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունված Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի, հանդիսանում է ցեղասպանություն»։ Եվրոպական խորհրդարանը եվրոպական խորհրդից պահանջում էր՝ ճնշում գործադրել թուրքական ներկա կառավարության վրա՝ 1915 թվականին կազմակերպված հայերի ցեղասպանությունը ճանաչելու համար և նպաստել Թուրքիայի և հայերի լիազոր ներկայացուցիչների միջև քաղաքական երկխոսություն հաստատելու գործին։ Նշվում էր, որ ԵՏՀ-ի մեջ Թուրքիայի ընդունումը ուղղակի կախման մեջ է հայերի ցեղասպանության փաստի ընդունման հարցում նրա կառավարության դիրքորոշումից։ Բանաձևի համաձայն՝ ԵՏՀ-ի մեջ Թուրքիայի մտնելու համար խոչընդոտ կլինեն նաև «Հունաստանի հետ վիճելի հարցերի լուծման ժամանակ միջազգային իրավական նորմերի կիրառումից նրա հրաժարումը, թուրքական օկուպացիոն զորքերի ներկայությունը Կիպրոսում, ինչպես նաև քրդական իրադարձությունների ժխտումը»։ Մատնանշվում էին մարդու իրավունքների խախտումները, ժողովրդավարության բացակայությունը Թուրքիայում։ Բանաձևը պահանջում էր. որպեսզի «Թուրքիայում ապրող հայկական փոքրամասնության նկատմամբ արդարացի վերաբերմունք լինի նրա ազգային ինքնատիպության, լեզվի, դավանանքի, մշակույթի և կրթական համակարգի հարցում...»։ Որոշակի տեղ էր տրվում պատմական հուշարձանների պահպանությունը բարելավելու անհրաժեշտությանը։ Եվրոպական խորհրդարանը ԵՏՀ անդամ երկրներին կոչ էր անում հռչակել «20-րդ դարում գործադրված ցեղասպանության ու մարդկության դեմ հանցագործությունների զոհերի հիշատակի օր», մասնավորապես, այն հանցանքների, որոնց զոհը դարձան հայերն ու հրեաները։

Բանաձևը գոհունակությամբ ընդունվեց աշխարհի շատ երկրների առաջադեմ հասարակայնության կողմից։ Թուրքական կառավարության վերաբերմունքը խիստ բացասական էր։ Այդ առթիվ կառավարական հայտարարության մեջ, որը տարածեց ԵՏՀ-ին առընթեր թուրքական մշտական պատվիրակությունը, բանաձևը բնութագրվում էր որպես «կողմնակալ» ու «ռասիստական» փաստաթուղթ, «ատելությամբ լի» թուրք ժողովրդի հանդեպ, որը մերժում է թուրքական կառավարությունը։

1987 թվականի օգոստոսի 10-ին ամերիկյան «Թայմ» շաբաթահանդեսը հրապարակեց թուրքական 13 ընկերակցությունների «Ուղերձը Եվրոպական խորհրդարանի անդամներին», որում իր արտահայտությունն էր գտել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ թուրքական պաշտոնական պատմագրության և քարոզչության կողմից առավելապես կեղծված ու խեղաթյուրված այն տեսակետը, թե հայերը դարձել են պատերազմական անհրաժեշտությամբ իրականացված տեղահանության ու հիվանդությունների զոհ. և ոչ մի ցեղասպանություն էլ չի գործադրվել նրանց նկատմամբ։

Եվրոպական խորհրդարանի բանաձևը միջպետական կազմակերպության կողմից ընդունված առաջին պաշտոնական փաստաթուղթն էր, որի մեջ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ երիտթուրքական կառավարության հանցավոր գործողությունները Օսմանյան կայսրության հայ բնակչության նկատմամբ որակվում են որպես ՄԱԿ-ի 1948 թվականի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայով սահմանված ցեղասպանության դրսևորում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Киракосян Дж. С., Младотурки перед судом истории, 2-е изд., Е„ 1939;
  • Киракосяи А Дж., Сафрастян Р. А., О решении Европейского парламента по вопросу геноцида армян, ԲՀՍ, 1983, N 2, с. 54-58;
  • Pariament European, Le point de la session, Strasbourg, 15-19 Juin, 1987, Doc. A 2-33/87, p. 41-43.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։