Եվդոկիա Լոպուխինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եվդոկիա Լոպուխինա
Eudokia Lopukhina (18 c., Chukhloma museum).jpg
Ծնվել է հուլիսի 30 (օգոստոսի 9), 1669
Ծննդավայր Մոսկվա, Ռուսական թագավորություն[1]
Մահացել է օգոստոսի 27 (սեպտեմբերի 7), 1731 (62 տարեկանում)
Մահվան վայր Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Կրոն Ուղղափառություն
Ամուսին Պետրոս I
Ծնողներ հայր՝ Feodor Abramovich Lopukhin, մայր՝ Ustinia Bogdanovna Rtishcheva
Երեխաներ Ալեքսեյ Պետրովիչ և Ալեքսանդր Պետրովիչ[2]
Eudoxia Lopukhina Վիքիպահեստում

Եվդոկիա Ֆեոդորովնա (ռուս.՝ Евдокия Фёдоровна , ծննդյան ազգանունը՝ Լոպուխինա ռուս.՝ Лопухина, ի ծնե՝ Պրասկովյա Իլարիոնովնա[3], միանձնության ընթացքում՝ Ելենա, հուլիսի 30 (օգոստոսի 9), 1669, Մոսկվա, Ռուսական թագավորություն[1] - օգոստոսի 27 (սեպտեմբերի 7), 1731, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]), Ռուսաստանի թագուհի, Պետրոս I-ի առաջին կինը (1689 թվականի հունվարի 27-ից մինչև 1698 թվականը), արքայազն Ալեքսեյի մայրը, վերջին ռուս թագուհին և ռուս միապետի՝ դիրքով իր ամուսնուն հավասար[4] ոչ օտարերկրացի կինը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում և վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվդոկիայի հայրը եղել է Իլարիոն Ավրամովիչ Լոպուխինը, որը մառանապետ էր Ալեքսեյ Միխայլովիչ ցարի պալատում: Ֆեոդոր Ալեքսեևիչի օրոք Եվդոկիայի հայրը դարձել է գնդապետ ու ստրելեցների ղեկավար, ավելի ուշ՝ թագավորական պալատական սեղանապետ ու օկոլնիչի, իսկ Եվդոկիայի ու Պետրոս Առաջինի ամուսնության շնորհիվ ստացել է բոյարինի աստիճան: Եվդոկիան ծնվել է հայրենաժառանգ կալվածքում՝ Մեշչովսկի գավառի Սերեբրենո գյուղում: Մեշչովսկ քաղաքը եղել է Եվդոկիա Ստրեշնևա թագուհու՝ Պետրոս Առաջինի պապ Միխայիլ Ֆեոդորովիչի կնոջ հայրենիքը: Ամուսնության ժամանակ «Պրասկովյա» անունը փոխվել է ավելի բարեհունչ և թագուհուն ավելի պատշաճ «Եվդոկիա» անվամբ, հնարավոր է՝ իր հայրենակցուհու պատվին, ինչպես նաև հնարավոր է, որ այդպես արվել է, որ նրա անունը տարբերվի Պետրոս Առաջինի կառավարչակցի՝ Իվան V-ի կնոջ՝ Պրասկովյա Սալտիկովայի անվան հետ: «Իլարիոնովնա» հայրանունը դարձվել է «Ֆեոդորովնա» (ըստ ավանդույթի, ի պատիվ Ռոմանովների սրբի՝ Ֆեոդորովյան սրբապատկերի):

Նկար «Книги любви знак в честен брак» գրքից, որ 1689 թվականին տրվել է Պետրոս Առաջինին որպես հարսանեկան նվեր

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես Պետրոս Առաջինի հարսնացու ընտրվել է նրա մոր՝ թագուհի Նատալյա Կիրիլովնայի կողմից՝ առանց 16-ամյա փեսացուի համաձայնության: Այն մտքին, որ որդու ամուսնանալու ժամանակն է, մորը մղել է այն լուրը, որ Պրասկովյա Սալտիկովան երեխայի է սպասում (Պետրոս Առաջինի ու Լոպուխինայի ամուսնությունից երկու ամիս անց ծնվել է արքայադուստր Մարիա Իվանովնան): Թեև Լոպուխինների տոհմը, որ ընդգրկված էր Նարիշկինների դաշնակիցների թվում, եղել է աղքատացած, բայց բազմամարդ, և թագուհին հույս ուներ, որ նրանք, ժողովրդականություն վայելելով ստրելեցների գնդերում, կպաշտպանեն իր որդու շահերը: Թեև լուրեր էին պտտվում, որ Պետրոս Առաջինն ամուսնանալու է իշխանուհի Տրուբեցկայայի հետ, Նարիշկիններն ու Տիխոն Ստրեշնևը խանգարել են դրա իրականացմանը:

Պետրոս Առաջինի ու Լոպուխինայի պսակադրությունը կայացել է 1689 թվականի հունվարի 27-ի (փետրվարի 6) Մոկվայի մոտ գտնվող Պրեոբրաժենսկի պալատի եկեղեցում: Դա նշանակալի իրադարձություն էր նրանց համար, ովքեր սպասում էին, թե երբ է Պետրոս Առաջինը փոխարինելու կառավարչուհի Սոֆյային, «քանի որ ըստ ռուսական ըմբռնման՝ ամուսնացած մարդը համարվում էր չափահաս, և Պետրոսն իր ժողովրդի աչքում ուներ բարոյական լիակատար իրավունք՝ ազատելու իրեն քրոջ խնամակալությունից»[5]:

Եվդոկիա Լոպուխինան դաստիարակվել էր հին ռուսական ավանդական հայացքների համապատասխան և չէր կիսում ամուսնու արևմտամետ հայացքները, և միաժամանակ ուներ բավական անկախ բնավորություն: Նրա քրոջ՝ Քսենյայի հետ ամուսնացած էր (1691 թվականից) Բորիս Իվանովիչ Կուրակինը, որը նկարագրել է Եվդոկիային «Պատմություններ Պետրոս Ալեքսեևիչ ցարի մասին» (ռուս.՝ «Гистории о царе Петре Алексеевиче»)[6] աշխատության մեջ.

Aquote1.png Եվ արքայադուստրն ուներ հիասքանչ դեմք, միայն թե միջին խելքի տեր էր ու բնավորությամբ նման չէր իր ամուսնուն, ինչի պատճառով կորցրել է իր ողջ երջանկությունն ու իր ամբողջ տոհմը կործանել... Ճիշտ է, սկզբում սեր կար նրանց՝ ցար Պետրոսի ու նրա կնոջ միջև, եղել է բավական ուժեղ, բայց տևել է միայն մեկ տարի: Ապա դադարել է, միևնույն ժամանակ թագուհի Նատալյա Կիրիլովնան իր հարսին ատում էր և ցանկանում էր ավելի շատ նրան տեսնել ամուսնու հետ անհաշտ, քան թե սիրով: Եվ այդպես հասել է այնպիսի ավարտի, որ այդ ամուսնությունից հետևել են Ռուսական պետությունում մեծ գործեր, որոնք արդեն ակնհայտ էին ողջ աշխարհին...
Aquote2.png

Լոպոխինների տոհմի մասին Բորիս Կուրակինն ասել է.

Aquote1.png ...Չար մարդիկ են, ժլատ բանսարկուներ, ամենացածր խելքի տեր ու ոչինչ չգիտեն արքունական վարվեցողությունից... Եվ այդ ժամանակ բոլորը նրանց ատեցին ու սկսեցին քննարկել, թե եթե վստահության արժանանան, ապա կկործանեն բոլորին ու կտիրեն պետությանը: Եվ, կարճ ասած, բոլորը նրանց ատում էին, և բոլորը նրանց չարն էին ցանկանում կամ վտանգ էին նրանցից սպասում:
Aquote2.png


Պետրոս Առաջինն ու Եվդոկիա Լոպուխինան ունեցել են երեք որդի՝ կրտսեր որդիները՝ Ալեքսանդրն ու Պավելը (վերջինիս գոյությունը վիճելի է), մահացել են մանկության տարիքում, իսկ ավագը՝ թագաժառանգ Ալեքսեյ Պետրովիչը, որ ծնվել է 1690 թվականին, մահապատժի է ենթարկվել իր հոր հրամանով 1718 թվականին:

Պետրոս Առաջինն ամուսնությունից կարճ ժամանակ անց դադարել է սիրել իր կնոջը, և 1692 թվականից մտերմացել է Գերմանական սլոբոդայում ապրող Աննա Մոնսի հետ: Սակայն քանի դեռ կենդանի էր մայրը, թագավորը բացահայտ կերպով չի ցուցադրել հակակրանքը կնոջ նկատմամբ: Ընդ որում՝ Նատալյա Կիրիլովնան ինքը կյանքի վերջին տարիներին հիասթափվել է հարսից՝ չսիրելով նրան իր ինքնուրույնության ու բացահայտ համառության համար: 1694 թվականին Նատալյա Կիրիլովնայի մահվանից հետո, երբ Պետրոս Առաջինը մեկնել է Արխանգելսկ, նա նամակագրական կապ չի պահել իր կնոջ հետ: Թեև Եվդոկիային շարունակել են անվանել թագուհի, նա իր որդու հետ ապրել է Կրեմլի պալատում, սակայն նրա ազգականներ Լոպուխինները, որ զբաղեցնում էին նշանակալի պետական պաշտոններ, շնորհազրկվել են: Երիտասարդ թագուհին սկսել է շփվել Պետրոս Առաջինի քաղաքականությունից դժգոհ մարդկանց հետ:

Ձեռնադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1697 թվականին՝ թագավորի արտասահման մեկնելուց առաջ, Սոկովնինի, Ցիկլերի ու Պուշկինի դավադրության բացահայտման պատճառով թագուհու հայրն ու նրա երկու եղբայրները՝ բոյարներ Սերգեյն ու Վասիլին, վոյեվոդներ կողմից աքսորվել են Մոսկվայից հեռու: 1697 թվականին Պետրոս Առաջինը, գտնվելով Մեծ դեսպանությունում, Լոնդոնից իր քեռի Լև Նարիշկինին և բոյար Տիխոն Ստրեշնևին, ինչպես նաև թագուհու խոստովանահորը գրավոր կերպով հանձնարարել է համոզել Եվդոկիային ձեռադրվել միանձնուհի: Եվդոկիան չի համաձայնել՝ պատճառաբանելով, որ որդին փոքր է և ունի իր կարիքը: Սակայն 1698 թվականի օգոստոսի 25-ին արտասահմանից վերադառնալուց հետո Պետրոս Առաջինն անմիջապես գնացել է Աննա Մոնսի մոտ:

Առաջին օրը լինելով իր սիրուհու մոտ և այցելելով էլի մի քանի տներ՝ թագավորը միայն մեկ շաբաթ անց է տեսնվել իր օրինական կնոջ հետ, ընդ որում՝ ոչ թե տանը, այլ Փոստային գերատեսչության գլխավոր Անդրեյ Վինիուսի պալատում: Համոզելու փորձերը հաջողությամբ չեն պսակվել. Եվդոկիան հրաժարվել է ձեռնադրվել, և նույն օրը խնդրել է պատրիարք Ադրիանի պաշտպանությունը, որը հանդես է եկել ի պաշտպանություն թագուհու, սակայն հաջողության չի հասել և միայն զայրացրել է Պետրոս Առաջինին: Երեք շաբաթ անց Եվդոկիան պահակախմբի ուղեկցությամբ տեղափոխվել է վանք[7] (կան վկայություններ[փա՞ստ], որ թագավորն սկզբում ցանկացել է մահապատժի ենթարկել նրան, սակայն նրան այդ մտքից հետ է պահել Ֆրանց Լեֆորտը):

Եվդոկիա Լոպուխինան միանձնուհու հագուստով

1698 թվականի սեպտեմբերի 23-ին Եվդոկիա Լոպուխինան ուղարկվել է Սուզդալ-Պոկրովսկի վանք (թագուհիների աքսորի ավանդական վայր), որտեղ նա ձեռնադրվել է Ելենա անունով: Վանքի արքեպիսկոպոսը չի համաձայնել ձեռնադրել նրան, ինչի պատճառով ձերբակալվել է: Հետագայում «արքայազն Ալեքսեյի գործի» պատճառով հրապարակված Մանիֆեստում Պետրոս Առաջինը ձևակերպել է մեղադրանքներ իր նախկին կնոջ նկատմամբ՝ «...նրա որոշ հակառակությունների ու կասկածների պատճառով»: Նույն 1698 թվականին Պետրոս Առաջինը ձեռնադրել է տվել իր երկու արյունակից քույրերին՝ Մարֆային ու Ֆեոդոսիային, տապալված Սոֆյա թագուհու նկատմամբ կարեկցանք ցուցաբերելու համար:

Պետական գանձարանից Եվդոկիային ապրուստի միջոցներ չեն հատացվել, և նրան պահել են իր հարազատները, որոնց նա գրել է. «Այստեղ ախր ոչինչ չկա. ամեն ինչ հոտած է: Թեև ես ձեզ համար ձանձրալի եմ, բայց ի՞նչ արած: Քանի դեռ ողջ եմ, խնդրում եմ, խմեցրեք, կերակրեք, հագցրեք չքավորին»[7]:

Կես տարի անց Եվդոկիա Լոպուխինան փաստացիորեն թողել է վանական կյանքը՝ վանքում ապրելով որպես աշխարհական, և 1709-1710 թվականներին կապված է եղել զինակոչիկների հավաքումն անցկացնելու համար Սուզդալ գնացած մայոր Ստեփան Գլեբովի հետ, որին նրա մոտ էր տարել իր խոստովանահայր Ֆեոդոր Պուստիննին: Ըստ որոշ վկայությունների՝ Գլեբովը եղել է Լոպուխինների հարևանը, և Եվդոկիան կարող էր նրան ճանաչած լինել մանկությունից[6]:

Արքայազն Ալեքսեյի գործը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուզդալի Պոկրովսկի վանքը

Պահպանվել է համակրանքն աքսորված թագուհու նկատմամբ: Ռոստովի եպիսկոպոս Դոսիֆեյը կանխագուշակել է, որ Եվդոկիան շուտով կրկին կդառնա թագուհի, և եկեղեցիներում նրան հիշատակել է որպես «մեծ տիրուհի» (ռուս.՝ «великая государыня»): Կանխագուշակվել է նաև, որ Պետրոս Առաջինը կհաշտվի կնոջ հետ և կթողնի նոր հիմնադրված Պետերբուրգն ու իր բարեփոխումները: Այս ամենը բացահայտվել է այսպես կոչված Կիկինյան հետաքննության (ռուս.՝ Кикинский розыск) ժամանակ, որ կատարվել է արքայազն Ալեքսեյի գործով 1718 թվականին, և որի դատավարության ժամանակ Պետրոսն իմացել է բարեփոխումների հակառակորդների հետ Եվդոկիայի հարաբերությունների մասին: Բացահայտվել է նրա մասնակցությունը դավադրությանը: Սուզդալում հետաքննություն անցկացնելու համար ուղարկվել է կապիտան-պորուչիկ Գրիգորի Սկորնյակով-Պիսարևը, որը ձերբակալել է նրան իր կողմնակիցների հետ միասին:

Aquote1.png 1718 թվականի փետրվարի 3-ին Պետրոսը նրան տալիս է հրաման. «Հրաման ռմբակոծիչ վաշտի կապիտան-պորուչիկ Պիսարևին: Դու պետք է գնաս Սուզդալ և այնտեղ իմ նախկին կնոջ ու նրա ֆավորտների վանական խցերում զննես նամակները, և եթե գտնվեն կասկածելիներ, ըստ այդ նամակների, ում մոտ գտնվել են, ձերբակալել նրանց և բերել քեզ հետ նամակների հետ միասին՝ թողնելով զինված պահակախումբ դարպասների մոտ:
Aquote2.png


Սկորնյակով-Պիսարևը նախկին թագուհուն գտել է աշխարհիկ զգեստով, իսկ վանքի եկեղեցում գտել է գրություն, որտեղ նրան հիշատակել են ոչ թե որպես միանձնուհի, այլ «Մեր ամենաբարեպաշտ մեծ տիրուհի, թագուհի և Մեծ իշխանուհի Եվդոկիա Ֆեոդորովնա», և նրան ու արքայազն Ալեքսեյին ցանկացել «Երջանիկ գոյություն ու խաղաղ կյանք, առողջություն և փրկություն և ամեն մի բարի գործում հաջողություն այժմ և ապագայում բազմաթիվ ու անհամար տարիներ, բարեհաջող գոյության բազում տարիներին առողջություն» (ռուս.՝ «Благочестивейшая великая государыней нашей, царицей и Великой княгиней Евдокией Фёдоровной», и желали ей и царевичу Алексею «благоденственное пребывание и мирное житие, здравие же и спасение и во все благое поспешение ныне и впредь будущие многие и несчётные лета, во благополучном пребывания многая лета здравствовать»)[7]:

Արքայազն Ալեքսեյը՝ Եվդոկիայի միակ որդին, որ հասել է չափահասության տարիքի

Հարցաքննության ժամանակ Գլեբովն ասել է, թե ինքը Եվդոկիայի հետ հանդիպել է պառավ միանձնուհի Կապտելինայի միջոցով, և «ապրել նրա հետ անառակորեն»։ Պառավ միանձնուհիներ Մարտեմյանան ու Կապտելինան ցույց են տվել, որ իր սիրեկանին «միանձնուհի Ելենան իր մոտ թողել է ցերեկն ու գիշերը, և Ստեփան Գլեբովը գրկել ու համբուրել է նրան, իսկ մեզ ուղարկում էին կամ քոթանակներ ձևելու մեր խցերում, կամ էլ դրսում շրջելու»։ Խուզարկություն անցկացրած գվարդիայի կապիտան Լև Իզմայլովը Գլեբովի մոտ գտել է թագուհու ինը նամակներ։ Դրանցում վերջինս խնդրել է հեռանալ զինվորական ծառայությունից և ստանալ վոյեվոդի պաշտոն Սուզդալում, ասել է, թե ինչպես հաջողության հասնի տարբեր գործերում, սակայն մեծ մասամբ դրանք նվիրված են եղել իրենց սիրուն։ Եվդոկիան ինքն ասել է. «Ես նրա հետ անառակորեն ապրել եմ այն ժամանակ, երբ նա զբաղվել է զինակոչիկների հավաքմամբ, դրա համար էլ մեղավոր եմ»։ Պետրոս Առաջինին ուղարկված նամակում Եվդոկիան խոստովանել է ամեն ինչ և ներում խնդրել:

Փետրվարի 14-ին Պիսարևը ձերբակալել է նրանց և տարել Մոսկվա։ 1718 թվականի փետրվարի 20-ին Պրեոբրաժենսկի տանջարանում տեղի է ունեցել Գլեբովի ու Լոպուխինայի առերեսումը։ Ավստրիացի Օտտո Անտոն Պլեյերը գրել է. «Մայոր Ստեփան Գլեբովը, որ տանջվեց Մոսկվայում սարսափելի մտրակով, հալած երկաթով, տաք ածուխով, երեք օր մնաց գերանին կապած փայտե մեխերով տախտակի վրա, ոչինչ չխոստովանեց»։ Այդ ժամանակ Գլեբովը նստեցվել է ցցի վրա և նախքան մահը տանջվել 14 ժամ։ Ըստ որոշ վկայությունների՝ Եվդոկիային ստիպել են ներկա գտնվել մահապատժին և թույլ չեն տվել փակել աչքերը կամ շրջվել։

Խիստ հետախուզությունից հետո մահապատժի են ենթարկվել Եվդոկիայի այլ կողմնակիցներ ևս, մյուսները մտրակահարվել են ու աքսորվել։ Պոկրովսկի վանքի մայրապետ Մարֆան, գանձապահ Մարիամնան, միանձնուհի Կպիտոլինան ու մի շարք այլ միանձնուհիներ դատվել են ու մահապատժի ենթարկվել Մոսկվայի Կարմիր հրապարակում 1718 թվականի մարտին։ Վանականների ժողովը Եվդոկիային դատապարտել է մտրակահարման, ինչը կատարվել է իրենց ներկայությամբ։ Նույն թվականի հունիսի 26-ին մահացել է Եվդոկիայի որդին՝ արքայազն Ալեքսեյը։ 1718 թվականի դեկտեմբերին մահապատժի է ենթարկվել նրա եղբայրը՝ Աբրամ Ֆեոդորովիչ Լոպուխինը։

1718 թվականին Եվդոկիա Լոպուխինան տեղափոխվել է Սուզդալ՝ նախ Ալեքսանդրովսկի Ուսպենսկի, ապա Լադոժսկի Ուսպենսկի վանք, որտեղ նա խիստ հսկողության տակ անցկացրել է յոթ տարի՝ մինչև իր նախկին ամուսնու մահը։ 1725 թվականին ուղարկվել է Շլիսելբուրգ, որտեղ Եկատերինա I-ը նրան պահել է խիստ գաղտնի կալանքի տակ որպես պետական հանցագործ «հայտնի անձի» անվան տակ։ Եվդոկիան ավելի մեծ վտանգ էր ներկայացնում նոր կայսրուհու համար, որի իրավունքները կասկածելի էին։

Պետրոս II-ի գահակալումից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոս II-ն ու մեծ իշխանուհի Նատալյա Ալեքսեևնան՝ Եվդոկիայի թոռները

Իր թոռան՝ Պետրոս II-ի գահակալումից մի քանի ամիս անց Եվդոկիա Լոպուխինան պատվով տեղափոխվել է Մոսկվա և ապրել նախ Կրեմլի Վոզնեսենսկի վանքում, ապա Նովոդևիչի վանքում՝ Լոպուխինների պալատում։ Գերագույն գաղտնի խորհուրդը հրապարակել է հրաման թագուհու պատվի ու արժանապատվության վերականգնման մասին՝ վեացնելով նրան արատավորող բոլոր փաստաթղթերը և չեղարկել իր որոշումը (1722) կայսեր կողմից իր ցանկությամբ գահաժառանգի նշանակման իրավունքը՝ առանց հաշվի առնելու գահի նկատմամբ ունեցած իրավունքները, թեև Ալեքսանդր Մենշիկովը դեմ է եղել դրան։ Նրան հատկացվել են ապրուստի միջոցներ ու հատուկ պալատ․ նրան հատկացվել է 4500 ռուբլի տարեկան, իսկ Պետրոս II-ի՝ Մոսկվա տեղափոխվելուց հետո այդ գումարը դարձվել է 60 հազար ռուբլի տարեկան։ Պետրոս II-ի արքունիքում ոչ մի դեր Եվդոկիա Լոպուխինան չի ունեցել։

1730 թվականին Պետրոս II-ի մահվանից հետո հարց է առաջացել, թե ով պետք է ժառանգի գահը, և Եվդոկիա Լոպուխինան հիշատակվել է թեկնածուների թվում։ Կան վկայություններ, որ Եվդոկիան մերժել է զբաղեցնել գահը, երբ նրան դա առաջարկել են Գերագույն գաղտնի խորհրդի անդամները։

Եվդոկիա Լոպուխինան մահացել է 1731 թվականին։ Մահվանից առաջ նա ասել է. «Աստված ինձ հնարավորություն է տվել զգալու վեհության ու երկրային երջանկության իսկական արժեքը» (ռուս.՝ «Бог дал мне познать истинную цену величия и счастья земного»

Կայսրուհի Աննա Յոհանովնան հարգանքով է վերաբերվել նրան՝ հիշելով, որ Եվդոկիա թագուհին հրաժավել է գահից իր օգտին, և գնացել է նրա թաղմանը։ Եվդոկյա Լոպուխինան թաղվել է Նովոդևիչի վանքի մայր տաճարում՝ Սմոլենսկի Աստվածամոր սրբապատկերի տաճարի հարավային պատի մոտ՝ Սոֆյա թագուհու և նրա քրոջ՝ Եկատերինա Ալեքսեևնայի շիրիմների կողքին։

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ալեքսեյ Պետրովիչ (1690-1718)
  2. Ալեքսանդր Պետրովիչ (1691-1692)

Եկեղեցական գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իվանովոյի մարզի Շույսկի շրջանի Դունիլովո գյուղը կոչվել է Եվդոկիայի պատվին և պատկանել է Լոպուխիններին։ Գյուղի Պոկրովսկի տաճարում գտնվում է հրաշագործ սրբապատկեր՝ Եվդոկիայի ու Պետրոսի նվերը։
  • 1691-1694 թվականներին Եվդոկիայի հանձնարարությամբ Անդրոնիկովսկի վանքի սեղանատանը կառուցվել է երրորդ հարկաշարք, որտեղ տեղակայվել է Միքայել հրեշտակապետի եկեղեցին Սբ․ Պետրոսի ու Պողոսի ընթերաշենքով։ Ստորին հարկաշարքը նա հատկացրել է ընտանեկան դամբարանին։
  • 1748 թվականին Կալուգայի մոտ գտնվող Տինկովո վանքում հայտնվել է Ամենասուրբ Աստվածամոր կերպարը, որ չափազանց նման է Եվդոկիա Լոպուխինա թագուհու կենդանության օրոք արված նկարին, որ ստեղծվել է նրա Պոկրովսկի վանքում գտնվելու ժամանակ՝ դրանից քառասուն տարի առաջ[9]։

Նախնիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #1034066137, Record #1065372779 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Александр Петрович // Русский биографический словарьСПб.: 1896. — Т. 1. — С. 135.
  3. Породнился Мещовск с Петербургом
  4. Այսինքն՝ ոչ մորգանատիկական ամուսնություն:
  5. Н. И. Костомаров. Русская история в жизнеописаниях её главнейших деятелей
  6. 6,0 6,1 Балязин В. Н Неофиц.истор. России. Начало Петровской эпохи
  7. 7,0 7,1 7,2 В. Н. Балязин. Пётр Великий и его наследники
  8. Колпакиди А. И. Серяков М. Л. Щит и меч. Руководители органов государственнойбезопасности Московской Руси, Российской империи, Советского союза и Российской федерации
  9. Из книги Б. П. Краевского «Лопухины в истории Отечества» Москва, изд. «Центрполиграф», 2001 г.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Есипов «Освобождение царицы Евдокии Фёдоровны» («Русский Вестник», т. XXVIII)
  • И. С. Первая супруга Петра I Евдокия Феодоровна // Русский архив, 1863. — Вып. 7. — Стб. 541—549.
  • Семевский М. Евдокия Фёдоровна Лопухина // Русский Вестник. — 1859. — № 9.
  • Устрялов Н. Г. История царствования Петра Великого. — СПб., 1859. — Т. 6.
  • Погодин М. П. Собр. док-тов по делу царевича Алексея Петровича. — М., 1861.