Գրյուեր ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրյուեր ամրոց
Նկարագրություն
Տեսակկառույց և դղյակ
ՀասցեRue du Château 8, 10, 10a-10h, 1663 Gruyères
Վարչական միավորGruyères?
Երկիր Շվեյցարիա
Համալիրի մասlist of cultural properties in Gruyères?
Կառուցված1270
Ընթացիկ
սեփականատեր
Counts of Gruyère?, Ֆրիբուր, Bovy family? և Ֆրիբուրգ
Կայքchateau-gruyeres.ch(ֆր.)
Քարտեզ
Քարտեզ
 Château de Gruyères Վիքիպահեստում

Գրյուեր (ֆր.՝ Château de Gruyères), միջնադարյան ամրոց Շվեյցարիայի Ֆրիբուրգ կանտոնի համանուն կոմունայում և օկրուգում։ Ըստ այցելուների թվի (տարեկան մոտ 160 հազար)՝ Գրյուեր ամրոցը համարվում է Շվեյցարիայի մեծ ժողովրդականություն վայելող թանգարաններից մեկը[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրյուերի ամրոց (1899)

Զանե գետի հովտում, որտեղ այժմ գտնվում է Գրյուերի ամրոցը, առաջին մարդիկ հայտնվել են արդեն մեզոլիթյան ժամանակաշրջանում՝ մ.թ.ա. 8000-ից մինչև 5000 թվականը[3]։ Հնէաբանորեն ապացուցված է նաև հռոմեական դարաշրջանի բնակավայրերի առկայությունը, որոնք իրենց հերթին տեղը զիջեցին վանդալների տիրապետությանը[4]։ 11-րդ դարում կոմս դը Գրյուերի նախնիներից մեկը տիրեց Զանեի շրջակայքին և այդտեղ կառուցեց առաջին ամրոցը, որը ստացավ նրա ազգանունը և դարձավ նրա և նրա սերունդների նստավայրը, որի ստորոտին մի փոքր ավելի ուշ առաջացավ համանուն փոքրիկ քաղաքը[4]։

Ամրոցի տարածքում մինչ օրս պահպանված ամենահին կառույցը բերդի մատուռի աբսիդի բեկորներն են, որոնք վերաբերվում են 13-րդ դարի կեսերին և ամենայն հավանականությամբ, համընկնում է նոր ամրոցի կառուցման ակտիվ փուլին՝ 1270-1280 թվականներին[3] կոմս Պիեռ II-ի (ֆր.՝ Pierre II de Gruyère) գահակալությունը։ Դրանից հետո այն բազմիցս վերակառուցվել է և ընդհանուր առմամբ, իր ներկայիս տեսքը ստացել է 15-րդ դարի վերջին՝ միջնադարյան ինքնիշխան կոմսերի դիրքին համապատասխանող արտաքին տեսքով և ներքին հարդարանքով[3]։ Կոմսերից վերջինը՝ Միշելը (ֆր.՝ Michel de Gruyère) ֆինանսական խնդիրների պատճառով, որոնք հետապնդում էին նրան, ստիպված եղավ վաճառել իր բոլոր կալվածքները, և 1555 թվականին նրա ամրոցը դարձավ Ֆրիբուրգ քաղաքի սեփականությունը[5]։ Մինչև 1798 թվականը Գրյուերը սկզբում եղել էր Ֆրիբուրգյան 52 ֆոգտերի (համապատասխանում է ֆրանսիական գրավներին) բնակության վայրը, որոնք փոխարինում էին միմյանց 3-4 տարի հետո, իսկ հետո՝ պրեֆեկտների[6]։ 1849 թվականին, այն բանից հետո, երբ պրեֆեկտուրան տեղափոխվեց Բյուլ, այն վաճառվեց ժնևցի Բովի (ֆր.՝ Bovy) եղբայրներին, որոնց ջանքերով (և հատկապես Դանիել Բովիի) իրականացվեց ամրոցի գեղարվեստական վերափոխումը, որը դարձավ ամառային նստավայր և հավաքատեղի այն ժամանակվա շատ հայտնի մշակութային գործիչների համար[7][8]։ 1938 թվականին Ֆրիբուրգ քաղաքը հետ գնեց ամրոցը և այնտեղ կազմակերպեց ներկայիս թանգարանը[9]։

Դե Գրյուեր կոմսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կռունկն ընդօրինակվել է Գրույերի օկրուգի կոմսական զինանշանից

Ամրոցի պատմությունը անքակտելիորեն կապված է կոմս դե Գրյուերների տոհմի հետ, որոնց ծագումն ունի միանգամից մի քանի վարկած[4]

  • Ըստ առաջին վարկածի, կոմսերի նախնիները եղել են Ֆիվաիդյան լեգեոնի երեք հարյուրապետները (կամ տրիբունները), որոնք ողջ են մնացել 286 թվականին դրա կործանումից հետո և բնակություն հաստատել Ֆրիբուրգի շրջանում։
  • Ըստ մեկ այլ՝ ոչ պակաս առասպելական վարկածի, ընտանիքի սկիզբը դրել է վանդալների 6-րդ լեգեոնի հրամանատար Գրուարին (լատին․՝ Gruarius), որը 436 թվականին Զանեի հովտում հիմնել է քաղաք, որին տվել է իր անունը։
  • Երրորդ լեգենդը պատմում է Գրուարիայի մասին, ով ստացել է Գրյուերի տարածքը Բուրգունդիայի թագավորից, ով այնտեղ իշխել է 6-րդ դարի առաջին կեսին և կառուցել համանուն ամրոցը։
  • Չորրորդում խոսք է գնում կոմս Թուրիմբերտի (ֆր.՝ Turimbert) մասին, ով ապրել է 10-րդ դարում, որին 923 թվականին շնորհվել են արդեն նշված հողերը։
  • Եվ, վերջապես, վերջին տարբերակում տոհմի անունը կապվում է գլխավոր թագավորական անտառապահ Գրան Գրյուերի (ֆր. Grand Gruyer) հետ, որին վերագրվում էր կոմսական տոհմի հիմնադիրի տիտղոսը։

Մինչ օրս կոմսական տոհմի ակունքները հնարավոր է եղել հայտնաբերել մինչև 11-րդ դարի վերջը, երբ ապրում էր Գիյոմ դը Գրյուերը (fr. Guillaume de Gruyère), Խաչակրաց առաջին արշավանքի մասնակիցներից մեկը[10]։ Ընդհանուր առմամբ, կոմսերի ցուցակում հաշվառված է արական սեռի ներկայացուցիչների 18 անուն, քանի որ, այն ժամանակվա ավանդույթի համաձայն, տիտղոսի փոխանցումը կանանց գծով չէր թույլատրվում[4][10]։

Դե Գրույեր տոհմի կարգախոսը եղել է «Քաջությունը հաղթում է խավարին» (լատին․՝ transvolat nubila virtus), իսկ զինանշանի վրա պատկերված էր կռունկ (ֆր.՝ grue)[11], ունեցել են հսկայական հողեր Վո, Բեռն և Ֆրիբուրգ ժամանակակից կանտոնների տարածքում, որտեղ նրանք կառուցել են մի քանի ամրոցներ, որոնցից գլխավորը Գրյուերն էր[12]։ Սկզբում դե Գրյուեր կոմսերը անմիջականորեն ենթարկվում էին Սրբազան Հռոմեական կայսրության կայսրին, բայց 13-րդ դարի կեսերին ստիպված եղան ճանաչել Սավոյան կոմսերի իշխանությունը՝ պահպանելով իրենց կալվածքներն ավատների տեսքով[4][13]։ Երդվելով իրենց ավատատերերին՝ Գրյուերները պարտավոր էին պատերազմի դեպքում հանդես գալ նրանց կողմից, իսկ Ֆրանսուա I դե Գրույերը ({{lang-fr| François Ier de Gruyère), որը համարվում էր իր տոհմի ամենանշանավոր ներկայացուցիչը, նույնիսկ դարձավ Սավոյի մարշալ</nowiki>[14]։

Միշել, դե Գրյուերների վերջին կոմս[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշել դե Գրյուերի մետաղադրամի քանդակադրոշմը

Արդեն 16-րդ դարի սկզբին կոմսության ֆինանսական գործերը գտնվում էին անմխիթար վիճակում։ «Իր ժամանակի ամենագեղեցիկ ասպետ» համարվող Միշել դե Գրյուերի փառասիրությունն ու անլրջությունը միայն սրեցին այդ ճգնաժամը, գումարները, որ նա կարողանում էր ստանալ, ուղղվում էին իր ճոխ ապրելակերպը պահպանելու և ավելի ու ավելի շատ կալվածքներ գնելու համար[15]։ Նրա վարկունակությանը հերթական ծանր հարվածը հասցրեց համաձայնագիրը, որով նա պարտավորվում էր Ֆրանցիսկ I-ին տրամադրել 3000 վարձկան շվեյցարացիներ հաջորդ իտալական պատերազմի համար, վատ պատրաստված գյուղացիները փախան մարտի դաշտից առաջին իսկ ճակատամարտում և թագավորը հրաժարվեց փոխհատուցել դե Գրյուերին, որին չօգնեց անգամ Սուրբ Միշելի շքանշանի թագավորական ձեռքից ստանալու փաստը[15]։ Գործերը ինչ-որ կերպ բարելավելու համար Միշելը դիմեց ալքիմիկոսների ծառայություններին[16] և 1552 թվականին նա նույնիսկ սկսեց դրամահատություն կազմակերպել՝ Վենցելի թագավորի տված իրավունքի համաձայն, որը նախկինում երբեք չէր օգտագործվել իր տոհմի կողմից[17]։ Սակայն դրանց ցածր հարգի պատճառով հարևան պետությունները հրաժարվեցին դրանք ընդունել որպես վճարամիջոց[15][18] (ներկայումս այդ մետաղադրամները դարձել են իրական դրամագիտական հազվադեպություն և դրանցից յուրաքանչյուրը գնահատվում է մի քանի հազար ֆրանկ[19]): Աստիճանաբար Միշելի պարտքերը գերազանցեցին 100 000 կրոնը և 1554 թվականի նոյեմբերի 9-ին, երբ նա սնանկ ճանաչվեց, ստիպված եղավ ընդմիշտ հեռանալ Գրյուերի ամրոցից[15]։

Հաջորդ տարվա հունվարին 80 հազար թալերի դիմաց Միշելը վաճառեց իր բոլոր հողերը Բեռնի քաղաքներին, որը վճարեց ընդհանուր գումարի մեկ երրորդը և Ֆրիբորին, որը վճարեց մնացած գումարը[15]։ Այսպիսով, իրականացավ կատակասեր կոմս Ժիրարդ Շալամալի (ֆր.՝ Girard Chalamala) կանխատեսումը, որն արվել էր նրա կողմից ավելի քան 200 տարի առաջ, և Բեռնյան արջը եփեց Գրյուերի կռունկին Ֆրիբուրգի կաթսայում (ըստ ավանդույթի, Բեռնի զինանշանին պատկերված է արջ, իսկ Ֆրիբուրգինը՝ կաթսայի տեսք ունի)[7][20]։ Երկար տարիներ վերջին կոմս դը Գրյուերը թափառում էր տարբեր երկրներում՝ առաջարկելով իր զինվորական ծառայությունները և փնտրում էր հովանավորներ ու նոր վարկատուներ, որոնք կօգնեին իրեն հետ գնել իր ունեցվածքը, մինչև մահը վերջ դրեց նրա բոլոր անհաջող փորձերին։ Ոչ նրա մահվան ստույգ տարեթիվն է հայտնի (հավանաբար 1575 թվականի փետրվար), ոչ էլ թաղման վայրը (ի թիվս այլոց՝ անվանում են Բրյուսելը կամ Ամիեն) և նա իրենից հետո ժառանգներ և նույնիսկ իր պատկերը չի թողել[15]։

Ժամանակակից կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականին ամրոցը վերածվեց թանգարանի և այժմ ամեն օր բաց է ամբողջ տարվա ընթացքում իր այցելուների համար, որոնց համար, ի թիվս այլ բաների, կազմակերպվում են մուլտիմեդիա շնորհանդեսներ, մշտական և փոփոխվող ցուցահանդեսներ (նվիրված մեր ժամանակակիցների ստեղծագործություններին), էքսկուրսիաներ ամրոցի տարածքում[21][22][23], որտեղ նույնպես կազմակերպվում են համերգներ և Սուրբ Հովհաննեսի անունը կրող փառատոնը[1][24]։

Ճարտարապետական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցի արևելյան կողմը պարտեզով

Գրյուերի ամրոցը գտնվում է բլրի վրա, որը բարձր է շրջակա հովտից 115 մետր[25], լավ ամրացված է, մինչև 4 մետր հաստությամբ պարիսպներով[26] և ամրաշինական կառույցներով (պատահական չէ, որ հաճախ անվանում են բերդ) և ունի այսպես կոչված «Սավոյական քառակուսու» (ֆրանսիական carré savoyard) ձև[26], որի հարավարևելյան կողմում կա ավելի քան 11 մետր տրամագծով կլոր բերգֆրիդ (ֆր.՝ carré savoyard)[27]։ Ներքին բերդի պարսպի մյուս երեք անկյուններում նախկինում նույնպես տեղակայված են եղել պաշտպանական աշտարակներ, որոնցից մինչ օրս պահպանվել է միայն ստորին մակարդակը[4]։

Բերդի բակը, շրջապատված քարե պատկերասրահներով, հյուսիսից և արևմուտքից սահմանակից է 17-րդ դարում կառուցված ծառուղիների փողոցով, որի տարածքում կա ջրհոր և Սուրբ Հովհաննես Մկրտչի մատուռը։ Արտաքին բերդի պարիսպը նույնպես հագեցած է պատկերասրահներով և լրացուցիչ պաշտպանում է ամրոցը հյուսիսից ու արևելքից, կառուցվել է մի փոքր ավելի վաղ՝ վերջին կոմս դե Գրյուերի օրոք[28][29]։ Ամրոցի տարածքում գտնվող ամենահին շինություններից է XIV դարի կեսերի շենքը, որը գտնվում է նրա հարավ-արևմտյան մասում՝ անմիջապես մուտքի մոտ, որը ծառայել է ամրոցի զինված պաշտպանության նպատակով, իսկ այժմ այնտեղ են գտնվում թանգարանի տոմսարկղերը[3]։ Դեմ հանդիման՝ դղյակի մուտքի ձախ և աջ կողմում են գտնվում անգլիացի նկարիչ և փորագրիչ Պատրիկ Վուդրուֆի բրոնզե երկու ստեղծագործություններ, որոնք նրա կողմից կոչվել են «Մարսի վահան» և «Վեներայի վահան» (ֆրանս. Le bouclier)։ de Mars, Le bouclier de Venus)[30]։

Ինտերիեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորո սրահ
Երաժշտական սալոն
Ասպետական դահլիճ

Ամրոցի տարածքում շրջայցը սկսվում է առաջին հարկում գտնվող վերակառուցված միջնադարյան խոհանոցից, որի հատակը պատված է մոտակայքում հոսող Զանեի քարերով[31]։ Բնակելի թաղամասերը գտնվում են ամրոցի հարավային թևում (նախկինում դրանք գտնվում էին նրա արևելյան մասում, որն ամբողջությամբ վերակառուցվել էր կոմսերի ժամանակ)[3]։ Երկրորդ հարկում, որտեղ կարելի է բարձրանալ պարույրաձև սանդուղքով, գտնվում են՝

Բուրգունդյան սրահը (ֆր.՝ Salle de Bourgogne), որտեղ, մասնավորապես, պահվում են Ոսկե գեղմի շքանշանի հանդիսավոր զգեստները, որոնք ժամանակին պատկանել են Բուրգունդիայի վերջին դուքս Կարլ Համարձակին և անցել են շվեյցարացիներին որպես ավար Մուրտենի ճակատամարտից[32][33]։

  • Կորո սրահը (ֆր.՝ Salon Corot) կրում է ֆրանսիացի հայտնի նկարիչ Կամիլ Կորոյի անունը, ով Անրի Բարոնի, Բարտելեմի Մենոմի և մյուս վարպետների հետ մասնակցել է այդ սենյակի ձևավորմանը[34]։ Սրահի կենտրոնում գտնվող անվասայլակը հիշեցնում է պատճառներից մեկը, թե ինչու Բովի ընտանիքը գնեց Գրյուերի ամրոցը՝ Դանիելը, հանրահայտ Էնգրի խոստումնալից աշակերտը, Ալպերում հայտնվել էր ձնահյուսի տակ և կորցրել քայլելու ունակությունը, դեռ ավելին չէր կարողանում նկարել, ինչպես նախկինում[7][34]։ Ինքնասպանության մտքերից փրկելու համար որոշվեց նրան վստահել միջնադարյան ամրոցի վերանորոգումը[7]։
  1. Կոմսի սրահը (ֆր.՝ Salle des comtes) բուխարին և կահույքը (հատկապես միջնադարյան բազկաթոռը[32]), որոնցից մի քանիսը ժամանակին պատկանել էին կոմս դե Գրյուերներին, ստեղծում են ամրոցի տիրոջ սենյակների մթնոլորտը։
  2. Գեղեցկուհի Լյուսի սենյակը (ֆր.՝ Chambre de la Belle Luce) միջնադարյան լեգենդից ոգեշնչված մի գեղեցիկ հովվուհու մասին, որը կոմսի սիրելին էր։
  3. Բալյիի դահլիճը (ֆր.՝ Salle des Baillis) այն սակավաթիվ սենյակներից է, որը 16-17-րդ դարերի ապակենախշերի[35], պատերի զարդանկարների, կահույքի և հախճապակեպատ վառարանի շնորհիվ պահպանել է Ֆրիբուրգյան Ֆոգտերի ժամանակների մթնոլորտը[36][37]։

Ամենավերին հարկում տեղակայված են՝

  • Ֆանտաստիկ արվեստի սրահը (ֆր.՝ Salle d'art fantastique), որտեղ ցուցադրվում են ժամանակակից նկարիչների գործեր, որոնք այս կամ այն կերպ նվիրված էին Գրյուերի ամրոցին (օրինակ՝ Պատրիկ Վուդրոֆի «Ավազի ժամացույցը ջրի վրա»)։
  • Բարոկկո սրահը (ֆր.՝ Salle baroque) կոչվել է իր առաստաղի շնորհիվ, որը զարդարվել էր 17-րդ դարում՝ բարոկկոյի ծաղկման ժամանակաշրջանում։ Գոբելեններից բացի հետաքրքիր է Դանիելի եղբոր՝ հայտնի մեդալագործ Անտուան Բովիի ստեղծագործությունների հավաքածուն (շվեյցարական մեկ, երկու և կես ֆրանկ մետաղադրամների վրա, դեռևս առկա է նրա ստորագրությունը)։
  • Երաժշտական սրահում (ֆր.՝ Salon de Musique) ի թիվս այլ բաների գտնվում է 1835 թվականին Ֆերենց Լիստի համար պատրաստված դաշնամուրը[38]։
  • Որսորդական դահլիճում (ֆր.՝ Salle de chasse) միջնադարյան ամրոցների ավանդույթների համաձայն ցուցադրվում էին որոշ որսորդական հաղթանշաններ։
  • Ասպետների դահլիճը (ֆր.՝ Salle des chevaliers) հավանաբար ամրոցի գեղարվեստական կահավորման գագաթնակետն էր, որը զարդարված է Բարոնի և Մեննի որմնանկարների շարքով, 14 տեսարաններում, պատկերված էին իրական և առասպելական իրադարձություններ ամրոցի պատմությունից և կոմսական տոհմի կյանքից[39][40]։

Գրյուեր ամրոցի լեգենդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրյուերիուսի ժամանման մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ հսկաների, գոբլինների և բարի փերիների դարաշրջանն ավարտվեց, վանդալների հրամանատարներից մեկը՝ Գրյուերիուսը (ֆր.՝ Gruérius) եկավ Զանեի հովիտ՝ իր ժողովրդի համար նոր բնակավայր փնտրելու համար[41]։ Տեսնելով իր առջև անտառներով, ջրերով ու թռչուններով հարուստ երկիր՝ նա հասկացավ, որ վերջապես գտել է իր խոստացված երկիրը։ Եվ բարձրանալով մի բարձր բլրի վրա, որը իշխում էր շրջապատի վրա, ասաց իր ուղեկիցներին. «Այստեղ ես կկառուցեմ իմ ամրոցը և իմ ժողովրդի համար հուսալի բնակավայր»[42]։ Մինչ Գրյուերիուսը հիանում էր մանուշակագույն մայրամուտի ֆոնի վրա բացված գեղեցիկ տեսարանով, երկնքից իջած սպիտակ կռունկը մի քանի շրջան արեց նրա վերևում և վստահորեն նստեց նրա ուսին։ Գրյուերիուսը այս նշանն ընդունեց որպես բախտավոր նշան և երդվեց Վոտանին, որ այդ թռչունը կդարձնի իր խորհրդանիշը[43]։ Այդ ժամանակից ի վեր կարմիր ֆոնի վրա սպիտակ կռունկը նստած է վանդալների կողմից հիմնադրված Գրյուերի զինանշանի վրա։

Խորհրդավոր կտրված ձեռքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առեղծվածային
կտրված ձեռք

Ամրոցի սենյակներից մեկում ցուցադրված ձեռքի մասին մի քանի լեգենդներ կան[44]։

  • Ըստ դրանցից մեկի՝ նա որպես թալիսման խաչակրաց արշավանքի մեկնած Գրյուերների հետ այցելել է Սուրբ Երկիր և վերադարձել նրանց հետ։
  • 1476 թվականին Գրյուերի ջոկատը ջախջախել է 500 սավոյական և բուրգունդացի ձիավորների բանակը, որոնցից մեկի կտրված ձեռքը տուն է բերվել որպես ռազմավար և ցուցադրվում էր ամրոցում։
  • 1493 թվականին, ամրոցում բռնկված հրդեհից հետո, հայտնաբերվել էր զոհերից մեկի ածխացած ձեռքը, որը որոշվել էր պահպանել որպես այդ ողբերգական իրադարձության հուշ (հարկ է նշել, որ ժամանակակից հնագիտական հետազոտությունները չեն հաստատում այն փաստը, որ նման հրդեհ է եղել)։
  • Մյուս վարկածները պատմում էին մի անհաջող գողի մասին, ով բռնվել էր գողության վայրում և վճարել դրա համար՝ կտրելով «հանցագործության գործիքը», կամ խարույկի վրա այրված կախարդի մասին, որից հրաշքով պահպանվել էր միայն նրա աջ ձեռքը։

Իրականում, որը մի փոքր ավելի պրոզայիկ է ստացվել, խոսքը գնում է եգիպտական մումիաներից մեկի մի հատվածի մասին, որը Եվրոպա է բերվել Նապոլեոնի եգիպտական արշավանքից հետո և այնուհետև ցուցադրվել է բերգֆրիդի առաջին հարկում[44].:

Գրյուերի խիզախ կանանց մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեռնի և Ֆրիբուրգի գերակա ուժերի հետ առճակատումներից մեկում ամրոցի պաշտպանները ստիպված էին նահանջել նրա պատերի հետևում։ Մթնշաղը վրա հասավ և պաշտպանների դիրքը դարձավ կրիտիկական, երբ հանկարծ մոտակա բլուրներից մեկից անհայտ համազգեստով և բոցավառ սաղավարտներով վայրի, դղրդյունով հրոսակը սկսեց մոտենալ հարձակվողներին։ Գրյուերը պաշարող ռազմիկները, սարսափից բղավելով իրենց տեսած կախարդական տեսարանից, խուճապահար փախան։ Երբ ամրոցի պաշտպանները կարողացան տեսնել օգնության հասած բանակին, նրանց մնում էր միայն ծիծաղել, նրանց առջև հայտնվել էր որոտացող զանգերով և եղջյուրներին կապած մոմերով այծերի հոտ, որոնց հետևից գալիս էին Գրույերի քաջարի և հնարամիտ բնակչուհիները[45]։

Հավանաբար դրանք նույն երիտասարդ աղջիկներն էին, որոնք որոշ ժամանակ առաջ, փակելով ամրոցի դարպասները, փորձում էին խանգարել իրենց սիրեկաններին խաչակրաց արշավանքի գնալ, բայց, այսպես թե այնպես, այսուհետ Գրյուերի կանայք և այծերը իրար մեջ կիսում էին իսկական փրկիչների փառքը[46]։

Գեղեցկուհի Լյուսիի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղեցկուհի Լյուսիի սենյակը

Նուրբ դիմագծերով, ազնվական կազմվածքով ու անզուգական շնորհքով Լյուսին[47] համարվում էր ամենագեղեցիկ հովվուհին ամբողջ տարածքում և իհարկե, նրա կողքով անտարբեր չէր կարող անցնել նշանավոր կնամոլ կոմս Ժան դը Գրյուերը։ Չնայած այն հանգամանքին, որ նա մի քանի անգամ ամուսնացել էր և ուներ շատ երեխաներ, նրա մոտ բորբոքվեցին զգացմունքները գեղեցիկ աղջկա հանդեպ և խոստացավ նրան նվիրել լավագույն ալպիական սիզամարգը ամբողջ շրջանում՝ սիրո մեկ գիշերվա համար։ Սակայն նրանց հանդիպման ժամանակ առաքինի հովվուհին այնքան հաճախ էր գինի լցնում կոմսի բաժակի մեջ, որ նա քնեց՝ չհասցնելով բավարարել իր ցանկությունը։ Առավոտյան արթնանալով՝ անհիշաչար կոմսը ներեց աղջկան իր փոքրիկ խորամանկության համար և կատարեց նրան տված խոստումը։ Կոմսուհին դղյակի պատուհանից տեսնելով թե ինչպես է ամուսինը շտապում երերուն փայտե կամրջով դեպի իր սիրելիի մոտ, այդ ճանապարհն անվանեց «սիրտ կոտրող արահետ»[48]։

Եվ չնայած այդ ամբողջ պատմությունը տեղի էր ունեցել մոտակա Մոնսալվան (գերմ.՝ Burg Montsalvens) ամրոցում, որը նույնպես պատկանում էր կոմս Ժան II-ին (ֆր.՝ Jean II de Gruyère)[48], որին երիտասարդ հովվուհի Լյուսին հարևան Շարմե (ֆր.՝ Charmey) գյուղից այնուհետև ծնեց մեկ այլ ապօրինի որդի (որը կոմս Միշելի արյունակից եղբայրն էր և հետագայում դարձավ վանահայր և վիկարիոս)[49], Բովիի ջանքերով այս լեգենդը հավերժացավ հենց Գրյուերի ամրոցում, գեղեցկուհի Լյուսիի սենյակում, որտեղ նա, ըստ երևույթին, երբեք էլ չէր եղել։

Կաղ ոտքով Ժանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ Գրյուերի բոլոր կանայք, հազիվ տուն վերադառնալով, անմիջապես շրջապատվում էին իրենց վարդագույն այտերով մեկ տասնյակ առողջ երեխաներով, երիտասարդ կոմսուհին (ըստ վարկածներից մեկի Մարգարիտան՝ կոմս Ֆրանսուայի կինը[50]), չնայած նրա բոլոր աղաչանքներին, մնաց անպտուղ։ Մի ցուրտ ու ձյունառատ օր, երբ բոլորն արդեն նշում էին ճրագալույցն իրենց ընտանիքի շրջապատում, մենակությունից դրդված, կոմսուհին գնաց Սուրբ Հովհաննես մատուռ՝ կրկին Աստվածամորից երեխա խնդրելու[51]։ Արցունքներով ընդհատելով իր աղոթքները, նա չնկատեց իր կողքին մեկ այլ աղոթողի, որը, պարզվեց, տեղացի մուրացկան կաղ ոտքով Ժանն էր (ֆր.՝ Jehan l'Eclopé, գերմ.՝ Hans der Hinkebein)[7]), ով ապրում էր ողորմությամբ և իր ժամանակն անցկացնում երկար աղոթքներով։ Գիշերվա մթության մեջ հնարավոր չէր տեսնել դեմքերը, և նա կարծեց, որ անծանոթը սոված է, պայուսակից նրան մի կտոր հաց տվեց, ասելով․ «Կեր, աղքատ կին, սա քեզ կհանգստացնի»[52]։ Կոմսուհին ճանաչեց Ժանի ձայնը, երախտագիտությամբ ընդունեց հացը և խնդրեց նրան օրհնել իրեն և աղոթել իր հետ այն երեխայի համար, որը նա այդքան ցանկանում էր։ Եվ հենց հաջորդ աշնանը ամրոցում լայնորեն նշվեց նորածին կոմսի ժառանգորդի մկրտությունը, և Ժանը, ով նույնպես հրավիրված էր տոնակատարությանը, այդ օրվանից այլևս ստիպված չէր հոգալ իր սննդի մասին, քանի որ այժմ նա ամրոցում միշտ կարող էր հագեցնել իր քաղցը[50][53]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Tätigkeitsbericht Direktion für Erziehung, Kultur und Sport — 2018 — С. 83» (PDF) (գերմաներեն). Staat Freiburg. Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  2. «Die meistbesuchten Museen in der Schweiz nach Anzahl der Eintritte im Jahr 2016» (գերմաներեն). Statista GmbH. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bourgarel, Gilles. «Greyerz: von der Legende zur Wirklichkeit» (գերմաներեն). Archäologie Schweiz: Mitteilungsblatt von Archäologie Schweiz, Band 30 (2007), Heft 2-de.(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Der Schweizerische Geschichtforscher, Band 13 — С. 8—24» (գերմաներեն). Carl Räßer, Bern, 1846.
  5. «Der Schweizerische Geschichtforscher, Band 13 — С. 517» (գերմաներեն). Carl Räßer, Bern, 1846.
  6. «Siège des baillis» (ֆրանսերեն). Château de Gruyères. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Baud-Bovy, D. «Greyerz: Schicksal eines Schweizer Schlosses» (գերմաներեն). Du: kulturelle Monatsschrift, Band 3 (1943), Heft 11.(չաշխատող հղում)
  8. «Résidence artistique» (ֆրանսերեն). Château de Gruyères. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  9. Martin-Zürcher, Anne-Marie. «Gruyères Le Château» (ֆրանսերեն). Fondation pour la sauvegarde du patrimoine audiovisuel de la RTS. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  10. 10,0 10,1 «Origine des comtes de Gruyères» (ֆրանսերեն). Commune de Gruyères. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  11. «Gruyères» (գերմաներեն). Geographisches Lexikon der SCHWEIZ, 1902, Band 42 — С. 473—475. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  12. «Greyerz / Gruyères 2017» (գերմաներեն). Schweizerische Gesellschaft für Symbolforschung. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  13. «Der Schweizerische Geschichtforscher, Band 13 — С. 69—76» (գերմաներեն). Carl Räßer, Bern, 1846.
  14. Birchler, Ursula. «Franz I. von Greyerz» (գերմաներեն). Historisches Lexikon der Schweiz. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 «Der Schweizerische Geschichtforscher, Band 13 — С. 450—549» (գերմաներեն). Carl Räßer, Bern, 1846.
  16. Birchler, Ursula. «Michael von Greyerz» (գերմաներեն). Historisches Lexikon der Schweiz. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  17. «Der Schweizerische Geschichtforscher, Band 13 — С. 242—243» (գերմաներեն). Carl Räßer, Bern, 1846.
  18. «Die Ritter von Schulthess-Rechberg'sche Münz- u. Medaillen-Sammlung, Band 2 — С. 196» (գերմաներեն). Selbstverlag, Dresden, 1869.
  19. «Lot 6267» (գերմաներեն). NumisBids, LLC.
  20. «Chalamala» (անգլերեն). La Gruyère Tourisme. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  21. «Visiter» (անգլերեն). Château de Gruyères. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  22. «Castle of Gruyères» (անգլերեն). Verein Die Schweizer Schlösser. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  23. «Castle of Gruyères» (անգլերեն). Switzerland Tourism.
  24. «Mid-Summer's Day Festival at the Castle» (անգլերեն). La Gruyère Tourisme. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  25. «Des trésors romands vus du ciel» (ֆրանսերեն). Ringier Axel Springer SA. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  26. Meyer von Knonau, Gerold Ludwig. «Erdkunde der schweizerischen Eidsgenossenschaft: ein Handbuch für Einheimische und Fremde, Band 1 — С. 430—431» (գերմաներեն). Orell, Füßli und Compagnie, Zürich, 1838.
  27. «Château médiéval» (անգլերեն). Château de Gruyères. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  28. «Esplanade et Jardin» (ֆրանսերեն). Château de Gruyères. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  29. «Les Chapelles de Gruyères» (ֆրանսերեն). Commune de Gruyères. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  30. «The passing of the great Patrick Woodroffe (1940 – 2014)» (անգլերեն). Artists UK. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  31. «Cuisine médiévale» (ֆրանսերեն). Château de Gruyères. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  32. 32,0 32,1 «Trésors du Moyen Age» (ֆրանսերեն). Château de Gruyères. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  33. «Karl der Kühne» (գերմաներեն). SWI swissinfo.ch. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  34. 34,0 34,1 «Salon Corot» (ֆրանսերեն). Château de Gruyères. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  35. Bergmann, Uta. «Château des comtes de Gruyère» (գերմաներեն). vitrosearch. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  36. «Décors Ancien Régime» (ֆրանսերեն). Château de Gruyères. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  37. «Salle des Baillis» (ֆրանսերեն). Château de Gruyères. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  38. «Adalberto Riva: Liszt, Huber, Hünerwadel» (ֆրանսերեն). Château de Gruyères. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  39. «Une colonie d'artistes» (ֆրանսերեն). Château de Gruyères. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  40. «Salle des Chevaliers» (ֆրանսերեն). Château de Gruyères. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  41. «Gruérius, the warlord» (անգլերեն). La Gruyère Tourisme.
  42. «Die Ankunft von Gruerius» (գերմաներեն). La Gruyère Tourisme.
  43. «L'arrivée de Gruérius» (ֆրանսերեն). La Gruyère Tourisme.
  44. 44,0 44,1 Jungo, Anton. ««Abgehackte Hand» mit Eigenleben» (գերմաներեն). Freiburger Nachrichten AG. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  45. «The brave women of Gruyères» (անգլերեն). La Gruyère Tourisme.
  46. «Der Schweizerische Geschichtforscher, Band 13 — С. 32—33» (գերմաներեն). Carl Räßer, Bern, 1846.
  47. Vulliemin, Louis. «Geschichten schweizerischer Eidgenossenschaft, Band 8 — С. 345» (գերմաներեն). Orell, Füßli und Comp., Zürich, 1842.
  48. 48,0 48,1 «Der Schweizerische Geschichtforscher, Band 13 — С. 447» (գերմաներեն). Carl Räßer, Bern, 1846.
  49. Vulliemin, Louis. «Geschichten schweizerischer Eidgenossenschaft, Band 8 — С. 352» (գերմաներեն). Orell, Füßli und Comp., Zürich, 1842.
  50. 50,0 50,1 «La légende de Jehan l'Eclopé» (ֆրանսերեն). Commune de Gruyères. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  51. «John the cripple» (անգլերեն). La Gruyère Tourisme.
  52. «Jean the Eclopé» (ֆրանսերեն). La Gruyère Tourisme.
  53. «Der lahme Hans» (գերմաներեն). La Gruyère Tourisme.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրյուեր ամրոց» հոդվածին։