Ճրագալույց
Ճրագալույց | |
---|---|
![]() | |
Տեսակ | տոնախմբություն, պետական տոն, Քրիստոնեական տոն և eve? |
Ենթադաս | Քրիստոնեական տոներ և Christmastide? |
Ամսաթիվ | Դեկտեմբերի 24 |
Անվանված է | Սուրբ Ծնունդ |
Ճրագալույց (ուկր.՝ Святвечір, польск. Wigilia, չեխ․՝ Štědrý den, болг. Бъдни вечер, խորվ.՝ Badnjak, Badnji dan, սերբ.՝ Бадњак, Бадњи дан), Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից երկուսի՝ Սուրբ Ծնունդին և Սուրբ Զատիկին նախորդող օրը[1]: «Ճրագալույց» անվանումը ծագել է «ճրագ լուցանել» արտահայտությունից, նշանակում է՝ ճրագ վառել, մոմ վառել: Հայ առաքելական եկեղեցին տարվա ընթացքում միայն 2 օր է երեկոյան պատարագ մատուցում՝ Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատիկի ճրագալույցներին:
Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատկին նախորդող օրերի երեկոյան՝ ճարագալույցի սուրբ պատարագի ընթացքում, եկեղեցին ավետում է բարի լուրերը՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ», «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:
Սուրբ Ծննդյան ճրագալույց[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայ եկեղեցին Հիսուս Քրիստոսի ծննդյան օրն անփոփոխ նշում է հունվարի 6-ին: Սուրբ Ծննդյան նախապատրաստությունը սկսվում է դեկտեմբերի 29-ից` Սուրբ Ծննդյան պահքի Բարեկենդանով, իսկ հաջորդ օրն սկսվում է Սուրբ Ծննդյան շաբաթապահքը` իր մեջ ընդգրկելով Ամանորը: Պահքից դուրս են գալիս հունվարի 5-ին, և այդ օրը երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի սուրբ պատարագ:
Հունվարի 5-ի աստվածհայտնության ճրագալույցի գիշերային ժամին քահանաները զգեստավորված գալիս են ատյան: Ատյանում խնկարկում են և «Ուրախացիր սրբուհի» շարականի երգեցողությամբ սկսում են օրհնաբանել Աստվածամայր Կույսին՝ հայտնելով Հիսուս Քրիստոսի գալուստը: Նույն խորհրդով ընթերցվում է նաև Հիսուսի ծնունդն ավետող դրվագը Ղուկասի ավետարանից[2]: Առավոտյան ժամը 9-ին բոլորը հավաքվում են եկեղեցում: Եկեղեցու բեմը նախապես վարագույրով ծածկված է լինում: Ապա պատարագիչը բարձրանում է խորան և զգեստավորվում: Այս ընթացքում ատյանում ընթերցվում են Հիսուս Քրիստոսի գալուստը վկայող մարգարեությունները: Ապա ընթերցվում են Դանիելի մարգարեությունից հատվածներ, բացվում է սուրբ խորանի վարագույրը: Սկսվում է սուրբ պատարագի արարողությունը: Պատարագից հետո քահանայական թափորը գնում է սեղանատուն՝ նախատոնակն այնտեղ կատարելու: Ավարտից հետո կատարվում է հաջորդ օրվա տոնի նախատոնակը, որով սկիզբն է դրվում Սուրբ Ծննդյան տոնի հիշատակը: Այն Սուրբ Ծննդյան տոնի նախապատրաստությունն է:
Ճրագալույցի երեկոն կոչվում է նաև Խթում[3]. այն ուտիքի նախատոնակն է: Հետո սկսվում է ավանդական ընթրիքը. նախընտրելի է՝ այդ օրվա ընթրիքը պատրաստված լինի ձկից, չամիչով և բրնձով փլավից, բայց չպարունակի միս:
Ճրագալույցի ավարտին հավատացյալներն իրենց տուն են տանում եկեղեցու կանթեղներից ու մոմերից վառված ճրագ կամ մոմ, ինչը խորհրդանշում է աստվածային լույսը, Բեթղեհեմյան աստղի լույսը, որն Արեգակից ավելին էր, քանի որ ցերեկով էր երևում:
Սուրբ Զատիկի ճրագալույց[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Զատկի ճրագալույցի պատարագի ավարտին պատարագիչ քահանան սուրբ սեղանը սպասավորող սարկավագների ու դպիրների ուղեկցությամբ՝ մոմերով, բուրվառով, հարության պատկեր խաչվառով, քշոցներով ու ծնծղաներով հանդիսավոր թափոր կազմած իջնում է խորանից և ատյանում կատարվում է նախատոնակի արարողություն: Ավետարանի ընթերցումից հետո հանդիսապետ հոգևորականը շարականների, տաղերի երգեցողության ներքո բուրվառով խնկարկում է եկեղեցում հավաքված հավատացյալներին և ի լուր ամենքի հնչեցնում է կյանք պարգևող ավետիսը՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»[4] i:
Եվ եկեղեցին՝ Քրիստոսի Հարության ուրախությամբ որպես մեկ ամբողջություն, ի պատասխան հնչեցնում է «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Սուրբ Հարության ավետիսով ավարտվում է 48 օր առաջ սկսված Մեծ պահքը, որը լուծվում է ձկան, ձվի և յուղի համտեսմամբ:
Պատարագի ավարտին հավատացյալները խորանի մոմից վառում են իրենց մոմերը և տանում իրենց տները: Ճրագալույցի պատարագով սկսվում է Սուրբ Հարության տոնը:
Թե՛ Սուրբ Ծննդյան, թե՛ Սուրբ Հարության տոներին միմյանց ողջունելը ունի հին սովորություն և մեզ է հասել Քրիստոսի առաքյալներից: