Գյումրիի տպագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյումրիի տպագրություն, տպագրական գործի զարգացման պատմությունը Գյումրիում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյումրիի տպագրության պատմությունը, պայմանավորված քաղաքի անվանափոխությամբ, ունի 3 փուլ՝

  • Ալեքսանդրապոլի՝ 1876-1924 թվականներ,
  • Լենինականի՝ 1924-1991 թվականներ,
  • Գյումրիի՝ ՀՀ անկախացումից հետո։

Տպագրությունն Ալեքսանդրապոլում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրապոլում անդրանիկ տպարանը հիմ­նադրել է Գևորգ Սանոյանը 1876 թվականին, որտեղ առաջինը լույս է ընծայել Ադոլֆ Դիստերվեգի «Սկզբունք երկրաչափութեան» (թարգմ.՝ Մակար Տեր-Սարգսյանի) և «Հիմ­նական դիդակտիքական կանոններ» (1880, թարգմ.՝ Հայրապետ Ղուկասյանի) դասագրքերը։ Մինչև դարավերջ տպագրել է ևս 48 անուն գիրք, հիմ­նականում՝ գեղարվեստական երկեր՝ Ջիվանու ստեղծագործություններից («Աշըգ Ջիվանու երգերը» (1882, 1886), «Աշըղ Ղարիբի հեքեաթը» (1887), «Քեարամի եւ Ասլիի հէքեաթը» (1888), Ա. Խնկոյանի «Բանաստեղծական փորձեր» (1890) գրքույկը, Արշարունու «Սիրոյ ճարակք» (1891) ժողովածուն, աշուղ Ֆիզահու երգերը (1892), Չ. Դիքենսի «Օլիվէր Տվիստ» (1894) վեպը, «Ծոցի ռուսերէնից–հայերէն բառարան»-ը (1895), Ա. Իսահակ­յանի «Երգեր ու վէրքեր» (1897) բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն, ինչպես նաև օրացույցներ, դասագրքեր, բառարան և այլն։ 1900-ական թվականներին տպարանն անցել է Գ. Սանոյանի որդուն՝ Հովհաննեսին. գործել է մինչև 1918 թվականը։

Երկրորդ տպարանը՝ «Այգը», հիմ­նադրել է Աբրահամ Մալխասյանը 1892 թվականին, որտեղ տպագրվել են աշուղ Ջամալու երգերը («Երգիչ Ջամալու քնարական երգերը», 1892), պատմական երկեր՝ Արիստակես Լաստիվերցու «Պատմութիւնը...» (1893), Ղազար Փարպեցու «Հայոց պատմութիւն եւ Վահան Մամիկոնեանին գրած թուղթը» (1895, աշխարհաբարի փոխադրությունը՝ Մ. Տեր-Պետրոսյանի), դասագրքեր («Քերական կամ այբբենարան», 1894), Գ. Լևոնյանի «Հայոց պարբերական մամուլը. 1794–1894» աշխատությունը, Ջիվանու «Աշըղ Ղարիբի հեքեաթը», «Շահ Իսմայէլի հեքեաթը», «Քեարամի եւ Ասլիի հեքեաթը» սիրավեպերը՝ առանձին գրքերով, Ա. Բրուտյանի կազմած «Ռամական մրմունջներ» երգարանը (բոլորը՝ 1895), գեղարվեստական այլ գործեր, պարբերականներ և այլն։ Գործել է մինչև 1919 թվականը։

XX դարի սկզբին բացվել են Հակոբ Ղասաբյանի, Հովհաննես Ափինյանի և «Շիրակ» տպարանները (1904-1920 թվականներին տպագրվել է ավելի քան 65 անուն գիրք)։ 1900-1914 թվականներին Ալեքսանդրապոլում տարեկան լույս են տեսել շուրջ 20, իսկ 1876-1920 թվականներին՝ ընդամենը 320 անուն գրքեր։ Հիշարժան են Գ. Լևոնյանի «Հայ աշուղներ» (1892), Ա. Մխիթարյանի «Փշրանք Շիրակի ամբարներից» (1901, երկուսն էլ՝ Գ. Սանոյանի տպարան) ժողովածուները, Հ. Պարոնյանի «Երգիծաբանական հատուածներ» (1904, «Շիրակ» տպարան) գիրքը, Լ. Մանվել­յանի, Ատրպետի մի շարք երկեր, Կ. Ափինյանի կազմած պատի և սեղանի «Շիրակ» օրացույցները (1899–1921, Գ. Սանոյանի տպարան), հայ կանանց հեղինակած և հրատարակած «Ոստիկ» (1904, Հ. Ափինյանի տպարան) հատորը և «Ախուրեան» (հրտ.՝ 1902, Ա. Մալխասյանի տպարան) օրացույցը, Մ. Գևորգյանի «Համառօտ տեղագրութիւն հնութեանց մեծին Շիրակայ մայրաքաղաքին Անւոյ» (1903) երկը, Ա. Ղլտճյանի «Միջազգային իրաւունք» (1904) ձեռնարկը, Ա. Արամյանի կազմած «Աշխարհի ամենագեղեցիկ գիրքը» (1906, Եվրոպայի և Ասիայի ամենահայտնի մատենագիրների երկերի հավաքածու), Լ. Մանվել­յանի «Ռուսահայ գրականութեան պատմութիւնը» (4 պր., 1909–10), Գրիգոր Մագիստրոսի «Թղթերը» (1910, առաջին անգամ), Ա. Տերտերյանի «Միքայել Նալբանդեան, ազգութեան հրապարակախօսը» (1910), Թ. Թորամանյանի «Ո՛րն է իսկական Հոռոմոսի վանքը» (1911), Բ. Ղարիբջանյանի՝ պատերազմի և հեղափոխության խնդիրներին նվիրված «Քաղաքական այբբենարան» (1918) աշխատությունները, «Ասպարեզ» (1912), «Երիտասարդ» (1912-1913), «Նոր ուղի» (1913–16) գրական ժողովածուները, բանաստեղծությունների 3 ժողովածու (ռուս., 1917). առաջին գիրքը՝ «Հեղափոխական երգեր» (կազմել և բանաստեղծությունների մի մասը թարգմանել են Գ. Հանեսօղլյանը և Կ. Տեր-Սարգսյանը) խորագրով, երկրորդում ամփոփված են Վ. Տերյանի, երրորդում՝ Ա. Իսահակ­յանի, Դ. Դեմիրճյանի և Գ. Աֆրիկ­յանի բանաստեղծություններից (թարգմ.՝ Ս. Փիրվերդյանի) և այլն։

Ալեքսանդրապոլի առաջին պարբերականը՝ «Ալեքսանդրոպոլսկիե օբյավլենիյա» (ռուս.) շաբաթաթերթը, լույս է տեսել 1902-1907 թվականին, խմբագիրհրատարակիչ՝ Կարապետ Ափինյան։ Մինչև 1920 թվականն Ալեքսանդրապոլում հրատարակվել է մոտ 30 պարբերական, այդ թվում՝ Կ. Ափինյանի «Ախուրյան»՝ քաղաքի հայերեն առաջին օրաթերթը, «Գաւառի ձայն» (1913-1916), «Ժայռ» (1917–18), «Մարդկայնութիւն» (1918-1919), «Յոյս» (1919) և այլն։

1920-ական թվականներին այստեղ գործել է Գ. Հանեսօղլյանի անվան տպարանը. տպագրվել են հիմ­նականում գեղարվեստական գործեր, նաև «Բանվոր» օրաթերթը։

Տպագրությունը Լենինականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային իշխանության հաստատումից հետո տպարանները պետականացվել են և անցել Ալեքսանդրապոլի շրջանային հեղկոմի լուսբաժնի տնօրինության տակ։ Այդ շրջանում հրատարակած գրքերից են՝ «Ազգային հարցը եւ կոմունիզմը», «Բնագիտութիւնը աշխատանքի միասնական դպրոցում», «Դպրոցը եւ կոմունիզմը», «Կրօնը եւ կոմունիզմը» (բոլորը՝ 1921) և այլն։ 1923 թվականին «Կոոպերացիա» հոդվածների ժողովածուն տպագրվել է Ալեքսանդրապոլի կոմունալ տնտեսության տպարանում, որը 1924 թվականին կոչվել է Ալգավքաղգործկոմի, 1925 թվականից՝ Լենինականի տեղեկատվական տնտեսական բաժնի տպարան. այնտեղ «Գյուղացու գրադարան» մատենաշարով տպագրվել է Խ. Ավդալբեկ­յանի կազմած «Հողային օրենսգիրքը բացատրական հարց ու պատասխանով» (մաս Ա, 1925) գիրքը և այլն։

1926 թվականին ՀԽՍՀ տպարանները միավորվել են նորաստեղծ Հայպետհրատում, իսկ Լենինականի տպարանը կոչվել է Պետհրատի 4-րդ տպարան, որտեղ առաջինը լույս է տեսել Մկրտիչ Արմենի «Շիրկանալ» (1926) չափածո ժողովածուն։

1927 թվականից քաղաքում գործել են նաև «Առարդի», «Պոլիգոն», «Լենտեղարդի» և այլ տպարաններ։ 1921 թվականին լույս է տեսել Ալեքսանդրապոլի բանվորական ակումբի «Բանւորի խօսք» շաբաթաթերթը (խմբագիր՝ Վահան Տեր-Աբրահամյան, Մալխասյանի տպարան), 1921-1922 թվականներին՝ ՀԿ(կ)Կ Ալեքսանդրապոլի գավկոմի և գավհեղկոմի «Կարմիր Շիրակ» պաշտոնաթերթը, որին հաջորդել է «Շիրակի ռանչպար» (1922-1923), 1923 թվականից՝ «Բանվոր» օրաթերթը (խմբագիր՝ Վահան Ծով­յան)։

Տպագրությունն անկախության տարիներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկախացումից հետո Գյումրիում շարունակել է տպագրվել «Կումայրի» («Բանվորի» շարունակությունն է) պարբերականը։ 1991 թվականից անկանոն պարբերականությամբ լույս է տեսնում ՀԳՄ Շիրակի մարզային մասնաճյուղի «Եղեգան փող» պաշտոնաթերթը (խմբագիր՝ Ռոզա Հովհաննիսյան), 1997 թվականից՝ «Հինգշաբթի» ՍՊԸ-ի համանուն տեղեկատվաժամանցային թերթը (հիմ­նադիր-տնօրեն՝ Արմեն Մարտիրոսյան), որը 2008 թվականից հրատարակում է նաև «Հինգշաբթի» ժամանցային թերթը (խմբագիր՝ Տիգրան Ավետիսյան, տպագրում է նաև ռուսերեն հոդվածներ)։ 1992 թվականից գործում է «Դպիր» հրատարակչությունը (հիմ­նադիր-տնօրեն՝ Հովիկ Կարապետյան), տպագրում է գեղարվեստական, գիտական, գիտահանրամատչելի, մանկական, երաժշտական, տեղեկատվական, հոգևոր և այլ բնույթի գրքեր (ցայսօր՝ շուրջ 130 անուն), 1997 թվականից՝ «Էլդորադո» հրատարակչությունը (հիմ­նադիր-տնօրեն՝ Համազասպ Պիճիկ­յան), տպագրում է պատմական, կրոնական, գիտական, գեղարվեստական գրքեր, ալբոմ­ներ և այլն։

1998 թվականից վերսկսվել է Ախուրյանի «Շիրակ» շրջանային երկշաբաթաթերթի (հիմն.՝ 1930, խմբագիր՝ Սամվել Մարտիրոսյան) տպագրությունը (ընդհատվել էր 1991 թվականին)։ 2004 թվականից հրատարակվում է նաև «Շրջապատ» շաբաթաթերթը (2011 թվականից՝ գունավոր), 2011 թվականից՝ «Գյումրի-Ասպարեզ» թերթը։ Գյումրիում լույս տեսնող թերթերի մեծ մասը տպագրվում է «Հինգշաբթի» ընկերության տպարանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։