Գաճաճ արծիվ
Գաճաճ արծիվ | |
Գաճաճ արծիվ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Ճուռականմաններ (Accipitriformes) |
Ընտանիք | Ճուռակներ (Accipitridae) |
Ցեղ | Hieraaetus |
Տեսակ | Գաճաճ արծիվ (H. pennatus) |
Միջազգային անվանում | |
Hieraaetus pennatus | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Գաճաճ արծիվ (լատին․՝ Hieraaetus pennatus), ճուռակների ընտանիքին պատկանող բնադրող-չվող և քիչ տարածված թռչուն, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը 43-53 սմ է, թևերի բացվածքը՝ 100-121 սմ, կենդանի զանգվածը՝ 700 գ։ Փոքր արծիվ է՝ բաց կամ մուգ փետրավորմամբ (բաց գույնի անհատներն ավելի տարածված են)։
Մարմինը վերևից մուգ է, ուսափետուրները՝ բաց գույնի, թևավերևի ծածկողները՝ բաց գույնի լայնակի շերտով։ Թռչելիս ակնառու են թևավերևի արտաքին եզրի բաց գույնի մանր նախշերը։ Բաց գույնի հասուն անհատները ներքևից աղոտ սպիտակ են, թափահարող փետուրները՝ սև, պոչի ծայրաշերտը՝ լայն, մուգ։ Մուգ գույնի անհատների մարմինը և թևատակի ծածկողները մուգ են, պոչը՝ բաց դարչնագույն։ Երիտասարդի մարմնի ստորին մասը թույլ շիկակարմրավուն խայտերով է։ Հետբնադրման շրջանում հանդիպում է միայնակ (նույնիսկ՝ չուի ընթացքում)։ Բնակվում է անտառների տափաստանային հատվածներում։
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնվում է թռչուններով, մանր կաթնասուններով, սողուններով, միջատներով։
Բազմացում և զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գարնանային ամենավաղ վերադարձը նկատվում է մայիսի սկզբին։ Հարսանեկան խաղերը դրսևորվում են բարձր թռիչքի ընթացքում՝ բարդ ոլորապտույտներով, ձևավոր, ճարպիկ ցուցադրումներով և շարունակվում են մինչև մայիսի վերջին տասնօրյակը։ Սովորաբար զբաղեցնում են այլ թռչունների բները, սեփականը սարքում են խիստ անհրաժեշտության դեպքում։ Ճյուղերից և կանաչ խոտաբույսերից պատրաստված, 85-100 սմ տրամագծով բույնը հարթակ է։ Բնադրում է ծառերին։ Ողջ բազմացման ընթացքում բույնը թարմացվում է նոր ճյուղերով։ Ձվերը բներում հայտնվում են մայիսի վերջին, հնարավոր է նաև հունիսի ընթացքում։ Դնում է 55 մմ տրամագծով, սպիտակ և բաց դարչնագույն վրձնախազերով 2 ձու։ Թխսակալում է էգը՝ 35 օր։ Ձագերը հայտնվում են հունիսի երկրորդ տասնօրյակին, լիարժեք թռիչքին տիրապետում են և բույնը թողնում կյանքի 50-րդ օրը։ Աշնանային չուն նկատվում է հոկտեմբերի առաջին կեսին։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գաճաճ արծվի բները ողջ համակեցության սահմաններում գտնվում են իրարից 1 կմ հեռավորության վրա՝ մինչև 10 մ բարձրությամբ ծառերին։ 1940-1995 թվականներին Հայաստանի տարածքի 26 կետից յուրաքանչյուրում գրանցվել է 1-ական թռչուն, 3 դեպքում՝ 2-ական։ Կարիք ունի անհատատական պաշտպանության։
Բնադրում է Հյուսիսարևմտյան Աֆրիկայում, Կենտրոնական Ասիայում, Ֆրանսիայում, Հնդկաստանում և Իրանում[1]։
Հայաստանում հանդիպում է գրեթե բոլոր արևելյան մասերում՝ զբաղեցնելով անտառային գոտին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսակն քիչ մտահոգող կարգավիճակով ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Նախնական գնահատմամբ Հայաստանում թվաքանակը կազմում է 60-80 բնադրող զույգ։ 2008 թվականի տվյալների համաձայն Երևանի կենդանաբանական այգում պահվում է 1, իսկ ըստ Կենդանաբանական այգիների և ակվարիումների Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի տվյալների` 9 առանձնյակ։
Սպառնացող վտանգներից է մարդու կողմից անմիջական հետապնդումը, թունաքիմիկատների օգտագործումը գյուղատնտեսության մեջ, զարգացման շրջանում՝ վայրի բույսեր հավաքողները և զբոսաշրջիկները, ինչպես նաև որսագողությունը, որի դեպքում կամ բռնվում են գաճաճ արծվի ձագերը, կամ էլ հասուն թռչունները՝ խրտվիլակ պատրաստելու նպատակով։
Մոտ 5 զույգ բնադրում է «Դիլիջան» ազգային պարկում, «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաճաճ արծիվ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաճաճ արծիվ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |