Բրազիլիայի աշխարհագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրազիլիայի աշխարհագրություն
ՄայրցամաքՀարավային Ամերիկա
Տարածք
 • Ընդհանուր8 514 215,3 կմ
Ափային հատված7 491
Սահման14 691 կմ
Ամենաերկար գետԱմազոն

Բրազիլիա (պաշտոնապես՝ Բրազիլիայի Ֆեդերատիվ Հանրապետություն, պորտ.՝ República Federativa do Brasil), տարածքի մակերեսով և բնակչությամբ Հարավային Ամերիկայի ամենամեծ պետությունը։ Այն զբաղեցնում է մայրցամաքի արևելյան և կենտրոնական մասերը։ Հյուսիսում սահմանակից է Վենեսուելային, Գայանային, Սուրինամին, Ֆրանսիական Գվիանային, հարավում՝ Ուրուգվային, արևմուտքում՝ Արգենտինային, Պարագվային, Բոլիվիային և Պերուին, իսկ հյուսիս-արևմուտքում՝ Կոլումբիային[1]։ Հյուսիսում և արևմուտքում Բրազիլիայի ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի ջրերը։ Բրազիլիայի ամենաբարձր կետը՝ Վենեսուելային սահմանակից Պիկո դա Նեբլինա գագաթն է, որն ունի 3014 մ բարձրություն[2]։

Մակերես և չափեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքի մակերեսը 8 514 215,3 կմ² է, որից 8 456 510 կմ² բաժին է ընկնում ցամաքին, իսկ 55 455 կմ²-ին` ջրային տարածքներին։ Բրազիլիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը կազմում է Երկրագնդի ամբողջ ցամաքի 5,7 %-ը։ Բրազիլիան տարածքի մեծությամբ հինգերորդն է աշխարհում, այդ ցուցանիշով այն զիջում է Ռուսաստանին, Կանադային, Չինաստանին և Ամերիկայի Միացյալ Նահանգներին[3]։

Արևմուտքից արևելք ձգվածությունը ուղիղ գծով 4328 կմ է, իսկ հյուսիսից հարավ՝ 4320 կմ։

Ծայրային կետեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հյուսիս - հյուսիսիային լայնության 8° և արևմտյան երկայնության 60°
  • Հարավ - հարավային լայնության 32° և արևմտյան երկայնության 70°
  • Արևմուտք - հարավային լայնության 10° և արևմտյան երկայնության 75°
  • Արևելք - Հարավային լայնության 7° և արևմտյան երկայնության 34,5°։

Սահմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանի ընդհանուր երկարությունը կազմում է 14 691 կմ։ Որից 1224 կմ-ը Արգենտինայի հետ, 3400 կմ-ը՝ Բոլիվիայի, 1643 կմ-ը՝ Կոլումբիայի, Ֆրանսիական Գվիանայի հետ Բրազիլիան ունի 673 կմ սահման, Գվիանայի հետ՝ 1119 կմ, Պարագվայի հետ՝ 1290 կմ, Պերուի հետ՝ 1560 կմ, Սուրինամի հետ՝ 597 կմ։ Ուրուգվայի հետ այն ունի 985 կմ սահման, իսկ Վենեսուելայի հետ՝ 2200 կմ[4]։

Ափագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ափագծի երկարությունը 7491 կմ է։ Ամբողջ ափագիծը պատկանում է Ատլանտյան օվկիանոսին, որը ստեղծում է Բրազիլիայի արևելյան բնական սահմանը։ Կան բազմաթիվ հարմարավետ ծովախորշեր, օրինակ՝ Ռիո դե Ժանեյրոյում գտնվող, Գաունաբարան։ Մեծ ծովածոցեր քիչ կան։ Հյուսիսիում առանձնանում է Ամազոն գետի աղազերծված էստուարը (ձագարաձև գետաբերան)։ Հարավում մեծ ծովալճակներն են՝ Պատուսը, Մանգեյրան, Լագոա Միրինը։ Բրազիլիային են պատկանում Ատլանտյան օվկիանոսի մի շարք մեծ ու փոքր կղզիներ, ինչպես մերձափնյա (Ֆլորինապոլիսի կղզիներ), այնպես էլ ափից զգալի հեռավորության վրա գտնվող (Ռոքաս ատոլ, Սան Պաուլու կղզիներ)

Ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռելիեֆի հիմնական ձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրազիլիայի Ատլանտյան մերձափնյա հարթավայր
  • Ամազոնի դաշտավայր և Ամազոնի ջրավազան
  • Գվիանական սարահարթ
  • Բրազիլական սարահարթ
  • Պանտանալ
  • Բրազիլիայի ափագիծ և Բրազիլիայի կղզիներ

Ատլանտյան ափամերձ հարթավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատլանտյան ափամերձ հարթավայր

Ատլանտյան ափի երկայնքով ձգվում է մերձափնյա հարթավայր, որը խիստ նեղանում է Ռիո դե Ժանեյրո և Էսպիրիտու-Սանտու նահանգների սահմաններում, ուր Բրազիլական բարձրավանդակի խորշերը մոտենում են օվկիանոսին։ Մերձափնյա հարթավայրի հյուսիսային մասը ձգվում է Ռիու Գրանդի դու Նորթի նահանգից մինչև Էսպիրիտու Սանտու, իսկ հարթավայրի հարավային մասը զբաղեցնում է Սանտա Կատարինա և Ռիո Գրանդի դու Սուլ նահանգների առափնյան։ Անցումը հարթավայրից բարձրավանդակ ծայր հյուսիսում աստիճանական է, իսկ հարավային շրջաններում առավել կտրուկ է դառնում։ Օվկիանոսի կողմից առափնյա հարթավայրը շրջապատված է ավազոտ լողափերով, ծովալճակներով և ճահճուտներով։ Փոքրաթիվ հարամարվետ բնական նավահանգիստները գտնվում են այնտեղ, ուր լեռները մոտենում են ափերին։ Օրինակ՝ Ռիո դե Ժանեյրոյի նավահանգիստը՝ Գուանաբարա ծովախորշը։ Սանտուս նավահանգիստը արհեստականորեն ստեղծվել է մերձափնյա ցածրադիր վայրի դրենաժավորումից։

Մերձափնյա հարթավայրի լայնությունը հարավում 80 կիլոմետրից հյուսիսում իջնում է 16 կիլոմետրի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. БРАЗИЛИЯ | Энциклопедия Кругосвет
  2. влажные экваториальные леса. География. Современная иллюстрированная энциклопедия. Под редакцией проф. А. П. Горкина. — М.: Росмэн. 2006.
  3. «Лес». Энциклопедия Кольера.
  4. «Южная Америка».География. Современная иллюстрированная энциклопедия. Под редакцией проф. А. П. Горкина. — М.: Росмэн. 2006.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրազիլիայի աշխարհագրություն» հոդվածին։