Բորբոքահեղձուկալորձենաբորբային նախատրամադրվածություն
Բորբոքահեղձուկալորձենաբորբային նախատրամադրվածություն |
---|
Բորբոքահեղձուկալորձենաբորբային նախատրամադրվածություն (էքսուդատիվ-կատառային դիաթեզ), երեխայի օրգանիզմի հատուկ վիճակ, որը պայմանավորված է նյութափոխանակության խանգարումներով և դրսևորվում է որոշ սննդանյութերի (հաճախ՝ կաթ, ձու, ելակ, ցիտրուսներ, մեղր, շոկոլադ) հանդեպ օրգանիզմի անհանդուրժողականությամբ։
Ախտանիշեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բորբոքահեղձուկալորձենաբորբային նախատրամադրվածության դեպքում նկատվում է հակում մաշկի և լորձաթաղանթների ալերգիկ բորբոքային ախտահարումների նկատմամբ։ Մաշկի փոփոխությունները կարող են առաջանալ դեռևս կյանքի առաջին ամիսներին, հատկապես առաջին կիսամյակում, երբ սնունդը դառնում է առավել բազմատեսակ։ Բորբոքահեղձուկալորձենաբորբային նախատրամադրվածության ախտանշանները մեղմանում կամ լրիվ անհետանում են 3-5 տարի անց։ Հիվանդությունը հաճախ սկսվում է վերհոնքային շրջանում թեփոտվող դեղին բծերի առաջացմամբ։ Երեխաների մոտ, նույնիսկ լավ խնամքի դեպքում, նկատվում են շփաբորբեր։ 1,5-2 ամսից կարող է առաջանալ, այսպես կոչված, գնեյս, այտերի մաշկի կարմրություն՝ թեփոտումով։ Գլխի մազածածկ մասերին և վերհոնքային շրջանում գոյանում են դեղնավուն կեղևիկներ, որոնք ծանր դեպքերում շերտավորվում են, նստում միմյանց վրա և կազմում հաստ թաղանթներ։
Բորբոքահեղձուկալորձենաբորբային նախատրամադրվածությամբ տառապող երեխաներն ավելի հաճախ են հիվանդանում սուր շնչառական հիվանդություններով, հարբուխով, անգինայով, բրոնխաբորբերով, աչքի լորձաթաղանթի բորբոքումով, միջին ականջի բորբոքումով, հաճախ առաջանում են իրար հաջորդող փորկապություն ու լուծ, կրած հիվանդություններից հետո երկար պահպանվում է ջերմաստիճանի նշանակալի բարձրացում, այսպես կոչված, ենթատենդային ջերմություն՝ 37-37,2 °C։ Նկատվում է օրգանիզմում ջրի կուտակման հակում, երեխաները լինում են «գերփխրուն», հաճախ գերսնուցված, բայց կարող են արագ կորցնել ջուրը, քաշի կտրուկ ավելացումները փոխվում են արագ նվազումներով։ Այդպիսի երեխաները վարակիչ հիվանդությունները տանում են բավականին ծանր և երկարատև։ Կարող են առաջանալ բարդություններ՝ էկզեմա, նյարդամաշկաբորբ, քորպտիկ։
Սուր շնչառական հիվանդությունների ֆոնի վրա երբեմն առաջանում են կեղծ կրուպ, բրոնխային հեղձուկ, հեղձուկային բրոնխաբորբ։ էկզեման հաճախ նկատվում է կերակրող մոր սննդակարգի խախտումից, երեխայի սննդում կովի կաթի, որոշ հյութերի, ձկան յուղի օգտագործումից։ Բորբոքահեղձուկալորձենաբորբային նախատրամադրվածության ժամանակ կոպերի մաշկը կարմրում է, գոյանում են մանր բշտիկներ, որոնք ուժեղ քոր են առաջացնում, քորելիս պոկվում են, և մաշկի մակերևույթը թացանում է։ Այտերին համաչափորեն առաջացող էկզեման կարող է տարածվել ամբողջ դեմքին, մարմնին, ձեռքերին, ոտքերին և ուղեկցվել քորով։ Երեխան դառնում է դյուրագրգիռ, խանգարվում է քունը։
Մանկական քորպտիկը բորբոքահեղձուկալորձենաբորբային նախատրամադրվածությամբ երեխաների մոտ բնորոշվում է ոտքերին և մարմնի ստորին մասերին հանգուցաձև ցաների առաջացմամբ։ Հաճախ նկատվում է կյանքի 2-3-րդ տարում՝ սննդում ձվի, մսի, խիտ արգանակի, շոկոլադի, ցիտրուսների օգտագործումից։
Նյարդամաշկաբորբով հիվանդանում են հիմնականում 3 տարեկանից բարձր երեխաները՝ նախատրամադրվածության ֆոնի վրա կամ դրա դրսևորումները մեղմանալուց որոշ ժամանակ անց։ Ծնկների, արմունկների ծալքերի, ինչպես նաև այլ խոշոր ծալքերի շրջանում մաշկը չորանում է, թեփոտում և կոպտանում, որն ուղեկցվում է ուժեղ քորով։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժում է բժիշկը։ Առանց բժշկի նշանակման տնային բուժիչ միջոցների, առավել ևս դեղանյութերի օգտագործումը, որպես կանոն, միայն վատացնում է երեխայի վիճակը։ Նշանակվում է սննդակարգ՝ բացառելով նախատրամադրվածություն առաջացնող սննդանյութերը (մսի խիտ արգանակ, ձվի սպիտակուց, շոկոլադ, խավիար, մեղր, կակաո, ցիտրուսներ)։
Շփաբորբերի դեպքում անհրաժեշտ են մանրակրկիտ խնամք, սոդայով և կալիումի գերմանգանատով հաջորդական լոգանքներ, յուղային միջադիրներ, մանկական մաշկաքսուք։ Բորբոքային երևույթների և մաշկը թացանալու դեպքերում բժշկի նշանակմամբ կիրառում են դեղանյութերով լոգանքներ, նյարդամաշկաբորբի դեպքում խորհուրդ է տրվում տարբեր մածուկներ և քսուքներ։
Կանխարգելում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանխարգելման նպատակով հղի կանայք և կերակրող մայրերը սննդում չպետք է օգտագործեն բորբոքահեղձուկալորձենաբորբային նախատրամադրվածություն առաջացնող սննդամթերք կամ պետք է կրճատեն դրանց օգտագործումը։ Անհրաժեշտ է ժամանակին բուժել հղիության տոքսիկոզները և այլ հիվանդություններ։
Մինչև 3 տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում տալ նախատրամադրվածություն առաջացնող սննդամթերք, իսկ որոշ երեխաների համար կազմում են անհատական ճաշացուցակ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |