Բարդի Բոլլեի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բարդի Բոլլեի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Ուռածաղկավորներ
Ընտանիք Ուռազգիներ
Ցեղ Բարդի
Տեսակ Բարդի Բոլլեի
Լատիներեն անվանում
Populus bolleana
Lauche

Բարդի Բոլլեի (լատ.՝ Populus bolleana), ուռածաղկավորներ ընտանիքի, ուռազգիներ ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ խոշոր ծառ է 30-35 մ բարձրությամբ և 0,8-1,0 մ տրամագծով։ Սաղարթը լայն-ձվաձև է կամ բրգաձև, դեպի վեր ուղղված ճյուղերով։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը բաց գույնի է, մոխրականաչավուն, հարթ և միայն ծեր ծառերի բնի ներքին մասի կեղևը ճաքճքված է, մուգ մոխրագույն կամ սևավուն։ Երիտասարդ ընձյուղները պատված են սպիտակ, թաղիքանման աղվամազով։ Երկարացած ընձյուղների տերևները խոշոր են, կաշվեկերպ, 5-7 բլթականի (երբեմն՝ 3), որոնք իրենց հերթին ունեն բլթակներ և խոշոր-ատամնաեզր են, տափակ-սեպաձև, երբեմն սրտանման հիմքով, բացվելիս երկու կողմից էլ ծածկված են սպիտակ, թաղիքանման աղվամազով։ հետագայում վերևի կողմից ստանում է մուգ անփայլ կանաչ գույն, ներքևի կողմը մնում է ծածկված սպիտակ, թաղիքանման աղվամազով։ Կարճացած ընձյուղների տերևները էլիպսա-կլորավուն են, անկանոն-անկյունավոր, սուր-ատամնաեզր, երբեմն՝ մերկ։ Տերևակոթունը կողքերից խիստ սեղմված է, խոշոր, ափսեանման գեղձիկներով։

Բnղբnջները ձվաձև են, խոշոր, մինչև 12 մմ երկարությամբ, ծածկված սպիտակ աղվամազով։ Տերևները բացվում են մարտին, ծաղկում է մարտ-ապրիլին, պտուղները հասունանում են ապրիl-մայիս ամիսներին։ խոնավասեր է, չափազանց լուսասեր, բավականին ցրտադիմացկուն և ձմեռադիմացկուն (Միջին Ասիայում դիմանում է մինչև -40 °C-ի սառնամանիքներին)։ Պահանջկոտ է հողի նկատմամբ։ Ունի մակերեսային, հորիզոնական ուղղությամբ տարածվող արմատներ։ Հտղմադիմացկուն չէ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում տարածված է Միջին Ասիայի հարթավայրերում և նախալեռնային շրջաններում, որտեղ աճում է գետափերին, ինչպես նաև լանջերի խոնավ շլեյֆներում։ Տյան Շանում հանդիպում է խմբերով, սովորական ընկուզենու անտառներում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակության մեջ հայտնի է անհիշելի վաղ ժամանակներից։ Հայաստանում մշակվում է 50-ական թվականներից։ Ներկայումս 30-35 տարեկան ծառեր կան Երևանում և ՀՀ ԳԱ բուսաբանական այգում, որոնք հասնում են 15-16 մ բարձրության և 50-60 սմ բնի տրամագիծ ունեն։ Ամեն տարի առատորեն ծաղկում և պտղաբերում են։ Հաջողությամբ է բազմանում կտրոնների միջոցով։ Բոլլեի բարդին լավ է աճում նաև Վանաձորում, Սևանում, Իջևանում, Բյուրականում, Գյումրիում, ամենուրեք հանդես բերելով մեծ դիմացկունության և դեկորատիվ հատկանիշներ[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 260։