Բաբելա-ասուրական մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջագետքի մշակութային կենտրոնները

Բաբելա-ասուրական մշակույթ, Միջագետքի հնագույն երկրների (Շումեր, Աքքադ, Բաբելոն, Ասորեստան) մշակույթը։

Սկզբնավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնավորել են շումերները։ Ընդօրինակել և զարգացրել են սեմական ժառանգորդները՝ աքքադացիք, բաբելոնացիք, ասորեստանցիք։ Միջագետքի քաղաքակրթության պատմության մեջ շումերների մեծագույն ներդրումը եղել է գրի (սկզբում պատկերագիր, ապա սեպագիր) ստեղծումը, որի շնորհիվ պատմության մեջ առաջին անգամ մարդը գրի է առել իր գործերը, մտքերն ու դատողությունները։ Մ․թ․ա․ 25-24 դարերի շումերական սեպագիրը իրենց լեզվին են հարմարեցրել աքքադացիք։ Շումերա-աքքադական սեպագիրը հետագայում տարածվել է Հին Արևելքի երկրներում։ Սեպագիր աքքադերենը մ․թ․ա․ II հազարամյակում եղել է միջազգային գրագրությունների համաճանաչ լեզու, որով և պահպանվել են վավերագրեր, բնագրեր, զրույցներ։ Աքքադերենը թեև աստիճանաբար արտամղել է հին շումերերենը, սակայն վերջինս՝ իբրև պաշտամունքային գրական լեզու, պահպանվել է մինչև մ․թ․ա․ II —I դդ․։ Գրական շումերերենը Միջագետքի երկրների կյանքում ունեցել է նույն նշանակությունը, ինչ լատիներենը՝ միջնադարյան Եվրոպայում։ Մ․թ․ա․ II հազարամյակի սկզբին կազմվել են շումերա-աքքադական ընդհանուր և տերմինագիտական բառարաններ, քերականության ձեռնարկներ։

Գրական ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհիկ և տաճարային շատ դպրոցներ եղել են շումերական մշակույթի կենտրոններ։ Գրագրությունը կամ դպրությունը համարվել է «կիրթ, պատվարժան մարդկանց շնորհ»։ Յուրացնելով շումերական գրականությունը (առասպելներ, զրույցներ, պոեմներ, դյուցազնապատումներ, ձոներ, հեքիաթներ, խրատներ, առածներ, ասացվածքներ, երդումներ, անեծքներ), սեմական գրագիրները վերամշակել և զարգացրել և այն։ Շումերական գրական ստեղծագործությունները հիմնականում պահպանվել են մ․թ․ա․ II հազարամյակի ընդօրինակություններում։ Առավել հայտնին է «Գիլգամեշ» պոեմը։ Գիլգամեշի, Էնկիդուի, Խումբաբայի զրույցները տարածված են եղել Մերձավոր Արևելքի ժողովուրդների մեջ։ Այդ դյուցազներգության մշակումները պահպանվել են շումերերեն, աքքադերեն, խեթերեն և խուրրիերեն։ Պոեմում գեղարվեստորեն զարգացվել է այն միտքը, որ մահվան հանդեպ սահմանափակ են նույնիսկ դյուցազունների հնարավորությունները, մահից խուսափելու ջանքերն անիմաստ են, ապարդյուն։ Մ․թ․ա․ 24-21 դարերին է վերագրվում Սարգոն Ա և Նարամսին թագավորների մեծագործությունների մասին շումերա-աքքադական հերոսական էպոսը։ Գրականության բնագավառում Ասորեստանն առանձնանում է միայն թագավորների ռազմական տարեգրություններով։ Աշշուրբանիպալ թագավորի օրոք (մ․թ․ա․ 680—669) Նինվեի պալատական գրադարանում հավաքվել և պահվել են շումերա-աքքադական գրականության բազմաթիվ նմուշներ։ Ասորեստանի պետական գրասենյակներում մ․թ․ա․ 1 հազարամյակում օգտագործվել է նաև արամեերենը՝ իբրև տարածված միջազգային լեզու։ Ասարհադոն թագավորի ժամանակներում է սկզբնավորվել իմաստուն Ախիքարի (տես Խիկար) մասին հայտնի զրույցը։

Դիցարանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիշերվա Իշտար աստվածուհին

Մ․թ․ա․ III հազարամյակի վերջին, ստրկատիրական պետության ամրապնդմամբ, ցեղային կրոնական պաշտամունքները միավորվել են ընդհանուր դիցարանում։ Ինչպես շումերները, այնպես էլ սեմական ցեղերն ու ժողովուրդները կարևոր տեղ են հատկացրել բնության գլխավոր ուժերի՝ երկնքի, երկրի և ջրի պաշտամունքին, որոնք համապատասխանաբար մարմնավորել են Ան (Անու), Էն- լիլ և Էնկի (Էա) աստվածները։ Երկրագործության, պտղաբերության, սիրո խնամակալուհին է համարվել Ինաննա մայր աստվածուհին։ Սեմական ժողովուրդները Էնլիլ աստծուն անվանել են Մարդուկ կամ Բել (տեր), Ինաննային՝ Իշտար (աստվածուհի)։ Բոլոր արարածների հովանին է եղել բնության մահն ու զարթոնքը մարմնավորող Դումուզի կամ Դումուզի-աբզու (սեմական Թամմուգ) աստվածը։ Կարևոր դեր են ունեցել յոթ լուսատուների աստվածությունները (Արև-Շամաշ, Լուսին- Սին, Մարս-Ներգալ, Մերկուրի-Նաբուն, Սատուրն-Նինուրտա, Յուպիտեր-Մարդուկ, Վեներա-Իշտար), որոնց հետ են կապվել 7-օրյա շաբաթը, 7-հարկանի զիկուրատները ևն։ Մարդուկը ճանաչվել է իբրև տիեզերակերտության աստված, Նաբուն՝ իմաստության, գրի, գիտության, Նինուրտան՝ նպաստավոր պատերազմի, Ներգալը՝ մահվան, համաճարակ հիվանդությունների, պատերազմի, Ադադը (շումերական Իշկուր)՝ որոտի և անձրևի աստված։ Մարդուկի գլխավոր մեհյանը եղել է Բաբելոն քաղաքում։ Մարդուկը մ․թ․ա․ 18-րդ դարում հռչակվել է որպես «գերագույն աստված»։ Ասորեստանի տիրակալության ժամանակ «գերագույն աստված» էր Աշ-շուրը։ Աստվածների դիցակարգը նմանվել է արքունի նվիրապետական կարգին։ Կրոնական հավատալիքներում կարևոր նշանակություն են տրվել գուշակություններին, մոգական ծեսերին ու սովորույթներին։ Ըստ շումերա-աքքադական տիեզերախոսական առասպելի, նախապես աշխարհը եղել է քաոս, ջրային հորձանուտ, որը մարմնավորվել է հրեշի՝ Տիամատ (Տիամտու) աստվածուհու կերպարանքով։ Ընդերքից ծնված նոր աստվածները որոշել են կործանել հրեշին և կարգավորել քաոսը։ Մարդուկ աստվածը մենամարտում սպանել է հրեշին՝ նրա մարմնից կերտելով աստղազարդ երկինքը և բույսերով ու կենդանիներով ծածկված երկիրը, իսկ կավից ու մատնիչ աստծո արյունից՝ մարդուն։ Բել-Մարդուկ աստծո և աշխարհի արարչագործության հիշատակը տոնվել է նոր տարվա սկզբին Բաբելոն քաղաքում։ Համաշխարհային ջրհեղեղի մասին զրույցը, որն ունի պատմական հիմք, շատ կողմերով նմանվում է Աստվածաշնչի ջրհեղեղի առասպելին։

Ճշգրիտ գիտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալեյի արբանյակի դիտումները հաստատող սեպագիր արձանագրություն, մ.թ.ա. 164

Տնտեսության գործնական պահանջների հիման վրա մ․թ․ա․ III հազարամյակում Միջագետքում ձևավորվել և զարգացել են մի շարք գիտություններ, հատկապես մաթեմատիկան և աստղագիտությունը։ Մաթեմատիկայում կիրառվել է դիրքային համակարգի սկզբունքը, այսինքն՝ միևնույն թվանշանը, ըստ թվաշարքում գրաված դիրքի, ունենում է թվային տարբեր նշանակություն։ Մասնավորաբար լայն կիրառություն է ունեցել շումերական հաշվանքի վաթսունական դիրքային համակարգը, որի հիման վրա կազմվել են զանազան հաշվողական աղյուսակներ, թվերի բաժանման, բազմապատկման, քառակուսիների, խորանարդների և դրանց արմատների (տես Սեպագիր մաթեմատիկական բնագրեր)։ Բաբելոնացիք լուծել են քառակուսի հավասարումներ, հույն մաթեմատիկոս Պյութագորասից ավելի քան հագար տարի առաջ իմացել Պյութագորասի թեորեմը, վճռել հարթաչափական և տարածաչափական խնդիրներ։ Շումերա-բաբելոնյան չափ ու կշիռների համակարգը կիրառվել է Առաջավոր Ասիայի հնագույն շատ երկրների չափագիտության մեջ։ Աստղագիտության համեմատաբար բարձր զարգացումը կապվև է լուսնային օրացույցի գործադրման հետ։ Տարին բաղկացած է եղել 12 լուսնային և մեկ հավելյալ ամսից։ Բաբելոնացի աստղագուշակները կանխատեսել են Արեգակի և Լուսնի խավարումները, Լուսնի և Երկրի առավելագույն մերձեցման պահը ևն։ Բաբելոնյան աստղագիտությունը ուղղակի ազդեցություն է ունեցել հին հունականի վրա։ Միջագետքի աշխարհագետները երկիրը պատկերացրել են ծովերով շրջափակված տափարակ, որը հատվում է հյուսիսային լեռներից իջնող Տիգրիս և Եփրատ գետերով։ Հակադրությունների սկզբունքով՝ զանազանել են Վերին (Սև) և Ստորին (Պարսից ծոց) ծովերի երկրները։

Պատմագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմագիտությունը եղել է խիստ պարզունակ, կազմվել է կարևոր իրադարձությունների ցուցակ, նկարագրվել թագավորների արշավանքները կամ շինարարական գործունեությունը։ Պատմական փոփոխությունների պատճառները հանգեցվել են աստվածների կամքին։ Շումերա-բաբելոնյան գրագիրները կազմել են բույսերի, կենդանիների, հանքաքարերի ցուցակներ, անգամ փորձել են դրանք դասակարգել։

Բժշկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկությունը զգալիորեն առաջադիմել է հին Միջագետքի երկրներում։ Բաբելոնյան բժիշկները կատարել են վիրահատություններ, անդամահատություններ, կոտրվածքների միակցություններ։ Մ․թ․ա․ II—I հազարամյակներից պահպանված բժշկական բնագրերում դասակարգվել են բազմաթիվ հիվանդություններ, դեղորայքներ։

Ճարտարապետությունը և կերպարվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաբելոնի ավերակները, 1932 թ. լուսանկար

Ճարտարապետությունը և կերպարվեստը Միջագետքում սաղմնավորվել և չորս հազարամյա էվույուցիոն զարգացմամբ կատարելության են հասել՝ էական ազդեցություն ունենալով Առաջավոր Ասիայի գրեթե բոլոր երկրների, ինչպես և Ուրարտուի արվեստի զարգացման վրա։ Միջագետքում չկան քարհանքեր, անտառներ, շինարարական նյութը հիմնականում հում ու, երբեմն, թրծած աղյուսն է, որով և մասամբ պայմանավորված են նրա ճարտարապետության բնորոշ շատ գծեր՝ պարզ երկրաչափական ծավալներ (խորանարդ կամ ուղղանկյուն), հարթությունների զուսպ ռիթմով արված ուղղաձիգ ջլատումներ, կորագիծ հարթությունների և սյուների հազվադեպ կիրառություն։ Հնագույն՝ էլ օբեիդյան ժամանակաշրջանի (մ․թ․ա․ IV հազարամյակի սկիզբ) բնակելի տները եղել են պարզունակ՝ միաբջիջ, կլոր հատակագծով, կավակերտ, եղեգնից հյուսված կմախքով խրճիթներ, որոնց ծածկը ստեղծվում էր ուղղահայաց դրված եղեգների ծայրերը գմբեթաձև միահյուսելով։ Այդպիսի տների պատկերները պահպանվել են խեցեղեն ամանների, կնիքների և բարձրաքանդակների վրա։ Մ․թ․ա․ III հազարամյակում կառուցված բնակելի տները աղյուսաշեն էին, ուղղանկյուն Ուր բնակելի տուն (մ․թ․ա․ II հազարամյակի սկիզբ, հատակագիծ և կտրվածք) հատակագծով, փայտածածկ, հարթ տանիքով, բաղկացած տարբեր նշանակություն ու չափեր ունեցող մի քանի սենյակներից։ Բնակելի տան տիպը սկզբունքորեն պահպանվել է Միջագետքի հին քաղաքակրթության ամբողջ ընթացքում, սակայն կլիմայական պայմանների բերումով բաժանվել է հս․ և հվ․ ենթատիպերի, հս․ ավելի ցուրտ շրջաններում բնակելի համալիրի միջուկը կազմել է երդիկից լուսավորվող ընդհանուր սենյակը կամ դահլիճը, հվ-ում նույն դերը կատարել է կենտրոնական բաց բակը, որի շուրջը տեղադրվել են տըն- տեսական և այլ բնույթի սենյակներ։ Ուրի պեղածո առանձնատները երկհարկանի են՝ ներքին բակի պարագծով կառուցված փայտաշեն պատշգամբով։ Քաղաքաշինությունը Միջագետքում զարգացել է մ․թ․ա․ III հազարամյակի սկզբից՝ շումերական ռազմա-ստրկատիրական քաղաք-պետությունների (Ուր, Ուրուկ, Լագաշ, Կիշ ևն) կազմավորմանը զուգահեռ։ Քաղաքները կառուցել են հնարավոր դժվարամատչելի տեղերում՝ շրջապատված հզոր պարսպով, որն ունեցել է ամրացված մի քանի մուտք և ռիթմիկ դասավորված աշտարակաձև ելուստներ։ Կառուցապատումը սկզբում կատարվել է տեղի ռելիեֆին համապատասխան՝ ազատ հատակագծման սկզբունքով։ Հետագայում՝ ուշ ասորեստանյան և նոր բաբելոնյան ժամանակներում, զգացվում է ուղղագիծ և փոխուղղահայաց, հատակագծային ցանցով (Քար-Թուկուլտի-Նինուրտա, Դուր-Շարուկին, մասամբ՝ Նինվե) կանոնավոր երկրաչափական ձևերի գործադրման միտում։ Մ․թ․ա․ VII դ․ Բաբելոնում, առաջին անգամ Հին աշխարհի պատմության մեջ, բազմահազարանոց բնակչությամբ (մոտ 200 000) կիսավեր քաղաքը հիմնովին վերահատակագծվել է Նաբուգոդոնոսոր II թագավորի օրոք։ Պեղումներով բացահայտվել են մոտ 10 կմ² տարածությամբ քաղաքի պարիսպները, թագավորական երեք պալատ, «Էսագիլ» տաճարային համալիրը, «Արարողությունների փողոցը», որը սկզբնական հատվածում ունի 25 մ լայնություն, Իշտարի դարպասները ևն։ Մ․թ․ա․ III հազարամյակի 2-րդ կեսից Միջագետքում կառուցել են պալատական հզոր համալիրներ, որոնց նախագծման հիմքում ընկած է եղել երկրի հարավային շրջաններում տարածում գտած բաց բակով բնակելի տան հատակագծային սկզբունքը։ Այդ շրջանի համար բնորոշ է Մարի քաղաքի պալատը, որ գրավում էր 2,25 հա տարածություն և պալատական սենյակներից բացի ունեցել է պաշտամունքային կառույցներ, սեպագրերի հնադարան և գրագիրների դպրոց։ Ասուրական ժամանակաշրջանի դասական օրինակ է Սարգոն II-ի պալատը Դուր-Շարուկինում (իյորսաբադ), որ կառուցվել է 14 մ բարձրությամբ արհեստական բլրի վրա և գրավել 10 հա տարածություն։ Պալատի 200-ից ավելի սենյակները ֆունկցիոնալ հստակ խմբավորմամբ տեղադրված են 30 բակերի շուրջը։ Առանձին մաս է հատկացված կրոնական կենտրոնին։ Պալատական ամբողջ համալիրը ներգծված է պարսպապատ ուղղանկյան մեջ և քաղաքի հետ հաղորդակցվում է հանդիսավոր մուտքի առջևի լայն պանդուսով։ Տաճարային ճարտարապետությունը Միջագետքում սկսել է ձևավորվել պետականության ստեղծումից շատ վաղ։ Մ․թ․ա․ IV հազարամյակի սկզբի Թեփե-Գավրայի տաճարները ունեցել են երկարավուն համաչափությամբ ուղղանկյուն հատակաձև, որի կենտրոնական մասում տեղադրվել է զոհարան-դահլիճը, երկու կողմերից շրջապատված ավելի փոքըր սենյակներով։

Բաբելոնի աշտարակից մի հատված

Ուրուկում պեղված «Սպիտակ տաճարը» (մ․թ․ա․ IV հազարամյակի կես) կառուցվել է աղյուսաշեն բարձր հարթակի վրա, որը շինությունը պահպանելով խոնավությունից, նրան հաղորդել է վեհություն, մոնումենտալություն։ Հարթակի վրա են տեղադրվել նաև Էլ-Օբեիդի և Իսսֆաջայի տաճարները, որոնք Դուր-Շարուկին․ միջնաբերդը, վերակազմություն Ուրուկ․ «Սպիտակ տաճար» (մ․թ․ա․ IV հազարամյակի վերջ, վերակազմություն) Մարի․ Զիմրի-Լիմ պալատի հատակագիծը պաշտպանական նկատառումներով շրջապատված են եղել հզոր պարսպով։ Մ․թ․ա․ III հազարամյակի վերջում բարձր հարթակի վրա կառուցված տաճարի տիպին զուգահեռ զարգացել է նաև պաշտամունքային շինության այլ տիպ՝ բազմաստիճան աշտարակ-զիկուրատը, որ դարձել է Միջագետքի ճարտարապետության բնորոշ կառուցվածքներից մեկը։ Ուրի զիկուրատը (մ․թ․ա․ XXII —XXI դդ․) բաղկացած է իրար վրա դրված և տարբեր գույներով ներկված երեք հատած բուրգերից, որոնցով ստեղծված հորիզոնական հարթակները միմյանց հետ հաղորդվել են արտաքին աստիճաններով։ Զիկուրատը հիմքում ունի 65X43 մ չափեր և ավարտվում է վերին հատած բուրգի վրա կառուցված ուղղանկյուն տաճարով՝ «աստծո բնակարանով»։ Նշանավոր Բաբելոնյան աշտարակը՝ «Էտեմանանկի զիկուրատը», որը վերջնականապես ավերվել է Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների ժամանակ, ըստ հնագույն չափագրումների և նկարագրությունների, հիմքում ունեցել է 90X90 մ չափեր և 90 մ բարձրություն, 5 կամ 6 սանդուղքներ և ավարտվել է 15 մ բարձրությամբ տաճարով։ Ասուրական ժամանակաշրջանում Միջագետքում տարածում է գտել տաճարային կառույցի մի այլ տիպ, որի հիմքում եղել է խեթական «բիտ-հիլանի» կառույցի սկզբունքը, միմյանց կից կառուցվել են միահարկ տաճարային սենյակներ, որոնց մուտքերը բացվել են դեպի ընդհանուր սյունազարդ պորտիկը։ Կերպարվեստի հուշարձանները՝ բարձրաքանդակները, որմնանկարները, ծավալային քանդակները, օրգանապես կապված են ճարտարապետությանը, նրա նման հանդիսավոր են և մոնումենտալ։ Դրանք պատկերում են գլխավորապես կրոնական, պատերազմական, որսի և երբեմն, պալատական կյանքի տեսարաններ, որտեղ արտահայտվել են ուժեղ, Ւպոր գերմարդու՝ թագավորի կերպարն ու նրա հաղթանակը թշնամու և վայրի կենդանիների նկատմամբ։ Միջագետքում հայտնաբերված հնագույն բարձրաքանդակները վերաբերում են Ջեմդետ-Նասրի ժամանակաշրջանին (մ․թ․ա․ IV հազարամյակի վերջ - III հազարամյակի սկիզբ) և պատկերում են ռիթմիկ հաջորդականությամբ դասավորված ժանրային տեսարաններ՝ մարդկանց և գազանների պատկերներով։ Շումերական և վաղ ասուրական բարձրաքանդակները հարթ են և ստատիկ։ Աստծո և թագավորի ֆիգուրները մյուսներից ավելի մեծ են։ Միջագետքում բարձրաքանդակներն ունեն շարունակական, պատմողական բնույթ և յուրատեսակ տարեգրություններ են՝ հաճախ բացատրական արձանագրություններով։ Տարեգրական բովանդակություն ունեն այսպես կոչված «Բալավատյան դարպասների» երեսապատ բրոնզե թիթեղների վրա դրվագված բարձրաքանդակները, որոնք պատկերում են Սալմանասար III-ի հաղթարշավը դեպի Տիգրիսի ակունքը։ Բարձրաքանդակային արվեստը, որը սկսվել է ստատիկ գծային պատկերից, ուշ ասուրական ժամանակաշրջանում հասել է կենդանի, դինամիկ, բարդ և տարածական կոմպոզիցիաների այնպիսի կատարելության, ինչպիսին առյուծների որսի նշանավոր տեսարանն է Աշշուրբանիպալի պալատում (Նինվե)։ Վաղ շումերական ժամանակաշրջանում տարածում են գտել պաշտամունքային բովանդակությամբ ծավալային փոքր քանդակները՝ պատրաստված քարից կամ բրոնզից։ Պայմանական, սխեմատիկ և չմանրամասնված ձևերով արված ֆիգուրները կարճահասակ են, հաղթանդամ, ցցուն քթով, մեծ, գունավոր քարերով ընդելուզված աչքերով (Աշնունակ, Ուրուկ)։ Աքքադական ժամանակաշրջանի փոքրաթիվ քանդակներում զգացվում է բրոնզի ձուլման, դրվագման և փորագրության մեծ վարպետություն, դիմանկարի անհատականություն (Նինվեի տիրակալի բրոնզե գլուխը, մ․թ․ա․ 23-րդ դար)։ Ասուրական ծավալային քանդակագործության նմուշներում արտահայտված է բարձրաքանդակային մտածողությունը։ Երկրաչափական պարզ ձևերի մեջ ներգծված քանդակները նախատեսված են հիմնականում ճակատային դիտակետի համար (Աշշուրնա- սիրպալ II-ի արձանը Կալխուում)։ Սովորաբար պալատական սենյակների մուտքերի երկու կողմում դրվող «պահապան ոգիների» (մարդու գլխով ու թևավոր ցուլի կամ առյուծի մարմնով ֆանտաստիկ էակների) քանդակները առջևից ունեն ծավալային մշակում, իսկ կողքից խորաքանդակ են։ Միջագետքի որմնանկարները հիմնականում կրկնում են բարձրաքանդակների մոտիվները, լուսաստվերից զուրկ, հարթ պատկերներ են, հարմոնիկ համադրությամբ, պայմանական գույներով և սև, ընդգծված եզրագծով։ Համեմատաբար լավ են պահպանվել Մարի քաղաքի պալատի և Տիլ-Բարսիբի որմնանկարները։ Կիրառական արվեստը ևս ունեցել է կատարողական բարձր մակարդակ։ Պեղումներով հայտնաբերվել են գունազարդ խեցեղեն ամաններ, կիսաթանկարժեք նյութերից պատրաստված գլանաձև քանդակազարդ կնիքներ, ոսկերչական իրեր, ժանեկազարդ գործվածքների պատառիկներ, ոսկրե փորագրված առարկաներ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գիլգամեշ՝ Հին Արևելքի դյուցազնավեպ, Ե․, 1963։
  • Փлиттнер Н․ Д․, Культура и искусство Двуречья и соседних стран, М․—Л․, 1958 (ռուս.)
  • Крамер С․ Н․, История начинается в Шумере, М․, 1965 (ռուս.)
  • Нейгебауер О․, Точные науки в древности, пер․ с англ․, М․, 1968 (ռուս.)
  • Матье М․ Э․ [и др․], Искусство Древнего Востока [М․, 1968] (Памятники мирового искусства․ Серия I, в․ 2) (ռուս.)
  • Всеобщая история архитектуры, т․ I, М․, 1970 (ռուս.)
  • Meissner В․, Babylonien und Assyrien, 1—2, Heidelberg, 1920 — 1925 (գերմ.)
  • Furlani G․, La civil a babiloneseec assira, Roma, 1929 (իտալ.)
  • Sabaiոо Mоsai, La an iche civil a semi iche, Bari, La erza, 1958
  • Kramer S․ N․, Sumerian my hology, Philadelphia, 1944 (անգլ.)
  • Dhorme E․, Les religions de Babylonie e d’As- syrie, 2 ed․, P․, 1959
  • Lamber W․ C․, Babylonian Wisdom Li era ure, Oxf․, 1960․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 189