Էնկիդու

Էնկիդու (𒂗𒆠𒆕 EN.KI.DU3, «Էնկիի ստեղծած»), «Գիլգամեշ» շումերա-բաբելոնական հերոսական էպոսի գլխավոր հերոսներից մեկը։ Աստվածների խնդրանքով Էնկիդուն ստեղծվել է Արուրու աստվածուհու կողմից կավից ու թքից, որպեսզի դիմակայի Գիլգամեշի ամբարտավանություններին։ Ըստ առասպելի՝ նա եղել է վայրի մարդ, որ մեծացել է կենդանիների մոտ և չի շփվել մարդկանց հետ նախքան Շամխաթի կողմից գայթակղվելը։ Դրանից հետո նա սկսում է համագործակցել մարդկանց հետ և ծանոթանում քաղաքակրթությանը, որի գագաթնակետն է դառնում Ուրուկի թագավոր Գիլգամեշի դեմ պայքարը։ Էնկիդուն մարմնավորում է վայրի կամ բնական աշխարհը։ Չնայած Էնկիդուն իր ուժով ու դիմացկունությամբ հավասար է Գիլգամեշին, սակայն Էնկիդուն որոշ չափով հանդես է գալիս որպես հակադրություն քաղաքակիրթ, մարդկանց շրջանում մեծացած ռազմիկ թագավորին։ Էնկիդուն դառնում է թագավորի մշտական ուղեկիցն ու սիրելի ընկերը, որ մշտապես ուղեկցում է նրան իր արկածների ընթացքում։ Սակայն Էնկիդուի հիվանդությունն ու մահը ողբերգական կորուստ է դառնում Գիլգամեշի համար՝ նրան ստիպելով որոնել մահվանից փրկվելու և աստվածային անմահություն ձեռք բերելու ուղի[1]։
Հնագույն աղբյուրներում երբեմն հիշատակվում է որպես Էաբանի կամ Էնկիտա։ Էնկիդուն նրա անվան ժամանակակից տարբերակն է։
Էնկիդուի կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուրուկ քաղաքի բնակչությունը աստվածներին բողոքում է, որ իրենց հզոր թագավոր Գիլգամեշը չափազանց դաժան է։ Արուրու աստվածուհին ջրից ու կավից ստեղծում է Էնկիդուին՝ որպես Գիլգամեշի հակառակորդ ու նրան դիմակայող ուժ։ Էնկիդուն ապրում է վայրի բնության մեջ, թափառում էր կենդանիների խմբերի հետ ու սնվում բույսերով։ Մ․ Հ․ Հենզեն դրանում ընդգծում է հին Միջագետքում եղած ավանդությունը վայրի մարդու մասին, որ ապրում էր մենակ ու թափառում էր մարդկանց բնակավայրերից հեռու, սնվում էր բույսերով և ջուրը խմում կենդանիների նման[2]։ Որսորդը, տեսնելով նրան, հասկանում է, որ Էնկիդուն է, որ կենդանիներին ազատում է իր դրած թակարդներից։ Նա այդ մասին հայտնում է Գիլգամեշին, և վերջինս տաճարի մարմնավաճառ Շամխաթին ուղարկում է նրան գայթակղելու[3]։
Էնկիդուն վեց օր ու յոթ գիշեր է անցկացնում Շամխաթի հետ։ Դրանից հետո կենդանիները, Էնկիդուի վրայից առնելով կնոջ հոտը, հեռանում են նրանից, և Էնկիդուն հասկանում է, որ այլևս չի կարող վերադառնալ իր նախկին կյանքին[4]։ Էնկիդուն վերադառնում է Շամխաթի մոտ, որը նրան ծանոթացնում է քաղաքակրթությանը։ Այժմ նա հոտը պաշտպանում է գազաններից՝ հանդես գալով իր նախկին ընկերների դեմ։ Մորիս Ջաստրոն ու Ալբերտ Քլեյն այն կարծքին են հայտնել, թե նախապես գոյություն է ունեցել առանձին առասպել Էնկիդուի մասին, որում ներկայացվում է մի մարդու կյանքն ու ճակատագիրը, որ կնոջ հետ հարաբերությունների շնորհիվ գիտակցում է մարդկային արժանապատվությունը[5]։
Շամխաթն Էնկիդուին պատմում է Ուրուկ քաղաքի ու նրա թագավոր Գիլգամեշի մասին։ Էնկիդուն գնում է Ուրուկ և կռվի բռնվում Գիլգամեշի հետ, որպեսզի չափեն իրենց ուժը։ Գիլգամեշը հաղթում է, և նրանք դառնում են ընկերներ։
Արկածներ Գիլգամեշի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էնկիդուն օգնում է Գիլգամեշին կռվել Մայրիների անտառի պահապան Խումբաբայի դեմ և սպանել նրան։ Էնկիդուն ընտրում է բարձր ծառերից մեկը, որ նրանից նոր դուռ պատրաստի Էնլիլի տաճարի համար, որ գտնվում էր Ուրուկում։ Հետագայում նա Գիլգամեշին օգնում է սպանել Գուգալանային՝ երկնային ցլին, որին աստվածներն ուղարկել էին սպանելու Գիլգամեշին որպես վրեժ Իշտար աստվածուհու սերը մերժելու համար։ Իշտարը պահանջում է, որ երկու ընկերներն էլ պատժվեն ցլին սպանելու համար։ Շամաը դիմում է մյուս աստվածներին՝ խնդրելով չսպանել նրանց, սակայն փրկվում է միայն Գիլգամեշը։ Էնկիդուն մահանում է հիվանդությունից։ Նա մարմնավորում է այն հերոսին, որ արժանանում է փառքի, սակայն վաղ է մահանում[6]։ Գիլգամեշը, վշտացած ընկերոջ կորստից, գնում է որոնելու Ուտնապիշտիմին, որպեսզի ձեռք բերի հավերժական կյանք։
Գոյություն ունի առասպելի մեկ այլ տարբերակ, որում ներկայացվում է Էնկիդուի ճանապարհորդությունն անդրաշխարհում, սակայն շատ գիտնականներ կարծում են, որ դա էպոսի շարունակությունն է կամ հավելումը, քանի որ այն մի քանի անգամ վերափոխվել է։ Ջրհեղեղի մասին բաժինը նույնպես համարվում է հավելում[7]։
Գոյություն ունի տարածվող կարծիք, թե Գիլգամեշի ու Էնկիդուի հարաբերությունները կրել են էրոտիկ բնույթ[8][9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Jastrow, 1911, էջեր 788–789
- ↑ Henze, M.H., The Madness of King Nebuchadnezzar, Brill, 1999 9789004114210
- ↑ "The Coming of Enkidu", The Epic of Gilgamesh, Assyrian International News Agency
- ↑ Westenholz, Aage and Koch-Westenholz, Ula. "Enkidu - the Noble Savage?", Wisdom, Gods and Literature: Studies in Assyriology in Honour of W.G. Lambert, (Wilfred G. Lambert, A. R. George, and Irving L. Finkel, eds.), Eisenbrauns, 2000 9781575060040
- ↑ Jastrow, Jr., Morris and Clay, ALbert T., An Old Babylonian Version of the Gilgamesh Epic, p.20, Yale University Press, New Haven, Connecticut, 1920
- ↑ Wolff, H. N. "Gilgamesh, Enkidu, and the Heroic Life", Journal of the American Oriental Society, Vol. 89, No. 2 (Apr. - Jun., 1969), pp. 392-398, American Oriental Society
- ↑ Moran William L. (1991)։ Epic of Gilgamesh: A Document of Ancient Humanism։ The Canadian Society for Mesopotamian Studies Bulletin։ էջ 20։ ISSN 0844-3416։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-24-ին։ Վերցված է մարտի 27, 2015
- ↑ Ackerman Susan (2005)։ When Heroes Love։ Columbia University Press։ ISBN 9780231507257։ Վերցված է մարտի 27, 2015
- ↑ Sadownick Douglas, Walker Mitch (ապրիլի 7, 2012)։ «The Romance of Gilgamesh»։ YouTube։ Վերցված է մարտի 27, 2015
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Jastrow Morris (1911)։ «Eabani»։ in Chisholm Hugh։ Encyclopædia Britannica 8 (11th ed.)։ Cambridge University Press։ էջեր 788–789
- The Epic of Gilgamesh, Foster, Benjamin R. Foster trans. & edit. New York: W.W. Norton & Company, 2001. 0-393-97516-9
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Enkidu sitting astride Gugalanna, the Bull of Heaven
- Bertman, Stephen. Handbook to Life in Ancient Mesopotamia, Oxford University Press, Jul 14, 2005
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էնկիդու կատեգորիայում։ |