Իշտարի դարպասներ
Իշտարի դարպասներ (արաբ․՝ بوابة عشتار), Բաբելոնի ներքին քաղաքի ութերորդ դարպասը։ Կառուցվել է քաղաքի հյուսիսային մասում Ք. ա. 575 թվականին Նաբուգոդոնոսոր արքայի հրամանով։
Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]
Իշտարի դարպասները կիսաշրջանաձև կամար են՝ սահմանափակված հսկայական պատերով, որոնք ձգվել են Արարողությունների փողոցի երկայնքով։ Դարպասները նվիրված են եղել Իշտար աստվածուհուն։ Կառուցված են եղել վառ կապույտ, դեղին, սպիտակ և սև ջնարակով պատված աղյուսից։ Դարպասի պատերը և ճանապարհը պատված են եղել արտակարգ գեղեցիկ խորաքանդակներով. միայն առյուծի 120 խորաքանդակ կա։ Ցլերի և սիրուշների (օձի կոտոշավոր գլխով, առյուծի առաջամասով, արծվի ոտքերով առասպելական կենդանի) պատկերները հաջորդում են իրար. սիրուշը խորհրդանշում է Մարդուկին, ցուլը՝ կայծակի, քամու աստված Ադադին[1]։ Ընդհանուր առմամբ դարպասներին կենդանիների 575 պատկեր կա։
Դարպասների տանիքը և դռները պատրաստված են մայրու փայտից։ Իշտարի դարպասներով, Արարողությունների փողոցով Նոր տարվա տոնակատարությունների ժամանակ բերել են աստվածների արձանները։ Երբ դարպասների կառուցման աշխատանքներն ավարտվել են, Նաբուգոդոնոսորը կազմել է սեպագիր արձանագրություն՝ ի ցույց ամենքի։ Արձանագրությունը սկսվում է հետևյալ կերպ.
![]() |
Ես` Բաբելոնի արքա Նաբուգոդոնոսորս, Մարդուկի օրհնությամբ կառավարում եմ երկիրը, քաղաքի բարձրագույն տիրակալն եմ, երկնքի սիրելին, հնարամտությամբ անխոնջ մտածում եմ Բաբելոնի բարգավաճման մասին, Բաբելոնի արքա իմաստուն Նաբոպոլասարի որդին եմ... | ![]() |
Այս արձանագրությունը այժմ պահվում է Բեռլինի Պերգամոնի թանգարանում։ Դարպասների փոքրացված տարբերակը, որ կառուցել էր տվել Սադդամ Հուսեյնը, ոչնչացվել է պատերազմական գործողությունների հետևանքով։
Վերակառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]
Իշտարի դարպասների և արարողությունների փողոցի վերակառուցումը տեղի է ունեցել 1930-ական թվականներին Բեռլինի Պերգամոնի թանգարանում այն նյութի հիման վրա, որ հայտնաբերել է հնագետ Ռոբերտ Կոլդևեյը։ Պրոցեսիումի փողոցը զարդարող պատերի և դարպասների տարբեր հատվածներ պահվում են աշխարհի տարբեր թանգարաններում։ Այսպես՝ Ստամբուլի հնագիտական թանգարանում պահում են առյուծների, վիշապների և ցլերի խորաքանդակներ, Դետրոյտի արվեստի թանգարանում պահվում է սիրուշի խորաքանդակ։ Առյուծների խորաքանդակներ կան Լուվրում, Մետրոպոլիտեն թանգարանում, Չիկագոյի արևելյան ինստիտուտում, Բոստոնի գեղարվեստի թանգարանում։
Իշտարի դարպասների կրկնօրինակը պատրաստվել է Իրաքում թանգարանի մուտքի համար, սակայն կառուցումը վերջնականապես չի ավարտվել։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Kleiner, Fred (2005). Gardner's Art Through the Ages. Belmont, CA: Thompson Learning, Inc. p. 49. ISBN 0-15-505090-7.