Արգենտինայի կինեմատոգրաֆիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազգային կինեմատոգրաֆիայի պատմության մեջ Օսկար ստացած երկրորդ՝ «Նրա աչքերի գաղտնիքը» ֆիլմի պատվին կազմակերպված ընդունելությունն Արգենտինայի նախագահ Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշների մոտ (կենտրոնում), Բուենոս Այրես, Կասա Ռոսադա, 2010 թ․։
Ներկա էին (ձախից աջ)՝ ռեժիսոր Խուան Խոսե Կամպանելիան, դերասան Գիլիերմո Ֆրանցելլան, նախագահը, դերասանուհի Սոլեդադ Վիլյամիլը, դերասան Ռիկարդո Դարինը։

Արգենտինայի կինեմատոգրաֆիա, Արգենտինայի Հանրապետության ֆիլմարտադրությունը, կինեմատոգրաֆիական նյութի ազգային ոճը և մատուցման ձևը, ինչպես նաև արտադրության գործընթացի և ստեղծված աշխատանքների վարձույթի հետ կապված տնտեսական փոխհարաբերությունները։ Իսպանախոս երկրների այս ոլորտում զբաղեցնում է առաջատար դիրքերը, այդ թվում՝ միջազգային մրցանակների քանակով՝ Գոյա մրցանակի 18 առաջադրումներից հաղթել է 13-ում («Իսպաներեն լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգ), Օսկարի 6 առաջադրումներից 2-ում («Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգ)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին կինոդիտումն Արգենտինայում, որի ժամանակ ցուցադրվեցին Լյումիեր եղբայրների կարճամետրաժ ֆիլմերը՝ ներառյալ լեգենդար «Գնացքի ժամանումը Լա-Սյոտի կայարան», տեղի ունեցավ 1896 թվականի հուլիսի 18-ին Բուենոս Այրեսի Օդեոն թատրոնում[1]։

Արգենտինական կինեմատոգրաֆիայի առաջին ֆիլմը համարվում է 1897 թվականին Էժեն Պիի նկարահանած մեկ րոպեանոց փաստագրական ժապավենը, որտեղ ցուցադրվում է Բուենոս Այրեսի մայիսյան հրապարակի վրա ծածանվող Արգենտինայի դրոշը[2]։ Արդեն երկու տարի անց էկրան է բարձրանում մի փաստագրական ֆիլմ՝ բժիշկ Ալեխանդրո Պոսադասի վիրաբուժությունների մասին, որով, ըստ «Կոլումբիայի կինեմատոգրաֆիական ժառանգության տեղեկագրի», սկիզբ դրվեց ուսուցողական և ճանաչողական կինոյին[3]։

Կադր «Ամալիա» ֆիլմից (1914)

Դարասկզբի արգենտինական կինեմատոգրաֆիայի համար չափազանց կարևոր են 2 կերպարներ՝ Էժեն (Էուխենիո) Պին[Ն 1] և Մաքս Գլյուքսմանը։ Առաջինը գաղթել էր Ֆրանսիայից, կինոօպերատոր էր և խրոնիկյոր։ Հատկապես հայտնի է նրա՝ Բրազիլիայի նախագահ Կամպուս Սալիսի այցը լուսաբանող սյուժեն (1900)։ Երկրորդը՝ Մաքս Գլյուքսմանը, պրոդյուսեր էր և գործարար։ Հենց նրանք էին 1907-1911 թվականներին պարզ միջոցներ փնտրում ֆիլմերին ձայն ավելացնելու համար՝ փորձելով պատկերը սինխրոնացնել գրամոֆոնի հետ։ Ընդհանուր առմամբ ստեղծվեց 32 «ձայնային տեսարաններ», որոնք որոշակի հաջողություն ունեցան հանդիսատեսի շրջանում[4]։

1908 թվականին Մարիո Գալիոն նկարահանեց «Դոռեգոյի գնդակահարությունը» թեմատիկ ֆիլմը[5], իսկ հաջորդ տարի՝ առաջին էֆեկտավոր ֆիլմը՝ «Մայիսյան հեղափոխություն»-ը (իսպ.՝ La Revolución de Mayo)[1]։ Ընդհանրապես ազգային գեղարվեստական կինեմատոգրաֆիան ի սկզբանե կապված էր դասական գրականության հետ։ 1914 թվականին ռեժիսոր Էնրիկո Գարսիա Վելիոսոն, Խոսե Մարմոլի համանուն վեպի հիման վրա, նկարահանեց արգենտինական առաջին խաղարկային ֆիլմը՝ «Ամալիա»-ն։ Հաջորդ տարի էկրան բարձրացավ «Գաուչոյի ազնվականությունը» ֆիլմը, որն ազգային կինեմատոգրաֆիայի կոմերցիոն հաջողության առաջին օրինակն էր[4][6]։ Ժապավենը պատմում է Արգենտինայի մայրաքաղաքում և մերձակա շրջաններում հասարակ իտալացի տարագրի չար արկածների մասին[7]։

1917 թվականին իտալացի տարագիր Կվիրինո Կրիստիանին նկարահանում է «Առաքյալը» մուլտիպլիկացիոն ֆիլմը, որը շատ աղբյուրներ համարում են աշխարհում առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմը[3][8]։ Կինեմատոգրաֆիայից հեռու չէին նաև քաղաքական և սոցիալական թեմաները, որոնք երևան եկան 1918 թվականի «Վերջին շուրջկալ» և 1919 թվականի «Մերկ Խուանը» ֆիլմերը, որոնք պատմում էին օտարերկրյա մենաշնորհների տնտեսական հարկադրանքի մասին[9]։

1910-ական թվականների երկրորդ կեսին արգենտինական կինոյի շուկան նվաճեց ԱՄՆ[10] ու Ֆրանսիան[4]։

Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատներն ու պատմաբանները 1930-1940-ական թվականները հաճախ են անվանում արգենտինական կինոյի «Ոսկեդար»։ Գտնվելով տեխնիկապես ավելի հագեցած Հոլիվուդի հետ ոչ հավասար պայմաններում՝ առաջին հնչունային ֆիլմերի կինոարտադրողները նկարահանում էին արգենտինացի հանդիսատեսին հարազատ թեմաներ։ Ընտրվում էին սյուժեներ կատակերգական պիեսներից և հայտնի երգերից, որոնք հաջողություն ունեցան՝ աուտենտիկության շնորհիվ[11]։

1931 թվականին նկարահանված «Նավահանգստային տիկնիկներ» ֆիլմն Արգենտինայում բացեց «Վիտաֆոն» տեխնոլոգիայով հնչյունային ֆիլմի դարաշրջանը (հնչյունային մասը ձայնագրի համար ձայնագրվում է առանձին սկավառակի վրա)։ Ավելի խոստումնալից և արագ զարգացող «Մուվիտոն» համակարգը (հնչյունային մասը ձայնագրվում է անմիջապես կինոժապավենի վրա) կիրառվեց 1933 թվականին «Տանգո» ֆիլմում, իսկ Արգենտինայում էկրանից հնչած առաջին բառերն էին «Բուենոս Այրես»-ը։ Argentina Sono Film ստուդիայի կինոժապավենում նկարահանվել են վառ կերպարներ՝ երգչուհի և պարուհի Լիբերտադ Լամարկեն, հայտնի թատերական դերասան Պեպե Արիասը, կատակերգակ դերասանուհի Տիտա Մերելիոն։ Կինոքննադատների մեծ մասը ֆիլմը գնահատեց որպես ձախողված՝ հստակ սյուժեի բացակայության պատճառով[12]։ Թեև ֆիլմն աղմկալի հաջողություն ունեցավ հանդիսատեսի շրջանում՝ կինեմատոգրաֆիստներն այն համարում էին լոկ «աղքատ երեխա՝ ոչ բարեկեցիկ և վտանգավոր թաղամասերից»[13]։ Մեկ շաբաթ անց վարձույթի դուրս եկավ Lumiton ստուդիայի «Երեք կիրք» ֆիլմը (իսպ.՝ Los tres berretines)[Ն 2]։ Ըստ մամուլի՝ այն բոլոր գեղարվեստական չափանիշներով բարձր մակարդակ է ցույց տալիս և արժանի է, որպեսզի Արգենտինան ներկայացնի արտասահմանում[14]։ Այսպես թե այնպես այս երկու ընկերությունների ստեղծագործական և կոմերցիոն դիմակայումը շատ դեպքերում որոշում էր Արգենտինայի կինեմատոգրաֆիայի ճակատագիրը (միաժամանակ տասնյակից ոչ քիչ և ոչ փոքր ստուդիաների առկայության դեպքում)[15]։

1936 թվականին «Օգնիր ինձ ապրել» ֆիլմը վերջնականապես ձևավորեց երաժշտական ֆիլմի նոր ազգային ենթաժանրի՝ «ֆիլմ տանգոյի» կամ «տանգո օպերայի» չափանիշները։

Այս ժամանակաշրջանում է ծաղկում ապրել իտալական ծագմամբ արգենտինացի ռեժիսոր Մարիո Սոֆիչիի ստեղծագործական կյանքը։ 1935 թվականին նա նկարահանել է «Ակորդեոնի հոգին» ֆիլմը, իսկ 1939 թվականին՝ «Հողի բանտարկյալները»։ Որոշ հարցումներում այս ֆիլմը հիշատակվում է որպես «լավագույնն Արգենտինայի կինեմատոգրաֆիայի պատմության մեջ»[16]։

Դասական շրջան․ 1-ին փուլ (1940-ական թվականներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

1940-ական թվականների սկզբից Արգենտինայի կինեմատոգրաֆիայում ճգնաժամ սկսվեց՝ շուկայում չափազանց շատ ամերիկյան կինոժապավենների առկայության և բոլոր իսպանախոս երկրների վրա ազդեցություն ունեցող մեքսիկական կինոյի գերիշխելու պատճառով (հետագայում այս երևույթը կոչվեց «ցելյուլոիդային ճգնաժամ»)։ Ճգնաժամի պատճառներից էր նաև այն, որ ամերկյան կինոարտադրողները՝ եվրոպական մրցակիցների բացակայության պատճառով, արհեստականորեն սահմանափակում էին ֆիլմերի իրացումը ԱՄՆ-ի սահմաններից դուրս[16]։ Ազգային կինեմատոգրաֆիստները սահմանափակվում էին հիմնականում հայտնի գրական ստեղծագործությունների կամ պատմաարկածային ֆիլմերի էկրանավորմամբ՝ «Մի գիշերվա պատմություն» (ռեժիսոր Լուիս Սասլավսկի, 1941), «Մալամբո» (ռեժիսոր Ալբերտո դե Զավալիա, 1942), «Գաուչոների պատերազմը» (ռեժիսոր Լուկաս Դեմարե, 1942), «Գետի երեք տղամարդիկ» (ռեժիսոր Մարիո Սոֆիչի

1941 թվականին ձևավորվեց Արգենտինացի արտիստների միությունը[17]։ 1942 թվականի հուլիսի 10-ին ոչ պաշտոնապես ստեղծվեց Արգենտինայի կինոքննադատների միությունը, սակայն միությանը իրավաբանական կարգավիճակ տրվեց միայն 1957 թվականի դեկտեմբերի 23-ին։ Իր գործունեության սկզբում միությունը միայն անուն ուներ։ Լրագրողներն ու քննադատները հավաքվում էին ռեստորաններում, սրճարաններում, որտեղ էլ քննարկումներ էին իրականացնում։ 1943 թվականի հունվարին միությունը բարձրացրեց իր կարգավիճակը՝ սահմանվեց «Արծաթե անգղ» մրցանակ` նախորդ տարվա հիմնականում ազգային արտադրության ֆիլմերի համար։ Ամեն ինչ սկսվեց 2 անվանակարգերից՝ լավագույն ֆիլմ և լավագույն արտասահմանյան ֆիլմ և 7 մեդալներից (լավագույն ռեժիսոր, դերասան, բնօրինակ և ադապտացված սցենար)։ Առաջին մրցանակներն ստացան ռեժիսոր Լուկաս Դեմարեն «Գաուչոների պատերազմը» ֆիլմի համար, «Մալամբո» երաժշտական ֆիլմը, «Երրորդ համբույրը» (լավագույն դերասանուհի Ամելիա Բենսե), «Երեխաները մեծանում են» (լավագույն դերասան՝ Արտուրո Գարսիա Բուր) և «Ինչ կանաչ էր իմ հովիտը» (ԱՄՆ, լավագույն արտասահմանյան ֆիլմ)։

Հետպատերազմյան շրջանն իր հետ բերեց սոցիալական լարվածություն, որի համար պատասխանատվությունը մի շարք պատմաբաններ դնում էին նախագահ Խուան Դոմինգո Պերոնի ուսերին։ Պետությունն սկսեց խիստ վերահսկել կինեմատոգրաֆիան։ Շատ կինոստուդիաներ փակվեցին, իսկ որոշ ռեժիսորներ և դերասաններ (ինչպիսիք էին Լիբերտադ Լամարկեն) հեռացան երկրից[18]։

Այդ տասնամյակում հայտնի դարձան դերասանուհիներ, երկվորյակ քույրեր Միրտա և Սիլվիա Լեգրանները։

Դասական շրջան. 2-րդ փուլ (1950-ական թվականներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

1940-ական թվականներին ավարտվեց «ցելյուլոիդային ճգնաժամը»։ Շուկա վերադարձան երվրոպական արտադրության կինոժապավենները, իսկ Արգենտինայում ընդունվեց № 12.999 օրենքը, որը դատական հետապնդման վտանգի տակ կինոթատրոններին պարտավորեցնում էր հետևել ազգային ու արտասահմանյան ֆիլմերի թույլատրելի հարաբերակցությանը։ Ոչ մեծ ստուդիաները կարողացան նկարահանել մրցունակ և հանդիսատեսի շրջանում պահանջարկ ունեցող ֆիլմ՝ «Լաթե գնդակ» (իսպ.՝ Pelota de trapo, ռեժիսոր Լեոպոլդո Տոռե Նիլսոն, 1948), «Գունավոր կոշիկներ» (իսպ.՝ Las zapatillas coloradas, 1952), «Երեք հրացանակակիրները» (իսպ.՝ Los tres mosquiteros, 1953):

Արգենտինական կինեմատոգրաֆիայի դասական շրջանի 1-ին և 2-րդ փուլերի կառուցվածքային հաջորդականությունն ապահովեցին այն ռեժիսորները, որոնք իրենց գործունեությունն սկսեցին 1940-ական թվականներին, սակայն 1950-ականներին ստեղծեցին իրենց լավագույն աշխատանքները՝ Դանիել Տինայրեն և նրա քրեական դրաման՝ «Ամոթ»-ը (իսպ.՝ Deshonra, 1952), Կառլոս Ուգո Կրիստենսենի «Եթե ես մահանամ, նախքան զարթնելս» (իսպ.՝ Si muero antes de despertar, 1952), Լուիս Սասլավսկիի «Վիդալիտա» մյուզիքլը (իսպ.՝ Vidalita, 1949)[19]: Մեծ հանրաճանաչություն ունեին (այդ թվում նաև ԽՍՀՄ-ում) Լոլիտա Տոռեսի մասնակցությամբ երաժշտական ֆիլմերը։ Արգենտինական կինեմատոգրաֆիայի դասական շրջանի 2-րդ փուլի նոր ռեժիսորների շրջանում կարելի է առանձնացնել Ուգո դել Կառիլիային և Լեոնա Կլեմովսկուն։

1955 թվականի ռազմական հեղաշրջման արդյունքում Արգենտինայի շուկան բոլոր բնագավառներում բաց էր միջազգային ընկերությունների համար, ազգային արտադրության ֆիլմերի վրա դրված արգելքները ևս չեղարկվեցին։ 1957 թվականին ընդունվեց 57/62 սահմանադրական որոշումը, ըստ որի պետությունն իր վրա էր վերցնում կինեմատոգրաֆիական գործունեության ամբողջ վերահսկումը[17]։

Նոր ալիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինացի հայտնի դերասանուհիներ Իսաբել Սարլին, Օլգա Սուբարին, Տիտա Մերելոն եւ Միրտա Լեգրանը
1961 թվականի Բեռլինի կինոփառատոնին

1958 թվականին ստեղծվեց Արգենտինական կինոյի միությունը, որի նախաձեռնությամբ 1959 թվականին ստեղծվեց Կինեմատոգրաֆիայի ազգային ինստիտուտը[17]։ Այն փոխարինեց Զվարճալիքների գլխավոր վարչությանը և վերահսկում էր կինեմատոգրաֆիայի բոլոր ֆինանսական փոխհարաբերությունները։ Այդ շրջանում իրենց դրսևորած ռեժիսորներին ընդունված էր անվանել «նոր ալիք» կամ «նոր կինո», թեև ներկայումս ավելի հաճախ կիրառվում է «60-ականների սերունդ» եզրը[20]։ Երիտասարդ կինեմատոգրաֆիստները հասան տեխնիկական նոր մակարդակի, ինչի շնորհիվ նրանցից շատերը կարողացան մասնակցել միջազգային փառատոների։ Լեոպոլդո Տոռե Նիլսոնը, Ֆերնանդո Այալան, Դավիդ Խոսե Կոոնը, Սիմոն Ֆելդմանը և Ֆերնանդո Սոլանասը դարձան 1960-ականների արգենտինական կինոյում այդ նորացման գլխավոր գործող անձինք։ Սակայն 1966 թվականի քաղաքական անկայունության հերթական շրջանն իշխանության գլուխ բերեց նոր կառավարություն, որն այդ ռեժիսորների ֆիլմերին մեղադրեց ոչ պիտանի էլիտար ինտելեկտուալիզմի մեջ և փակեց պետական ֆինանսավորման բոլոր ճանապարհները։ Այսպես, էքսցենտրիկ Ուգո Սանտյագոն՝ կուլտային «Ներխուժում» (իսպ.՝ Invasión, 1969) և «Այլք» (ֆր.՝ Les autres, 1974) ֆիլմերի ռեժիսորը, մեկնեց Ֆրանսիա։ Ազգային կինոարտադրության մեծ մասը սկսեցին կազմել կատակերգական մյուզիքլները և դասական սյուժեների էկրանավորումները։ Ոչ շատ բացառությունների թվում էր Լեոնարդո Ֆավիոյի «Միայնակ տղայի քրոնիկոնը» (իսպ.՝ Crónica de un niño solo, 1965) և «Սա Անիսետոյի և Ֆրանսիսկայի սիրավեպն է, թե ինչպես այն կիսատ մնաց, սկսվեց տխրությունը և մի քանի այլ բաներ․․․» (իսպ.՝ Este es el romance del Aniceto y la Francisca, de cómo quedó trunco, comenzó la tristeza y unas pocas cosas más..., 1967) դրամաները։

Երրորդ կինո, Cine Liberation և Cine de la Base[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականի մարտին Ֆերնանդո Սոլանասը և Օկտավիո Խետինոն «Կուբայական կինո» ամսագրին հարցազրույց տալիս առաջին անգամ կիրառեցին «Երրորդ կինո» եզրը (անգլ.՝ Third cinema), որն ավելի ուշ դարձավ համաշխարհային կինեմատոգրաֆիայի համանուն ուղղության անկյունաքարը։ Այս ռեժիսորները ստեղծեցին «Cine Liberation» ընկերությունը։ Կազմակերպության հիմքում ոչ միայն ստեղծագործական ծրագրեր էին, այլև գաղտնեգործունեության տարրեր։ Ռազմական ռեժիմի կառավարման պայմաններում բոլոր հեղինակները կարող էին միավորվել «Cine Liberation»-ի հետ և նկարահանել լիբերալ ֆիլմերը՝ իրենց անունը չհրապարակելով ենթագրերում՝ այդպիսով նվազեցնելով անհատական ճնշման և հետապնդման վտանգը։

Իրենց գլխավոր խնդիրը «պայքարող» արվեստը հայտարարելով, որն ունակ էր պասիվ հանդիսատեսին դարձնել քաղաքական կյանքում ակտիվ մասնակցի, ինչպես նաև նոր կինոլեզու մշակել, որը տարբերվում էր հոլիվուդյան չափանիշներից և եվրոպական հեղինակային կինոյից՝ Սոլանասն ու Խետինոն նկարահանում են «Վառարանների ժամը» փաստագրական ֆիլմը։ 1968 թվականին Պեզարոյի (Իտալիա) փառատոնին ցուցադրվելով՝ այն ստացավ առաջին մրցանակը և ապշեցրեց Եվրոպայի ինտելեկտուալ շրջանակները՝ հոգով մոտ լինելով երիտասարդ ցուցարարներին։ Այս ֆիլմը լիարժեք գնահատեց ռուս կինոքննադատ Միխայիլ Տրոֆիմենկովը[21]

Սոլանասի և Խետինոյի անսահման, լիառատ, 260 րոպեանոց «Վառարանների ժամը» (1968)՝ քրոնիկոնի և լուսանկարների մոնտաժը հիպնոսացնող, մերթ կտրուկ առաջ շարժվող, հարձակվող, մերթ խորհրդանշական սևություն ընկնող, մեկընդմիջվելով Չե Գևարայի, Ֆանոնի, Հո Շի Մինի մեջբերումներով, ոչ միայն միջազգային կամ մայրցամաքային ազգային-ազատագրական գաղափարախոսության համագումարն էր։ Թեև առաջին հերթին այդպես էր․․․ Էկրանային ժամանակի ոչ քիչ մասը նվիրված էր Պերոնի առաջադիմական դերին, պերոնիզմին՝ որպես գաղափարական ազատագրման ազգային տարբերակի և պերոնիստական դիմադրության ակնարկի։

1970-ական թվականների ողջ շրջանը ծայրահեղությունների ժամանակաշրջան էր․ մի կողմից սոցիալ-քաղաքական ակտիվությունն էր, մյուս կողմից՝ ռազմական հեղաշրջումներ ու տարերային աղետները։ 1973 թվականին դեպի ժողովրդավարություն կարճ անցումը հնարավորություն տվեց ստեղծել «Ապստամբ Պատագոնիան» (իսպ.՝ La Patagonia rebelde, 1974, ռեժիսոր՝ Էկտոր Օլիվերա), «Կեբրաչո» (իսպ.՝ Quebracho, 1974, ռեժիսոր՝ Ռիկարդո Վուլիչեր), «Նասարենո Կրուսը և գայլը» (իսպ.՝ Nazareno Cruz y el lobo, 1975, ռեժիսոր՝ Լեոնարդո Ֆավիո) ֆիլմերը։

1980-ականների ժողովրդավարացում[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականին քաղաքական կայունացումը չեղարկեց գրաքննությունը և վերականգնեց կինարդյունաբերության պետական ֆինանսավորումը՝ անկախ ռեժիսորների քաղաքական հայացքների։ Նրանցից շատերը վերադարձան գաղթից։ 1984 թվականին էկրան բարձրացան Խոսե Մարտին Սուարեսի «Առանց լուսին և արև գիշերները» (իսպ.՝ Noches sin lunas ni soles), Ուգո Սանտյագոյի «Սատուրնի արահետները» (ֆր.՝ Les Trottoirs de Saturne), Բեբե Կամինի «Պատերազմի երեխաները» (իսպ.՝ Los chicos de la guerra) ֆիլմերը։ 1980-ական թվականների կեսերի գլխավոր իրադարձությունն ազգային կինոյում դարձավ Լուսիա Պուենսոյի «Պաշտոնական պատմություն» դրամայի նկարահանումը (իսպ.՝ La historia oficial, 1986): Ֆիլմը, որը պատմում էր Արգենտինայի միջին դասին պատկանող մի կնոջ սոցիալական ըմբռնման մասին, որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ ստացավ «Օսկար» և «Ոսկե գլոբուս», «Արծաթե անգղ»-ի 9 մրցանակ և մի քանի բարձրագույն կինեմատոգրաֆիական մրցանակներ[22]։

Ժամանակակից կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին կինեմատոգրաֆիստների արհմիությունների ինտենսիվ գործողություններից հետո նոր օրինագիծ ընդունվեց, որը փոխեց Կինեմատգրաֆիայի ազգային ինստիտուտի անվանումը փոխեց Կինոյի և աուդիովիզուալ արվեստների ազգային ինստիտուտի և պարզեցրեց պետական ֆինանսավորման դիմելու գործողությունը։

1999 թվականին առաջին լիամետրաժ ֆիլմի՝ Պաբլո Տրապերոյի «Կռունկավարի աշխարհը» ֆիլմի էկրան բարձրանալը նշանավորեց, ըստ քննադատների, արգենտինացի ռեժիսորների նոր սերնդի գալուստը[23]։ Ֆիլմն ստացավ 17 կինեմատոգրաֆիական բարձրագույն մրցանակ։ Այնուհետև հաջորդեցին Լուկրեսիա Մարտելի «Ճահճուտ» (2001), Դանիել Բուրմանի «Կիսատ թողած գրկախառնություն» (2004), Արիել Ռոտերի «Ուրիշը» (2007) և այլ ֆիլմեր, որոնք մի փոքր քիչ էին հայտնի։ Բազմիցս կարելի է լսել «Նոր արգենտինական կինոյի» վերածնունդ եզրը Ալբերտինա Կարիի, Դանիել Բուրմանի[24], Լիսանդրո Ալոնսոյի մասին[25]։

Ռեժիսորների ավելի մեծ սերունդը շարունակում է որակյալ կինո նկարահանել՝ Ֆաբիան Բիելինսկու «Ինը թագուհիները» (2000), Խուան Խոսե Կամպանելիայի «Հարսնացուի որդին» (2001), Կառլոս Սորինի «Կարճ պատմություններ» (2002)։

Հանդիսատեսի շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրին 2005-2010 թվականների ֆիլմերը, որոնք արժանացան ոչ միայն ազգային, այլև շատ միջազգային կինեմատոգրաֆիական մրցանակների՝ Լուսիա Պուենսոյի «XXY» (2007 թվական, 20 մրցանակ), Էստեբան Սապիրի «Ալեհավաք» (2007 թվական, 7 մրցանակ), «Անիսետո» (2008 թվական, 21 մրցանակ), «Նրա աչքերի գաղտնիքը» (2009 թվական, 48 մրցանակ՝ ներառյալ «Օսկար»՝ լավագույն արտասահամյան ֆիլմ անվանակարգում)։

Կինոփառատոններ և մրցույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինական կինեմատոգրաֆիայում ստեղծագործական ձեռքբերումների մրցողականության և համադրման տարրերը գոյություն ունեն 1940-ական թվականների սկզբից, երբ կազմավորվեց Կինոքննադատների միությունը։ Յուրաքանչյուր տարի բազում անվանակարգերում շնորհվում է «Արծաթե անգղ» մրցանակը[26]։ Սակայն ֆիլմերի լայն ցուցադրություն չի կազմակերպվում։

1954 թվականին նախաձեռնվել է Մար դել Պլատայի կինոփառատոնը, իսկ արդեն 1959 թվականից ներառվել «Ա» կատեգորիայում։ 1970 թվականին Ռիո դե Ժանեյրոյում զարգացող փառատոնի բարձր մրցակցության և ռազմական բռնապետության պատճառով դադարեցվեցին Մար դել Պլատայում անցկացվող մրցույթները։ Դրանք կրկին սկսեցին անցկացվել 1996 թվականից։ 2010 թվականին փառատոնն անցկացվեց 25-րդ անգամ[27]։

1999 թվականից յուրաքանչյուր գարուն անց է կացվում BAFICI-ն՝ Բուենոս Այրեսի անկախ կինոյի միջազգային փառատոնը[28]։ Այն ֆինանսավորվում է Արգենտինայի կառավարության կողմից և չի անդամակցում Կինոպրոդյուսերների միությունների միջազգային ֆեդերացիային (FIAPF)։ Մրցանակներ են շնորհվում ինչպես լիամետրաժ խաղարկային, այնպես էլ փաստագրական և կարճամետրաժ ֆիլմերի համար, որոնք պաշտպանում են մարդու իրավունքները։

2006 թվականից շնորհվում է Արգենտինայի գիտությունների և կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի «Հարավ» մրցանակը։ Ի հակառակ «Արծաթե անգղ»-ի՝ այս մրցանակը կոչեցին «Ակադեմիական անգղ»[29]։ Ներկայումս մրցանակ է շնորհվում 20 անվանակարգերում, ինչպես որ ամերիկյան կինոակադեմիայի կատեգորիաներն են[30]։

Կինոարտադրություն և վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լոս Անխելեսը»՝ Բուենոս Այրեսի ամենահին կինոթատրոններից մեկը։

Արգենտինայի երկու ամենախոշոր կինոարտադրողներն են համարվում Lumiton (ստեղծվել է 1931 թվականին, փակվել է 1950-ականներին տնտեսական խնդիրների պատճառով, նկարահանել է 180 ֆիլմ) և Argentina Sono Film (1933 թվական - մինչև այժմ, 220 ֆիլմ) ընկերությունները։ Արգենտինայում կինեմատոգրաֆիական և հեռուստատեսային արտադրանքի թողարկման գործընթացին մասնակցում է մոտ 20 ընկերություն, որոնց թվում են՝ Patagonik Film Group (ստեղծվել է 1996 թվականին, ավելի քան 50 ֆիլմ), Gorevision Films (2001 թվական, մոտ 10 ֆիլմ), Rosstoc (2005), Pampa Films (2006 թվական, մոտ 10 ֆիլմ), 100 Bares (2000)։ Նշվածներից վերջինը ստեղծվել է հատուկ Խուան Խոսե Կոմպանելիայի նախագծերը նկարահանելու համար։

Համաշխարհային միտումներին համապատասխան՝ կինոթատրոնների բացարձակ մեծամասնությունը տեղակայված է երկրի խոշորագույն քաղաքներում՝ Բուենոս Այրեսում, Կորդովայում, Ռոսարիոյում, Մենդոսայում և այլն։ Արգենտինայի մայրաքաղաքի կինոթատրոններից ամենահինն են «Cosmos» (մինչև 1970 թվականը՝ «Cataluña», բացվել է 1929 թվականին), «Monumental» (1931), «Gaumont» և «Los Ángeles» (երկուսն էլ 1946 թվականին) և այլն, ժամանակակից բազմասրահանոց՝ «Belgrano Multiplex», «Village Cines» («Village Caballito», «Village Recoleta», «Village Avellaneda») ցանցը և այլն։

Արգենտինայում վարձույթների առաջատարները հաճախ են համընկնում տարբեր կինեմատոգրաֆիական մրցույթներում մրցանակ ստացած ֆիլմերի հետ, ինչպիսիք են` «Նրա աչքերի գաղտնիքը» (US$ 33,9 մլն)[31], «Ինը թագուհիները» (12,4 մլն), «Հարսնացուի որդին» (8,6 մլն)։

Համաշխարհային կինեմատոգրաֆիայի հետ կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինայի կինեմատոգրաֆիստները սերտ համագործակցում են այլ երկրների իրենց գործընկերների հետ։ Համատեղ միջազգային կինոարտադրությունը զարգանում է ինչպես ստեղծագործական գործընթացներում, այնպես էլ արտասահմանյան ընկերություններին տարբեր պլաններում Արգենտինայի լանդշաֆտները նկարահանելու ժամանակ տեխնիկական օգնություն ցուցաբերելու մեջ։ Հավանաբար Արգենտինայում իրականացված ամենահայտնի բազմազգ նախագիծը «Չե Գևառա․ մոտոցիկլավարի օրագրերը» ֆիլմն էր (2004, ռեժիսոր Վալտեր Սալլես, առաջադրվել է «Օսկար»-ի՝ «լավագույն սցենար» անվանակարգում), որի նկարահանմանը մասնակցել են կինեմատոգրաֆներ 8 երկրներից։ Մեկ այլ համատեղ հայտնի ֆիլմն է «Լեռնականը 2․ վերակենդանացում» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Արգենտինա, 1990)։ Միջազգային համագործակցության արդյունքներ էին «Տանգո, ինձ երբեք չթողնես» (Իսպանիայի հետ համատեղ, ռեժիսոր Կառլոս Սաուրա, 1998), «Պատագոնիա» (Մեծ Բրիտանիայի հետ համատեղ, ռեժիսոր Մարկ Էվանս, 2010), «Կպչուն մատեր» (Կանադայի հետ համատեղ, ռեժիսոր Քեն Սքոթ, 2009), «Տետրո» (ԱՄՆ-ի, Իտալիայի, Իսպանիայի հետ համատեղ, ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա, 2009) ֆիլմերը։ Որոշ դեպքերում համագործակցությունը բավականին լարված է ընթանում։ Այսպես, վերոնշյալ ֆիլմերից վերջինի նկարահանման ժամանակ Արգենտինայում Կոպոլան առերեսվեց արհմիությունների և Կինոդերասանների ազգային միության հետ։ Վերջինս ամերիկյան կինոպրոդյուսերներին մեղադրեց առանց գրավոր պայմանագրի կնքման դերասաններ վարձելու մեջ[32]։ Նկարահանումների օրակարգը և մասնավորապես նաև սյուժեն վերանայվեց։ Հայտարարված գործադուլը կողմերի համաձայնության գալուց մեկ ամիս անց դադարեցվեց։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Իսպանալեզու աղբյուրներում ֆրանսիական Էժեն անունը վերափոխվել է Էուխենիոյի։
  2. Ֆիլմը պատմում է այդ ժամանակի Արգենտինայում տարածված 3 զվարճալիքների մասին՝ տանգո, ֆուտբոլ և կինո։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Сhronologie 1896-1932» (անգլերեն). Cine.ar Official Promotion Portal for Argentina. 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 16-ին.
  2. Ростоцкая, 1977, էջ 282
  3. 3,0 3,1 «Cine Mudo en Latinoamerica 1896 — 1930 / Немой кинематограф Латинской Америки 1986 — 1930» (PDF) (իսպաներեն). Boletin patrimonio filmico Colombiano / Бюллетень кинематографического наследия Колумбии. № 53, апрель-май 2012, стр. 2. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  4. 4,0 4,1 4,2 Abel, R., 2005, էջ 38
  5. Ростоцкая, 1977, էջ 283
  6. Ростоцкая, 1977, էջ 283-284
  7. Аргентинский кинематограф на официальном сайте Каннского кинофестиваля (ռուս.)
  8. Morrealle, E. (17.02.2013 / N 415,стр. 36-37). «Volevano essere Disney / Они хотели быть Диснеем /» (PDF) (իտալերեն). La Domenica La Repubblica. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  9. Wayne, М. Political film: the dialectics of third cinema. — London. UK.: Pluto Press, 2001. — С. 118. — ISBN 0-7453-1670-0
  10. Ростоцкая, 1977, էջ 285
  11. Karush, M. B. Populism, melodrama and the market. The mass cultural origins of Peronism // The New Cultural History of Peronism: Power and Identity in Mid-Twentieth-Century Argentina. — Duke University Press, 2010. — С. 38-39, 41. — ISBN 978-0-8223-4721-7
  12. Finkielman, J., 2004, էջ 157
  13. Falicov, T. L., 2007, էջ 11
  14. Finkielman, J., 2004, էջ 158
  15. Falicov, T. L., 2007, էջ 12
  16. 16,0 16,1 «Сhronologie 1933-1946» (իսպաներեն). Cine.ar Official Promotion Portal for Argentina. 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 12-ին.
  17. 17,0 17,1 17,2 Современное аргентинское кино — Сайт посольства Российской Федерации в Аргентинской Республике
  18. Visible nations: Latin American cinema and video. Chon A. Noriega. — University of Minnesota Press. 2000. ISBN 0-8166-3347-9.
  19. «Сhronologie 1947-1957» (իսպաներեն). Cine.ar Official Promotion Portal for Argentina. 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 19-ին.
  20. «Сhronologie 1958-1967» (իսպաներեն). Cine.ar Official Promotion Portal for Argentina. 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 19-ին.
  21. Трофименков, М. (31.03.2014). «Кинотеатр военных действий» (ռուսերեն). Сеанс, журнал. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
  22. Awards for «La historia oficial» at IMDb
  23. «Сhronologie 1996-2010» (անգլերեն). Cine.ar Official Promotion Portal for Argentina. 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 19-ին.
  24. Щербина К. (14.11.2008). «Рассказчик киноисторий» (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 7-ին.
  25. Тютькин, А. (№ 14). «Парадокс «медленного кино»: Стратегия паука» (ռուսերեն). Cineticle. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
  26. Официальный сайт АССА Արխիվացված 2012-12-19 Wayback Machine (իսպ.)
  27. Официальный сайт Festival Internacional de Cine de Mar del Plata (իսպ.)
  28. Официальный сайт BAFICI (իսպ.)
  29. Архив киноакадемии Аргентины (իսպ.)
  30. Официальный сайт Academia de las Artes y Ciencias Cinematográficas de la Argentin (իսպ.)
  31. Здесь и далее указаны сборы в мировом кинопрокате по данным Box Office Mojo
  32. Brian Byrnes (23.5.2008). «Union claims 'Tetro' shut down» (անգլերեն). The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 22-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]