Ավստրալական ագռավ
Ավստրալական ագռավ | |
![]() Ավստրալական ագռավ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Ճնճղուկանմաններ (Passeriformes) |
Ընտանիք | Ագռավներ (Corvidae) |
Ցեղ | Ագռավ (Corvus) |
Տեսակ | Ավստրալական ագռավ (C. coronoides) |
Միջազգային անվանում | |
Corvus coronoides | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ ![]() Տաքսոնի տարածվածությունը |
Ավստրալական ագռավ[1] (լատ.՝ Corvus coronoides), ագռավների ցեղին պատկանող թռչունների տեսակ։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրալական ագռավն առաջին անգամ նկարագրվել է 1827 թվականին։ Coronoides («ագռավակերպ») ածականը կազմվել է հին հուն․՝ κορονη (corone)՝ «ագռավ» և ειδος (eidos)՝ «ձև» բառերից։ Ավստրալական ագռավն ունի նաև այլընտրանքային անվանումներ, այդ թվում՝ «հարավային ագռավ», իսկ տեղաբնիկները այն կոչում են «wugan»[2]։
Ավստրալական ագռավն Ավստրալիայի երեք տեսակի ագռավներից ամենախոշորն է։ Նրա երկարությունը հասնում է 46-53սմ, թևերինը՝ 100սմ, քաշը՝ շուրջ 650գ։ Այն սովորական ագռավից փոքր է, բայց մնացած հատկանիշներով շատ նման է վերջինիս։
Փետուրները, կտուցը և ոտքերը ամբողջովին սև են, փետուրներն ունեն կապտամանուշակագույնից մինչև կապտականաչ փայլ, որոնց հիմքը մոխրագույն է: Աչքի ծիածանաթաղանթը սպիտակ է, որը բնորոշ է Ավստրալիայի և հյուսիսում գտնվող մոտակա կղզիների բոլոր ագռավներին։ Ավստրալական ագռավը տարբերվում է պարանոցի նկատելի փետուրներով։
Երիտասարդ թռչունը հիշեցնում է մեծ առանձնյակներին, բայց նրա աչքերն ավելի մուգ են, վզիկի փետուրները կարճ են, և երբեմն՝ բավականին հազվադեպ՝ մերկացնելով մաշկի վարդագույն հատվածները։
Ավստրալական ագռավի մոտ ազգականներն են՝ ավստրալական ագռավ (Corvus orru), բեննետով ագռավ (Corvus bennetti), թասմանական ագռավ (Corvus tasmanicus) և հարավավստրալական ագռավ (Corvus mellori)։
Ավստրալական ագռավի ենթատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարբերում են ավստրալական ագռավի 2 ենթատեսակ․
- C. c. coronoides, բնակվում են Արևելյան Ավստրալիայում։
- C. c. perplexus, հանդիպում են Ավստրալական մեծ ծովածոցից մինչև Հարավային Ավստրալիա և տարածվում դեպի Արևմտյան Ավստրալիայի խորքերը։ Հյուսիսում նրանց արեալը հասնում է մինչև Շարկի ծովածոցը և ակացիաների ու էվկալիպտների տարածման սահմանը (mulga-eucalypt boundary line)։
Խառնածին թռչունները հանդիպում են Էյր թերակղզում, Գոլեր սարերում և Հարավային Ավստրալիայի Էյր լճի շրջակայքում։
Բնակավայր[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղական շրջաններում թռչունների մեկ զույգը ձագակազմի հետ մեկտեղ զբաղեցնում է շուրջ մեկ քառակուսի կիլոմետր տարածք, այն դեպքում, երբ քաղաքային շրջաններում նույն չափի տարածքում կարող է բնակվել 10 անգամ շատ ագռավ։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս տեսակի արեալը կազմում է հարավ-արևելյան Ավստրալիան և Արևմտյան Ավստրալիայի հարավային մասը, պոպուլյացիաները նեղ հատվածով միավորվում են Նալլարբոր հարթավայրի երկայնքով։ Այս տեսակը բնորոշ է Սիդնեյ և Կանբերրա քաղաքներին։
Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրալական ագռավն ամենակեր է։ Այն սնվում է սերմերով, մրգերով, միջատներով, մանր կենդանիներով, ձվերով, փոքր սողուններով և կենդանիների դիակներով։ Այս թռչունները հիմնականում մսակեր են։
Սննդային նախապատվությունը տոկոսներով․
- 34 % կենդանիների դիակ
- 42 % անողնաշարավորներ
- 24 % օրգանական նյութեր
Սնունդը հիմնականում հավաքում են գետնից, ժամանակ առ ժամանակ սնվում են ծառերից։ Քաղաքային պայմաններում սնունդը հավաքում են աղբամաններից։
Հայտնաբերվել է նաև, որ ագռավները սնվել են նվենու ծաղկահյութով[3]:
Բնակալում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրալական ագռավների բույնը նման է փայտից պատրաստված թասի՝ իրար հաջորդող խոտի, փետուրների և կեղևի շերտերով:
Բնի կառուցմանը մասնակցում են արուն և էգը, իսկ հետագայում նրանք միասին են կերակրում ձագերին: Թուխս են նստում միայն էգերը, ձվադրում են տարվա մեջ մեկ անգամ:
Բազմացման շրջանը տևում է հուլիսից մինչև սեպտեմբեր ամիսները[4]:
Ագռավները բույնը կառուցում են բարձր ծառերի վրա: Մեկ ձվադրումը կազմված է 3-6 ձվից (միջինում 4 կամ 5 հատ): Ձվի չափը 45×30 մմ է (1¾ x 1¼ դյույմ): Ունեն բաց կանաչ կամ կապտականաչ գունավորում՝ մուգ դեղնականաչ, շագանակագույն կամ սև բծերով։
Ճտահանման շրջանը տևում է 20 օր: Մատղաշ ձագերը փետուրներով ծածկվում են 45 օրվա ընթացքում և մնում են ծնողների մոտ 4 ամիս:
Կյանք մարդկանց շրջապատում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրալական ագռավները հաճախ անասուններ են գողանում ագարակներից: Որպես կանոն՝ նրանք ընտրում են թույլ և հիվանդ առանձնյակներին։ Չնայած դրան՝ այդ ամենն առաջացնում է ագարակատերերի դժգոհությունը, որոնք ագռավներին վերագրում են անսովոր պատմություններ, թե ինչպես են նրանք գողացել ոչ միայն գառնուկներ, այլ նաև փոքր երեխաներ։ Դրա հետ կապված անցկացվել են հետազոտություններ, և գրվել է հոդված[5]:
Ձայն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրալական ագռավի ձայնը հնչում է որպես դանդաղ և բավականին բարձր «ա - ա - ա - աաաախ» (վերջին նոտան ձգված է հնչում): Այս ձայնն օգտագործվում է մոտակա ագռավների հետ շփվելու համար: Ավստրալական ագռավների 5 տեսակները դժվար է տարբերել միմյանցից, իսկ ձայնի միջոցով տարբերելն ավելի հեշտ է:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., «РУССО», 1994. — С. 469. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0.
- ↑ Australian Museum Online. «Crows and Ravens»
- ↑ Richardson, KC. Are Australian corvids nectarivorous?(անգլ.) // Emu. — 1988. — № 2. — P. 122—123. — (չաշխատող հղում)
- ↑ Gordon R. Beruldsen. Australian Birds: Their Nests and Eggs. — Kenmore Hills, Qld.: G & E Beruldsen, 2004. — P. 384. — ISBN 0-646-42798-9
- ↑ I. Rowley. An evaluation of predation by 'crows' on young lambs(անգլ.) // CSIRO Wildlife Research. — 1969. — Vol. 14. — № 2. — P. 153–179. —
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Gordon R. Beruldsen. Australian Birds: Their Nests and Eggs. — Kenmore Hills, Qld.: G & E Beruldsen, 2004. — P. 384. — ISBN 0-646-42798-9
- Higgins, Peter Jeffrey, John M. Peter, and S. J. Cowling. Handbook of Australian, New Zealand and Antarctic Birds. — Oxford University Press, 2006. — Vol. 7: Boatbill to Starlings. — ISBN 978-0195539967
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ավստրալական ագռավ»։ Birds in Backyards։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-13-ին։ Վերցված է 2011-04-03