Առևտրի համաշխարհային կենտրոն 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համաշխարհային առևտրի կենտրոն 1

Առևտրի համաշխարհային կենտրոն 1-ը (1 World Trade Center), որն առավել հայտնի որպես Ազատության աշտարակ, գտնվում է Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում։ Այն հանդիսանում է Նյու-Յորքի ամենաբարձր կառույցը՝ գերազանցելով Էմփայր Սթեյթ Բիլդինգին, ինչպես նաև արևմտյան կիսագնդի ամենաբարձր և ամբողջ աշխարհում բարձրությամբ չորրորդ երկնաքերը։ Կառուցման աշխատանքները մեկնարկել են դեռևս 2006 թվականի ապրիլի 27-ին և ավարտվել են 2013 թվականի մայիսի 10-ին. 541 մետր բարձրությամբ շենքը դարձավ ԱՄՆ-ի ամենաբարձր կառույցը[1]։ Բացումը տեղի է ունեցել 2014 թվականին։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 242 000 քառակուսի մետր, իսկ բարձրությունը՝ 541 մետր։ Շինության բարձրությունը (1776 ֆուտ) ունի սիմվոլիկ նշանակություն. 1776 թվականին ընդունվեց Միացյալ Նահանգների անկախության հռչակագիրը։ Շինության արժեքը գնահատվում է 3.9 միլիարդ ամերիկյան դոլար։

Ազատության աշտարակի կառուցման գաղափարը ծագել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, որի ժամանակ ավերվեցին Առևտրի համաշխարհային կենտրոնի զույգ աշտարակները։ Երկնաքերը ներկայումս գտնվում է հենց այդ աշտարակների տեղում։ Նրա հետ միասին կառուցվել է հուշահամալիր՝ նվիրված 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին։ Հուշահամալիրի բացումը տեղի է ունեցել 2011 թվականին նախագահներ Բարաք Օբամայի և Ջորջ Բուշ կրտսերի (ում նախագահության օրոք տեղի էր ունեցել ահաբեկչությունը) ներկայությամբ։

Ազատության աշտարակի կառուցման համար օգտագործվել է երկաթբետոն, պողպատ և ապակի։ Այն ունի 104 վերգետնյա և 5 ստորգետնյա հարկ։ Չնայած կառուցման աշխատանքները սկսվել էին 2006 թվականի ապրիլի 27-ին, երկնաքերը 0 մ բարձրությունը հաղթահարել է 2008 թվականի մայիսի 17-ին։

Կառուցման ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 թվականի օգոստոսի 1-կառույցի բարձրությունը կազմեց 8 մետր
  • 2009 թվականի փետրվարի 11-32 մետր
  • 2010 թվականի փետրվարի 10-ստորին պողպատյա կառույցի կառուցման ավարտը, որն ուներ խորանարդի ձև. շինության բարձրությունը գերազանցեց 61 մետրը
  • 2010 թվականի ապրիլ-կառուցվեց 26 հարկ
  • 2010 թվականի հոկտեմբեր-44 հարկ
  • նոյեմբերի 17-կառուցվեց 48 հարկ. շինության բարձրությունը հասավ 171 մետրի
  • դեկտեմբերի 16-52 հարկ. երկնաքերի բարձրությունը կազմեց գրեթե 183 մետր
  • 2011 թվականի հունվար- հաղթահարվեց 210 մետր նշակետը
  • մայիսի 10-կառուցվեց 65 հարկ
  • սեպտեմբերի 24-84 հարկ
  • հոկտեմբերի 30-շինության բարձրությունը կազմեց 333 մետր
  • 2012 թվականի ապրիլի 6-100 հարկ
  • 2013 թվականի մայիսի 10-շինությունը հասավ նախագծված բարձրությանը, տեղադրվեց ծայրաձողը

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կառույցի առաջին սյունը տեղադրելու ժամանակ նրան ամրացրել են ամերիկյան դրոշի մեծ պատկեր և գրություն՝ «Ազատության աշտարակ» (Freedom Tower)։ 2006 թվականի դեկտեմբերի 19-ին մի քանի մարդիկ նկատել են, որ սյունը տեղադրելուց հետո դրոշի՝ աստղերով կապույտ մասը հայտնվել է աջ կողմում, չնայած ըստ պետական օրենքի՝ այն միշտ պետք է լինի ձախ մասում։ Դրոշի պատկերը արագ հանվել է և դեկտեմբերի 23-ին փոխարինվել նոր, ճիշտ պատկերով։
  • Շենքի՝ երկաթբետոնից կառուցման գաղափարը տարաձայնությունների տեղիք է տվել։ Որոշ քննադատներ ենթադրեցին, որ աշտարակը ոչ թե ազատության, այլ վախի տպավորություն է առաջացնում, և այն անվանեցին «վախի աշտարակ»[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Առևտրի համաշխարհային կենտրոնի նոր շենքը ճանաչվել է ԱՄՆ-ի ամենաբարձր կառույց
  2. «Letters to the editor: Taking the Measure of the New Freedom Tower»։ The New York Times։ հուլիսի 1, 2005։ Վերցված է նոյեմբերի 8, 2012 
  3. «Deroy Murdock on World Trade Center»։ National Review։ մարտի 11, 2005։ Արխիվացված օրիգինալից-ից ապրիլի 28, 2014-ին։ Վերցված է նոյեմբերի 8, 2012