Ան դեր Վին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ան դեր Վին
Տեսակթատրոն
Երկիր Ավստրիա[1]
Գտնվելու վայրըՄարիահիլֆ[1] և Վիեննա
Հիմնադրման ամսաթիվ1801
Անվանված էWien?
 Theater an der Wien Վիքիպահեստում

«Ան դեր Վին» թատրոն, նաև «Թատրոն ան դեր Վին»[2] (գերմ.՝ Theater an der Wien՝ բառացիորեն՝ «Թատրոն Վիեննա գետի վրա»․ ներկայումս գետը փակված է խողովակի մեջ և տեսանելի չէ), երաժշտական թատրոն, որը գտնվում է Վիեննայի Մարիահիլֆի 6-րդ թաղամասում։ Ներկայումս թատրոնն ունի 1179 հանդիսական նստատեղ, այդ թվում՝ 50 կանգնած։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

18 -րդ դարում Վիեննայի բարձր հասարակությունը հաճախում էր թատրոններ երկու պալատական տեսարաններում՝ Հոֆբուրգի թատրոն (Բուրգ թատրոն և Կերնտներտոր թատրոն), ապա մինչև այդ դարի վերջը հասարակ քաղաքացիները բավարարվում էին արվարձանների բեմերում տեղի ունեցած ներկայացումներով։ Մինչև 1800 թվականը արվարձանային տեսարանների մեծ մասը գործում էր տոնական օրերին, սակայն դրանք սովորաբար ժամանակավոր էին։ Միայն երեք հանրային թատրոն գոյություն ուներ մշտական հիմունքներով՝ Լեոպոլդշտետերը (աշխատել է 1781 թվականից), Յոզեֆշտադտի թատրոնը (1788) և, վերջապես, «Ան դեր Վին» թատրոնը (1801)[3]։

1799 թվականին Ֆրայհաուս թատրոնը (կամ «Աուֆ դեր Վիդեն»), որը գործում էր 1786 թվականից և գտնվում էր այն վայրի մոտ, որտեղ հետագայում կառուցվելու է Ան դեր Վին թատրոնի շենքը, անկում ապրեց։ Շենքը տնօրինող արքայազն Շտարեմբերգը չի ցանկացել «Աուֆ դեր Վիդեն» թատրոնի համար երկարաձգել վարձակալության պայմանագիրը։ Հայտնի իմպրեսարիո և Ֆրայհաուս թատրոնի տնօրեն Էմանուել Շիկանեդերը, թատերագետ Բարտոլոմեուս Ցիտերբատի հետ միասին, ով արդեն 130,000 գուլդեն է ներդրել նախագծում, փորձել է վերակենդանացնել այն, սակայն ձախողվել է։ Դառնալով Ցիտերբարտի գործընկերը՝ Շիկանեդերը թույլտվություն է ստանում նոր թատրոն կառուցելու համար, որը ստորագրվում է կայսր Ֆրանց II-ի կողմից 1800 թվականի ապրիլի 3-ին[4]։

Նոր թատրոնի շենքը կառուցվել է տասներեք ամսվա ընթացքում ամպիրի ոճով՝ ճարտարապետ Ֆրանց Յեգերի նախագծով։ Թատերախմբի ղեկավարությունը վստահվել է Էմանուել Շիկանեդերին։ Քանի որ Շիկանեդերը Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայում Պապագենոյի պարտիայի առաջին կատարողն էր, ապա ի հիշատակ այս թատրոնի դարպասներից մեկը՝ Պապագենոյի դարպասը (գերմ.՝ Papagenotor), զարդարված էր քանդակագործական խմբով, որում պատկերված էին այդ կերպարը իր կրտսեր քույրերի և եղբայրների հետ «Լաբիրինթոս» հերոսական-կատակերգական օպերայից (1798, «Կախարդական սրինգ»-ի շարունակություն)։ Շենքի սկզբնական տեսքը, որը զգալիորեն վերակառուցվել է 1902 թվականին, կարելի է դատել միայն երկու ճակատներով։ 1803 և 1804 թվականներին Շենքի հետևի թևում ապրել է Լյուդվիգ վան Բեթհովենը, Այստեղ նա գրել է իր «Լեոնորա» օպերան։

Թատրոնը բացվել է 1801 թվականի հունիսի 13-ին[5] Ֆրանց Թայբերի «Ալեքսանդր» օպերայի ներկայացմամբ։ Հետագայում թատրոնը գործել է որպես օպերաների և բալետների, ինչպես նաև 19-րդ դարի սկզբին հայտնի մնջախաղի ներկայացման բեմ։ Բացի այդ, թատրոնի գոյության սկզբնական տարիներին դրանում համերգներ են տրվել։ Մասնավորապես, թատրոնը կապված է Լյուդվիգ վան Բեթհովենի անվան հետ. այստեղ տեղի են ունեցել ոչ միայն նրա միակ «Ֆիդելիո» օպերայի (1805 թվական նոյեմբերի 20), այլև Երկրորդ (1803 թվական ապրիլի 5), Երրորդ (1805 թվական ապրիլի 7), Հինգերորդ և Վեցերորդ (1808 թվական դեկտեմբերի 22) սիմֆոնիաների, ջութակի համերգի (1806 թվական դեկտեմբերի 23), Չորրորդ դաշնամուրի համերգի (1808 թվական դեկտեմբերի 22) պրեմիերաները։

Հանդիսասրահ

1808 թվականի հունվարի 9-ին արտոնյալ Շաուշպիլհաուս ան դեր Վինը դարձել է Վիեննայի միակ թատրոնը, որը հատուկ պատիվ է ունեցել ներկայացում անցկացնել կայսր Ֆրանց II-ի և Մարիա Լյուդովիկա Մոդենացու ամուսնության տոնակատարության շրջանակներում։ Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի «Արմիդե» օպերայի կատարմանը ներկա են եղել նորապսակները և նրանց հարազատները[6]։

19-րդ դարի վերջին թատրոն Ան դեր Վինը դարձել է Վիեննայի օպերետի զարգացման հիմնական կենտրոններից մեկը։ Նրա բեմում, մասնավորապես, առաջին անգամ ներկայացվել են Յոհան Շտրաուսի «Չղջիկը» (1874 թվական ապրիլի 5), Կառլ Միլեկերի «Մուրացկան ուսանողը» (1882 թվական դեկտեմբերի 6), Կառլ Ցելերի «Թռչուն վաճառողը» (1891 թվական հունվարի 10), Լեոպոլդ Ֆելդմանի, Ֆրանց Լեհարի «Ուրախ այրին» (1905 թվական դեկտեմբերի 30) և «Կոմս Լյուքսեմբուրգը» (1909 թվական նոյեմբերի 12) ստեղծագործությունները, իսկ 1926 թվականի մարտի 26-ին տեղի է ունեցել Իմրե Կալմանի «Կրկեսի արքայադուստրը» օպերետայի պրեմիերան։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո թատրոնը մինչև 1955 թվականը ծառայել է որպես Վիեննայի պետական օպերայի հարթակներից մեկը, որի հիմնական շենքը ռմբակոծվել և երկար ժամանակ վերականգնվել է։ Այնուհետև թատրոնի պատմության մեջ եկան տագնապալից ժամանակներ, այն գրեթե փակվում էր և վերակառուցվում որպես ավտոկայանատեղի։

1962 թվականին «Ան դեր Վին» թատրոնի հանդիսավոր բացումը Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ»-ով (բեմադրությանը մասնակցում էին հրաշալի երգիչներ, նվագախումբը ղեկավարում էր Հերբերտ ֆոն Կարայանը) ազդարարեց թատրոնի պատմության նոր փուլի սկիզբը։ Նրա հարթակում այսուհետ լայնորեն բեմադրվում էին (բացի օպերաներից) օպերետներ ու մյուզիքլներ։

2006 թվականից թատրոնը կրկին ընտրել է օպերան որպես իր գլխավոր ժանր և իր անվանը ավելացրել է նշանակալից ենթավերնագիր՝ Das neue Opernhaus (Նոր օպերային թատրոն)։ Ի տարբերություն Վիեննայի օպերայի, թատրոնը չունի մշտական օպերային թատերախումբ և մշտական նվագախումբ (բայց ունի մշտական երգչախումբ, որն առանձին հանդես է գալիս «Առնոլդ Շյոնբերգի երգչախումբ» ապրանքանիշի ներքո)․ մենակատարներն ու նվագախումբը փոխվում են մի ներկայացումից մյուսը։ Վիեննայի օպերայի հետ մրցակցելու նպատակով նորացված թատրոնի խաղացանկում շեշտը դրվում է բարոկկո դարաշրջանի (աուտենտիկ կատարումներով) և 20-21-րդ դարերի ստեղծագործությունների վրա, թեև բեմադրվում են նաև դասական-ռոմանտիկ դարաշրջանի օպերաներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Австрия // Большая российская энциклопедия. Т.1. М., 2005.
  3. Bauer: 150 Jahre Theater an der Wien, S. 15 f.
  4. Bauer: 150 Jahre Theater an der Wien, S. 26–35.
  5. «Tadeusz Krzeszowiak: Freihaustheater in Wien, 1787–1801, Wirkungsstätte von W. A. Mozart und E. Schikaneder. Sammlung der Dokumente. Böhlau, Wien (u. a.) 2009, ISBN 978-3-205-77748-9, S. 355». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  6. «Inländische Begebenheiten. Wien. In: Wiener Zeitung, Nr. 4/1808, 13. Jänner 1808, S. 177». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ան դեր Վին» հոդվածին։