Անուրադհապուրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Անուրադհապուրա
սինգ․՝ අනුරාධපුරය
թամիլերեն՝ அனுராதபுரம
ԵրկիրՇրի Լանկա Շրի Լանկա
Մարզ Հյուսիս-կենտրոնական մարզ
Հիմնադրված էմ.թ.ա. 10-րդ դար թ.
Մակերես36 կմ²
ԲԾՄ81 մ
Կլիմայի տեսակՄերձհասարակածային կլիմա
Բնակչություն63 208 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+5
Փոստային դասիչ50000
Անուրադհապուրա (Շրի Լանկա)##
Անուրադհապուրա (Շրի Լանկա)

Անուրադհապուրա (սինգ․՝ අනුරාධපුරය, թամիլերեն՝ அனுராதபுரம), քաղաք Շրի Լանկայում, երկրի Հյուսիս-կենտրոնական մարզի համանուն շրջանում։

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Անուրադհապուրայի բնակչությունը կազմում է 63 հազար մարդ։ Քաղաքը տեղակայված է Արուվի գետի ափին։ Քաղաքը կազմված է այսպես կոչված «հին և նոր քաղաքից»։ Հին քաղաքի մեջ մտնում են Շրի Լանկայի հնագիտական գոտիներն ու հինդուիստական տաճարները։

Նոր քաղաքում են գտնվում Անուրադհապուրայի հիմնական բնակելի շենքներն ու զբոսաշրջային շրջանները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Մահավամսայի պատմական գրառումների՝ քաղաքը բնակեցվել է մ.թ.ա. 5-րդ դարում։ Սակայն Անուրադհապուրայում հայտնաբերված հնագիտական օբյեկտները վկայում են, որ մարդը այս քաղաքի տարածքում ապրել է դեռևս մ.թ.ա. 10-րդ դարում։ Ըստ ցեյլոնյան հնագույն պոեմի՝ քաղաքը իր ծաղկման համար պարտական է Փանդկաբհա արքային։ Մ.թ.ա. 377 թվականին նա Անուրադհապուրան դարձրել է կղզու սինհալական առաջին թագավորության մայրաքաղաք։ Քաղաքի մերձակայքում կար ոռոգման ջրի ճյուղավորված ցանց։ Ջրամատակարարման գործընթացների համար թագավորի հրամանով Անուրադհապուրայում ստեղծվել է արհեստական լիճ, որը պահպանվել է մինչ օրս։

Մայրաքաղաքի ընտրությունը ունեցել է բացառիկ հաջողություններ։ Անուրադհապուրայի մերձակայքում հոսող գետը քաղաքը կապում է Մանարյան ծոցի ափի հետ։ Ճանապարհային ցանցը տարածվում էր մինչև կղզու խորքային շրջաններ։ Անուրադհապուրայի ջունգլային շրջանները պաշտպանված է եղել ծովահենների և զավթիչների ասպատակություններից։ Շուտով Անուրադհապուրան զարգացել է, որպես առևտրային և կրոնական խոշոր կենտրոն։ Քաղաքը հայտնի է դարձել աշխարհին։ Մասնավորապես կղզային այս քաղաքը նշվել է հույն նշանավոր աշխարհագրագետ և տիեզերագետ Կլավդիոս Պտղոմեոսի քարտեզներում։

Մ.թ.ա. 100 թվականին քաղաքի բնակչությունը չէր գերազանցում 130 հազար մարդը[1]։ Ըստ բնակչության այն եղել է ժամանակի վեցերորդ ամենախոշոր բնակչություն ունեցող քաղաքն աշխարհում։ Ցեյլոնյան այս քաղաքը աչքի էր ընկնում բժշկագիտության զարգացման բարձր մակարդակով, ինչպես նաև փողոցների մաքրությամբ և աղբահանության գործընթացի լավ կազմակերպմամբ։

Մ.թ.ա. 11-րդ դարում Անուրադհապուրան ավերվել է հարավհնդկական թամիլական Չոլայի թագավորության իշխանությունների կողմից։ Հետագայում սինհալների կողմից մայրաքաղաքն Անուրադհապուրայից տեղափոխվել է կղզում կենտրոնական դիրք գրավող Պոլոնարուվա քաղաք։ Անուրադհապուրան կորցրել է իր քաղաքական և տնտեսական նշանակությունը և շատ բնակիչներ լքել են քաղաքը։ Այնուամենայնիվ, նա մնացել է բուդդայական կարևոր ուխտավայր ու կրոնական կենտրոն։

1985 թվականի մայիսի 14-ին Թամիլ Իլամի ազատագրման վագրերը Անուրադհապուրայում ավտոբուս են գրավել և հրազենային կրակ բացել ուղևորների վրա։ Այնուհետև զինյալները ուղևորվել են դեպի քաղաքի գլխավոր տաճար։ Վերջին ուղղությունը եղել է Վիլպատու ազգային պարկը, որտեղ զինյալները սպանել են 18 աշխատակիցների վրա։ Արդյունքում զոհվել է 146 մարդ[2][3]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուրադհապուրան գտնվում է Շրի Լանկայի հյուսիսային հատվածում՝ ծովի մակարդակից 81 մետր բարձրության վրա։ Այն գտնվում է նավարկելի Արուվի գետի շրջակայքում։ Դեպի արևմուտք ձգվում են ցածրալեռներ, որը ջրբաժան է գետի երկու ափերի միջև։

Անուրադհապուրային բնորոշ է մերձհասարակածային կամ արևադարձային մուսոնային կլիման։ Տարվա անձրևոտ շրջանը ապրիլից մայիս և հոկտեմբերից հունվար ամիսների միջև ընկած ժամանակահատվածն է։ Ամենաչոր ամիսը հունիսն է։ Անուրադհապուրան Ցեյլոնի կղզու ամենաչոր քաղաքներից է։

Հարաբերական խոնավորությունը տատանվում է տարեկան 50-75 %՝ կախված եղանակից։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Անուրադհապուրայի բնակչությունը կազմում է 63 208 մարդ։ Բնակչության մեծամասնությունը սինգալներն են, որոնք կազմում են ամբողջ քաղաքի բնակչության 91,4 %-ը։ Մյուս խոշոր ազգերը դրանք լարակալաներն (6,8 %) ու թամիլներն են (1,5 %)։

Քաղաքի բնակչությունը կրոնական առումով բավականին բազմազան է։ Բնակչության մեծամասնությունը բուդդայականության հետևորդներ են։ Կան նաև հինդուականներ, մուսուլմաններ և կաթոլիկ քրիստոնյաներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 100 տարիների լավագույն քաղաքների տասնյակը Արխիվացված 2013-10-05 Wayback Machine, քաղաքները ըստ զբոսաշրջության բնագավառում ունեցած նվաճումների
  2. Թամիլ Իլամի ազատագրման վագրերի գործունեությունը Շրի Լանկայում Արխիվացված 2009-01-14 Wayback Machine, ահաբեկչական գործունեությունները Ցեյլոնում
  3. Անուրադհապուրա, Շրի Լանկա Արխիվացված 2006-06-29 Wayback Machine, ահաբեկչական գործողությունների թատերաբեմ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անուրադհապուրա» հոդվածին։