Անհատական պաշտպանության միջոցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անհատական պաշտպանության միջոցներ, հատուկ հագուստ, կոշիկ և պաշտպանական այլ հարմարանքներ ու սարքեր, որոնք կիրառվում են օրգանիզմի վրա վտանգավոր և վնասակար արտադրական գործոնների ներգործությունը կանխելու կամ նվազեցնելու համար։ Պատերազմական պայմաններում անհատական պաշտպանության միջոցները մարդկանց պաշտպանում են ռադիոակտիվ, թունավոր նյութերի, կենսաբանական ու քիմիական զենքի ախտահարումներից։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ նշանակման՝ անհատական պաշտպանության միջոցները բաժանվում են հետևյալ խմբերի, մեկուսացնող միջոցներ՝ օդաճնշումային արտահագուստ, ջրամեկուսացնող արտահագուստ, սկաֆանդր։ Շնչառության օրգանների պաշտպանության միջոցներ՝ հակագազեր, շնչադիմակներ, օդաճնշումային սաղավարտներ, օդաճնշումային դիմակներ։ Հատուկ հագուստ՝ կոմբինեզոններ, բաճկոններ, տաբատներ, արտահագուստ, խալաթևեր, անձրևանոցներ, կիսամուշտակներ, գոգնոցներ, բաճկոնակներ, թևնոցներ ևն։ Հատուկ կոշիկ՝ ճտքակոշիկներ, երկարաճիտք կոշիկներ, կրկնակոշիկներ և այլն։ Ձեռքերի պաշտպանության միջոցներ՝ թաթմաններ, ձեռնոցներ, գլխի՝ սաղավարտներ, տարբեր ձևի գլխարկներ, դեմքի՝ դիմակներ, վահանակներ։ Լսողության օրգանի պաշտպանության միջոցներ՝ հակաձայնային սաղավարտներ, ականջակալներ և այլն, աչքի՝ պաշտպանական ակնոցներ։ Պաշտպան, հարմարանքներ՝ գոտիներ, դիէլեկտրիկ գորգեր, ձեռքի բռնիչներ, ծնկակապեր, արմնկակալներ, մաշկի պաշտպան, միջոցներ՝ լվացամիջոցներ, մածուկներ, քսուքներ և այլն։

Անհատական պաշտպանության միջոցներ ընտրելիս, հաշվի են առնվում տվյալ տեխնոլոգիական գործընթացի կամ աշխատանքի տեսակի անվտանգության պահանջները։ Այդ միջոցները կիրառվում են այն դեպքում, երբ աշխատանքի անվտանգությունը չի կարող ապահովվել սարքավորման կոնստրուկցիայով, արտադրական գործընթացի կազմակերպմամբ, կոլեկտիվ պաշտպանության միջոցներով։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական պաշտպանության միջոցների կիրառումը պարտադիր կարգով նախատեսված է անվտանգության տեխնիկայի ճյուղային կանոններով։ Ձեռնարկության ղեկավարությունը անհատական պաշտպանության միջոցները հանձնում է պատրաստի վիճակում և նշումներ անում բանվորների ու ծառայողների անձնական քարտերում։ Անհատական պաշտպանության միջոցների նյութական կամ դրամական փոխհատուցում չի թույլատրվում։

Շնչադիմակների, օդաճնշումային արտահագուստների, հակագազերի հանձնման ժամանակ անցկացվում է դրանց օգտագործման կանոնների և պարզ եղանակով դրանց սարքինության ստուգման հատուկ հրահանգավորում։ Տրվող անհատական պաշտպանության միջոցները ձեռնարկության սեփականությունն են և աշխատողն աշխատանքից ազատվելիս կամ այլ (ոչ վտանգավոր) աշխատանքի անցնելիս դրանք պետք է վերադարձնի։

Քաղաքացիական պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական պաշտպանության մեջ անհատական պաշտպանության միջոցները նախատեսված են կազմավորումների անձնակազմին և բնակչությանը ռադիոակտիվ և թունավոր նյութերը, բակտերիային միջոցները օրգանիզմ թափանցելուց, ինչպես նաև մաշկի կամ հագուստի վրա ընկնելուց պաշտպանելու համար։ Դրանք շնչառության օրգանների և մաշկածածկույթների պաշտպանության միջոցներ են։ Առաջիններից են հակագազերը, շնչադիմակները, հակափոշային, գործվածքե դիմակները, բամբակաթանզիֆային վիրակապը և այլն։

Մաշկի պաշտպանության միջոցները լինում են մեկուսացնող և զտող։ Վերջինը պարունակում է բամբակե կոմբինեզոն, ներքնազգեստ և ոտքի 2 զույգ բամբակե փաթաթան։ Մաշկի մեկուսացնող պաշտպանության միջոցներից են համազորային պաշտպանական լրակազմը, արտահագուստները, պաշտպանազտիչ կոմբինեզոնը։ Մաշկի օժանդակ պաշտպանության միջոցներից են սովորական թիկնոցները և ռետինատոգորված գործվածքից, քլորվինիլից կամ պոլիէթիլենից կարված անձրևանոցները։ Վերարկուն լավ է պաշտպանում ճառագայթաակտիվ փոշուց և բակտերիային միջոցներից, ինչպես նաև կաթիլահեղուկային թունավոր նյութերից (5-10 ր)։ Ախտահարման վտանգի դեպքում հագուստի կոճակները կոճկում են, թևքերի և տաբատի ծալքերը կապում ժապավենաթելով, վերարկուի օձիքը բարձրացնում և կապում վզնոցով։ Առավել հուսալի պաշտպանության համար հագուստը մշակում են հատուկ տոգորանյութով։

Ոտքերի պաշտպանության համար օգտագործում են արդյունաբերական և կենցաղային նշանակության ռետինե ճտքակոշիկներ, երկարաճիտք կոշիկներ, կրկնակոշիկներ։ Սովորական կոշիկները կաթիլահեղուկային թունավոր նյութերից պաշտպանելու համար դրանք կարելի է փաթաթել (մի քանի շերտ) ամուր թղթով, իսկ վերջում՝ բրեզենտով կամ պարկագործվածքով։

Ձեռքերի պաշտպանության համար օգտագործում են ռետինե կամ կաշվե ձեռնոցներ և բրեզենտե թաթմաններ։ Հագուստի տոգորման մատչելի միջոց են տարբեր սինթետիկ լվացամիջոցներից պատրաստած լուծույթները, որոնք կիրառվում են սպիտակեղենի լվացման համար, կամ օճառայուղային էմուլսիաները։

Տոգորման համար պետք է վերցել 0,5 լ լվացամիջոց և 2 լ տաքացրած ջուր (50 °C), խառնել մինչև համասեռ լուծույթ ստացվելը։ Կարելի է տոգորել նաև օճառայուղային էմուլսիայով, որի պատրաստման համար 250-300 գ մանրացրած տնտեսական օճառը լուծել 2 լ ջրի (60-70 °C) մեջ։ Լրիվ լուծվելուց հետո ավելացնել 0,5 լ հանքային կամ բուսական յուղ և խառնելով տաքացնել (60- 70 °C)՝ մինչև ստացվի համասեռ օճառայուղային էմուլսիա։ Լուծույթը պատրաստել այնպիսի տարողության ամանում, որտեղ հնարավոր լինի տեղավորել ամբողջ հագուստը և աշխատել, որպեսզի այն հավասարաչափ տոգորվի։ Քամված հագուստը չորացնել բաց օդում։ Արդուկել պետք չէ։ Տոգորումը չի քայքայում հագուստը, այլ հեշտացնում է դրա գազազերծումն ու ապաակտիվացումը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։