Քիմիական զենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քիմիական զենք
155mmMustardGasShells.jpg
Ենթատեսակ Զենք
ԱՄՆ զինվորների հանդերձանքը, որը պաշտպանում է քիմիական զենքից

Քիմիական զենք, զանգվածային խոցման զենք՝ հիմնված քիմիական նյութերի թունավոր հատկությունների վրա։ Զենքի հիմնական բաղադրամասերն են մարտական թունավոր նյութերը, դրանց տեղափոխման, կիրառման և կառավարման սարքերը։ Քիմիական զինամթերքի տարատեսակ է նաև երկակի (բինար) զինամթերքը։ Այն լիցքավորում է երկու ոչ թունավոր բաղադրամասերով, որոնք զինամթերքն օգտագործելիս միախառնվում են, առաջացնում մարտական թունավոր նյութ։ Երկակի զինամթերքի ստեղծումը հնարավորություն է տալիս ապահովել քիմիական զինամթերքի անվտանգ լիցքավորումը, փոխադրումը մեծ հեռավորությունների վրա և պաշարների ստեղծմանը։

Տարածքը, որի սահմաններում թունավոր նյութերի ազդեցության տակ տեղի են ունեցել մարդկանց և գյուղատնտեսական կենդանիների զանգվածային ախտահարումներ, կոչվում է քիմիական վարակման օջախ։ Քիմիական վարակման օջախը և այն տարածքը, որի վրա նստել է ախտահարող խտությամբ վարակված օդի ամպը, կոչվում է քիմիական վարակման գոտի։

Քիմիական զենքի թվին են պատկանում նաև հատուկ թունավոր նյութերը (հերբիցիդներ և դեֆոլիանտներ), որոնք նախատեսված են բույսերը ոչնչացնելու համար։ Քիմիական զենքը լայնորեն կիրառվել է առաջին աշխարհամարտի ժամանակ (1914-1918)։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ մարդու օրգանիզմի վրա ազդեցության՝ թունավոր նյութերը լինում են 6 տեսակ՝

  • Նյարդակաթվածային (նյարդալուծանքային) ազդեցություն
  • Մաշկաթարախային (մաշկապալարային) ներգործություն
  • Հեղձուցիչ ազգեցություն
  • Ընդհանուր թունավորում
  • Գրգռիչ ազդեցություն
  • Հոգեքիմիական ազդեցություն

Թունավոր նյութերը, ըստ կայունության աստիճանի, բաժանում են 2 խմբի՝ կայուն թունավոր նյութեր, որոնց թունավորող հատկությունը պահպանվում է մի քանի ժամից մինչև մի քանի օր, և անկայուն թունավոր նյութեր՝ մի քանի րոպեից մինչև 1-2 ժամ։ Թունավոր նյութերն օգտագործում են կաթիլահեղուկային, գոլորշի (գազային) վիճակում, աերոզոլի (մառախուղ, անձրև) ձևով։ Առավել արդյունավետ է աերոզոլային եղանակը, որովհետև այդ դեպքում ապահովվում է մանրագույն մասնիկների առավելագույն կոնցենտրացիա մթնոլորտի մերձգետնյա շերտում, և կաթիլները կարող են թափանցել շենքեր, ոչ հերմետիկ կառույցներ և այլն։ Թունավոր նյութերն օրգանիզմ կարող են թափանցել չպաշտպանված շնչառական օրգաններով, լորձաթաղանթով, մաշկով՝ մաշկի վրա թունավոր նյութի կաթիլ ընկնելիս կամ թունավորված առարկաների հետ շփվելիս, ստամոքսաղիքային համակարգով (թունավորված ջրով, սննդամթերքով)։ Թունավորումը կարող է առաջանալ կամ կարճ ժամանակում կամ գաղտնի շրջանից հետո։

Լուրջ վտանգ են ներկայացնում այն թունավոր նյութերն ու հերբիցիդները, որոնք մարդու և շրջակա միջավայրի վրա ներգործում են դանդաղ, տևականորեն և որոշ դեպքերում առաջացնում Են գենետիկական ապարատի վնասում, որը հանգեցնում է վերարտադրության խանգարման, բուսական և կենդանական աշխարհի տարբեր ներկայացուցիչների այլասերման։ Այդպիսի հետևանքներ հստակորեն դրսևորվել են Վիետնամում, ԱՄՆ-ի կողմից քիմիական զենքի կիրառման հետևանքով, մասնավորապես՝ նարնջագույն նյութ («էյնջենտ օրանժ») կոչվող հերբիցիդից։

Նյարդակաթվածային ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյարդակաթվածային ազդեցությունները լինում են գոլորշու, կաթիլահեղուկային վիճակում և մարդու օրգանիզմ են թափանցում շնչառական, աղեստամոքսային ուղիներով։ Ախտահարում են նյարդային համակարգը։ Կայուն են։ Ախտահարման նշաններ են՝ թքարտադրություն, շնչառության դժվարություն, բիբերի նեղացում, կաթվածահարություն։ Դրանք ամենավտանգավոր թունավոր նյութերն են։ Այս խմբին են դասվում զարինը, զոմանը, VX-գազը։

Մաշկառեզորբտիվ ազդեցության[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաշկառեզորբտիվ ազդեցության փունավոր նյութերը կաթիլահեղուկային և գոլորշման վիճակում ախտահարում են մաշկը և աչքերը։ Գոլորշին ներշնչելիս ախտահարվում են շնչուղիները և թոքերը, վարակված սնունդ և ջուր ընդունելիս՝ մարսողական օրգանները։ Առաջանում է օրգանիզմի թունավորում։ Այս թունավոր նյութերի պայմաններում անհրաժեշտ է պաշտպանվել հակագազով և պաշտպանիչ հագուստով։ Այս խմբին են դասվում իպրիտ, լուիզիտ։

Հեղձուցիչ ազգեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղձուցիչ ազգեցություններն օրգանիզմի վրա ազդում են շնչառական օրգանների միջոցով։ Ախտահարման նշաններ են՝ քաղցրանման տհաճ համ բերանում, գլխապտույտ, հազ, թուլություն։ Վարակման օջախից դուրս բերելուց հետո այդ ազդեցությունները գրեթե վերանում են, որը խաբուսիկ է, ընդամենը գաղտնի շրջան, որին հաջորդում են լուրջ խանգարումներ։ Սրանք են ֆոսգեն, դիֆոսգեն։

Ընդհանուր ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր ազդեցությունները շատ թունավոր են՝ մահացու ազդեցության, ախտահարում են և՛ մաշկով, և՛ շնչառական, մարսողական ուղիներով։ Տուժածին ներարկում են հակաթույն, երբեմն կատարում են արհեստական շնչառություն և շտապ տեղափոխում բուժկետ։ Այս խմբի ներկայացուցիչներն են կապտաթթուն, քլորցիանը։

Գրգռիչ ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրգռիչ ազդեցություններն առաջացնում են սուր այրոց և ցավ բերանում, կոկորդում ու աչքերում, արցունքազատում, շնչառության դժվարություն։ Պաշտպանության համար օգտագործվում է հակագազ։ Սրանք ժամանակավոր ազդեցության թունավոր նյութեր են։ Բաժանվում են 2 խմբի՝ արցունքաբերներ (CS, CN, PS) և փռշտոց առաջացնող (DM, DA, DC)։ Առավել հաճախ կիրառվում են դրանց համակցված տարբերակները։

Հոգեքիմիական ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեքիմիական ազդեցությունները ազդում են կենտրոնական նյարդային համակարգի վրա և առաջ բերում հոգեկան ու ֆիզիկական խանգարումներ։ Պաշտպանության համար օգտագործվում է հակագազ։ Այս թունավոր նյութերով ախտահարվածի մարմնի վարակված մասերը պետք է մշակել օճառաջրով, աչքերը և քիթ-բերանը մաքրել ջրով։ Սրանք են BZ, LSD:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նախնական զինվորական պատրաստություն, 10-րդ դասարանի դասագիրք։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png