Jump to content

Անհավասար ամուսնություն (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անհավասար ամուսնություն
Неравный брак
տեսակգեղանկար
նկարիչՎասիլի Պուկիրև
տարի1875[1]
բարձրություն173 սանտիմետր
լայնություն136,5 սանտիմետր
ժանրկենցաղային ժանր
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էԲելառուսի ազգային արվեստի թանգարան
հավաքածուԲելառուսի ազգային արվեստի թանգարան
քաղաքՄինսկ
Ծանոթագրություններ
 Arranged marriage (Pukirev) Վիքիպահեստում

«Անհավասար ամուսնություն» (ռուս.՝ Неравный брак), ռուս նկարիչ Վասիլի Պուկիրևի նկարը, որն ստեղծել է 1862 թվականին՝ Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանն ավարտելուց անմիջապես հետո։ 1863 թվականի ակադեմիական ցուցադրության ժամանակ «Անհավասար ամուսնություն» նկարի (գտնվում է Տրետյակովյան պատկերասրահում) ընդհանուր գաղափարի, ուժեղ արտահայտչականության, կենցաղային սյուժեի համար անսովոր չափերի ու վարպետության շնորհիվ նկարիչն առաջատար դիրք է զբաղեցրել ռուս գեղանկարիչների շարքում։ Նկարի համար Պուկիրևն արժանացել է պրոֆեսորի կոչման։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի կեսերին կնոջ իրավազուրկ վիճակը, իրենց կամքին հակառակ ամուսնացող անօժիտ աղջիկների խնդիրը Ռուսաստանում դարձավ հիվանդագին։ Այդ ժամանակվա ամուսնությունների զգալի մասը կառուցվում էր շահի և նյութական հետաքրքրությունների հիման վրա։ 1854 թվականին Փոքր թատրոնում բեմադրվեց Ալեքսանդր Օստրովսկու «Աղքատությունն արատ չէ» պիեսը, իսկ 1861 թվականի փետրվարին Սուրբ սինոդի հրամանով դատապարտվեց տարիքային մեծ տարբերությամբ ամուսնությունները[2]։

Վարկած կա, որ նկարը նկարելու գաղափարը Վասիլի Պուկիրևին տվել է նրա նկարիչ ընկերը, որը, ուսումնասիրելով վաճառականների աշխարհի բարքերը, եզրակացրել է, որ ցինիզմը կառավարում է նրանց աշխարհը, իսկ շահ ստանալու տենչը վաճառականներին դարձնում է ցինիկ[2]։

Աշխատանքներ նկարի վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուկիրևը նկարի աշխատանքներն սկսել է 1862 թվականին։ Նա արագ նկարել է ոչ մեծ էսքիզը (34х26) և սկսել նկարել մեծ նկարը[2]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված է ուղղափառ եկեղեցում տեղի ունեցող պսակադրության խորհուրդ (ծիսակատարություն)։ Եկեղեցու կիսախավարի ֆոնին լուսամուտից ընկնող լույսը լավ լուսավորում է միայն փեսացուին[3]։ Փեսացուն լավ կոստյումով, խայթող, բարկացկոտ-զիջողամտական[4] դեմքի արտահայտությամբ ծերունի է։ Նա ունի կնճռոտ երես, անարտահայտիչ, անփայլ աչքեր, զզվանքով դուրս ցցված շրթունքներ, պարանոցին սուրբ Վլադիմիրի շքանշանի խաչ է, իսկ ձախ կրծքին՝ այդ շքանշանին համապատասխան աստղը[3]։ Ձիգ օձիքը նրա դեմքին հաղորդում է քարացածի տեսք և միայն նրա աչքերն են մի փոքր թեքված հարսնացուի կողմը[3]։

Հարսնացուն փեսացուի հակադրությունն է։ Նա շատ երիտասարդ է, դեռ լրիվ երեխա, ինչի մասին վկայում են նրա դեմքի օվալը, մետաքսյա շեկ մազերը, փոքր հասակը։ Հարսնացուի գլխին նրա անմեղությունը հաստատող քողն է։ Դեմքը գունատ է, աչքերը լացակումած են, հայացքն ուղղված է ցած, որոնք նրա կերպարին հաղորդում են առանձնահատուկ սրտաշարժություն։ Առանձնահատուկ կերպով մաքուր է թվում նա իր հարսանեկան զգեստով։ Ձախ ձեռքին ներքև պահված մոմն է, իսկ աջը մեկնել է քահանային՝ ցուցամատին նշանի մատանին դնելու համար[3]։

Քահանան պատկերված է շուրջառով, մեջքը կորացած է, նայում է աչքի տակով, ձախ ձեռքին եկեղեցական գիրքն է, իսկ աջով պահել է նշանդրեքի ոսկե մատանին, որը պատրաստվում է դնել հարսնացուի մատին[5]։

Հյուրերի թվում առանձնանում է խաչեղբոր պատկերը, որը նկարված է հարսնացուի կողմում։ Նրա դեմքն արտահայտում է դժգոհություն, ձեռքերը կրծքին խաչված են։ Խաչեղբոր և հարսնացուի կերպարները նկարում միացված են բարակ, անուղղակի կապերով։ Նախ՝ նկարիչը դա ցույց է տվել՝ եկեղեցու նեղ տարածության մեջ նրանց նկարելով սերտ հարևանությամբ, երկրորդ՝ նկարում միայն նրանք են երիտասարդ և միավորված են մեկ ընդհանուր ապրումներով։ Խաչեղբոր կրծքին, ինչպես և ընդունված է, վարդ կա ամրացված, բայց տվյալ դեպքում այն հերոսի տառապանքների նշանն է[4]։

Մնացած կերպարները խաղում են երկրորդական դեր։ Հեղինակը նրանց բաժանել է երկու խմբի՝ փեսացուի խումբը և հարսնացուի խումբը։ Առաջինի անդամները, որոնց թվում են զինվորականն ու նրա կողքին կանգնած տղամարդը, անկեղծ և անհամեստ հետաքրքրասիրությամբ նայում են հարսնացուին։ Ծեր փեսացուին անձնվիրաբար նայում է ձախի տարեց կինը, ըստ երևույթին՝ խնամախոսուհին։ Երկրորդ խմբում, բացի խաչեղբորը, կարելի է նշել նրա մոտ կանգնած տղամարդուն, որի լարված դեմքին հստակ կարդացվում է կենդանի մասնակցություն[6]։

Նկարի նախատիպեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Վարենցովի վարկածը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն առաջին վարկածի՝ նկարի սյուժեն կապված է երիտասարդ նկարիչ և վաճառական Սերգեյ Միխայլովիչ Վարենցովի սիրային դրամայի հետ[4]։ Ըստ այդ վարկածի՝ Սերգեյ Վարենցովը[Ն. 1] սիրահարված է եղել 24-ամյա[2] Սոֆյա Նիկոլաևնա Ռիբնիկովային[Ն. 2], բայց հարսնացուի ծնողները նրա համար ընտրեցին ավելի հարուստ և առևտրա-արդյունաբերական աշխարհում հայտնի, ոչ ծեր (37-ամյա[2], հարսնացուից 13 տարով մեծ) Անդրեյ Կարզինկինին։ Ավելին, ըստ Ն. Պ. Սիրեյշիկովի՝ Վարենցովի զարմիկի վկայության, հանգամանքների բերումով Սերգեյ Վարենցովն ստիպված է եղել որպես խաչեղբայր մասնակցել հարսանիքին, որը տեղի է ունեցել 1860 թվականին Երեք սրբերի եկեղեցում[7]։ Ն. Ա. Վարենցովը իր հուշերում այդ անհրաժեշտությունը բացատրել է նրանով, որ Կարզինկինի քույրն ամուսնացած է եղել Սերգեյ Վարենցովի ավագ եղբոր՝ Նիկոլայի հետ[8]։

Ըստ վարկածի՝ շուտով Սերգեյ Վարենցովը բողոքարկել է նկարում իրեն պատկերելու համար[9], քանի որ պատրաստվում էր ամուսնանալ Օլգա Ուրուսովայի հետ։ Նկարիչն ստիպված է եղել նկարել ինքն իրեն[4]։

Սերգեյ Միխայլովիչի մասին պատմում էին, որ նա սիրահարված է եղել մի օրիորդի՝ վաճառական Ռուբնիկովի դստերը և ցանկանում էր ամուսնանալ նրա հետ, բայց ծնողները նախընտրեցին նրան ամուսնացնել Անդրեյ Ալեքսանդրովիչ Կարզինկինի հետ, թեև ոչ այնքան գեղեցիկ, բայց շատ հարուստ և լավ մարդ։

Այդ անհաջողությունը Սերգեյ Միխայլովիչին շատ ճնշեց, և նա իր վիշտը կիսում էր իր ընկեր նկարիչ Պուկիրևի հետ, որն այդ պատմությունն օգտագործեց «Անհավասար ամուսնություն» նկարի սյուժեի համար՝ որպես փեսացու պատկերելով ծեր գեներալի, իսկ խաչեղբայր՝ ձեռքերը կրծքին խաչած կանգնած Սերգեյ Միխայլովիչին։ Նկարը ցուցահանդեսում մեծ հաջողություն ունեցավ, ընտրվեց Պ. Մ. Տրետյակովի կողմից և մինչև այժմ գտնվում է Տրետյակովյան պատկերասրահում։ Այդ նկարի պատճառով Սերգեյ Միխայլովիչի և Պուկիրևի միջև մեծ վեճ ծագեց, երբ Ս. Միխայլովիչը դրա վրա տեսավ իրեն։ Պուկիրևն ստիպված էր խաչեղբորը մի փոքր բեղ նկարել՝ դեմքի բոլոր գծերը թողնելով անփոփոխ, քանի որ Սերգեյ Միխայլովիչը բեղեր չուներ։

Ն. Ա. Վարենցով։ «Լսված։ Տեսնված։ Մտածված։ Ապրած»

Այն փաստը, որ նկարիչը նկարել է ինքն իրեն, հաստատում է նրա նմանությունը[4] «Նկարչի արվեստանոցում» (1865) նկարում նկարչի կերպարին, որտեղ, ըստ Նիկոլայ Մուդրոգելի, նկարիչը պատկերել է իրեն[10]։ Նկարչի ընկեր Ս. Ի. Գրիբկովը նույնպես հաստատում է, որ «նկարում ձեռքերը խաչածը հենց ինքը՝ Վ. Վ. Պուկիրևն է, ինչպես իրականում է»[11]։

Վասիլի Պուկիրևը որպես խաչեղբայր «Անհավասար ամուսնություն» նկարում Պուկիրևի «Նկարչի արվեստանոցում» նկարը։
Հետին պլանում նկարակալը ձեռքին պահածը հեղինակն է
Անդրեյ Ալեքսանդրովիչ Կարզինկին։
19-րդ դարի վերջի լուսանկար
Ս. Մ. Վարենցովի դիմանկարը, Պուկիրևի աշխատանքը։
1860-ական թվականներ

Գրիբակովի և Մուդրոգելի վարկածը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ մեկ այլ վարկածի, որ հայտնել են նկարիչներ Սերգեյ Գրիբկովը և Նիկոլայ Մուդրոգելը[10], նկարում պատկերված է հենց նկարչի սիրային դրաման։ Ընդ որում, Գրիբկովը պատմել է և այդ պատմության մանրամասները.

Պուկիրևի երիտասարդ օրերի ընկերը (Ս. Ի. Գրիբկով) գիտեր «Անհավասար ամուսնություն» նկարի պատմությունը և հեղինակի կյանքի ողջ ողբերգությունը. այդ ծեր կարևոր աստիճանավորն իրական դեմք է։ Նրա կողքի հարսնացուն Վ. Վ. Պուկիրևի հարսնացուի կերպարն է, իսկ խաչած ձեռքերով կանգնածը հենց իրական Վ. Վ. Պուկիրևն է։

Վլադիմիր Գիլյարովսկի։ «Մոսկվան և մոսկվացիները»

Համաձայն այս վարկածի՝ նկարում պատկերված հարսնացուի նախատիպը Վասիլի Պուկիրևի չկայացած հարսնացուն է[12]՝ Պրասկովյա Մատվեևա Վարենցովան[Ն. 3]՝ իշխան Ա. Ի. Շեպին-Ռոստովսկու կին իշխանուհի Օլգա Միրոնովնա Շեպինա-Ռոստովսկայայի (ի ծնե՝ Վարենցովա-Տարխովսկա) զարմուհին[2]։ Այս վարկածի հաստատումն ստացվել է 2002 թվականին, երբ Տրետյակովյան պատկերասրահը ձեռք բերեց Վ. Դ. Սուխովի 1907 թվականի մատիտով կատարված նկարը, որի տակ գրված էր «Պրասկովյա Մատվեևնա Վարենցովա, որին 44 տարի առաջ նկարիչ Վ. Վ. Պուկիրևը նկարել է իր հայտնի «Անհավասար ամուսնություն» նկարում։ Տիկին Վարենցովան ապրում է Մոսկվայում՝ Մազուրինսկի անկելանոցում»[2]։

Փեսացուի կերպարում, ըստ Լ. Կացի ենթադրության, նկարիչը պատկերել է Տվերի ազնվականության առաջնորդ Ալեքսեյ Մարկովիչ Պոլտորացկուն, որի հետմահու մեծ դիմանկարի հետ ինքը նմանություններ է գտել[13]։ «Ծերունու գլուխը» նկարի էտյուդում նկարիչը ցույց է տվել, որ ինքը նկարել է իշխան Ցիցիանովին[14]։ Լ. Պոլոզովը ենթադրում է, որ խոսքն իշխան Պավել Իվանովիչ Ցիցիանովի մասին է[4], իսկ Ն. Պ. Սիրեյշիկովը գտնում է, որ նկարվել է այդ տարիներին Վարենցովների տանը որպես խոհարար աշխատող Վլադիմիր Իվանովիչի գլուխը[15]։ Բացի այդ՝ Լ. Պոլոզովը կարծում է, որ կերպարը, հնարավոր է, հավաքական է. ֆիգուրան և հագուստը Պոլտորացկունն է, գլուխը դեմքի հատուկ արտահայտություններով՝ Ցիցիանովինը, սպիտակ մազերի պսակը՝ խոհարար Վլադիմիր Իվանովիչինը[4]։

Նկարում պատկերված են նկարչին ծանոթ ևս 2 անձնավորություններ։ Խաչեղբոր կողքին նկարված է Պուկիրևի ընկեր նկարիչ Պյոտր Շմելկովը, ըստ վարկածներից մեկի՝ նա է հեղինակին տվել նկարի գաղափարը[2]։ Բացի այդ, նկարի ծայրին պատկերված է շրջանակագործ Գրեբենսկու գլուխը։ Վերջինս նկարչին խոստացել էր նկարների համար պատրաստել շրջանակներ, «ինչպիսիք դեռ չեն եղել»[10]։

Ծերունու գլուխը։
Էտյուդ «Անհավասար ամուսնություն» նկարի համար։
Կտավի դարձերեսին գրված է. Пукиревъ. Этюдъ къ картине «Неравный брак» (Третьяк. гал.). Ниже: Писано съ князя Цицiанова».
Ա. Մ. Պոլտարոցկու դիմանկարը, Պուկիրևի աշխատանքը։ 1861 թվական Պյոտր Շմելկով (1819-1890) Վ. Դ. Սուխովի 1907 թվականի մատիտով կատարված նկարը, որի վրա գրված է. «Պրասկովյա Մատվեևնա Վարենցովա, որին 44 տարի առաջ նկարիչ Վ. Վ. Պուկիրևը նկարել է իր հայտնի «Անհավասար ամուսնություն» նկարում։ Տիկին Վարենցովան ապրում է Մոսկվայում՝ Մազուրինսկի անկելանոցում»։

Նկարը ցուցադրվել է 1863 թվականի սեպտեմբերին Պետերբուրգում՝ ակադեմիական հերթական ցուցահանդեսում, բայց դեռ ցուցահանդեսից առաջ այն գնել էր Պուկիրևի ընկերը՝ կոլեկցիոներ Ալեքսանդր Բորիսովսկին, որից էլ 1871 թվականին 1500 ռուբլով գնել էր Պավել Տրետյակովը[16]։ Ներկայումս նկարը ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում։

Ցուցահանդեսում նկարը ժամանակակիցների վրա մեծ տպավորություն է թողել։ Վլադիմիր Ստասովը համարում է, որ Պուկիրևի կտավը ռուսական դպրոցի ամենամեծարժեք, բայց միևնույն ժամանակ ամենաողբերգական նկարներից մեկն է։ Իլյա Ռեպինը նկատել է, որ Պուկիրևը «շատ արյուն է փչացրել բազմաթիվ ծեր գեներալների մոտ», իսկ պատմաբան Նիկոլայ Կոստոմարովն ընկերներին խոստովանել է, որ, տեսնելով նկարը, հրաժարվել է երիտասարդ աղջկա հետ ամուսնանալու որոշումից[17]։ Միևնույն ժամանակ, «Իսկրա» առաջադեմ ամսագիրը 1863 թվականի «Շողոքորթ արվեստ» հոդվածում նկարը քննադատել է սոցիալական ոչ խորը մերկացման, սենտիմենտալիզմի և մելոդրամատիկի հարձակման, նրա գեղարվեստական արժեքի նվազման համար[6]։

1875 թվականին Վասիլի Պուկիրևը նկարել է «Անհավասար ամուսնություն» նկարի տարբերակ-կրկնությունը, որը հիմա գտնվում է Բելառուսի ազգային արվեստի թանգարանի էքսպոզիցիայում[18]։ Պուկիրևն ամուսնության թեմային անդրադարձել է նաև իր այնպիսի աշխատանքներում, ինչպիսիք են «Ցուցակով օժիտի ընդունումը» և «Ձախողված հարսանիք» կտավները։

Պուկիրևի «Երկու կին ունեցողը» կամ «Ձախողված հարսանիք» նկարը։ 1877 թվական Պուկիրևի «Վաճառականի ընտանիքում ցուցակով օժիտի ընդունումը» նկարը։ 1873 թվական
  1. Սերգեյ Միխայլովիչ Վարենցով (1833-1874) – 2-րդ գիլդիայի մոսկովյան վաճառական (վաճառում էր ներկաքիմիական ապրանքներ), 1867-1869 թվականներին եղել է Վաճառականների խորհրդի գիլդիական ավագ, քաղքենիական ուսումնարանի հոգաբարձու։ Ամուսնացել է Օլգա Նիկիտիչնա Ուրուսովայի հետ, որը նույնպես վաճառականների ընտանիքից էր
  2. Սոֆյա Նիկոլաևնա Ռիբնիկովա (1836-1911) – բոգորոդսկցի վաճառական և Չուդինկայում մահուդի ֆաբրիկայի սեփականատեր Նիկոլայ Աբրամովիչ Ռիբնիկովի դուստրը։ Ա. Ա. Կարզինկինի հետ ամուսնությունից ունեցել է երեք երեխա. դուստրը՝ Ելենան, ավարտել է Գեղանկարչության և քանդակագործության ուսումնարանը, դարձել նկարչուհի և ամուսնացել գրող Տելեշովի հետ, ավագ որդին՝ Ալեքսանդրը, եղել է Մոսկվայի դրամագիտական հասարակության անդամ, ռուսական միջնադարյան շքանշանների մասին մի շարք աշխատությունների հեղինակ է, ընկերություն է արել Պ. Մ. Տրետյակովի հետ։ Սոֆյա Նիկոլաևնան շատ բարեգործություններ է արել, այդ թվում նաև Բախրուշինի հիվանդանոցում, մասնավորապես Սոֆյայի մահացած դստեր անվան շենքամասում, որը նախատեսված էր տուբերկուլոզով հիվանդ կանանց համար, և տուբերկուլոզային առողջարանում, եղել է Տագանսկի իգական տարրական 1-ին ուսումնարանի հոգաբարձուն
  3. Ըստ մի աղբյուրի՝ դա նրա օրիորդական ազգանունն է, և նա Սերգեյ Վարենցովի հետ ազգանվանակից է եղել, ըստ մյուս աղբյուրների՝ նրա օրիորդական ազգանունն անհայտ է, իսկ հետագայում նրան ամուսնացրել են նկարիչ Սերգեյ Վարենցովի ընկերոջ հետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.artmuseum.by/ru/vyst/50-shedevrov-naczionalnogo-xudozhestvennogo-muzeya/v.pukirev-«neravnyij-brak»
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Л. М. и Н. П. Анисовы — «Неравный брак» | Журнал Русский Дом
  3. 3,0 3,1 3,2 3,3 Загадки и легенды картины «Неравный брак» В.Пукирева. | Логово Открытых Дверей!!
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Людмила Полозова. Неравный брак. По следам судеб главных героев знаменитой картины
  5. «Неравный брак» — история одной картины
  6. 6,0 6,1 Неравный брак. В. В. Пукирев — Православные лики России
  7. Отдел рукописей ГТГ. 4/254, 4/255; РГАЛИ. Ф. 2819. Оп. 1. Д. 98. Ф. 2322. Оп. 1. Д. 241.
  8. Наше наследие. 1997. С. 82-83. Прим. № 18
  9. Отдел рукописей. ГТГ. 4/254; 4/255
  10. 10,0 10,1 10,2 Н. А. Мудрогель. Пятьдесят восемь лет в Третьяковской галерее. Л. 1966. С. 149.
  11. В. Гиляровский. «Среды художников» — «Москва и москвичи». М. 1983. С. 119
  12. Н. Шестакова. Жертвы неравного брака. Моя Москва. 1991. № 3. С. 26
  13. Л. Кац. К истории картины В. Пукирева «Неравный брак»//Художник. 1878. № 12. С. 52.
  14. «Голова старика». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 2-ին.
  15. Отдел рукописей ГТГ
  16. Пукирев Василий Владимирович
  17. В. Зименко. Неравный брак. М. — Л. 1947. С. 12.
  18. «К 165-летию Василия Владимировича Пукирева (1832—1890)». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]