Ամյուկ
Նկարագրություն | |
Տեսակ | շենք, ամրոց, ավերակներ և դղյակ |
Վարչական միավոր | Վանի մարզ |
Գտնվում է ափին | Վանա լիճ |
Երկիր | Հայաստան և Թուրքիա |
Ամյուկ, 10-րդ դարի հայկական բերդ (ամրոց) Մեծ Հայքի Վասպուրական նահանգում։
Անվանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերդի անվանումը ծագում էր տեղանքից․ այդպես էր կոչվում բարձրաբերձ քարաժայռը, որի վրա այն տեղակայված էր։ Հայտնի են նաև այլ անուններ՝ Ամակ, Ամեկ, Ամիք, Ամիկ, Ամկոբերգ, Ամկուբերդ, Ամոք, Ամակ, Ամք, Ամքար, Համոկ, Համուկ, Քար-Ամկո։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամյուկը գտնվում էր Վասպուրական աշխարհի Առբերանի գավառում՝ Վան քաղաքից հյուսիս։ Տեղակայված էր Վանա լճի հյուսիսարևելյան ափին՝ Լիմ կղզուց հարավ՝ համանուն թերակղզու ծայրակետին[1]։ Դրանից ոչ հեռու գտնվում էր հայկական միջնադարյան եկեղեցական համալիր Բազենից վանքը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամյուկը միջնադարյան Հայաստանի անառիկ ու անմատչելի բերդերից էր և շատ հաճախ հիշատակվում հայ մատենագիրների երկերում։ Շրջակայքում հայտնաբերվել են ուրարտական սեպագրեր։ Միջին դարերում եղել է Գնունիների, ապա՝ Արծրունիների սեփականությունը։ 9-րդ դարի վերջին այստեղ հիմնվել էր Ամյուկի և Վարագի արաբական Էմիրությունը, որը հզորության շրջանում մոտավորապես ընդգրկել է Վան քաղաքի շրջակայքն գավառը։ Գագիկ Արծրունին գրավում է ամրոցն ու իրեն ենթարկեցնում արաբական իշխանությունը, որը 10-11-րդ դարերում արդեն մտնում էր Վասպուրականի թագավորության մեջ և նրա կախյալ ֆեոդալական իշխանություններից մեկն էր[2]։ 1021 թվականից հետո, երբ Սենեքերիմ Արծրունի թագավորը հանձնեց իր տիրույթները Բյուզանդական կայսրությանը և տեղափոխվեծ Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքը, Արծրունիների վերջին տիրույթները մնացին Ամյուկում և նրա շրջակայքում։
Խեդենեկ-Արծրունիների իշխանական տոհմը Աղթամար կղզու և Ամյուկ անառիկ ամրոցի վրա պահպանեց իր ավատական իշխանությունը մինչև 17-րդ դարի սկիզբը, ամուսնական կապ հաստատելով Սեֆեդին-Արծրունիների ճյուղի հետ, ամեն անգամ իրենց հարազատների միջավայրից օծել տալով նաև Աղթամարի կաթողիկոսական աթոռի նոր գահակալներին[3]։
Հետագայում Ամյուկի ստորոտներում հիմնադրվում է Ամիկկայա գյուղը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 219 — 992 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ էջ 219 — 992 էջ։
- ↑ Ա․ Ա․ Բոզոյան, Գ․ Գ․ Դանիելյան, Մ․ Ա․ Շևալիե, Կիլիկյան Հայաստանը Մերձավոր Արևելքի եկեղեցաքաղաքական փոխհարաբերությունների փաստաթղթերում (վավերագիտության խնդիրներ) (հայերեն), Երևան, «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա», 2023 — 475 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 323)։ |