Ալմա Դոլենս
| Ալմա Դոլենս լատին․՝ Alma Dolens | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 18, 1869 |
| Ծննդավայր | Gubbio, Պերուջա, Ումբրիա, Իտալիա[1] |
| Մահացել է | մայիսի 20, 1948 (79 տարեկան) |
| Մահվան վայր | Միլան, Իտալիա |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | լրագրող, հակապատերազմային ակտիվիստ և սուֆրաժիստ |
Թերեզիտա Փարզինի (ի ծնե՝ դեի Բոնֆատի, առավել հայտնի է Ալմա Դոլենս կեղծանունով, լատին․՝ Alma Dolens, փետրվարի 18, 1869, Gubbio, Պերուջա, Ումբրիա, Իտալիա[1] - մայիսի 20, 1948, Միլան, Իտալիա), իտալացի հայտնի պացիֆիստ, սուֆրաժիստուհի և լրագրող[2]։ Նրա Ալմա Դոլենս (Alma Dolens) կեղծանունը լատիներեն alma՝ «հոգի», «սիրտ» և dolens՝ «տառապող», «սգացող» բառերի համադրությունից է. այսպիսով, նրա կեղծանունը կարելի է թարգմանել որպես «տխուր սիրտ» կամ «ծանր, տառապող սիրտ», ինչն էլ արտահայտում է միլիտարիզմի ու պատերազմի հանդեպ նրա ունեցած զգացմունքները[3]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալմա Դոլենսը ծնվել է ումբիրյան հարուստ ընտանիքում, 1869 թվականին։ Նրա ընտանիքը լավ հայտնի էր միացման համար իտալական շարժման մեջ, որի շրջանակներում նրանք սատարում էին Ջուզեպպե Գարիբալդիին։ Ալմա Դոլենսն ամուսնացել է միլանցի փաստաբանի հետ, որն աջակցում էր նրան իր աշխատանքում[3]։
Աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալմա Դոլենսը եղել է կանանց ընտրական իրավունքի ու աշխատավորների իրավունքների հարցերով Լոմբարդի կոմիտեի նախագահը։ Նա ելույթ է ունեցել 1909 և 1910 թվականների ազգային խաղաղ խորհրդաժողովներին՝ իր դերն ամրապնդելով խաղաղության համար իտալական շարժման մեջ, որտեղ գլխավոր տեղ ունեին տղամարդիկ։ Նա համարում էր, որ կանայք անհրաժեշտ են սոցիալական առաջընթացի համար և որ խաղաղության համար իտալական պայքարում և առհասարակ, քաղաքականության մեջ կանանց բացակայությունը կործանարար է։ Դոլենսը նաև իտալական շարժման ու արհմիությունների միջև կապ հաստատելու մոլի կողմնակից էր։ Նա հիմնել է Società per la paces femminile («Կանանց միություն՝ հանուն խաղաղության») կազմակերպությունն ու ճամփորդել է կենտրոնական Իտալիայում՝ տեղական կոմիտեներ հիմնելու նպատակով։ Նա աշխատել է «Արբիտրաժի և ապառազմականացման աշխատավորական համայնք» (Associazione nazionale pro arcate e disarmo) անվանումով արհմիության հետ Միլանում, որին 1910-ական թվականներին անդամակցել է ավելի քան 700 մարդ[3][4]։
Իտալա-թուրքական պատերազմը վերջ է տվել խաղաղության համար շարժմանը՝ անդունդ ստեղծելով նրանց միջև, ովքեր կարծում էին, որ պետք է սատարել պատերազմը, և նրանց, ովքեր դեմ էին պատերազմին։ Դոլենսը վերջին խմբի մեջ էր, հանրայնորեն արշավներ է արել պատերազմի դեմ և դիմել է ԱՄՆ-ում և Շվեյցարիայում գործող կազմակերպություններին՝ ֆինանսական աջակցության համար՝ պացիֆիստների բարեփոխումների համար։ Նա շարունակել է աշխատել 1911-12 թվականներին, սակայն իտալական պացիֆիստական շարժումն ի վերջո վերջնականապես սպառվել է, և Դոլենսին այս երկու տարիների ընթացքում արգելել են հանրային ելույթներ ունենալ Իտալիայում[4]։ Նա իր ուշադրությունը կենտրոնացրել է մեկ այլ խնդրի վրա՝ գրելով իտալական քաղաքներում ցածր դասի մարդկանց կենսապայմանների մասին։ 1913 թվականին Բուդապեշտում խաղաղ խորհրդակցության ժամանակ Դոլենսը ծանոթացել և ընկերացել է Ռոզիկա Շվիմմերի հետ, որը նույնպես պացիֆստ ու սուֆրաժիստուհի էր[3]։ 1913 թվականին նա վերադարձել է կուսակցական միջոցառումներում ելույթներին, երբեմն հանդես գալով Մարգարիտա Ցարֆատիի հետ[2]։
1914 թվականին Դոլենսը մասնակցել է Եվրոպայում վերահաս պատերազմի դեմ հավաքներին, որոնք կազմակերպվում էին Հաագայի և Խաղաղության միջազգային բյուրոյի կողմից[3]։ Նա և Ռոզալիա Գվիս-Ադամին եղել են հուլիսի 31-ին Բրյուսելում կայացած խորհրդաժողովում իտալական պատվիրակները։ Այս խորհրդաժողովը եղել է պատերազմը կանխելու վերջին փորձը[5]։ Պատերազմի ողջ ընթացքում նա հումանիտար աջակցություն է ցույց տվել այն ընտանիքներին, որոնք պատերազմի պատճառով ստիպված են եղել լքել իրենց տները Ավստրո-Հունգարական կայսրությունում։ Իտալա-թուրքական պատերազմի ավարտից հետո նա դասախոսություններ է կարդացել՝ ճամփորդելով Բելգիայում։ Պատերազմի հետևանքները տեսնելուց հետո նա ավելի է համոզվել իր խաղաղասիրական գործունեության մեջ[3], և իր դասախոսություններից մեկի ժամանակ նա ասել է. «Դա աղքատություն է, տուբերկուլոզ, գործազրկություն։ Այդ հիվանդությունների դեղամիջոցը սարսափելի ու թանկ սպառազինության ավարտն է»[4]։ Նա պնդել է, որ պատերազմի ընթացքում պետք է լինեն արբիտրաժ դիմելու ընթացակարգեր[3]։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Դոլենսը հաստատվել է իր սոցիալիստ ընկեր Ժիլբերտո Ջիլիոլիի և նրա կնոջ՝ Միրտա Ռիպամոնտիի տանը, որտեղ նա մահացել է 1948 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.fondazionebadaracco.it/archivi/archivio/?arch_a=61
- ↑ 2,0 2,1 Zappi, Elda Gentili (1991). If Eight Hours Seem Too Few: Mobilization of Women Workers in the Italian Rice Fields. Albany, New York: State University of New York Press. ISBN 978-1-4384-2473-6.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Раппопорт, Хелен (2001). «Alma Dolens (Teresita dei Bonfatti/Teresita Pasini)». Encyclopedia of Women Social Reformers. Vol. 1. Santa Barbara, California: ABC-CLIO. էջեր 9–10. ISBN 1-57607-101-4.
- ↑ 4,0 4,1 4,2 Cooper, Sandi E. (1991). Patriotic Pacifism: Waging War on War in Europe, 1815–1914. New York, New York: Oxford University Press. ISBN 978-0-19-536343-2.
- ↑ Ruyssen, Theodore (1914 թ․ նոյեմբեր). «The Final Efforts of the European Pacifists to Prevent the War». The Advocate of Peace. Vol. 76, no. 10. էջեր 236–238.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալմա Դոլենս» հոդվածին։ |