Ալեքսեյ Յագուդին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսեյ Յագուդին
Yagu81.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Алексей Константинович Ягудин
Մասնագիտացում՝գեղասահորդ և գեղասահքի մարզիչ
Երկիր՝Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 18, 1980(1980-03-18) (41 տարեկան)
Ծննդավայր՝Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)՝

Ալեքսեյ Յագուդին (ռուս.՝ Алексе́й Константи́нович Ягу́дин, մարտի 18, 1980(1980-03-18), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գեղասահորդ, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։ 2002 թվականի օլիմպիական չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի չեմպիոն (1998, 1999, 2000 և 2002 թվականներ), Եվրոպայի եռակի չեմպիոն (1998, 1999, 2002 թվականներ), գեղասահքի Գրան-Պրի եզրափակիչ մրցաշարի կրկնակի հաղթող, պրոֆեսիոնալների միջև երկու անգամ աշխարհի և պատանիների աշխարհի չեմպիոն։ Նա հանդիսանում է ԱՄՆ-ի Կոլորադո-Սպրինգսի գեղասահքի փառքի սրահի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Կոնստանտինովիչ Յագուդինը ծնվել է 1980 թվականի մարտի 18-ին Լենինգրադում։

Գեղասահքով սկսել է զբաղվել 1984 թվականի աշնանից։ Առաջին անգամ սահադաշտ տարել է մայրը` մեծ դեր խաղալով որդու առաջին սպորտային հաջողություններում։

Մինչև 12 տարեկանն Ալեքսեյ Յագուդինը մարզվել է Ալեքսանդր Մայորովի` Ալեքսեյ Նիկոլաևիչ Միշինի սանի ղեկավարությամբ։ 1992 թվականից սկսում է հանդես գալ «Юбилейный» սպորտի պալատում անմիջապես Ա.Ն.Միշինի խմբում։ 13 տարեկանում Ալեքեյ Յագուդինը պատանիների միջև աշխարհի իր առաջին առաջնությունում զբաղեցնում է չորրորդ տեղը, իսկ 1996 թվականին դառնում այդ առաջնության հաղթող։

Ա. Ն. Միշինի ղեկավարությամբ Յագուդինը 1997 թվականի աշխարհի առաջնությունում ստանում է բրոնզե մեդալ, հաղթում է 1998 թվականի Եվրոպայի առաջնությունում, Նագանոյում կայացած օլիմպիական խաղերում զբաղեցնում է հինգերորդ տեղը և դառնում աշխարհի չեմպիոն (1998 թվական)։ Ինչպես նաև մեդալներ է ստանում փոքր մրցաշարերում` [en.wikipedia.org/wiki/1997_Finlandia_Trophy Ֆինլանդիայի գավաթ], [en.wikipedia.org/wiki/Skate_Israel Skate Israel], Ռուսաստանի գավաթ և այլն, բացում է հաղթանակների հաշիվ «Չեմպիոնի սերիայի» մրցաշարերում (ներկայիս Գրան-Պրիի փուլերը)։ Trophee Lalique մրցաշարում առաջին անգամ իր կարիերայում հաջող կատարում է ուլտրա-սի-տուլուպ թռիչքը քառակի պտույտով։

1997 թվականին Յագուդինն ավարտում է դպրոցն արծաթե մեդալով և ընդունվում Սանկտ-Պետերբուրգի Պ.Ֆ. Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիա (այժմ` Պ.Ֆ. Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և առողջության պետական համալսարան)։

1998 թվականը շրջադարձային էր Ալեքսեյ Յագուդինի կարիերայում։ Նա իր մարզիչ Ա. Ն. Միշինի մոտից տեղափոխվում է Տատյանա Անատոլևնա Տարասովայի խումբ և մեկնում մարզվելու ԱՄՆ։

1998-1999 թվականների մրցաշրջանում Յագուդինը տասներեք մրցաշարերից հաղթեց տասնմեկը, այդ թվում` Skate America, Sparkassen Cup (Գերմանիայի ազգերի գավաթը), Trophee Lalique: Պրոֆեսիոնալների միջև աշխարհի առաջնությունում, ուր առաջին անգամ թույլատրել էին սիրողական սպորտի ներկայացուցիչների, հաղթանակ տարավ Կուրտ Բրաունինգի նկատմամբ, ով այդ մրցաշարի անվերապահ սիրելին էր 1994 թվականից։ Հաղթող է դառնում Եվրոպայի առաջնությունում (1999), Գրան-Պրիի եզրափակիչ փուլերում (1999), որտեղ Յագուդինը կատարում է քառակի տուլուպ թռիչքը և մեկ դատավորից տեխնիկայի համար ստանում է 6.0, իսկ արվեստի համար` վեց հատ 5.9: Յագուդինի արտիստիկ տաղանդի հայտնագործումը Տատյանա Տարասովայի վաստակն է։

1999-2000 թվականների մրցաշրջանում Յագուդինի հետ աշխատանքներին միանում է մարզիկների արագության և ուժի, ֆունկցիոնալ տեխնիկական ու հոգեներգետիկ վերապատրաստման մասնագետ Լեոնիդ Մոիսեևիչ Ռայցինը։ Խորեոգրաֆ Վլադիմիր Ուլյանովին փոխարինում է Նիկոլայ Մորոզովը։ Միևնույն ժամանակ Ալեքսեյը սկսում է համագործակցել աշխարհի խոշորագույն սպորտային գործակալություններից մեկի` IMG-ի հետ։ Երկար տարիներ նրա գործակալն է դառնում Դմիտրի Գորյաչկինը։

1999 թվականի աշնանը Յագուդինը հաղթեց հայտագրված բոլոր Գրան-Պրիի մրցաշարերը` Skate America, Skate Canada, Trophee Lalique, սակայն չի մասնակցում Գրան-Պրիի եզրափակիչ փուլին։ 2000 թվականի Եվրոպայի առաջնությունում Յագուդինը մասնակցում է գիպսով և հաղթում է կարճ ծրագիրը։ Սակայն ազատ ծրագիրն ավելի վատ է կատարում և ստանում է արծաթե մեդալ։ Աշխարհի առաջնության մեկնարկից անմիջապես առաջ ազատ ծրագրի ռիսկային փոփոխությունը այս մրցաշարում բերում է Ալեքսեյ Յագուդինի հաղթանակին։ Նա դարձավ առաջին ռուս մենասահորդը, ով դարձել է աշխարհի եռակի չեմպիոն` կարողանալով այն նվաճել երեք անգամ անընդմեջ։

2000-2001 թվականների մրցաշրջանը ուշագրավ է Ալեքսեյ Յագուդինի հայտնի ազատ ծրագրերից մեկով` «Gladiator»-ով` բեմադրված համանուն ֆիլմի երաժշտությամբ։

Սակայն հենց «Gladiator»-ով հաղթելով Գրան-Պրի մրցաշարի երկու փուլերը, Կանադայի և Ճապոնիայի առաջնությունների բացումը` Յագուդինը պարտվեց 2001 թվականի բոլոր հիմնական առաջնություններում։ Ալեքսեյն այսպես է խոսել ծրագրի մասին. «Սա մի մարդու մասին է, ով ուժեղ էր, ամեն ինչ ուներ, հաղթեց։ Հետո նա կոտրվեց, կորցրեց ամեն ինչ և նորից սկսեց բարձրանալ...»:

Վանկուվերում կայացած 2001 թվականի աշխարհի առաջնությունը Ալեքսեյի համար սկսվեց վնասվածքով։ Դրանից հետո նա ընդամենը հինգերորդն էր։ Բժիշկները մարզիկին հորդորում էին դուրս գալ մրցաշարից, բայց նա դուրս եկավ սառույց և փայլուն կատարեց կարճ ծրագիրը։ Նախքան ազատ ծրագիրը Ռասսել Քրոուն` «Gladiator» ֆիլմի գլխավոր դերասանը, Յագուդինին ուղարկել է իր լուսանկարը` ինքնագրով։ Ալեքսեյը պայքարում է մինչև վերջ և դառնում է երկրորդը` իր կարիերայում առաջին և վերջին անգամ զիջելով Եվգենի Պլյուշչենկոյին։

Մրցաշրջանի ավարտից հետո Ալեքսեյ Յագուդինը ընդունում է Կանադայի Stars on Ice շոուի մասնակցության հրավերը, որտեղ հանդես է գալիս այնպիսի հայտնի գեղասահորդների հետ, ինչպիսիք են Քուրտ Բրաունինգը, Բրայան Օրսերը և Սքոթ Հեմիլթոնը։

2001-2002 թվականների օլիմպիական մրցաշրջանի սկիզբը հաղթանակ չէր խոստանում։ Բարի կամքի խաղերի ժամանակ Ալեքսեյը ստանում է իր համար անսովոր բրոնզ։ Գեղասահորդը, ով իր ողջ սպորտային կյանքի ընթացքում առաջնորդվում էր Վալերի Չկալովի հետևյալ սկզբունքով. «Եթե լինել, ապա առաջինը», սկսվում է մտածել սպորտային կարիերայի ավարտի մասին։ 2001 թվականի հոկտեմբերից Ալեքսեյի հետ սկսում է աշխատել սպորտային հոգեբան Ռ.Մ. Զագայնովը։ Այնուհետև նա հաղթում է «Գեղասահքի վարպետներ» կիսապրոֆեսիոնալ մրցաշարը, Skate Canada-ի մրցաշարը, «Trophee Lalique»-ում զբաղեցնում է 5-րդ տեղը։ Հաղթում է նաև այսպես կոչված «Մեծ սաղավարտ» գեղասահքի գավաթը` մրցաշրջանի ամենամեծ չորս մրցաշարերը` Գրան-Պրիի եզրափակիչ, Եվրոպայի առաջնություն, օլիմպիական խաղեր և աշխարհի առաջնություն։

Սոլթ Լեյք Սիթիի օլիմպիական խաղերի հաղթանակը Յագուդինի սպորտային կարիերայի գագաթնակետն է, գեղասահքի և ռուսական սպորտի պատմության ամենավառ հաղթանակներից մեկը։ Հիանալի կերպով կատարված «Ձմեռ» կարճ ծրագիրը, «Bond» խմբի երաժշտությամբ բեմադրված Տ.Ա.Տարասովայի և Ն.Մորոզովի կողմից, մինչ այսօր խորեոգրաֆի և սառույցի վրա գեղարվեստական պատկեր ստեղծելու տեսանկյունից համարվում է էտալոն։

«Մարդը երկաթե դիմակով» ցուցադրական ծրագրի կատարումը Յագուդինին տալիս է յուրօրինակ օլիմպիական ռեկորդներ. նա բոլոր ինը դատավորների կողմից ստանում է հաղթանակ։ Յագուդինը դառնում է առաջին օլիմպիական չեմպիոնը, ով ծրագրում կատարել է քառակի պտույտով երկու թռիչք և օլիմպիադայում «տղամարդկանց մենասահքի» առաջին հաղթողն է, ով չորս դատավորների կողմից արտիստիզմի համար գնահատվել է «6.0»:

Հաղթանակից հետո Սոլթ Լեյք Սիթիի Սառցե պալատում տրված հարցազրույցներից մեկում Ալեքսեյը ոգևորված ասում է. «Դժվար է պատկերացնել, որ երեք աշխարհի առաջնություններ, երկու եվրոպական առաջնություններ հաղթելուց հետո ի վերջո դարձա օլիմպիական չեմպիոն, սակայն երբեք չեմ եղել Ռուսաստանի չեմպիոն։ Դա ծիծաղելի է, բայց ... Ես դեռ պարզապես չեմ հավատում, որ դա վերջապես տեղի ունեցավ»։

Իր բոլոր կոչումներով Յագուդինը երկրի քառակի փոխչեմպիոն է։

Ալեքսեյ Յագուդինի գրեթե ողջ սպորտային կարիերան մենամարտ է, որ թողել է վառ հետք գեղասահքի պատմության մեջ։ Միչև այսօր էլ երկրպագուները 20-րդ դարի վերջն ու 21-րդ դարի սկիզբը հիշում են որպես Ռուսաստանից երկու «տիտանների»` Յագուդինի և Պլյուշչենկոյի պայքար, որից երկու մարզիկներն էլ հաղթեցին` զգալի ներդրում ունենալով ամենագեղեցիկ սպորտի զարգացման մեջ։ Հատկանշական է, օրինակ, այս փաստը. ինտերնետ-աճուրդում Սոլթ Լեյք Սիթիում կայացած տղամարդկանց մենասահքի երկու տոմսի արժեքը, որտեղ կայանալու էր Յագուդին և Պլյուկչենկո որոշիչ օլիմպիական պայքարը, հասել է մինչև 1 000 դոլարի։ Հենց այդ գումարը վճարեց երկրպագուներից մեկը` ներկա լինելու համար երկու ռուսների «ճակատամարտին»։

2002 թվականի աշխարհի առաջնությունը Յագուդինին բերում է նոր տիտղոս. նա դառնում է Ռուսաստանի պատմության մեջ գեղասահքի աշխարհի առաջնությունում միակ քառակի չեմպիոնը։ Եվ սահմանում է նոր ռեկորդ. նա «Ձմեռ» կարճ ծրագրի համար վեց դատավորներից էլ ստանում է «վեցեր»` մեկը տեխնիկայի կատարման և հինգը` ներկայացման համար։

2002-2003 թվականների օլիպիական խաղերից հետո սկսվում են հաղթանակները։ Ալեքսեյ Յագուդինը հաղթող է դառնում մի շարք կիսապրոֆեսիոնալների մրցաշարեր, Top Jumps մրցաշարը, պրոֆեսիոնալների միջև աշխարհի առաջնությունում դառնում է կրկնակի չեմպիոն (Halmark Skaters Championship): Սակայն ոտքի ցավը, որն ինչ-որ տեղ հնարավոր էր կառավարել և սահել, իր մասին սկսում է ավելի ուժեղ հիշեցնել։ Եվ Ալեքսեյը կյանքում առաջին անգամ դուրս է գալիս մրցումներից. 2002 թվականի հոկտեմբերին Skate America-ում «Гонки» կարճ ծրագրի կատարումից հետո զբաղեցնում է առաջին տեղը, սակայն ազատ ծրագրի կատարումից րոպեներ առաջ ստիպված էր հրաժարվել հետագա պայքարից։ Հանդիսատեսը գեղասահորդին ուղեկցում է ծափահարություններով։

2003 թվականի նոյեմբերին Ալեքեյ Յագուդինը հայտարարում է սպորտային կարիերայի ավարտի մասին։

Սպորտային կարիերայի ավարտից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

«Stars on Ice» շոուին և պրոֆեսիոնալ մրցաշարերին Ալեքսեյը մասնակցում էր ոտքի ցավով` մշտապես ուժեղ ցավազրկողներ ընդունելով։ Այնուամենայնիվ, նա երկու անգամ դարձավ պրոֆեսիոնալների շրջանում աշխարհի չեմպիոն։ Մասնակցել է մի շարք շոուների և ցուցադրական ելույթների։ Արդեն պրոֆեսիոնալ կարգավիճակով նա երկու անգամ մասնակցել է նոր ISU դատավարության համակարգում Ճապոնիայի Open Figure Skating Team մրցույթին[1]։

2007 թվականին Յագուդինը վիրահատվեց։ Դրանից հետո, ոգևորված ցավի բացակայությունից, Ալեքսեյը մամուլին ասել է, որ ցանկանում է վերադառնալ սիրողական սպորտաձև[2]։ Սակայն այդ ծրագրերին իրականություն դառնալ տրված չէր։ Վերադարձի նախապատրաստման ընթացքում Յագուգինը նոր վնասվածքների բախվեց. Գերմանիայում ելույթի ժամանակ չկարողացավ ավարտել ելույթը և նրան դուրս տարան սառույցից[3]։ Դրանից հետո Ալեքսեյը հրաժեշտ տվեց իր սիրողական կարիերան շարունակելու երազանքներին[4]։

Մինչ վիրահատությունը Ալեքսեյ Յագուդինը վերադարձավ Ռուսաստան ԱՄՆ-ից, որտեղ ապրում էր վերջին յոթ տարիներին և բնակություն հաստատեց իր հայրենի Սանկտ-Պետերբուրգում։

Կարիերա հեռուստատեսությամբ, սառցե բեմում, թատրոնում և կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է Առաջին ալիք (Ռուսաստան) հեռուստաընկերության ծրագրերին` հեռուստահաղորդավար Օքսաննա Պուշկինայի հետ 2006 թվականին «Աստղերը սառույցի վրա» շոուին, «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղին, 2007 թվականին «Սառցե դարաշրջանում»` երգչուհի Վիկտորյա Դայնեկոյի հետ, իսկ 2008 և 2009 թվականներին` դերասանուհի Վալերիա Լանսկայայի հետ։ 2010 թվականին մասնակցել է Առաջին ալիք (Ռուսաստան) հեռուստաընկերության ծրագրերին` «Սառույց և կրակ»` Մարիա Կոժևնիկովայի հետ։ 2011 թվականին մասնակցել է «Բոլերո» շոուին` բալետի մենապարուհի Քրիստինա Կրետովայի հետ։ 2012 թվականին եղել է «Պրոֆեսինալների գավաթը» շոուի հաղորդավար` Իրինա Սլուցկայայի հետ։ 2013 և 2014 թվականներին եղել է «Սառցե դարաշրջան» շոուի հաղորդավար` Իրինա Սլուցկայայի հետ, իսկ 2016 թվականին` Ալինա Միխեևայի հետ։ 2007 թվականին հաճախ КВН-ի ժյուրիի անդամ էր։

Հեռուստատեսությունում գրել է բազմաթիվ սցենարներ Միխայիլ Շիրվինդտի «Ես ուզում եմ իմանալ» հաղորդման համար։

2013 թվականին Ալեքսեյը շարունակում է իր կարիերան հեռուստատեսությունում։ Իրինա Սլուցկայայի հետ, որպես հաղորդավար, վարում է «Սառցե դարաշրջան» շոուն։

2010 թվականին «Մեծ քաղաքի լույսերը» (բեմադրող` Ի. Ավերբուխ) ներկայացման մեջ եղել է գլխավոր դերակատարներից մեկը, ինչպես նաև խաղացել է «Չեմ հավատում սեփական աչքերիս» ներկայացմանը (Լուի Լամար)։

2013 թվականին Ալեքսեյ Յագուդինը Միրոսլավ Կարպովիչի հետ մասնակցում է «Պատմության արկածները» նոր թատերական ներկայացմանը։ Մասնակցում է նաև ֆին դրամատուրգ Միքի Մյուլլյուախոյի (Լեո) «Խուճապի մեջ կամ տղամարդիկ նյարդային խանգարման եզրին» զվարճալի ներկայացմանը (ռեժիսոր Վ. Միխելսոն)։

Գլխավոր դերակատարն է «Չորսի սրտերը» սառույցի ներկայացման մեջ։

Նկարահանվում է կինոյում։

Սահելու ոճը[խմբագրել | խմբագրել կոդը]

Յագուդինի ելույթները զգացմունքային էին` իրար հետ կապված մեծ քանակությամբ էլեմենտներով։ Ավելի շատ նա հայտնի է «յագուդինյան քայլերով», որոնք կատարվում էին բարձր արագությամբ, ձեռքերի և մարմնի բարդ շարժումներով։

Ալեքսեյի «այցեքարտերն» էին «Մարդը երկաթե դիմակով» (Олимпиада-2002 FS) և «Ձմեռ» (Олимпиада-2002 SP) ծրագրերը։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար ժամանակ հանդիպում էր Ալեքսանդրա Սավելևայի` «Ֆաբրիկա» խմբի երգչուհու հետ։

  • 2009 թվականի նոյեմբերի 20-ին ծնվում է Ալեքսեյ Յագուդինի ու զուգասահքի օլիմպիական չեմպիոն Տատյանա Տատմյանինայի դուստրը` Ելիզավետան[5], իսկ 2015 թվականի հոկտեմբերի 2-ին զույգն ունենում է երկրորդ դուստրը, ինչի մասին Յագուդինը գրառում է անում Ինստագրամ սոցիալական ցանցում[6]։ Աղջկան անվանակոչել են Միշել։
  • 2016 թվականի փետրվարից ամուսնացած է Տատյանա Տատմյանինայի հետ։

Միջադեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 թվականին Ալեքեյ Յագուդինը արագության գերազանցման համար ձերբակալվել է Կոնեկտիկուտ նահանգի Էյվն քաղաքի ոստիկանության կողմից։ Հետազոտությունից պարզ է դառնում, որ արյան մեջ ալկոհոլի թույլատրված չափաբաժնի գերազնցում կա[7]։ Ըստ Հարթֆորդ (Կոնեկտիկուտ) քաղաքի դատարանի որոշման` ստիպված էր անցնել «առաջին անգամ ալկոհոլ օգտագործած վարելու դատապարտվածի հատուկ ծրագիր»[8]։
  • 2008 թվականի մարտին, Կրասնոդարում մասնակցելով «Սառցե դարաշրջանի» շոուի շրջագայությանը, Յագուինը հայտնվում է հիվանդանոցում`որդանման ելունի բորբոքում ախտորոշմամբ։ Գեղասահորդը ենթարկվում է վիրահատության, իսկ երեք օր անց դուրս է գրվում հիվանդանոցից[9]։
  • 2008 թվականի հունիսին Մոսկվայում անհայտ մարդիկ գողանում են գեղասահորդին պատկանող Porsche Cayenne ավտոմեքենան։ Ավտոմեքենայում էր նաև աշխարհի առաջնություններից մեկում հաղթած նրա ոսկե մեդալը[10]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան IV աստիճանի (2003 թվականի մայիսի 5)` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, 2002 թվականի Սոլթ Լեյք Սիթիի XIX օլիմպիադայի խաղերում բարձրագույն սպորտային նվաճումների համար
  • «Փառք» ազգային սպորտի մրցանակի դափնեկիր, «2002 թվականի լավագույն մարզիկը»

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մենասահքում 2002 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոն
  • Աշխարհի քառակի չեմպիոն (1998, 1999, 2000, 2002)
  • Պրոֆեսիոնալների միջև աշխարհի կրկնակի չեմպիոն (1998, 2002)
  • Եվրոպայի եռակի չեմպիոն (1998, 1999, 2002)
  • Ռուսաստանի առաջնության քառակի արծաթե մրցանակակիր (1998, 1999, 2000, 2001)
Մրցաշրջան/Մրցումներ 1993-1994 1995-1996 1996-1997 1997-1998 1998-1999 1999-2000 2000-2001 2001-2002 2002-2003
Ձմեռային օլիմպիական խաղեր 5 1
Աշխարհի առաջնություն 3 1 1 1 2 1
Եվրոպայի առաջնություն 6 5 1 1 2 2 1
Պատանիների միջև աշխարհի առաջնություն 4 1
Ռուսաստանի առաջնություն 3 2 2 2 2
Գրան-Պրիի եզրափակիչ 4 1 2 1
Skate America 3 1 1 2 WD
Cup of Russia 2 1
Sparkassen Cup 3 1
Skate Canada 1 1 1
Trophee Lalique 1 1 1 1 1
Masters of Figure Skating 2 2 1 1 1

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008-2009` «Տաք սառույց» (Ռոմա Կազիրև)
  • 2009` «Նավապետ Նեմովի սիրտը» (Պետեպին)
  • 2012` «Деффчонки» (Կամեո)
  • 2013` «Մաշան և արջը» (Իլյա)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]