Գեղագիտության ազգային կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեղագիտության ազգային կենտրոն
Տեսակարվեստի կենտրոն
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՎայրԱբովյան 13
Պատկանում էՀՀ կրթության և գիտության նախարարությանը
Հիմնադրվել է1978
ՀիմնադիրՀենրիկ Իգիթյան
ՏնօրենԼևոն Իգիթյան
Կայքnca.am
Քարտեզ
Քարտեզ

Գեղագիտության ազգային կենտրոն (ԳԱԿ), հիմնադրվել է 1978 թվականին Երևանում, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի ջանքերով՝ 1970 թվականին ստեղծված աշխարհում առաջին մանկական ստեղծագործության պատկերասրահի հիման վրա[1]:

Կենտրոնը զբաղվում է մանկական արվեստի զարգացմամբ, ցուցադրությամբ և պահպանությամբ, նաև գեղագիտական դաստիարակությամբ։

Կենտրոնում գործում է Մանկական ստեղծագործության թանգարանը, «Կերպարվեստ և դեկորատիվ կիրառական արվեստ» ստորաբաժանումը իր բազմաթիվ արվեստանոցներով, երկու թատրոններ՝ «Փոքր թատրոնը» և «Մետրո» թատրոն-ստուդիան, մանկական ֆիլհարմոնիան իր պարի ստուդիայով և «Գորանի» համույթով, ինչպես նաև ազգային նվագարանների յոթնամյա երաժշտական դպրոցը: Կենտրոնը ունի նաև մասնաճյուղեր Հայաստանի տարբեր մարզերի քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Մեղրիում, Սևանում և Գորիսում:

Պատմություն

Հենրիկ Իգիթյանը և Ժաննա Աղամիրյանը Երևանի Գեղագիտության ազգային կենտրոնի բացման արարողության ժամանակ

1968 թ. Հայաստանի նկարիչների միության ցուցասրահաներում բացվեց «Աշխարհը երեխաների աչքերով» խորագրով ցուցահանդես, որը կազմակերպել էր Քաղաքային ժողկրթբաժնի աջակցությամբ: Ցուցահանդեսում ներկայացված էին ավելի քան 800 մանկական ստեղծագործություններ Երևանի տարբեր դպրոցներից և գեղարվեստական ստուդիաներից: Ցուցահանդեսի կազմակերպիչները՝ արվեստաբան Հենրիկ Իգիթյանը և մանկավարժ Ժաննա Աղամիրյանը հասան իրենց նպատակին. մանկական ստեղծագործությունն ապացուցեց իր «արվեստ» կոչվելու իրավունքը: Ցուցահանդեսը ունեցավ շատ մեծ հաջողություն և հենց այդ ժամանակ սկսեցին իրականացվել գործողություններ՝ մանկական ստեղծագործությունների համար մշտական ցուցադրման վայր կազմակերպելու ուղղությամբ: Վերջապես 1970 թ. մարտի 13-ին Երևանի կենտրոնում Քաղաքային խորհրդի ակտիվ միջամտությամբ բացվեց Մանկական պատկերասրահը[2]: Պատկերասրահի բացումը մեծ իրադարձություն էր ոչ միայն Հայաստանի, այլև ողջ Խորհրդային միության գեղարվեստական կյանքում: Աշխարհում չկար նմանատիպ մանկական հաստատություն: Նպատակ էր դրվել ստեղծելու գեղագիտական հաստատություն, որտեղ թանգարանային աշխատանքային գլխավոր գործառույթները՝ պահեստավորումը, հավաքագրումը, ցուցադրություը և գեղագիտական դաստիարակությունը դառնային պատկերասրահի գործունեությունն ուղղորդող միջոցներ[3]: Մանկական պատկերասրահը՝ իր լայն գործառույթներով առնչվում էր և դպրոցին, և գեղարվեստական թանգարանին, և ցուցասրահին։ ՀԿԿ Կենտկոմի բյուրոն 1977 թվականի դեկտեմբերի 27-ին որոշում կայացրեց` թանգարանի հիման վրա Երևանում երեխաների գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոն հիմնելու մասին: Կարեն Դեմիրճյանի բարձր հովանավորությամբ և անմիջական աջակցությամբ 1978 թ. ստեղծվեց Գեղագիտական դաստիարակության կենտրոնը (ԳԱԿ)` վերածվելով երեխաների արվեստի ու գեղագիտական կրթության մշտական հանգրվանի[4]:

Այդ նույն տարիներին Հենրիկ Իգիթյանի նախաձեռնությամբ հիմնադրված Ֆիլհարմոնիայում սկսեցին գործել մի շարք մանկական համույթներ՝ ծեսերի ու պարերի «Տավրոս», «Մարաթուկ», «Հասկեր» և «Գորանի» համույթները, ինչպես նաև «Աշխարհի ժողովուրդների պարերի», հայկական ժողովրդական պարերի «Հայկական Զարդանախշեր» անսամբլները, ժողովրդական նվագարանների «Տալվորիկ» վոկալ-գործիքային, «Սիմֆոնիկ-էստրադային», «Կամերային լարային» և «Հարվածային դասական» նվագախմբերը: Հետագա տարիներին հիմնվեցին դասական և ժամանակակից պարերի ստուդիաները, տղաների երկձայն երգչախումբ, «Ջեզլ» և «Վաղորդյան կաթիլներ» ջազ երգչախմբերը, ինչպես նաև Լևոն Մալխասյանի «Ջազ տրիոն» և հանրապետությունում ստեղծվեց առաջին մանկապատանեկան «Սիմֆոնիկ Նվագախումբը», որը ՄԱԿ-ի կենտրոնակայանում և Նյու-Յորքի «Քարնեգի հոլում» իր փայլուն ելույթներով հիացրեց բազմահազար ունկնդիրների:

Կենտրոնի առաջին մանկավարժների թվում էին Սոնա Բանոյանը, Սամվել Բաղդասարյանը, Կամո Թումասյանը, Գոհար Միրզոյանը, Գայանե Միքաելյանը, Կարինե Պետրոսյանը, Էլզա Մանուկյանը, Էռնա Եսայանը, Սաթենիկ Մելիքյան-Կանդայանը, Կարեն Անդրեասյանը, Անատոլի Պապանյանը, Արա Գյուրզադյանը, Մարիաննա Այվազյանը, Էդուարդ Խարազյանը, Ստեփան Վերանյանը, Աշոտ Բադալյանը, Սահակ Սահակյանը, Գայանե Ներսիսյանը, որոնցից շատերը անվանի արվեստագետներ էին:

1998 թ. Հենրիկ Իգիթյանը ձեռնամուխ եղավ մանկական թատրոնի ստեղծմանը՝ հրավիրելով երիտասարդ խոստումնալից պատանի Վահան Բադալյանին, որը մինչ օրս ղեկավարում է ԳԱԿ-ի Փոքր թատրոնը:

Մանկական ստեղծագործության թանգարան

Թանգարանի մշտական հավաքածուն ներառում է շուրջ 150000 ստեղծագործություններ Հայաստանից և աշխարհի 120 երկրներից[5]: Մշտական ցուցադրությունը ներկայացված է երեք անվանակարգերում` հայկական արվեստ, միջազգային արվեստ և դեկորատիվ-կիրառական արվեստ: Գործում է նաև ցուցահանդեսային սրահը:

Թանգարանի առաջին տնօրեն է եղել մանկավարժ Ժաննա Աղամիրյանը: Ներկայիս տնօրեն՝ Արմենուհի Հարությունյան:

Թանգարանը գտնվում է Աբովյան 13 հասցեում:

Կերպարվեստ և դեկորատիվ-կիրառական արվեստ ստորաբաժանում

Ստորաբաժանումում գործում են մի շարք արվեստանոցներ՝ գեղանկարչություն, ասեղնագործություն, բատիկ, գեղանկարչություն, փայտի փորագրություն, քանդակագործություն, օրիգամի, կարպետագործություն, տիկնիկների պատրաստում: ԳԱԿ-ի ողջ պատմության ընթացքում ստորաբաժանումը կազմակերպել է ավելի քան 60 միջազգային ցուցահանդեսներ, կյանքի կոչել տարբեր ծրագրեր և նախագծեր, որոնք կրում են կրթական և դաստիարակչական բնույթ: Սաների հետ աշխատում են հատուկ ընտրված, բարձր պրոֆեսիոնալ ունակություններով և հմուտ մանկավարժա-հոգեբանական հատկություններով օժտված դասավանդողներ։ Ուսումնա-ստեղծագործական գործընթացում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում համագործակցությունը տարբեր կազմակերպությունների հետ: Ստորաբաժանման ակտիվ գործընթացի արդյունքում կազմակերպվել են ցուցադրություններ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում (Ֆրանսիա, Ռուսաստան, Բելգիա, ԱՄՆ, Ուկրաինա, Անգլիա, Ավստրիա, Գերմանիա և այլն):

Արվեստանոցները գործում են Բայրոն և Սարյան փողոցներում, ինչպես նաև Գարեգին Նժդեհ հրապարակում գտնվող ԳԱԿ-ի ստուդիայում:

Թատրոններ

Գակ-ի կազմի մեջ ներգրավված են «Փոքր թատրոնը» (Աբովյան 13) և «Մետրո» թատրոն-ստուդիան (Գարեգին Նժդեհի հրապարակ) :

Փոքր թատրոն

ԳԱԿ-ի Փոքր թատրոն-ը Հայաստանի ամենաերիտասարդ և նորարարական թատերախմբերից մեկն է: Թատրոնը հիմնադրվել է որպես դրամատիկական ստուդիա Հենրիկ Իգիթյանի նախաձեռնությամբ՝ Վահան Բադալյանի կողմից մոտ 20 տարի առաջ: Թատրոնի առաքելությունն է՝ ստեղծել հնարավորություն անկախ, ստեղծագործական աշխատանքի համար և ծառայել որպես տարբեր կրթական ծրագրեր իրականացնող հարթակ թատերական արվեստի ուսումնասիրությամբ հետաքրքրվող երիտասարդների համար: Հիմնադրման օրվանից ԳԱԿ-ի Փոքր թատրոն-ի արվեստագետները հավատարիմ մնացին այնպիսի եզակի ներկայացումների ստեղծմանը, որոնք փառաբանում են մարդկային երևակայության ուժը և թատերական արվեստի ազդեցությունը կյանքի վրա: Թատրոնը առժանացել է «Արտավազդ» ազգային թատերական մրցանակի` «Խելագարի հիշատակարանը» (2007 թ.), «Օֆելյայի ստվերների թատրոնը» (2008 թ.) և «Ne me quitte pas/ Մի լքիր ինձ» (2015 թ.) ներկայացումների համար: ԳԱԿ-ի Փոքր թատրոն-ը մասնակցել է մի շարք հեղինակավոր միջազգային կատարողական արվեստի փառատոնների և արժանացել բազմաթիվ մրցանակների: Ներկայացումները ցուցադրվել են հետևյալ երկրներում՝ Երևան/Հայաստան, Ռուդոլստատ/Գերմանիա, Մոսկվա/Ռուսաստան, Սիբիու/Ռումինիա, Ֆլորենցիա / Իտալիա, Ֆելդկիրչ/Ավստրիա, Պարմա/Իտալիա, Կամպիլիա Մարիտիմա/Իտալիա, Լինգեն/Գերմանիա, Լյուբլյանա /Սլովենիա, Բանոնե/Իտալիա, Բոստոն/ԱՄՆ, Սալեռնո/Իտալիա, Պիզա/Իտալիա, Միլան/Իտալիա, Ալմաթի/Ղազախստան, Պապա/Հունգարիա, Վենետիկ/Իտալիա, Թուլուզ/Ֆրանսիա, Գլազգո/Մեծ Բրիտանիա: Թատրոնի խաղացանկում են հետևյալ ներկայացումները՝ «Օդիլ», «Օֆելյայի Ստվերների Թատրոնը», «Խելագարի հիշատակարանը», «Պիերո», «SHAKEspeare», «Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը»: Թատրոնում ստեղծվել է Հայաստանում առաջին ներառական պարային խումբը, որտեղ ընդգրկված են նաև հաշմանդամություն ունեցող արվեստագետներ: Նախագիծը ականավոր Candoco Dance Company-ի հետ համատեղ աշխատանքի հետևանք է: Բեմադրվել է 2 ներկայացում՝ Ne Me Quitte Pas /Մի լքիր ինձ և Կարոտահար/Hiraeth: Բեմադրությունը իրականացվել է Բրիտանական խորհրդի «Պար` առանց սահմանների» ծրագրի շրջանակում:

2006 թվականից սկսած ԳԱԿ-ի Փոքր թատրոն-ը հաջողությամբ համագործակցում է մի շարք արտասահմանյան թատերական ընկերությունների և հաստատությունների հետ` կազմակերպելով համատեղ վարպետության դասեր: Այս գործընկերների հետ համատեղ թատրոնը նաև արտերկրի ուսանողների համար ստեղծում է պրակտիկա անցնելու հնարավորություն և բեմադրում համատեղ ներկայացումներ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Ամենահաջողված համագործակցություններից մեկն է 2008 թ-ին Իտալիայի մշակութային «Versiliadanza» ասոցիացիայի (գեղարվեստական ղեկավար `Անժելա Թորրիանի Եվանգելիստա) հետ, որի արդյունքում ստեղծվեցին երկու ներկայացումներ՝ «7-րդ զգայարան» (2009 թ.) և SDD-Shakespeare Dead Dreams (2015 թ.) Թատրոնում նաև գործում է Փոքր թատրոն-ստուդիան, որտեղ 5-17 տարեկան երեխաները ստանում են նախնական թատերական կրթություն: Երեխաներից շատերը հետագայում ընդգրկվում են թատրոնի տարբեր ներկայացումերում: Դասերի ընթացքում երեխաներն ուսումնասիրում են դերասանական հմտություն, բեմական խոսք, բեմական շարժում և դասական պարեր:

«Մետրո» թատրոն-ստուդիա

Հիմնադրվել է 1992 թվականին: Թատրոնի բեմում հանդես են եկել թատերական աշխարհի հայտնի դեմքեր: «Մետրո» թատրոնի խաղացանքում ընդգրկված են ուրախ, լի երաժշտությամբ, զգացմունքային կատարումներով ներկայացումներ և մեծերի, և մանուկների համար: Ստուդիան հաճախակի մասնակցում է տարբեր թատերական փառատոնների, բեմականացված համերգների, հեռուստանախագծերի: Թատրոնի պատմության ընթացքում բեմադրված ներկայացումներն են՝ Պանիլովի «Թոփազը», Քոչարյանի «Հյուրը», Կալինովսկու «Կենդանիները լուսնի վրա», Մոնյերի «Փարիզը վտանգավոր քաղաք է», Կոնստանտինովի «Դիոգենեսը», Սարտրի «Ժամանակն է հավաքել քարերը», ինչպես նաև «Շաշաստան» ըստ Թումանյանի հեքիաթների և այլն:

Ֆիլհարմոնիա

«Գորանի» համույթ

Մանկական Ֆիլհարմոնիան հիմնադրվել է 1981 թ. Հենրիկ Իգիթյանի նախաձեռնությամբ: Նպատակն էր` զարգացնել մանուկների երաժշտական և պարային դաստիարակության գործը: Ֆիլհարմոնիայի կոլեկտիվները համերգային ծրագրերով հանդես են եկել հանրապետության ողջ տարածքում, Խորհրդային Միության հանրապետություններում: Նրանցից շատերը հայ ինքնատիպ արվեստը ներկայացրել են ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իտալիայում, Դանիայում, Ռումինիայում, Լեհաստանում, Բուլղարիայում և այլն:

«Գորանի» համույթը գործում է 1981 թ.-ից: Համույթի անփոփոխ գեղարվեստական ղեկավարն է հայտնի երաժիշտ-ազգագրագետ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Զավեն Թագակչյանը, իսկ պարուսույցն ու պարային մասի ղեկավարն է հայ պարարվեստի հանրապետության լավագույն մասնագետների գործի շարունակող, մանկավարժ Գագիկ Ավետիսյանը, ներկայումս պարային ստուդիայի տնօրեն։ Համույթը ներկայացնում է Հայոց պատմական շրջանների և գավառների ավանդական երգն ու պարը: Խումբը համերգային գործունեությանը զուգահեռ մասնակցել է հանրապետական և միութենական փառատոների և ֆորումների՝ արժանացել բազում պատվոգրերի և մրցանակների, դափնեկրի կոչման:

Իր հերթին, պարարվեստի ստուդիայի դասավանդման հիմքում ընկած է ազգային պարը: Այսօր ստուդիայում ավանդական պարի կողքին զարգանում են պարային նոր ձևեր, յուրացվում են թատերական արվեստի սկզբունքներ: Ստուդիայի հիմքի վրա ստեղծվել է պարային թատրոն, որի միջոցով հնարավոր է արտահայտել հայ ժողովրդի ազգային մշակույթի առանձնահատկությունները:

2012 թ.-ին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ պատրաստվեց ծրագիր` «Գրականությունը և պարը» խորագրով: Հիմք ընդունվեց Հենրիկ Իգիթյանի կողմից կազմված Հովհաննես Թումանյանի հեքիաթների` կենտրոնի երեխաների կողմից պատկերազարդված գիրքը: Բեմադրվեց «Շունն ու կատուն», «Ուլիկը», «Անբան Հուռին», «Սուտլիկ որսկանը», «Կիկոսի մահը», իսկ «Չարի վերջը» հեքիաթը բեմադրվեց որպես մյուզիքլ, որտեղ սաների հետ միասին հանդես եկան նաև պարուսույցները:

Երաժշտական դպրոց

Ազգային Նվագարանների 7-ամյա երաժշտական դպրոցը հիմնադրվել է 1982 թ.-ին Հենրիկ Իգիթյանի նախաձեռնությամբ: Այդ տարիներին դպրոցում ստեղծվել է «Տկզար» հնագույն նվագարանների անսամբլը: Դպրոցում, որը իր բնույթով մինչ այսօր էլ հանրապետությունում միակն է, գործում են ազգային նվագարանների հետևյալ բաժիններ՝ դուդուկ, շվի, զուռնա, պկու, սրինգ, թառ, ուդ, քամանչա, քանոն, սանթուր, դհոլ, ժողովրդական երգ, ժողովրդական պար: Դպրցը մասնակցում է բազմաթիվ հանրապետական մրցույթների՝ գրավելով լավագույն տեղեր։

Երաժշտական դպրոցի տնօրենն է՝ Նարինե Պրուտյանը։

Միջոցառումներ

ԳԱԿ-ում կազմակերպվում են հատուկ կրթա-մշակութային ծրագրեր երեխաների և երիտասարդության համար, իրականացնում են թեմատիկ նախագծեր, որոնցից մի քանիսը կրում են ամենամյա բնույթ։ Շուրջ ութ տարի է ՀՀ կրթության և գիտության նախարարության սփյուռքի բաժնի հետ համատեղ իրակականցվում է ամենամյա Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն տարբեր խորագրերով: Փառատոնի ավարտից հետո ամեն տարի լույս է տեսնում եզրափակիչ փուլ անցած մասնակիցների աշխատանքների պատկերագիրքը: Ավանդական է դարձել նաև Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ իրականացվող Սբ.Սարգսի տոնին նվիրված ամենամյա ցուցահանդեսը, որի արդյունքում նույնպես իրականացվում էր պատկերագրքի տպագրում:

Տպագրված գրքեր

Կենտրոնը հրատարակել է սաների կողմից պատկերազարդված հետևյալ գրքերը՝ «Կենաց ծառ», 1995 թ., «Ֆուձիյամայից Արարատ», 1997 թ., «Հայկական հեքիաթներ», 1999 թ., «Եղիցի լույս» (չորս լեզվով), 2001 թ., «Աստվածաշունչ», 2002 թ., «Սասունցի Դավիթ»՝ ըստ Հովհաննես Թումանյանի, 2004 թ., «Սասունցի Դավիթ»՝ ըստ Նաիրի Զարյանի, 2006 թ., «Հովհաննես Թումանյան, Հայկական հեքիաթներ» (անգլերեն, 2006 թ.),«Հեքիաթների կախարդական աշխարհը» (ռուսերեն, 2007 թ.)։

Նաև, տպագրվել են մի շարք պատկերագրքեր, ստեղծված միասնական նախագծերի հիման վրա, դրանք են՝ «Ճապոնիան հայ երեխաների աչքերով», 2011 թ., «Տիեզերք», 2012 թ., «Հենրիկ Իգիթյան, Մոլորակ ստեղծողը», 2012 թ., «Սիրո ուժն է անհաղթ», 2012-2016 թթ., «Քարթլիի թագուհի Շուշանիկը», 2015 թ., Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի պատկերագրքեր, 2011-2017 թթ., և այլն:

Ծանոթագրություններ

  1. Մանկական պատկերասրահի ստեղծման հրամանը. Հայաստանի ազգային արխիվ: Երքաղժողկրթբաժին. 1972 դեկտեմբերի 31. էջ 90.
  2. «Կաթիլներ մեծ ծովից», Հենրիկ Իգիթյանի հուշերից, 1-րդ հատոր, Երևան, 2002 թ.
  3. Агамирян, Жанна (1979). Детская картинная галерея. Москва: Советский художник. էջ 12.
  4. Игитян, Генрих (3 (22), 1979). «Солнечная палитра». Книга и искусство в СССР.
  5. Микаелян, К. (10/215, 1975). «Детская картинная галерея в Ереване». Декоративное искусство СССР.

Արտաքին հղումներ