Քսիլոֆոն
Քսիլոֆոն (անգլերեն և ֆրանսերեն՝ xylophone, գերմաներեն՝ xylophon, իտալերեն՝ xilofono), հարվածային երաժշտական գործիք, որը պատկանում է հարվածայինների իդիոֆոնների կարգին: Այն կազմված է խրոմատիկ կերպով դասավորված փայտյա կամ մետաղյա թիթեղներից (ինչպես դաշնամուրը) և նվագվում է փայտյա կամ կաուչուկե փայտիկներով: Գործիքը դնում են հատուկ հենակների վրա:
Նկարագիր և համառոտ պատմություն [խմբագրել]
Քսիլոֆոնը շատ հին երաժշտական գործիք է: Որոշ տվյալներերով առաջին քսիլոֆոնները հանդիպել են Աֆրիկայում և Ինդոնեզիայում՝ 14-րդ դարում: Իսկ այլ վկայությունների համաձայն քսիլոֆոնը կարելի է գտնել նաև 9-րդ դարի մանրապատկերներում: Հին ժողովուրդները պատահաբար հարվածելով որոշ ծառերի լսել են երաժշտական հնչյուններ. նրանք կտրել և մշակել են այդ ծառերի փայտերը և դրանցից պատրաստել երաժշտական գործիքներ:
Եվրոպայում առաջին քսիլոֆոնները հանդիպել են 15-րդ դարում, բայց սկզբնական շ̕րջանում այս գործիքը հանդիպել է միայն տոնակատարություններում և սգո երաժշտություններում: Քսիլոֆոնը օգտագործում են նաև տարբեր երկրների ազգային երաժշտությունների մեջ: Դասական երաժշտության մեջ քսիլոֆոնը մտել է միայն 19-րդ դարի վերջում: Արդեն նույն դարասկզբում լավ քսիլոֆոնահարներ էին հանդիպում: Այս գործիքով զմայլվել են Ֆրեդերիկ Շոպենը, Ֆելիքս Մենդելսոնը, Ֆերենց Լիստը և այլ կոմպոզիտորներ: Բայց առաջին անգամ այն նվագախմբում օգտագործել է Քամիլ Սեն-Սանսը իր "Մահվան Պար" ստեղծագործությունում: Այնուհետև նույն կոմպոզիտորը քսիլոֆոն օգտագործել է "Կենդանիների Պարահանդես"-ում: Սեն-Սանսից հետո քսիլոֆոնը օգտագործել են Գուստավ Մալերը (6-րդ սիմֆոնիա), Ջակոմո Պուչչինին, Ռիխարդ Շտրաուսը, Կլոդ Դեբյուսին, Բելա Բարտոկը, Իգոր Ստրավինսկին, Օլիվիե Մեսսիան և այլ կոմպոզիտորներ: Քսիլոֆոն ամենաշատը օգտագործել է Դմիտրի Շոստակովիչը (համարյա բոլոր սիմֆոնիաներում և թավջութակի կոնցերտում):
Մինչ այսօր կարելի է հանդիպել տարբեր տեսակի և մեծության քսիլոֆոններ: Աֆրիկայի տարբեր երկրների ազգային երաժշտություններում քսիլոֆոնը գրավում է շատ կարևոր տեղ: Քսիլոֆոնի տարատեսակներից են բալաֆոնը, մարիմբան, զանգակը, լիտոֆոնը և այլ հարվածային գործիքներ:
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քսիլոֆոն կատեգորիայում։ |