Քսերքսես (օպերա)
Քսերքսես (իտ.՝ Serse, HWV 40), գերմանացի երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի օպերա (opera-seria) երեք գործողությամբ: Իտալերեն լիբրետտոյի հեղինակն անհայտ է, տեքստի հիմքում ընկած է իտալացի երգահան Ջովաննի Բոնոնչինիի համար Սիլվիո Ստամպիլիայի լիբրետտոն (1694 թ.), որն իր հերթին իրենից ներկայացնում է 1654 թ. Ֆրանչեսկո Քավալլիի համար գրված Նիկոլո Մինատոյի լիբրետտոյի ադապտացումը: Օպերայում պատմվում է Աքեմենյան Պարսկաստանի արքա Քսերքսեսի մասին: Հենդելի օպերան առաջին անգամ բեմադրվել է 1738 թ ապրիլի 15-ին Լոնդոնի Թագավորական թատրոնում (King's theatre)՝ դիմանալով միայն 5 ներկայացման: Օպերան համարվում է գերմանացի երգահանի լավագույն գործերից մեկը. հատկապես մեծ հռչակ է ստացել "Ombra mai fù" մեներգը (արիան), որը հաճախ կատարվում է նվագախմբների կողմից և հայտնի է որպես Հենդելի "largo":