Փիփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Փիփ
ադրբեջաներեն՝ Zəylik
Zəylik village in Dashkasan Rayon of Azerbaijan.jpg
Փիփ գյուղը 1980-ականներին
40°33′11″ հս. լ. 46°00′32″ ավ. ե. / 40.553056° հս. լ. 46.008889° աե. ե.
Երկիր Ադրբեջան Ադրբեջան
Ենթարկում Ադրբեջան
Շրջան Դաշկեսանի շրջան
Բնակչություն 357 (թուրքեր) մարդ
Ազգային կազմ նախքան բռնագաղթը՝հայեր, բռնազավթումից հետո՝ադրբեջանցիներ
Ժամային գոտի UTC+4, ամառը UTC+5
##Փիփ (Ադրբեջան)
Red pog.png

Փիփ (Փիբ, Զագլիկ այժմ կոչվում է՝ Զեյլիկ), գյուղ ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում (Գարդմանք)։ Գտնվում է շրջկենտրոնից 7 կմ հյուսիս-արևմուտք՝ Շամխոր գետի աջակողմյան և Արթինաջուր գետի ձախակողմյան վտակների միջև ընկած ջրբաժանի մոտ՝ արևմտահայաց ձորալանջերին, ծովի մակերևույթից 1360-1620 մ բարձրության վրա։[1][2]

Պատմություն[խմբագրել]

Ավանդության համաձայն՝ գյուղի Փիփ անունը ծագում է Փեփրոնյա կույսի անունից, որը նահատակվել է այստեղ և ամփոփվել գյուղի եկեղեցում։ Օտարները, մասնավորապես թուրքերը, գյուղը կոչել են նաև Զագլիկ՝ մոտակա շիբի (թուրք. «զագ») հանքերի առկայության պատճառով։ Գյուղում և մերձակայքում պահպանված հնագիտական ու միջնադարյան հուշարձանները վկայում են տեղում վաղնջական ժամանակներից ի վեր բնակչության առկայությունը։ Հետազոտողները նշել են, որ փիփեցիները բնիկներ էին։[3] Հայտնի է, որ ներկայիս գյուղը հիմնադրել են Հին Փիփից (այժմ՝ գյուղատեղի) տեղափոխված բնակիչները, որոնք հին գյուղը լքել ու նոր վայր են փոխադրվել կլիմայական անբարենպաստ պայմանների պատճառով։[4]

Բնակչություն[խմբագրել]

Փիփը երկրամասի առավել բազմամարդ գյուղն էր։ Աշխարհագրական դիրքը, կենսական բարենպաստ պայմանները (աղբյուրների, վարելահողերի և անտառների առատություն), ինչպես նաև բնակչությանը զբաղվածություն ապահովող շիբահանքի առկայությունը դարեր շարունակ կարևոր գործոն են եղել տեղում բնակչության ամրապնդման ու զարգացման համար։ Գյուղի բնակչությանը, ընդհանուր առմամբ, բնորոշ են եղել կայունությունը և թվաքանակի անընդմեջ աճը։ Որոշ տարիների նվազման ցուցանիշները կապված էին հատկապես վարակիչ մահաբեր հիվանդությունների ժամանակ առ ժամանակ տարածման հետ։ 1880 թվականի աշնանից մինչև 1881 թվականի գարուն ընկած ժամանակահատվածում անհայտ հիվանդությունից մահացել է 120 մարդ։[5] Առավել սոսկալի հետևանքներ է ունեցել 1899 թվականի նոյեմբեր - 1900 թվականի ապրիլ ժամանակահատվածում տարածված ծաղիկ հիվանդությունը, որից մահացել է 375 երեխա։[6] Այսօրինակ աղետներին դիմակայելու համար փիփեցիները 1891 թվականին մտադրվել էին դեղատուն բացել և պահել մեկ բժիշկ։

Ազգատոհմերը[խմբագրել]

  • Ազարյաններ։ Փիփ գյուղը հանդիսանում է աշխարհով մեկ սփռված Ազարյանների շառավիղների սկզբնական բնօրրանը, որտեղից նրանք տարածվել են աշխարհով մեկ։
  • Նաղդալյաններ,
  • Ափյաններ,
  • Շահնազարյաններ,
  • Խոջայաններ,
  • Թավաքալյաններ,
  • Բարսամյաններ,
  • Ալավերդյաններ,
  • Անտոնյաններ և այլն։

Տնտեսություն[խմբագրել]

Փիփում զարգացած է եղել հողագործությունը, այգեգործությունը, անասնապահությունը, մեղվապահությունը։ Փիփեցիները շահագործում էին գյուղի հարավային կողմի շիբով հարուստ բարձրաբերձ լեռների հանքավայրերը։[7] Հանքանյութի արդյունահանմամբ փիփեցիները զբաղվել են վաղ ժամանակներից։ Ինչպես նշում է Գ. Տկաչևը դեռևս 1850-ական թվականներին շիբի արդյունահանումը տարեկան կազմել է 10 հազ. փութ։ Այդպիսի ընթացքով հանքը շահագործվել է 1805-1864 թվականներին։[8]

Հուշարձանները[խմբագրել]

Փիփի քահանաները[խմբագրել]

Փիփ գյուղի հոգևոր կարիքները մշտապես բավարարել են 2-ից 3 քահանաներ։

  • Պետրոս Տեր Վարդանյան. 1832թ.-ին ձեռնադրվել Փիփ գյուղի քահանա։[9]
  • Գալուստ Տեր-Խաչատրյան Շահնազարյանց. 1834թ.-ից քահանայագործել է գյուղում։[10]
  • 1878թ.-ին Փիփն ունեցել է 3 քահանա։[11]
  • Հովհաննես Մամիկոնյանց. եղել է Փիփ գյուղի քահանա,վախճանվել է 1892թ.-ի հոկտեմբերի 21-ին 45 տարեկան հասակում կարճատև հիվանդությունից հետո։[12]
  • Տեր Գալուստ Մամիկոնյան. ձեռնադրվել է և քահանայագործել Փիփում 1823թ.-ի մարտի 6-ից, եկեղեցու շինարարության ընթացքում ցուցաբերած եռանդուն աշխատանքի համար արժանացել է Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Ե. Աշտարակեցու պարգևին. «յաղագս ջերմեռանդ աշխատութեան իւրոյ ի վերա շինութեան եկեղեցւոյն Փիբ գեղջ վարձատրեալ է ի 1851 ամի ոսկեզոծ լանջական խաչիւ ի Ներսէս սրբազնագոյն կաթուղիկոսէ Ամենայն Հայոց»։ Դեռևս 1860թ.-ին քահանայագործում էր։[10]
  • Հովհաննես Ոսկանյան Խոջայանց. 1897թ.-ին ձեռնադրվել է քահանա և ծառայել առնվազն մինչև 1922թ.-ը։ 1908թ.-ին նա քահանայագործում էր Մովսես Մամիկոնյանցի հետ։ Ուներ 2 երեխա՝ Հայկ՝ ծնվ. 1892 թ., Հայկանույշ՝ ծնվ. 1896 թ.։

1905-1906 թթ. հայ-թաթարական և հայ-թուրքական ընդհարումներ[խմբագրել]

Փիփեցիները զգալի ներդրում են ունեցել տարածաշրջանի հայկական բնակավայրերի և վանքերի պաշտպանության գործում։ Առանձին ջոկատներ զենք, զինամթերք գնելու համար մեկնել են Արևմտյան Հայաստան՝ հաճախակի հանդիպելով և կռվի բռնվելով թուրք հրոսակների հետ։ Այդպիսի մի կռիվ է տեղի ունեցել, որի ժամանակ կորուստներ են ունեցել նաև հայերը։ Զոհվածների թվում է եղել Մելիք Ազարյանը, իսկ նրա եղբայր Արսեն Ազարյանը ծանր վիրավորվում է։ Հետագայում զոհվածներին հողին են հանձնել մոտակա գյուղում հատուկ այդ նպատակով կառուցված եղբայրական գերեզմանատանը։ Հայտնի է նաև, որ օրինակ, 1905 թ. սեպտեմբերի 6-ի դեպքը.

Aquote1.png
— «...եօթ թուրք աւազակներ, Թիւրեքի կոչուած տեղում (Փիփի մոտ գտնվող պատմական Աղյուսաշեն (Աղվեսաշեն) գյուղատեղի) զագլիկցի հայերի տաւարների հօտը քշեցին տարան։ Հայերը սպանեցին երկու աւազակների և ետ խլեցին հօտը։ Միւս չորս աւազակները փախան անտառ, որին շրջապատեցին տեղացիները։ Զագլիկցիներին մնաց աւազակների 7 թամբած ձիերը։ Այդ հետապնդումին ընկերացել էին զինուած կանայք ևս»։[13][14]
Aquote2.png

Փիփեցիները բացի հայ-թաթարական կռիվներին ակտիվ մասնակցություն ունենալուց մասնակցել են նաև հայ-թուրքական կռիվներին։ Այդպիսի ֆիդայիներից է Վիրաբ Ազարյանը, ով մարտնչել է Զորավար Անդրանիկի բանակում և հետագայում նրա հետ մեկնել Ֆրանսիա։[15][16]

Բռնագաղթը[խմբագրել]

Արցախյան շարժմանն ի պատասխան սկզբնական շրջանում Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունի ղեկավարությունը կենտրոնական իշխանության թույլտվությամբ սկսեց հակահայ գործողություննրը, որոնք ամենից հաճախ ուղեկցվում էին հայ էթնոսի իսպառ ոչնչացմամբ, այսինքն՝ պետական մակարդակով իրականացվում էր ցեղասպանություն։ Սումգայիթի, Գանձակի և Բաքվի ջարդերին զուգընթաց պետական մակարդակով իրականացվում էր երկրի հայ ազգաբնակչության բռնագաղթ։ Այդ դառնալի ճակատագրից զերծ չմնաց նաև Փիփ գյուղի հայությունը, որը դարեր շարունակ բնակվել է այդտեղ։ Փիփից վերջին հայը հեռացավ 1988 թվականի նոյեմբերի 4-ին։

Տնտեսությունը[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 257։
  2. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2007, էջ 2009
  3. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բաքու, 1895, էջ 296։
  4. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 257։
  5. «Մեղու Հայաստանի», 1881, N 44, էջ 3։
  6. «Մշակ», 1900, N 77, էջ 2։
  7. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 262:
  8. «Մեղու Հայաստանի», 1873, N 29, էջ 3։
  9. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3833, թ. 131-132։
  10. 10,0 10,1 Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3833, թ. 130-131։
  11. «Մեղու Հայաստանի», 1878, N 46, էջ 4:
  12. «Նոր Դար», 1892, N 171, էջ 2:
  13. «Մշակ», 1883, N 128, էջ 1)։
  14. «Արշալույս», 1905, N 9, էջ 1։
  15. Գարդմանի կանչ թերթի 2010 թվականի 3-րդ 4-րդ համարներ։
  16. Սերգեյ Երեմյան, Զորավար Անդրանիկի զինակիցների մասին գիրք։