Գետաբեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գետաբեկ (այլ կիրառումներ)
Քաղաք
Գետաբեկ
ադրբ.՝ Gədəbəy
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանԳետաբեկի շրջան
Տվյալ կարգավիճակում1990 թվականից
ԲԾՄ1467±1 մետր
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն9․019 մարդ (2008)
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
Հեռախոսային կոդ+994 232
Գետաբեկ (Ադրբեջան)##
Գետաբեկ (Ադրբեջան)

Գետաբեկ (ադրբ.՝ Gədəbəy, թարգմ.՝ Գեդեբեյ), քաղաք և վարչական կենտրոն ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի շրջանում։ Գտնվում է Գանձակից 48 կմ, Շամխորից՝ 35 կմ հարավ-արևմուտք, ծովի մակերևույթից 1380-1500 մ բարձրության վրա։ Իր մեջ միավորում է երբեմնի հայաբնակ Հին Գետաբակ (ավանի արևմտյան կողմում) և Հայի Գետաբակ (նաև՝ Ղազախ, Ղազախաշեն, Ղազախլի ավանի հյուսիսային կողմում) գյուղերը[1][2][3]։

Կեդաբեկ անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառում[4]։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետաբեկ բնակավայրի անվան մի քանի տեսակետներ կան, որոնցից առավել հայտնին ու հավանականը համարվում է այն, որ Գետաբեկն իր (հին ու նախնական անվանաձևը՝ Գետաբակ) անունը ստացել է Շամքոր և Փառիսոս գետերի միախառնման տեղից[1][5]։

Բնակավայրի հայկական անվանումներից են՝ Հայի Գետաբեկ, Նոր Գետաբեկ, Հայի Գետաբակ, Նոր Գետաբակ, իսկ ադրբեջանցիների մոտ տարածված անվանումներից՝ Ղազախ-Գետաբեկ, Ղազախլի[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ մատենագրության մեջ տեղանունն առաջին անգամ հանդիպում է 7-րդ դարի դեպքերի առնչությամբ՝ իբրև բերդանուն։ Հայտնի է, որ քաղկեդոնականությանը հարած Դվինի Սուրբ Գրիգոր եկեղեցու փակակալ Հովհան Մայրավանեցի վարդապետը, Եզր Ա Փառաժնակերտցի կաթողիկոսից (630-641թթ.) հալածվելով, նախ հանգրվան է գտնում Սոլակի վանքում, ապա գնում Գարդմանի Գետաբակ բերդի կողմերը.[1][6]

Եւ երթեալ Յովհաննու ընտրեաց իւր տեղի լռութեան ի կողմանս Գետաբակս բերդոյ, և անդ դադարեալ՝ հանապազ ընդ աստուծոյ խօսելով
- Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց

Հովհան Մայրավանեցին Գետաբակում գրել է երեք աշխատություն՝ «Խրատ վարուց», «Համատարմատար» և «Նոյեմակ»[1][7][8]։

Գետաբակը՝ իբրև բերդ, հիշվում է նաև 13-րդ դարի դեպքերի առնչությամբ, երբ հայ-վրացական զորքերը՝ Զաքարե և Իվանե Զաքարյանների գլխավորությամբ, սելջուկ-թուրքերից ազատագրելով Հյուսիսային Հայաստանի գավառները, 1206 թվականին ազատագրել են նաև Գետաբակը.[1][9]

...և ի վեցհարիւր յիսուն և հինգ թուին առին զԿարս՝ թագաւորին. և ապա զԳետաբակս և զՉարեքն...:
- Վարդան Արևելցի, Աշխարհացույց

Այնուհետև բերդը նվաճվում է Հարավային Կովկաս ներխուժած մոնղոլ-թաթարների կողմից։ Գետաբակը, հարակից բերդերի հետ միասին բաժին է ընկնում Չարմաղան Ղատաղան-նոյին զորավարին[1][9][10][11]։

Պետրոսցի կաթողիկոսի մահից հետո սկսված աթոռակալական պայքարին մասնակից են դարձել նաև գետաբակցիները։ 1691 թվականին հասարակական մյուս խավերի ներկայացուցիչների հետ, ի պաշտպանություն Երեմիա կաթողիկոսի, «Դաշնադրության թուղթն» ստորագրել են Գետաբակից Դավիթ եպիսկոպոսը, Ազարիա վարդապետը, Թամրազը և Խաչատուրը[1][12]։

1702 թվականին պարսից Հուսեյն Ա շահը Գետաբակ գյուղն իր բնակչությամբ, մշակովի հողերով ու արոտավայրերով որոշակի ծառայությունների համար նվիրել է հայազգի Հովհաննես բեկին և կարգադրել Գանձակի խանության կառավարչին «ո՛չ գրչով, ո՛չ էլ գործով» ոտնձգություն չկատարել բեկի կամ նորընծա բնակավայրի հանդեպ, իսկ գյուղացիներին շահը պարտավորեցրել է Հովհաննեսին համարել իրենց տեր, չխախտել նրա խոսքն ու որոշումները[1][13]։

Մինչև 1770-ական թվականներին հայաթափ լինելը բնակավայրի մասին գրավոր աղբյուրներում հիշատակություններ չեն հայտնաբերվել[1]։

1861 թվականին Կոթի, Ոսկեպար և Ղալաչա գյուղերից փոխադրված շուրջ երկու տասնյակ հայ ընտանիքներ բնակություն են հաստատում հայաթափ գյուղատեղիում[Ն 1][1][14][15]։

1905-1906 թթ. հայ-թուրքական ընդհարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետաբեկը Գանձակի նահանգի հայաբնակ այն գյուղերից մեկն էր, որն ամբողջությամբ թալանվել, ավերվել ու հրկիզվել էր մերձակա գյուղերի թուրք բնակչության կողմից։ Խժդժությունները սկսվում են 1905 թվականի նոյեմբերի 17-ին, երբ Փարաքենդ գյուղի բնակիչները հրդեհում են գետաբակցի անտառապահ Աբբաս Հաջիևի 60 սայլ խոտը՝ տեղի հայերի վրա հարձակվելու պատրվակ ստեղծելու համար։ Մի քանի օր անց Ֆրեզևկա ռուսական գյուղի քահանան հայտնում է Սլավյանկայում գտնվող նորանշանակ պրիստավ (ոստիկան) Ալ. Շեպիլլոյին, որ թուրքերը պատրաստվում են հարձակվել Գետաբեկի վրա։ Նոյեմբերի 22-ին Սոգութլու, Միսկինլի և այլ գյուղերի թուրքերը շրջապատում են Գետաբեկը ու հանքերի շուկան։ Այդ ժամանակ արդեն հայերի խանութները փակված էին, իսկ ժողովուրդը՝ հավաքված եկեղեցու մոտ։ Շուկայի մոտ թուրքերի թվաքանակը կազմում էր շուրջ 500 հոգի[1][15]։

Գյուղի փոքրաթիվ երիտասարդությունը ինքնապաշտպանության նպատակով դիրքեր է զբաղեցում շուկայի և գերեզմանատան միջև՝ պաշտպանելով այդ երկու ուղղությունները շուրջ 1 օր։ Սակայն թուրքերի թվաքանակը անընդհատ ավելանում էր՝ դժվարացնելով հայերի ինքնապաշտպանությունը։ Գերեզմանատանը դիրքավորված հայ երիտասարդները, տեսնելով որ երկու տեղը միաժամանակ այլևս անհնար է պաշտպանել, տեղափոխվում են դեպի գյուղ։ Երիտասարդ հայերի հեռանալուց հետո թուրքերը ներխուժում են շուկայի տարածք՝ թալանելով ու ավերելով շրջակայքում գտնվող ամեն ինչ։ Ժամ առ ժամ շատացող թուրքերին, ի վերջո, հաջողվում է կոտրել շրջապատման մեջ հայտնված և որևէ տեղից օգնություն չստացող հայերի պաշտպանությունն ու մտնել գյուղ։ Բնակչության մի մասին հաջողվում է փախչել գյուղից ու ոտքով հասնել Չարդախլու)։ Գյուղում մնացած բոլոր հայերը սպանվում են[1][16]։

Պրիստավ Ալ. Ի. Շեպիլլոյի տվյալներով՝ տներում ողջակիզվում են շուրջ 50 հայեր՝ կանայք, տղամարդիկ, երեխաներ։ Թուրքերն ավերում ու կողոպտում են նաև հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին[Ն 2][1][17][18][19][20][21][22][23]։

Ջարդից փրկված հայերը ճանապարհին էլ ենթարկվում են թուրքերի հարձակումներին։ Սարսափելով թուրքերից՝ գետաբեկցի հայերին չեն օգնում Սլավյանկա ռուսական գյուղի բնակիչները, որոնք հրաժարվում են ոտքով դեպի Չարդախլու փախչող գյուղացիներին սայլեր տրամադրել[1][16]։

Ըստ «Արարատ» թերթի հրապարակման՝ Գետաբեկի ողբերգական իրադարձությունների կազմակերպիչներն ու ամենագործուն մասնակիցներն էին պրիստավի պաշտոնակատար Ալիևն ու Միսկինլի գյուղի տանուտեր Մահմեդը[1][22]։

Որոշ ժամանակ անց, երբ գետաբեկցի, բադեցի, չարդախլվեցի հայերը տեսնում են, որ կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում ջարդերի կազմակերպիչներին և մասնակիցներին պատժելու համար, որոշում են վրեժ լուծել գոնե առավել վայրագ թուրքերից։ Հայտնի էր, որն Սոգութլու գյուղում էին թուրքերը կենտրոնացրել գետաբակցի հայերից խլված ողջ թալանը[1][16]։

1905 թվականի դեկտեմբերի 31-ի գիշերը հայերի արշավախումբը, մոտենալով Սոգութլու գյուղի մատույցներին, կարևոր դիրքեր է զբաղեցնում։ Օժանդակ խմբերը դիրքեր են զբաղեցնում շրջակա ձորերում։ 1906 թվականի հունվարի 1-ի վաղ առավոտյան խմբապետի շեփորի ազդանշանից հետո հարյուրավոր կամավորներ հարձակվում և շրջապատում են թուրքական գյուղը։ Թուրքերը դիմում են ինքնապաշտպանության։ Հայկական արշավախմբի խմբապետը առաջ է նետվում և մտնում գյուղ։ Վերջինիս հետևից գյուղ են մտնում ղազախեցի Բեգլարը, բանանցեցի Մակիչը, փիփեցի Թավաքալյան Համբարձումը, ախալքալաքցի Պետրոսը, վանեցի ղասաբ Գրիգորը, վանեցի Կարապետ Մելքոնյանը, մշեցի Վարդանը՝ յուրաքանչյուրն իրենց զորախմբերով։ Մեկ ժամվա ընթացքում Սոգութլուն հայտնվեց հայերի վերահսկողության ներքո։ Թուրքերը, թողնելով իրենց բոլոր իրերը, ընտանի կենդանիները, փախչում են գյուղից։ Գյուղի տգրավման գործողության ընթացքում սպանվում են Սոգութլուի գրեթե բոլոր արական սեռի չափահաս ներկայացուցիչները։ Կանայք, ծերերն ու երեխաները չեն սպանվում։ Երեք ժամից հետո Սոգութլուն և հարակից տարածքները ամբողջությամբ հայերի հսկողության ներքո են հայտնվում[1][24][25]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Բնակչություն
1959 3509 մարդ [26]
1970 4155 մարդ [27]
1979 4453 մարդ [28]
1989 5049 մարդ [29]
2009 10 146 մարդ

Գետաբեկի բնակչության վիճակագրական տվյալներ 1861-1914թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետաբակի հայ բնակչության թվի մասին վիճակագրական տվյալներն առկա են վերաբնակեցումից ի վեր[1]։

Ստորև ներկայացված վիճակագրական աղյուսակից հստակ երևում է, որ 1901-1902 թվականներին Գետաբակի հայերի բնակչության թվաքանակը կտրուկ նվազել է, որը արդյունք էր բնակչության մի մասի արտագաղթի։ Հարկ է նշել, որ վայրը հայտնի էր իր պղնձի հանքերով, բայց արդեն 19-րդ դարավերջին հանքանյութի սպառման հետևանքով շատ հանքավայրերում աշխատանքները դադարեցվել էին, հայ բնակիչներն էլ, առավելապես հանքագործներ լինելով, վերածվել գործազուրկների ու սկսել էին դիմումներ հղել կառավարությանը՝ այլ վայր փոխադրվելու թույլտվություն ստանալու խնդրանքով։ Վերաբնակվելու համար գետաբակցիները նախընտրում էին իրենց բնակավայրից 3 կմ հեռու՝ Չարեք վանքի կալվածքի սահմաններում գտնվող Մոկոշանոց հին գյուղատեղին[1][14]։

Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի՝ 1874, 1914 թվականների ներկայացված փոքր-ինչ ուռճացված տվյալները կառավարության իրականացրած մարդահամարի արդյունք են, ուստի դրանցում արտացոլված է Գետաբակի ողջ բնակչությունը[1]։

Թվական Հայկական տուն Հայ արական Հայ իգական Ընդամենը հայեր Նշումներ Աղբյուր
1861 18 [1][30]
1866 18 96 58 154 [1][31]
1870 106 64 170 [1][32]
1872 147 109 256 [1][33]
1873 197 [1][34]
1874 653 [1][35]
1875 208 [1][36]
1876 225 [1][37]
1877 135 101 236 [1][38]
1878 20-25 137 99 236 [1][39][40]
1881 148 107 255 [1][41]
1882 151 110 261 [1][42]
1883 147 105 252 [1][43]
1885 23 150 125 275 [1][44]
1886 44 178 149 327 Գետաբակում թուրքերը կազմում էին
124 տուն՝ 878 շունչ։ Ի դեպ, նույն
թվականին մեկ այլ աղբյուր վկայակոչել է
միայն 23 տուն[5]։
[1][45]
1887 172 150 322 [1][46]
1888 183 159 342 [1][47]
1889 23 188 169 357 [1][48][49]
1890 33 197 184 381 [1][50][51]
1891 215 202 417 [1][52]
1892 230 214 444 [1][53]
1893 30 243 225 468 [1][54][55]
1894 262 252 514 [1][56]
1897 309 297 606 [1][57]
1898 325 315 640 [1][58]
1899 33 329 318 647 [1][59]
1900 337 339 676 [1][60]
1901 359 347 706 [1][61]
1902 248 228 476 [1][62]
1905 250 230 480 [1][63]
1906 165 163 328 [1][64]
1907 327 [1][65]
1908 35 300 250 550 [1][66]
1909 265 241 505 [1][67]
1910 70 60 130 [1][68]
1912 74 280 243 523 [1][69]
1914 669 [1][70]

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետաբեկի տարածքում գտնվել են հարյուրավոր հայկական պատմամշակութային հուշարձաններ, որոնց մեծ մասը ոչնչացվել են[1]։

Գյուղում եղել են մի քանի հնագույն գերեզմանոցներ։ Բնակավայրի հարավային կողմում տեղակայված գերեզմանոցը պատմական մեծ արժեք ուներ, քանի որ տեղում թաղումներն անընդմեջ իրականացվել են բազում դարեր շարունակ առնվազն միջնադարից։ Ադրբեջանի ԽՍՀ իշխանությունների կողմից ավերվել է 1960-1970 թվականներին՝ Գետաբեկի շրջանային հեռուստատեսության համար կայան կառուցելու պատրվակով։ Գյուղի տարածքում և հարևանությամբ գտնվող բոլոր վանքերի, եկեղեցիների ու մատուռների շրջակայքում նույնպես եղել են հնագույն գերեզմաններ[1]։

Գետաբեկի մերձակայքում գտնված կարևոր հնագիտական հուշարձաններից է նաև կիկլոպյան ամրոցը, որը տեսել և նկարագրել է հնագետ Լեհման-Հաուպտ[1][71]

Մի մեծ բլուր՝ այժմ ծածկված մութ անտառով ու խիստ մացառուտներով, շրջափակված է հսկա քարակտորներով կառուցված յոթնաշերտ կիկլոպյան շրջապարսպով. ժայռակտորներ, որոնք այնպիսի ծանրություն ունեին, որ, ինչպես նախապատմական կառույցների դեպքում հաճախ լինում է, անհնար էր ըմբռնել, թե ինչպես կարող էր մեկ, դեռ չասելով՝ հարյուրավոր այդպիսի քարակոշտերը վեր բարձրացվել և միմյանց կողքին կամ միմյանց վրա տեղադրվել։ Երկու կողմից պարիսպներով շրջափակված մի ճանապարհ հյուսիսից հարավ առաջնորդում է ամբողջ կառույցի միջով։ Բացի այդ արևելքից մի գաղտնի, մասամբ ստորգետնյա անցարան է ձգվում դեպի բերդի կենտրոնը, այնտեղ, որտեղ բլուրն ավելի զառիվայր է դառնում։ Նույնիսկ գլխավոր մուտքը խիստ դժվար էր գտնել։ Ձիերը սուզվում էին մինչև թամբերի բարձրությանը հասնող փարթամ խոտի մեջ, և բոլորապարիսպների ներսում առաջ գնալը խիստ դժվար էր։ Տպավորությունը, որ մենք վայրի անտառաթավուտում գտնվող այդ կառույցից ստացանք, մեծաշուք և գրեթե սոսկալի էր։ Վերադարձի ճանապարհին իմ ուղեկիցն ինձ առաջնորդեց իր կողմից նախկինում բացված՝ բրոնզի և նորասկիզբ երկաթի դարաշրջանից սերող մի շարք գերեզմանների մոտով։ Դրանցում էին գտնվել նաև այն կենդանական պատկերներով և որսի տեսարաններով պատված բրոնզե գոտիները, որոնք Վիրխովը դարձրել էր մի հատուկ ակադեմիական աշխատության նյութ։
- Հաուպտ Լեհման. [71]

Գյուղի տարածքում էին գտնվում նաև Սուրբ Աստվածածին և Սուրբ Գևորգ եկեղեցիները, Սուրբ Սարգիս վանքը[1]։

Գետաբեկից ոչ հեռու՝ Շամխոր գետի մոտ են գտնվում հռչակավոր Չարեք բերդը (Սահակ Սևադայի բերդ), Չարեք վանքը, Հարանց մատուռը, Աշոտ Երկաթի կամուրջը[1]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ի դեպ, 1912 թվականի վավերագրում նշված է, թե գյուղը հիմնադրվել է 51 տարի առաջ, այսինքն՝ 1861 թ.: Ըստ հուշարձանագետ Ս.Կարապետյանի՝ Մ. Բարխուտարյանցը գյուղի հիմնադրման տարեթիվ է համարել 1863 թվականին՝ ավելացնելով, որ. «նախ բնակութիւն հաստատած [են] Հին-Գետաբակում, ապա տէրութեան հրամանաւ փոխադրուած Նոր-Գետաբակս» («Հին Գետաբակի արևելեան կողմում սեռի ետևի արևելահայեաց լանջի վերայ») (Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 313)։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղն իր հայ բնակչությամբ վիճակագրական աղբյուրներում հանդիպում է արդեն 1861 թվականին, միանգամայն սխալ է բնակավայրը հիմնադրված համարել 1863 թվականին։
  2. Ալ. Շեպիլլոն հեղինակել է երկու կարևոր փաստաթուղթ. մեկը 1905 թվականի դեկտեմբերի 7-ին Գանձակի գեներալ-նահանգապետին ուղղված զեկուցագիրն է, 2-րդը “Тифлисский Листок” թերթի խմբագրությանը ուղարկված նամակը (Զեկուցագիրը տպագրվել է «Մշակ» թերթի 1906 թվականի հունվարի 22-ի համարում, իսկ նամակը՝ ”Тифлисский Листок”-ի 1906 թվականի մայիսի 28-ի համարում (թարգմանաբար արտատպվել է՝ «Մշակի» 1906 թվականի մայիսի 30-ի համարում)։ Երկու փաստաթղթերն էլ վերահրատարակել է Քաջբերունին 1910 թվականին. (տե՛ս նրա՝ «Բադա գյուղի աւերումը» հոդվածաշարը. «Արարատ», 1910, յունիս, էջ 528-532, յուլիս, էջ 651-654)։ Ի դեպ, Ալ. Շեպիլլոն պրիստավ էր նշանակվել ջարդի նախօրեին՝ նոյեմբերի 14-ին, և երեք օր անց արդեն Գետաբակում էր։ Սակայն պրիստավի պաշտոնակատար Ալիևի գործադրած խարդավանքների պատճառով չի կարողանում անցնել անմիջական պարտականությունների կատարմանը և, թեև փորձում է վերահսկել իրավիճակը, սակայն ի վիճակի չի լինում ազդել դեպքերի հետագա զարգացման վրա։ Գետաբակի կողոպուտի ու ավերման մասին է նաև պղնձաձուլական գործարանի կառավարիչ, հանքային ինժեներ ու դեպքերի ականատես Ադոլֆ Էրնի վկայությունը («Մշակ», 1906, N 59, փետրվարի 3, էջ 2։ Նաև՝ N 69, մարտի 17, էջ 3)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 1,34 1,35 1,36 1,37 1,38 1,39 1,40 1,41 1,42 1,43 1,44 1,45 1,46 1,47 1,48 1,49 1,50 1,51 1,52 1,53 1,54 1,55 1,56 1,57 1,58 1,59 1,60 1,61 1,62 RAA գիտական ուսումնասիրություններ(չաշխատող հղում), Գիրք Զ։ Հյուսիսային Արցախ, Սամվել Կարապետյան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2004թ. ISBN 5-8080-0566-3 (հայ.) Արխիվացված 2019-04-01 Wayback Machine, (անգլ.) Արխիվացված 2021-01-12 Wayback Machine
  2. Ջալալեանց Ս., Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մասն Բ, Տփխիս, 1858, էջ 360։
  3. «Ադրբեջանական սովետական հանրագիտարան», հ. 6, Բաքու, 1982, էջ 76։
  4. «Елисаветпольский уезд на 1908 год». Վերցված է 2021 Հունիս 8-ին.
  5. 5,0 5,1 «Արձագանք», 1888, N 7, էջ 86։
  6. Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց, աշխատասիրությամբ` Կ. Մելիք-Օհանջանյանի, Երևան, 1961, էջ 55։
  7. «Ստեփանոսի Տարօնեցւոյ Ասողկան Պատմութիւն Տիեզերական», Ս.Պետերբուրգ, 1885, էջ 87։
  8. Օրմանեան Մ., Ազգապատում, հ. Ա, Էջմիածին, 2001, էջ 801, 811-813։
  9. 9,0 9,1 Վարդան Արևելցի, «Աշխարհացոյց»:
  10. Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն: (ռուս.)
  11. Ինճիճեան Ղ., Ստորագրութիւն, Հին Հայաստանեայց, Վենետիկ, 1822թ.:
  12. «Արարատ», 1900, էջ 320։
  13. ”Тбилисская коллекция персидских фирманов”, т. II, составители: Тодуа М. А. и Шамс И. К., Тбилиси, 1989, с. 34-35.
  14. 14,0 14,1 Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 6, գ. 889, թ. 1:
  15. 15,0 15,1 «Նոր-Դար», 1889, N 174, էջ 3։
  16. 16,0 16,1 16,2 Ա-Դօ, Հայ-թուրքական ընդհարումը Կովկասում, Երևան, 1907, էջ 349-350։
  17. «Մշակ» , 1906 թ. հունվարի 22։
  18. ”Тифлисский Листок”, 1906 թվականի մայիսի 28։
  19. «Բադա գյուղի աւերումը» հոդվածաշարը. «Արարատ», 1910, յունիս, էջ 528-532, յուլիս, էջ 651-654։
  20. «Մշակ», 1906, N 59, փետրվարի 3, էջ 2։
  21. «Մշակ», 1906, N 69, մարտի 17, էջ 3։
  22. 22,0 22,1 «Արարատ», 1910, յունիս, էջ 531։
  23. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1,գ. 3764, թ. 278:
  24. Վարանդեան Մ., Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, Երևան, 1992, էջ 352-353։
  25. «Մշակ», 1906, N 24:
  26. 1959 Soviet census
  27. 1970 Soviet census
  28. Перепись населения СССР (1979)
  29. Перепись населения СССР (1989)
  30. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3835, թ. 148-149:
  31. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3848, թ. 57:
  32. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3857, թ. 49-50:
  33. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3872, թ. 62-63:
  34. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3864, թ. 40-41:
  35. “Кавказский календарь на 1886 г.”, Тифлис, 1885, с. 125.
  36. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3866, թ. 44-45:
  37. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3868, թ. 57-58:
  38. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3869, թ. 54-55:
  39. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3870, թ. 22-23:
  40. «Մշակ», 1878, N 145, էջ 2։
  41. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3873, թ. 27-28:
  42. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3874, թ. 30:
  43. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3875, թ. 56-57:
  44. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3877, թ. 30:
  45. “Елисаветопольская губерния. свод статистических данных, извлеченных из посемейных списков населения Кавказа”, Тифлис, 1888, с. 82-83, 88-89.
  46. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3880, թ. 74:
  47. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3882, թ. 132:
  48. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3884, 227-228:
  49. «Նոր-Դար», 1889, N 201, էջ 2։
  50. «Նոր-Դար», 1890, N 148, էջ 3։
  51. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3887, թ. 151:
  52. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3889, թ. 150:
  53. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3891, թ. 122:
  54. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3895, թ. 78-79:
  55. «Նոր-Դար», 1893, N 35, էջ 3։
  56. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3896, թ. 175-176:
  57. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3899, թ. 148-149:
  58. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3897, թ. 170:
  59. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 4, գ. 649, թ. 1, նաև ֆ. 53, ց. 1, գ. 3903, թ. 127-128:
  60. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3905, թ. 93-94:
  61. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3906, թ. 99-100:
  62. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3907, թ. 24-25:
  63. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3912, թ. 267-268:
  64. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3915, թ. 24:
  65. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 1, գ. 240, թ. 2:
  66. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 35, ց. 1, գ. 559, թ. 12:
  67. Հայաստանի ազգային արխիվ, Պ56, ց. 18, գ. 764, թ. 118:
  68. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3917, 59-60:
  69. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3919, թ. 63-64, նաև՝ ֆ. 56, ց. 4, գ. 649, թ. 4:
  70. “Кавказский календарь на 1915 г.”, Тифлис, 1914, с. 131.
  71. 71,0 71,1 Lehmann-Haupt C. F., Armenien Einst und Jetzt, Berlin, 1910, էջ 133-134.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 21