Վասիլի Աբաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աբաև Վասիլի Իվանովիչ (օս.՝ Васо Абайты, դեկտեմբերի 15, 1900, գյուղ Կոբի, Վրաստան- մարտի 12, 2001, Մոսկվա), օս լեզվաբան, օսագետ և իրանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1962), պրոֆեսոր (1969), ԽՍԿՄ Գիտությունների ակադեմիայի լեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Անգլիայի Ասիական Թագավորական ակադեմիայի համայնքի գործող անդամ (1966), հելսինկիի ֆիննո-ուգոռական համայնքի թղթակից անդամ, Վրաստանի և Հյուսիսային Օսիայի գիտությունների վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1981)։ Զբաղվել է օսական բարբառագիտության, ազգագրության, բանահյուսության, օսերենի հնչյունաբանության, իմաստաբանության, պատմական բառագիտության հարցերի ուսումնասիրությամբ։ Աբաևի «Օսերենը և բանահյուսությունը» (1949) նվիրված է օսերի ծագմանը, մշակութային անցյալին, նրանց լեզվի կրած ազդեցություններին, հիմնական բարբառների (իրոնյան և դիգորյան) տարբերություններին։ «Օսերենի պատմա-ստուգաբանական բառարան»-ում (հատոր 1, 1958) Աբաևը տվել է օսերենի բառերի ստուգաբանությունն ու պատմությունը շուրջ 190 լեզուների նյութի հիման վրա, բացահայտել նրա, իբրև հնդեվրոպական լեզվի, կապերն ու առնչություններն այլ լեզուների, այդ թվում և հայերենի հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png