Վանա կատու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանա կատու Արփին (Տերը՝ Կարեն Մանվելյան, Հայաստան)

Վանա կատու, կիսաերկարագեղմ ընտանի կատուների ցեղատեսակ, որը սերում է Վանա լճի շրջակա տարածքից Արևմտյան Հայաստանում՝ այժմյան Թուրքիայի կազմում գտնվող Հայկական լեռնաշխարհ։

Վանա կատուն, ինչպես Հայկական լեռնաշխարհի բոլոր ընտանի կատուները, նեռարյալ այս տարածաշրջանի կատուների հիման վրա ստեղծված կատուների ժամանակակից ցեղատեսակները՝ Թուրքական Անգորա[1], Թուրքաքան Վան և Անատոլի [2], գենետիկորեն պատկանում են միևնույն խմբի և հանդիսանում են հնագույն ընտանեցված կատուների ժառանգներ։ Ինչպես ցույց է տվել կատուների գենետիկ ուսումնասիրությունը, կատուն ընտանեցվել է մարդու կողմից Առաջավոր Ասիայի Բերրի կիսալուսնու տարածքում մոտ 9500 տարի առաջ, երբ մարդը անցել է նստակյած կյանքի և սկսել է զբաղվել ցորենի աճեցմամբ, երբ առաջացել են ցորենի պաշարներ [3]։

Ցեղատեսակի պատմությունը[խմբագրել]

Մինչև 20-րդ դարի սկիզբը՝ ֆելինոլոգիայի (ընտանի կատուներին ուսումնասիրող գիտության) ձևավորումը և ընտանի կատուների սիրողների հասարակական ակումբների ու միջազգային կազմակերպությունների ստեղծումը, կատուների այս տեսակը հայտնի էր հայերին որպես «Վանա կատու» այսինքն՝ Վանի կամ Վանա լճի կատուներ։

Վանա կատու Արփին ամռանը (Տերը՝ Կարեն Մանվելյան, Հայաստան [1])

Եվրոպայում մինչև 16-րդ դար բոլոր կատուները եղել են կարճագեղմ և փոքրակազմ։ Առաջին երկարագեղմ կատուներին հին Բյուզանդական Անկիրայից, որը հետագայում վերանվանվել է Անգորայի (ներկայումս՝ժամանակից Թուրքիայի մայրաքաղաք Անկարա), իրենց հետ էին բերում տուն վերադարծող խաչակիրները։ Այդ պատճառով բոլոր երկարագեղմ կատուներին Եվրոպայում սկսեցին անվանել «Անգորայի կատու»։

Մասնավորապես, ֆրանսիացի ճարտարապետ ու նկարիչ Պյեր Վիկտոր Լոթթեն դե Լավալը 1856 թ. մայիսի 11-ին գրած նամակում այսպես է նկարագրում երկարագեղմ կատուներին, որոնց նա տեսել է Մերձավոր Արևելքի տարբեր շրջաններում, անվանելով նրանց բոլորին Անգորա կատուներ.[4]

Aquote1.png «Ես ինքս հանդիպել եմ այդ գեղեցիկ ցեղատեսակի կատուներին Էրզրումում՝ Մեծ Հայկական Լեռնաշխարհում, ուր կլիման շատ է տարբերվում Անգորայի կլիմայից։ Այդ ցեղատեսակը շատ մեծաթիվ է Քրդստանի Մուրճ քաղաքում, որտեղ այն հանդիսանում է իշխող տեսակ։ Նույնպես ես հանդիպել եմ նրանց Բիթլիսում և Բայազեթի պաշալիքում։ Սակայն տեսածս լավագույն նմուշները պատկանել են Քրդստանի արևելքում գտնվող Վան քաղաքի Արքեպիսկոպոսին։ Նա ուներ այդպիսի երեք կատու՝ մեկը մարգարիտամոխրագույն, մյուսը՝ նարինջագույն՝ սև և սպիտակ նշաններով, իսկ երրորդը ամբողջությամբ սպիտակ էր։ Նրանց գեղմը փառահեղ էր, սակայն այդ կատուների արտաքին տեսքով ոչ ոք չէր զարմանում այն պատճառով, որ նրանք լայն տարացում ունեն Քրդստանում»։
— Պյեր Վիկտոր Լոթթեն դե Լավալ[4]
Aquote2.png


Վանա կատու ձմռանը (Տերը՝ Ջոյս Օուդեքերքը, «Աղթամար», Նիդերլանդներ)

Տարբեր ժամանակ Եվրոպա բերված վանա կատուները անվանվել են մեկ ռուսական անգորա (քանի որ ներմուծվում էին Ռուսաստանի տարածքով անցնող Մետաքսե Ուղու հատվածով), մեկ օղակաձև պոչով սպիտակ կատուներ (քանիոր դասական գույնի վանա կատուների մոտ պոչի վրա երևում են 5-7 օղակներ, ինչը բացատրվում են այն բանով, որ գեղմի կարմիր գույնը գենետիկորեն միշտ շերտավոր է)։ Սակայն, սովորաբար նրանց անվանում էին անգորա կատու, իսկ գեղմի գույնը նկարագրում էին ինչպես սպիտակ։ Այսպես օրինակ, ֆրանսիացի նկարիչ Անթուան Ժան Բեյլի (Antoine Jean Bail) (1830-1918) նկարը անվանվել է՝ «Աղջիկը սպիտակ կատվի հետ»։ Բայց այդ նկարին պատկերված է դասական վանա կատուն [5]։ Մինչ օրս շատ դեպքերում մարդիկ անվանում են սպիտակ նույնիսկ երկգույնանի կատուներին, որոնց մոտ սպիտակ գույնի նշանները զբաղեցնում են զգալի մասը։[6]։

Վանա լիճ

Հետաքրքիր է, որ դասական վանա կատվի գեղմի նշանների գույնը համապատասխանում է Վանա լճի, որը ավանդաբար հայկական գրականության մեջ անվանվում էր ծով, արևածագի/մայրամուտի գույնին։ Դասական գույնի վանա կատուների մոտ նշանները գտնվում են մորթու այն մասերի վրա, որոնք կգտնվեին ջրի մակերեսից բարձր, եթե կատուն լողանալ Վանա լճի մեջ արևածագին/մայրամուտին՝ կարծես թե արևն ինքն է թողել կատվի մորթու վրա այդ ծիրանագույն նշանները։ Երևի թե լողացող վանա կատուների տեսարանը հիացրեց մեր նախահայրերի և այսպես ծնվել է առասպելը, որը Ամենազոր Աստծո օրհնությամբ է բացատրել վանա թույրի առաջացումը վանա կատուների մոտ[7]։

Ցեղատեսակի պաշտոնական ճանաչումը[խմբագրել]

1955 թվականին հուլիս-օգոստոս ամիսներին բրիտանական երկու թղթակիցներ Լորա Լաշինգտոնը ու Սոնյա Հոլիդեյը եկել են Թուրքիա՝ հոդված պատրաստելու նպատակով։ Լորա Լաշինգտոնը կատվասեր էր և մեկ օր նկատեց վառ գույնի մորթիով կատուներ, որոնց արտաքին տեսքը շքեղ էր ու անսովոր։ Երբ նա հարցրեց հյուրանոցի աշխատողին այդ կատուների մասին, նրան ասվեց, որ դա Վանա կատուներ են։ Եվ քանի որ նրա հետաքրքրությունը մեծ էր, երկու Վանա կատվի ձագ տվեցին նրան նվեր։ Լորա Լաշինգտոնը բերեց նրանց իր հետ Մեծ Բրիտանիա, Լոնդոն։ 1959 թ. Լորա Լաշինգտոնը ևս երկու Վանա կատվի ձագ բերեց Թուրքիայից։ Դրանից տասը տարի անց նրան հաջողվեց ձեռք բերել այնքան թվով Վանա կատուներ, որոնք ծնված էին տարբեր չորս զույգ նախնիներից։ Կատվասերների կազմակերպության այդ պահանջը՝ կատուների նոր ցեղատեսակ ճանաչելու համար, նրան հաջողվեց կատարել թուրքական իշխանությունների աջակցության շնորհիվ, որոնք իրենց ուրախությունը հայտնեցին, որ «Թուրքական Վանա կատուն ճանաչվելու է Եվրոպայում»։ Միայն դրանից հետո, 1969 թվականին GCCF-ը (Governing Council of the Cat Fancy) ցեղատեսակը գրանցեց «Թուրքական կատու» անվամբ, իսկ 1971 թվականին այն ճանաչվեց «Թուրքական Վանա կատու» անվան տակ FIFe-ի կողմից[8]։ Հետագա տարիներին թուրքական Վանա կատու ցեղատեսակը ճանաչվեց կատվասերների միջազգային այլ կազմակերպությունների կողմից։

Ամբողջությամբ սպիտակ Վանա կատվի և մաքրացեղ թուրքական Վանա կատվի միջև եղած տարբերությունը[խմբագրել]

Վանա կատուն Վանի Համալսարանի Վանա կատուների բուծարանում

Ամբողջությամբ սպիտակ Վանա կատուների ֆենոտիպը՝ արտաքին տեսքը, պայմանավորված է կատուների գեղմի սպիտակ գույնի գենի (W-) ազդեցությամբ։ Այդ գենը դոմինանտ է, այսինքն նա արգելափակում է գույնի մնացած բոլոր գեների արտահայտումը։ Գեղմի սպիտակ գույնը կոչվում է էպիստատիկ սպիտակ, քանի որ ընտանի կենդանիների մոտ առաջացմում է էպիստազի երևույթ, այսինքն «թաքցնում է» կենդանիների գեղմի մնացած այլ գույները։ Այդ երևույթի մեխանիզմը բավականին բարդ է և հաճախ ընտանի կենդանիների (օրինակ՝ շների, կատուների, ձիերի) մոտ հանդիսաում է խլության հատկանիշը։

Գեղմի սպիտակ գույնի գենի ազդեցությունը սկսվում է դեռ պտղի ձևավորման շրջանում։ Սպիտակ գույնի գենը նեղ է դարձնում արյան անոթները պտղի մոտ, ինչը արգելում է մաշկի գունանյութը արտադրող բջիջների շարժը այն շրջանից պտղի գլխի շրջանում, որտեղ նրանք արտադրվում եմ, դեպի մաշկը[9]։ Նույն ազդեցություն է սպիտակ գույնի գենը գործում պտղի աչքերի ծիածանաթաղանթի գունանյութի վրա, որի բացակայության դեպքում կատվի աչքերի գույնը մեր կողմից ընկալվում է ինչպես կապույտ գույն։ Նույն գենը արգելակում է պտղի ականջի բջիջների բավարար սնուցումը , ինչի հետևանքով սպիտակագեղմ և կապուտաչյա կատուների մեծ մասը խուլ են ։ Խլությունը կարող է լինել երկու ականջներում և այդ դեպքում կատուն ամբողջությամբ է խուլ, կամ ել միայն մեկ ականջում, և կատուն լսողություն ունի միայն մեկ ականջում։ Եթե սպիտակ գույնի գենը ամբողջությամբ չի արգելակում գունանյութը արտադրող բջիջների շարժը դեպի աչքերից մեկի ծիածանաթաղանթը , ապա պտղի մեկ աչքը ստանում է գունանյութ, և հետագայում կատուն դարնում է տարբերակն՝ մեկ աչքի ծիածանաթաղանթը գունանյութ չունի և կապույտ է, իսկ մյուսին գունանյութը տալիս է նարնջագույնի որևէ երանգ՝ նարնջագույն, պղնձագույն, սաթե կամ դեղին։ Ընդ որում, տարիքի հետ կատվի աչքերի գույնը կարող է փոխվել։

Վանա կատու Kastamonou Ziba (Julie Walker, NZ)

Իսկ մաքրացեղ թուրքական Վանա կատվի գեղմի գույնը պայմանավորված է այլ գեներով։ Նրա ֆենոտիպը՝ արտաքին տեսքը, աչքի է ընգնում պղնձագույն կամ ծիրանագույն խայտերով, որոնք գտնվում են գլխի վրա՝ աչքերից վերև, նույն գույնի է վանա կատվի պոչը, և մեկ փոքր խայտ կա ուսերի շրջանում (ավելի հաճախ՝ ձախ ուսի շրջանում)։ Խայտերի այդպիսի դասավորությունը ընտանի կենդանիների մոտ ստացել է «վանա թույր» անվանումը, քանի որ այն անհայտ էր Եվրոպայում մինչև Լ. Լաշինգտոնը չներկայացրեց Վանա կատուներին։

«Վանա թույրը» պատկանում է խայտուցավոր կամ պիսակավոր թույրերի խմբին։ Խայտուցավոր կամ պիսակավոր թույրը առաջացել է ընտանի կենդանիների ընտանեցման առաջին փուլերում։ Խայտուցավոր կամ պիսակավոր թույրը ունի սպիտակ գույնի արտահայտման տարբեր աստիճան՝ նվազագույն, երբ կենդանու գեղմի վրա կա մեկ փոքր խայտ և առավելագույն, որն էլ հանդիսանում է «վանա թույրը», որի դեպքում գեղմի առնվազն 80-85 տոկոսը սպիտակ է, իսկ մնացած մասը գունավոր է՝ ներառյալ պոչը, գլխի վրա աչքերից վերև մինչև ականջներ ընկած հատվածը և մեկ-երկու փոքրիկ նշան ուսերի վրա։ Վանա թույրի առաջացումը կատուների մոտ պայմանավորված է վանա թույրի գենի /Sv/ ազդեցությամբ։ Վանա թույրի գենը միջին դոմինանտ է։ Այդ է պատճառը, որ վանա թույրով կատվի ձագեր ծնվում են միայն այն դեպքում, եթե ծնողներից երկուսն ել ունեն վանա թույր, այսինքն եթե ծնված ձագերը հոմոզիգոտ են վանա թույրի գենի գծով[7]։

Վանա կատուն հայ գրականության մեջ[խմբագրել]

Վանա կատու Արփին 1999 թ. Հայաստանի Հանրապետության թողարկած նամականիշի վրա։ Նկարիչ՝ Ալբերտ Քեճյան

«Վանի սպիտակ կատվին» հիշատակել է հայ գրականության դասական Րաֆֆին (1835 - 1888) «Խաչագողի հիշատակարանը» (1890) վեպում [10]։ Իսկ «Կայծեր» վեպում (հ. 1-2, 1883-1887) Րաֆֆին գրել է՝

Aquote1.png

Գալով այդ քաղաքը (Վան), թեև ծիծաղելի է, բայց պետք է խոստովանվիմ, որ իմ ամենամեծ բաղձանքներից մեկն այն էր, որ տեսնեմ Վանա հռչակավոր կատուները։ Մի՞թե այդ տան մեջ կատու չկա, մտածում էի ես, և աչքերս անհամբերությամբ թափառում էին այս կողմ ու այն կողմ։ Չգիտեմ այստեղ ինչ հոգեբանական մի գաղտնիք կա, որ շատ անգամ մարդ հանկարծ տեսնում է միևնույն առարկան, որի վրա մի րոպե առաջ անգիտակցաբար մտածում էր։ Ահա հանդիսավոր կերպով ներս մտավ իմ նազելին, բոլորովին սպիտակ, որպես ձյուն, երկայն, մետաքսի նման փափուկ մազերով և թավիշյա բրդոտ թաթիկներով։ Նա լուռ անցավ սենյակի միջով, նախ մոտեցավ ինձ և մի առանձին քնքշությամբ գանգրահեր գլուխը և թավամազ պոչը քսեց իմ երեսին, հետո գնաց բարևելու Ասլանին։ Շնորհալի կերպով մռմռալով, մի քանի պտույտներ կատարեց Ասլանի շուրջը և ապա նստեց նրա մոտ։ Կարծես, այդ խելացի անասունն էլ էր հասկանում, թե մեզանից որն էր ավելի հարգանքի արժանի։ Ասլանը սկսեց փայփայել նրա գեղեցիկ գլուխը, մեջքն ու ագին։ Առաջին անգամ մի զարմանալի երևույթ գրավեց իմ ուշադրությանը։ Որքան Ասլանը ձեռքով շփում էր նրա գլուխն ու մեջքը, այնքան արագ նրա երկար մազերը ճրըխկճրըխկում էին և դուրս էին արձակում կրակի ամբողջ փոշի։

— Այդ ի՞նչ է, — հարցրի ես։

— Կայծեր են... — պատասխանեց նա և սկսեց բացատրել նրանց դուրս ցայտելու բնական պատճառները, թե որպես շփումից առաջ է գալիս կրակը։
— Րաֆֆի, «Կայծեր»[11]
Aquote2.png


Հայ նշանավոր գրող Վրթանես Փափազյանը (1866 - 1920), որը ծնունդով Վան քաղաքից էր, ուր անցել են նրա մանկությունը ու երիտասարդությունը, գրել է կարճ պատմվածք՝ «Վանա կատու», որի անունով կոչվեծ նաև նրա պատմվածքների ժողովածուն։ Հայաստանի 1920-ական տարիների կոմունիստական ղեկավարներից մեկի մասին ասում էին, որ նա այնքան կարմիր է, որքան կարմիր է վանա կատվի պոչը։ Հայ գրող Ակսել Բակունցը (1899 - 1938) իր «Մթնաձոր» (1927) վեպում նկարագրել է «կապույտ Վանա փիսոյին» [12]։ Վանա կատուների մասին հիշատակել է նաև XX դարի հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակը (1924 - 1971) «Անլռելի զանգակատուն» պոեմում [13]։

Հայաստանյան մաքրացեղ Վանա կատուները[խմբագրել]

Նանե

Մաքրացեղ վանա կատուների բուծումը Հայաստանում իրականացվում է Ամասիա մաքրացեղ վանա կատուների բուծարանում, ինչպես նաև առանձին անհատների կողմից։ Հայաստանում մաքրացեղ վանա կատուների (թուրքական վանա կատուների) բուծման սկիզբը դրվել է 1993 թ., երբ Հրաչ Նարգիզյանի օգնությամբ ԱՄՆ-ից Հայաստան բերվել են 2 կատուներ՝ Արփին (Summitspring Arpi) և Սիփանը (Pairodocs Sipan)։ 2001 թ. ևս ԱՄՆ-ից բերվել է Անին (Pairodocs Ani), իսկ 2007 թ. Հոլանդիայից՝ Իզմիրը (Shadycombe Izmir) և Ուրախալին (Aghtamar's Ourakhali-Van)։ Ներկայումս Հայաստանում Ամասիա կատուների բուծարանում և անհատների մոտ ապրում են մոտ 75 մաքրացեղ վանա կատուներ։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Турецкая ангора
  2. Анатолийская кошка
  3. Monika J. Lipinski и другие (2008)։ «The ascent of cat breeds: Genetic evaluations of breeds and worldwide random-bred populations»։ ScienceDirect։ http://www.sciencedirect.com/science/article/B6WG1-4R8KT3B-3/2/3a963ce4b99082e9321dcb5a20204211։ Վերցված է 2010-05-31։ 
  4. 4,0 4,1 Fernand Mery, «Le Chat», և նույն գրքի անգլերեն թարգմանությունը՝ «The Life, History and Magic of the Cat» (1957)
  5. ARC ։։ Antoine Jean Bail ։։ A Young Girl With A White Cat
  6. Առուշանյան, Զ. Լ. (2010). «Վանա կատվի ինը կյանքերը». Գարուն № 1-2, 2010: 28-35. 
  7. 7,0 7,1 Առուշանյան Զ. Լ., «Վանա կատվի ինը կյանքերը», «Գարուն», № 1-2, 2010 - էջ 28-35
  8. «Породы кошек. Стандарты FIFe»։ FIFe։ http://www.fife.ru/breeds.html։ Վերցված է 2010-05-31։ 
  9. И. Шустрова։ «Основы общей генетики.Взаимодействие Аллелей»։ http://vandvis.ru/genetics/shustrova/06.htm։ 
  10. Րաֆֆի, Խաչագողի հիշատակարանը
  11. Րաֆֆի, «Կայծեր»
  12. Ակսել Բակունց՝ «Մթնաձոր»
  13. Պարույր Սևակ, «Անլռելի զանգակատուն»

Արտաքին հղումներ[խմբագրել]

  1. Վանա Կատվի էջը՝ The Cat Fanciers' Association
  2. Վանակատուների լուսանկարտներ
  3. Առուշանյան Զ. Լ., "Վանա կատվի ինը կյանքերը", "Գարուն", № 1-2, 2010 - էջ 28-35 , [2], [3]
  4. Арушанян З. Л., «Так какая она Ванская кошка», «Зоопрайс» № 10-11, Ст. Петербург, Россия; «Кошка, которую благословил Творец», «Koshki.Info», № 7-9, 2008 г., Москва, Россия
  5. Арушанян З. Л., Златая цепь. Некоторые этапы распространения домашней кошки по территории России. Глава 2. Длинношерстные кошки. Часть 2 - ФРАНЦУЗСКИЙ КОМПЛИМЕНТ
  6. Арушанян Заринэ Лоренцовна, "Анатолийская кошка в свете доместикации", "Кошки.info" (№№ 1-2 за 2009 г.), Москва, Россия; Арушанян Заринэ Лоренцовна, Анатолийская кошка - знакомая незнакомка, «Зоопрайс» № 6, 2011, Ст. Петербург, Россия