Գևորգ Պետրոսյան (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Պետրոսյան (այլ կիրառումներ)
Գևորգ Պետրոսյան
Ծնվել էնոյեմբերի 11 (23), 1859[1]
ԾննդավայրՈրդուար, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 28, 1906(1906-10-28)[1] (46 տարեկան)
Մահվան վայրՆոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանԽոջիվանք[1]
ԿրթությունԼազարյան ճեմարան[1] և Սանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան, ռեժիսոր և թատերական գործիչ

Գևորգ Հովսեփի Պետրոսյան (Գևորգ Տեր-Պետրոսյան, նոյեմբերի 11 (23), 1859[1], Որդուար, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 28, 1906(1906-10-28)[1], Նոր Նախիջևան, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1]), հայ դերասան, բեմադրիչ։

Դերասան, բեմադրիչ Քրիստափոր Պետրոսյանի (Ռուսաստանի Փոքր թատրոնում, Գրոմով ազգանունով) եղբայրը[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Պետրոսյանը ծնվել է Օրդուբադում։ Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում։ 1881-1882 թվականներին հանդես է եկել Թիֆլիսի թատերական կոմիտեի դերասանական մշտական խմբում՝ Օրդուբադյան բեմական ազգանունով[2]։ 1878 թվականի դեկտեմբերին նա կազմակերպել է սիրողական մի թատերախումբ, ներկայացրել է Կարենյանի «Շուշանիկը» և խաղացել Վարդան Մամիկոնյանի դերը։ Նրա սիրողական խմբերում խաղացած դերերից հայտնի են Սմբատ Բագրատունին, Սոսոլը, Հերմանը։ Պրոֆեսիոնալ թատրոն է մտել 1881 թվականին։ Խաղացել է Զաքարե Իշխանի դերը «Ռուզան» (ըստ Մուրացանի) ներկայացման մեջ, եղել է Պետրոս Ադամյանի խաղընկերը «Դիմակահանդես»-ում (Կազարին և Զվեզդիչ), «Համլետ»-ում (Հորացիո) և վայելել նրա մտերմությունը։ 1883 թվականին ընդունվել է Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտ։ Մինչև 1890 թվականը հանդես է եկել ուսանողական ինքնագործ խմբերում, միաժամանակ աշխատել տեղի և Մոսկվայի ռուսական թատրոններում[2]։ Պետրոսյանի ջանքերով 1891 թվականին Թիֆլիսում կազմակերպվել է մշտական թատերախումբ, որի կազմում են եղել Հովհաննես Աբելյանը, Գևորգ Տեր-Դավթյանը, Արամ Վրույրը, Պողոս Արաքսյանը, Սաթենիկ Չմշկյանը, Մարի Զաբելը, Արշակ Հարությունյանը, Մկրտիչ Ավալյանը, Վարդուհին և ուրիշներ։ 1891 թվականին մեկնել է Կոստանդնուպոլիս։ Սիրանույշին, Դավիթ Թրյանցին, Արմեն Արմենյանին հրավիրել է Թիֆլիս։ 1897-1905 թվականներին ակտիվ թատերական գործունեություն է ծավալել Բաքվի ու Թիֆլիսի թատերախմբերում, 1901-1905 թվականներին Հովհաննես Աբելյանի հետ ղեկավարել է Թիֆլիսի մշտական գործող թատերախումբը[3]։ Հայկական թատերարվեստը լայն զանգվածներին ներկայացնելու համար միայնակ և խմբերով հանդես է եկել հայաշատ քաղաքներում, նպաստել է ազգային թատերական մշակույթի առաջընթացին[2][4]։

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոսյան բեմադրիչի իդեալը եղել է նոր տիպի համախմբային (անսամբլային) թատրոնը։ Պետրոսյանի ռեժիսուրան, հրապարակ բերելով նոր ու անծանոթ պիեսներ, խախտում էր հայ թատրոնի դերասանական հիերարխիան, ամպլուաների կարգավորվածությունը, բարդացնում դերասանի աշխատանքը։ Պետրոսյանի ռեժիսուրան բացառել է հապճեպ ու իմիջիայլոց փորձերը։ Նրա միզանցսենները միշտ պատճառաբանված էին լինում, կարևոր էր ընդհանուր տեմպը, տոնը[5]։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Պետրոսյանի դերակատարումներն աչքի են ընկել կերպարի մանրակրկիտ ուսումնասիրությամբ։ Խաղացել է դրամատիկական, ողբերգական և բնութագրական դերեր։ Քննադատությունն ընդունել է նրան որպես մտքի դերասան, հույզերը բանականության ենթարկող։ Նա սկսել է հայ թատրոնի ավանդական խաղացանկից, անցել դասականության ճանապարհով ու հանգել նորագույնին, սկիզբ դնելով մեզանում 20-րդ դարի բեմական մտածողությանը[5]։ Պետրոսյանն ավելի հակված է եղել դրամատիկական դերերի։ Մեծ է եղել ռուսական դրամայի և ռուս դերասանական դպրոցի ազդեցությունը նրա բեմադրական և դերասանական արվեստի վրա։

Դեր Պիես Հեղինակ
Քաղաքագլուխ,

Աբդուլին

«Ռևիզոր» Նիկոլայ Գոգոլ
Արբենին «Դիմակահանդես» Միխայիլ Լերմոնտով
Շայլոկ,

Գրացիանո

«Վենետիկի վաճառականը» Ուիլյամ Շեքսպիր
Անանիա Գլախա «Դավաճանություն» Յուժին-Սումբատով
Օգսեն «Պաղտասար աղբար» Հակոբ Պարոնյան
Պեպո «Պեպո» Գաբրիել Սունդուկյան
Միլլեր «Սեր և Խարդավանք» Ֆրիդրիխ Շիլլեր
Օթելլո «Օթելլո» Ու. Շեքսպիր
Պետրուչիո «Անսանձ կնոջ սանձահարումը» Ու. Շեքսպիր
Լիր արքա «Լիր արքա» Ու. Շեքսպիր
Գուստավո «Քույր Թերեզա» Լուիջի Կամոլետտի
Ուրիել «Ուրիել Ակոստա» Կարլ Գուցկով
Մուրով «Անմեղ մեղավորները» Ալեքսանդր Օստրովսկի
Ֆիլիպ «Դարբնոցապետը» Ժ. Օնե
Բելոզերով «Կյանք» Պոտապենկո
Ֆիգարո «Սևիլյան սափրիչը» Պիեռ Բոմարշե
Նապոլեոն «Մադամ Սանժեն» Վիկտորիեն Սարդու
Հենշել «Կառապան Հենշել» Գ. Հաուպտման

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր համախոհ Սաթենիկ Ադամյանի հետ Պետրոսյանը ծրագրում է ստեղծել նոր թատրոն, նոր ժամանակներին համախոս և այդ ծրագրով ու իրենց ընտրած խմբով 1906 թվականի աշնանը մեկնել են Նոր Նախիջևան (այժմ՝ Դոնի Ռոստով)։ Որտեղ և հոկտեմբերի 28-ին նա վախճանվել է։ Թաղվել է Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 261—262.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Գևորգ Պետրոսյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  3. «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն». www.nationaltheater.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 3-ին.
  4. Saratikyan, Shushan. «Մեծանուն Հայեր». www.haymard.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 3-ին.
  5. 5,0 5,1 Հովհաննիսյան, Հենրիկ (2010). Հայ թատրոնի պատմություն XIX դար. Երևան: Նաիրի. էջ 651. ISBN 978-5-5050-01601-5. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Պետրոսյան (դերասան)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 261