Ուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուդ

Ուդ, լարավոր-կսմիթային նվագարան։ Ծագել է պարսկական բարբաթից՝ վերջինիս փարդաներ ավելացնելով, դարձել արաբական երկրների ժողովրդակն գործիքարանի հիմնական նվագարանը, նաև արաբական երաժշտության տոնայնական համակարգը ներկայացնելու և տեսականորեն բացատրելու հիմնական միջոցը։ Լայնորեն տարածվել է Մերձավոր Արևելքի երկրներում, Միջին Ասիայում և Հայաստանում (նույնպես հնագույն ժամանակներից)։ 14-րդ դարից մուտք է գործել Իսպանիա և Սիցիլիա, հանդիսացել եվրոպական լյուտնյայի (արաբ, al-ud անվանումից, որ նշանակում է «փայտ») նախատիպը։ Իրանը ուռուցիկ ձվաձև է՝ կոր փայտաշերտերից սոսնձված, հարթ ծածկի վրա կան ձևավոր ձայնանցքեր։ Հայկական ուդը 6 լարանի է (առաջին հինգը՝ զույգ-զույգ), լարվածքը՝ կվարտա-սեկունդային (փոքր օկտավայի մի, լյա, սի, առաջին օկտավայի մի, լյա, երկրորդ օկտավայի ռե)։ Արևելքի երկրներում ուդիի նվագացանկն ավանդական է (մակամներ և նման եղանակներ)։ Հայ կոմպոզիտորներն այն հարստացրել են հայկական ազգային բնորոշ հնչողություն ունեցող երկերով։ Հայ շնորհալի ուդահարներից էր Սողոմոն Գրիգորի Ալթունյանը (1896—1948)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png