Տրուբադուր
-
Այս եզրի այլ գործածումների համար տես՝ Տրուբադուր (այլ կիրառումներ)
Տրուբադուր, 11-13-րդ դարերում Ֆրանսիայի հարավում` Պրովանսում հանդես եկած բանաստեղծ-երգիչներ, որոնք տվյալ ժամանակի եվրոպական քաղաքակրթության առաջատարերից էին:
[խմբագրել] Ընդհանուր տեղեկություններ
11-13-րդ դարերում Ֆրանսիայում ժողովրդական պոեզիայի և եկեղեցական գրականության կողքին և դրանց ազդեցությամբ առաջ եկավ նաև գրական երրորդ հոսանքը` ասպետական բանաստեղծությունը: Ծնունդ առավ անհատական քնարերգությունը, որն իր ամենավառ արտահայտությունը գտավ տրուբադուրների երգերում: Տրուբադուրները հանդես եկան Պրովանսում: Առաջին գրական լեզուն նորագույն ազգերի մեջ մշակվեց Պրովանսում, որը մատուցեց ինքնատիպ ու անկրկնելի քնարերգություն:
Պահպանվել են 2500-ից ավելի երգեր, որոնք վերագրվում են շուրջ 500 տրուբադուրների, որոնցից 30-ը կանայք են: Առավել նշանավոր տրուբադուրների թիվը հասնում է չորս տասնյակի: Այդ պոետների մեջ եղել են 4-5 արքաներ, մի քանի տասնյակ խոշոր ավատատերեր, ինչպես և ցածր խավի մարդիկ: Սակայն տրուբադուրական պոեզիայի հիմնական օջախը ասպետական միջավայրն է: Տրուբադուրների պոեզիայի վրա նկատելի է թե' պրվանսալական ժողովրդական բանարվեստի և թե' Արևելքի, հատկապես արաբաանդալուզյան պոեզիայի ազդեցությունը: Այնուամենայնիվ տրուբադուրների պոեզիան խիստ ինքնատիպ է ու անհատական:
Նրանց սիրերգության մեջ արտահայտվել է սիրո կուրտուազական (պալատական, նրբակիրթ) ընկալումը: Նրանք աստվածացնում էին սիրած կնոջը` Դոննային, որը, որպես օրենք, ամուսնացած կին էր:
Տրուբադուրները մեր հին գուսանների նման հորինում էին թե' երգերի տեքստերը և թե' մեղեդիները և իրենք էլ կատարում էին երաժշտական գործիքների նվագակցությամբ: Նրանք ելնում էին մրցավեճերի, հրապարակային ելույթների:
Մեր օրեր հասած տեքստերում կան 900-ի հասնող տաղաչափական ձևեր: Նախասիրած տաղաչափական ժանրերն էին կանցոնը (երգ), ողբը, ալբան (ցայգերգ), պաստորելը (հովվերգ), տենցոնը (վիճերգ), բալլադը (պարերգ):[1]
Տրուբադուրական քնարերգության անկումն սկսեց 13-րդ դարի սկզբներին, հատկապես ալբիգոյան կոչված պատերազմների ժամանակ (1209 - 1229), երբ Պրովանսը նվաճեց հյուսիսֆրանսիական ավատատերերի կողից:[2]