Ներսես Մկրտչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներսես Մկրտչյան
Ծնվել էսեպտեմբերի 12, 1928(1928-09-12)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 30, 2016(2016-12-30) (88 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունլեզվաբան, արևելագետ և դասախոս
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր

Ներսես Ալեքսանի Մկրտչյան (սեպտեմբերի 12, 1928(1928-09-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 30, 2016(2016-12-30), Երևան, Հայաստան), հայ լեզվաբան-արևելագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1995), պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1928 թվականի սեպտեմբերի 22-ին Երևանում։ Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանում տարիներ շարունակ դասավանդել է տարբեր առարկաներ՝ հայ բարբառագիտություն, լեզվաբանության ներածություն, ընդհանուր լեզվաբանություն, համեմատական քերականություն, արևմտահայերեն, գրաբար և այլն։

Ներսես Մկրտչյանը ուսումնասիրել է բարբառագիտություն, ազգագրություն, հայոց լեզվի պատմություն, միջլեզվային փոխառություններ, համեմատական քերականություն, ընդհանուր լեզվաբանություն, լեզվական առնչություններ, սեպագիր, սեմական լեզուներ և այլն։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներսես Մկրտչյանի գրչին են պատկանում «Բուրդուրի բարբառը» (1971), «Գամիրքի բարբառը, ազգագրությունը և բանահյուսությունը» (1988), «Երաժշտական բառարան» (2000), «Բառերի կենսագրությունից» (1986 և հետագա հրատ.), «Սեմական լեզուները և հայերենը» (2005), «Հայերենից փոխառյալ բառեր թուրքերենի բարբառներում» (2008) և այլ աշխատություններ։

«Բուրդուրի բարբառը»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներսես Մկրտչյանը հետազոտել է արևմտահայ մի քանի (Անատոլիայում գտնվող) բարբառներ. Բուրդուրի, Սիվրի-Հիսարի, Բողազլյանի (Գամիրքի), Մուրադչա-Յայլայի, Սթանոզի՝ իրենց ժողովրդական բանահյուսությամբ և ազգագրությամբ հանդերձ։ Նա զբաղվել է նաև բանահավաքությամբ։

«Հայերենից փոխառյալ բառեր թուրքերենի բարբառներում»[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը նվիրված է թուրքերենի բարբառներին անցած հայերեն բառերին։ Թուրքերենի բառարաններում նշվում է ամենաշատը հայերենից թուրքերենին անցած 50-60 բառ, մինչդեռ բարբառներում դրանք շատ-շատ են՝ 1500-ից ավելի։ Ն. Մկրտչյանը հրատարակել է նաև հայերենից թուրքերենին անցած փոխառությունների բառարան, որտեղ ներկայացրել է բոլոր այն բառերը, որոնք տարբեր ժամանակներում անցել են թուրքերենին և գործածական են նրա թե՛ գրական լեզվում, թե՛ բարբառներում։

«Բառերի կենսագրությունից»[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ Ներսես Մկրտչյանը քննել է շուրջ 2000 բառ ու արտահայտություն։ Գիրքը հարուստ տեղեկություն է պարունակում բառերի նախնական իմաստների, կրած փոփոխությունների, նոր ձևերի ու իմաստների վերաբերյալ, որի շնորհիվ այն ունեցել է հինգ հրատարակություն և դարձել է հետաքրքրության առարկա տարբեր մասնագետների համար։

«Սեմական լեզուները և հայերենը»[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն հրատարակվել է ռուսերեն, խմբագիրն է ակադեմիկոս Վ. Իվանովը, գրքին դրական կարծիք է տվել Թ. Գամկրելիձեն։

1979 թվականին լույս է տեսել «Հայերենի օրինաչափություններից շեղվող բառերը աքադերեն փոխառությունների լույսի տակ» հոդվածը։ Ներսես Մկրտչյանը լեզվական փաստերով ցույց է տվել, որ հայերը ժամանակակից են եղել աքադացիներին և նրանցից էլ լեզվական փոխառություններ են կատարել (դպիր, կնիք, անագ, գագաթ, ագուռ, թոնիր, քաղաք և այլն. շուրջ 300 բառ)։

Ն. Մկրտչյանը զբաղվել է նաև պամիրյան լեզուների և հայերենի առնչակցության հարցերով, որոնք աշխարհագրորեն միմյանցից բավականին հեռու են։ Նա նկատել է, որ երկու լեզուներում առկա շատ բառեր սկյութա-սակական ազդեցության հետևանք են։ Նա ճշգրտել է արաբերենից հայերենին անցած փոխառությունների ժամանակը։

Ն. Մկրտչյանի «Երաժշտական բառարանը» ունի ոչ միայն բացատրական, այլև՝ ստուգաբանական ուղղվածություն։ Այնտեղ կարևոր տեղեկություններ կան հայ ժողովրդական երաժշտական գործիքների, պարարվեստի և հին հայկական խազերի վերաբերյալ։

Ն. Մկրտչյանը հոդվածներ է գրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Նրա «Սպանդանոցից մազապուրծների հուշերը» գիրքը տպագրվել է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բուրդուրի բարբառը։ Ազգագրության և հնագիտության ինստիտուտ ՀԽՍՀ ԳԱ Լեզվի ինստիտուտ Հ. Աճառյանի անվան, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1971։
  • Անատոլիայի նորահայտ հայ բարբառները։ Երևան, 1995։
  • Հայաստանի ազգային անվտանգության համակարգը։ Հատուկ ծրագիր, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն, Երևան, Ա. հ., 1995:
  • Բառերի կենսագրությունից։ Լեզվաբանություն։ 3-րդ հրատարակություն, Երևան, Ապագա, 1999։
  • Բառերի կենսագրությունից։ Բառերի ճակատագիրը. դեպի լեզվի ակունքները , 4-րդ հրատարակություն, վերամշակված և լրացված, Երևան, «Զանգակ-97», 2004։
  • Անատոլիայի նորահայտ հայ բարբառները և բանահյուսությունը, Երևան, 2006։
  • Հայերենից փոխառություններ թուրքերենի բարբառներում։ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Արևելագիտության ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ., Երևան, Ասողիկ, 2007։
  • Պամիրյան լեզուները և հայերենը։ Սկյութերեն բառապաշարը հայերենում, Ն. Ա. Մկրտչյան, խմբագիր` Ա. Քոսյան, հրատարակիչ տնօրեն` Ռ. Սահակյան, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Արևելագիտության ինստիտուտ, Երևան, Լուսակն, 2015։
  • Семитские языки и армянский, Е., 2005.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներսես Մկրտչյան» հոդվածին։